Ընթերցանություն
Գլխավոր>Մարտ 18> Մեծ Պահքի քսաններորդ օր: Սրբոցն Երուսաղեմի Հովհան Հայրապետի, հայոց Հովհաննես Օձնեցի Հայրապետի, Հովհան Որոտնեցի և Գրիգոր Տաթևացի վարդապետների հիշատակության օր

Մեծ Պահքի քսաններորդ օր: Սրբոցն Երուսաղեմի Հովհան Հայրապետի, հայոց Հովհաննես Օձնեցի Հայրապետի, Հովհան Որոտնեցի և Գրիգոր Տաթևացի վարդապետների հիշատակության օր

Սեծ Պահքի երրորդ շաբաթ օրն Հայաստանյայց Առաքելական եկեղեցին տոնում է Հայ եկեղեցու նշանավոր աստվածաբան-եկեղեցականների՝ Հովհան Օձնեցի Հայրապետի, Հովհան Որոտնեցի և Գրիգոր Տաթևացի վարդապետների հիշատակության օրը: Սբ. Հովհաննես Օձնեցին, որին մեծարել են նաև Իմաստասեր անվամբ, Հայ եկեղեցու սրբացված հայրապետներից է: Ըստ վարքագիրների՝ հոգևոր ու մտավոր կատարելությունից զատ, փայլել է նաև արտաքին վայելչությամբ` գահակալության 11 տարիների ընթացքում (717-728 թ.թ.) Հովհաննես Օձնեցի կաթողիկոսը կարողացել է դիմակայել բյուզանդական ու արաբական ճնշումներին, պայքարել աղանդավորության դեմ: Օձնեցին թողել է հարուստ ու արժեքավոր գրական ժառանգություն: Նրա «Կանոնագիրք Հայոց»-ը հայ իրականության մեջ իրավաբանական առաջին մեծ ժողովածուն է, որտեղ ի մի են բերված եկեղեցական կանոնները: Նա հայտնի է նաև իբրև բազմաթիվ ճառերի հեղինակ և շարականագիր:

Սբ. Հովհաննես կաթողիկոսի գլխավոր ձեռնարկումներից են Հայ եկեղեցու բարեկարգման համար գումարված 726 թվականի Դվինի ժողովը, ինչպես նաև նույն թվականի Մանազկերտի ժողովը` կազմակերպված Հայ և Ասորի եկեղեցիների միության ամրապնդման նպատակով: Սբ. Հովհաննես Օձնեցի Հայրապետի շիրիմը գտնվում է իր հայրենի Օձունին մոտ` Արդվի գյուղի Սրբանես (Սբ. Հովհաննես) եկեղեցու բակում, որ դարձել է նվիրական ուխտատեղի հավատացյալ հայության համար:

Միմյանց կապված են Հովհաննես Որոտնեցի (1315-1388) և Գրիգոր Տաթևացի (1346-1410) վարդապետների անունները: Գրիգոր Տաթևացին` Հայ եկեղեցու «Եռամեծ» վարդապետն ու խոշորագույն աստվածաբանը,  ուսանելով Հովհաննես Որոտնեցու մոտ, հետագայում իր բարձրակետին հասցրեց իր ուսուցչի կողմից հիմնած Տաթևի նշանավոր դպրոցը: Տաթևացին հեղինակ է աստվածաբանական մեծարժեք աշխատությունների ու քարոզների, որոնց շարքում առանձնացվում են «Գիրք Հարցմանց»-ը և քարոզգրքերը: Տաթևացու գրառումների շնորհիվ մեզ է հասել նաև Որոտնեցու գրական ժառանգության մի մասը: Հայ եկեղեցու երեք սրբերի հետ մեկտեղ նույն օրը նշվում է նաև 4-րդ դարի Երուսաղեմի Սբ. Հովհան Հայրապետի հիշատակության օրը: Երուսաղեմի հայրապետը հայտնի քարոզիչ էր:

araratian-tem.am

11.03.2017
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.