Ընթերցանություն
Գլխավոր>Խուլերի համայնք> Սպասված երազանքը իրականություն դարձավ

Սպասված երազանքը իրականություն դարձավ

Իրինա Սողոմոնյանի համար օգոստոսի 11-ը երկար սպասված, առանձնահատուկ օր էր. 18 տարին բոլորած աղջնակի երազանքը կատարվեց. այդ օրը նա մկրտվեց: Սպասելի օրը իր համար սկսվել էր առավոտյան Սբ. Պատարագին մասնակցությամբ, հուզմունքի, հակասական զգացումների մեջ, իսկ երբ սկսվեց սպասելի պահը. «Ներքուստ լաց էի լինում, հազիվ էի զսպում արցունքներս: Ամբողջ գիտակից կյանքս սկզբից մինչև այս պահը անցավ աչքերիս առջև: Կարծես ես նման էի մի քարքարոտ ճանապարհի:


Տեր Եսային աղոթում էր, իսկ ես, կարծես, նոր քայլող` մեկ տարեկան երեխա լինեի, որ անցնում էի կյանքիս ճանապարհով: Մկրտության ժամանակ ես զգում էի իմ ետևում կանգնած խուլ ընկերներիս ջերմությունը, փշաքաղվում էի: Հիմա, երբ ես մկրտվել եմ, խոստանում եմ, որ բամբասանքը և ոչ մի վատ բան այլևս իմ կողքին չեն լինի: Հույս ունեմ, որ թե՛ պարի և թե՛ դասերիս մեջ առաջ եմ գնալու, շատ լավ է լինելու: Ես պարզապես ուրախ եմ»:


Իրինայի խոսքերը չէր կարողանում առանց հուզմունքի թարգմանել Զուբեյդա Մելիքյանը. «Իմ մտածումն է միշտ եղել, թե երբ են Գրետան, Իրինան և մյուս չմկրտված խուլերը մկրտվելու: Երբ գնացել էինք Օձուն ուխտագնացության, խնդրում էի Աստծուն, որ նրանց համար մկրտության ճանապարհը բացի: Հիմա շատ ուրախ եմ. Իրինան մկրտվել է, մյուս կիրակի էլ Գրետան է մկրտվելու»:


Իրինան իր մկրտության անունը ընտրեց Մարիամ: «Ավետման տոնին ես Աստվածամոր դերն էի խաղում, անսպասելի ուրախության մեջ էի: Ինձ թվում էր, թե Սբ. Մարիամն ամբողջ ժամանակ ինձ էր նայում: Ես Մարիամ էի քարոզում, և ես Մարիամ դարձա»:
«Երեխաս մկրտված չէր, շատ ջղային էր և անհանգիստ: Ես էլ անհամբեր սպասում էի այդ օրվան: Մկրտության խորհրդի ժամանակ անբացատրելի զգացում ունեցա, հանգստացա և խաղաղվեցի: Ուրախ եմ, որ Իրինան նման խուլ ընկերներ ունի, որ տեր Եսային է իր կողքին, շատ շնորհակալ եմ իրենից: Շնորհակալ եմ տիկին Զուբեյդայից, որ պահապան հրեշտակի նման երեխայիս կողքին է»,- ասաց Իրինայի մայրիկը:


Իրինայի մկրտության ուրախությունն էին կիսում իր խուլ ընկերները: «Շատ ուրախ եմ Իրինայի համար, ինքն Աստծո զավակ է դարձել: Ես համոզված եմ, Իրինան մեծ հաջողություններ և մեծ թռիչք է ունենալու: Ես էլ ուզում եմ մկրտվել, խոստանում եմ, որ հոկտեմբերին ես էլ կմկրտվեմ» (Էմմա):


«Իմ մանկության ընկերոջ համար շատ ուրախ եմ և միշտ ասել եմ, թե ինչո՞ւ Իրինան չի մկրտվում: Աստված պահապան լինի իրեն և մեծ հաջողություններ ունենա» (Գևորգ):
«Մինչ մկրտությունը Իրինան, կարծես, հասարակ մարդ լիներ, իսկ հիմա դարձավ հատուկ մարդ, նոր մարդ» (Էդգար):


Ծնողներին հավասար և առավել մեծ է կնքահոր դերը  իր հոգևոր սանիկի քրիստոնեական դաստիարակության մեջ, պատասխանատվության այս մեծ զգացումով էր Վահանը համաձայնվել դառնալ Իրինայի կնքահայրը: «Իրինան արդեն իմ երրորդ սանիկն է: Կնքահայր լինելը պարտավորեցնող է: Խուլերի աշխարհը սկզբից ինձ համար անծանոթ մի աշխարհ էր, բայց երբ ավելի մոտիկից ճանաչեցի նրանց և ծանոթացա Իրինայի հետ, անմիջապես համաձայնվեցի դառնալ նրա կնքահայրը»:


Իրենց շնորհավորանքներն ու մաղթանքները Իրինային ուղղեցին նաև երիտասարդաց միության անդամները: Տեր Եսայի քահանայի մեծ ցանկությունն է. «Ինչքան ժպտում էիր, ուրախ էիր, պայքարում էիր մինչ մկրտվելդ, կրկնակի և առավել շարունակես ժպտալ, երջանիկ լինես, ապրես Սուրբ Հոգու զորությամբ, շնորհներով զարդարված, Աստծո օգնությամբ և Սուրբ Հաղորդությամբ, որ այսուհետև պիտի ստանաս Սբ. Պատարագներին»:


Այսօր Իրինայի կյանքում մի հրաշք եղավ. նա վերստին ծնվեց Քրիստոսի հետևյալ խոսքի համաձայն. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, եթե մեկը ջրից ու Հոգուց չծնվի, չի կարող Աստծո արքայությունը մտնել. որովհետև մարմնից ծնվածը մարմին է, իսկ Հոգուց ծնվածը` հոգի» (Հովհաննես 3.3-5):

 

Կարինե Սուգիկյան
ՍԵԵՄ լրագրողական ակումբ

 

Դիտվել է 8892
2013.08.12
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.