Ընթերցանություն
Գլխավոր>Տոներ>Տերունական տոներ> Սբ. Մարիամ Աստվածածնի Վերափոխումը

Սբ. Մարիամ Աստվածածնի Վերափոխումը

Այսօր, օգոստոսի 18, Հայ Առաքելական Սբ. Եկեղեցին տոնում է Սբ. Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը: Հայ, ինչպես նաև Ընդհանրական Եկեղեցու բոլոր քրիստոնյաների համար, դա ամենասիրված տոներից մեկն է, քանի որ մեր Փրկիչ Քրիստոսի Ծննդյան, Հարության, Պայծառակերպության հետ միասին Սբ. Տիրամոր Վերափոխման տոնը գալիս է մեզ ևս մեկ անգամ փրկության և հավիտենական կյանքի ավետիսը բերելու համար: Որպեսզի մենք, քրիստոնյաներս, հետևելով Սբ. Մարիամ Ասվածածնի առաքինի, Աստծուն նվիրված և Աստծով իմաստավորված կյանքի օրինակին,  Խաչի ճանապարհը անցնելով և Սբ. Տիրամոր բարեխոսությանը ապավինելով, ապրենք մեր երկրային կյանքը և արժանի դառնանք մեր կոչմանը:


Սբ. Գրիգոր Տաթևացի. Քարոզ Աստվածածին կույսի վերափոխման մասին


Եվ ահա Փրկչի համբարձվելուց 12 տարի անց, մի օր, երբ իր սենյակում աղոթում էր Աստվածածին Կույսը, նրան հայտնվեց Գաբրիել հրեշտակապետը, ով հղիության ավետիսն էր տվել, և ասաց. «Ուրախ եղիր, բերկրյալդ, Տերը քեզ հետ է», և տվեց արմավենու ճյուղեր` որպես աշխարհին հաղթելու նշան: Եվ հրեշտակը նրան կանչեց Ձիթենյաց լեռ, ուր նա սովոր էր աղոթել, և Տիրամայրը ելավ գնաց այնտեղ: Դարձյալ նրան երևաց հրեշտակը և ասաց. «Ուրա՜խ եղիր, բերկրյա՜լդ, քանզի միածին որդիդ կանչում է քեզ Իր մոտ: Ասում է, թե օտարության մեջ քո պանդխտության ժամանակը լրացավ, արդեն եկ քո հայրենի սեփական ժառանգությունը: Մի մնա մահվան այդ գավառի մեջ, քանզի անմահ կյանքի արժանացար, քանզի հաղթության նշան կանգնեցրիր, հրեաներից բազում չարչարանք կրեցիր: Արդ, չարչարանքներիդ վախճանը եկավ, ավարտվեցին տառապանքներդ: Անցան տրտմություններդ, ժամանեց ուրախությունը: Հանգիստը պատրաստված է, կառուցված է լույսի խորանը, հարդարված` փառքի աթոռը: Այժմ ե´կ և հանգիստ առ բազում տառապանքներիցդ: Եվ վայելիր ինձ հետ` Իմ փառքը տեսնելով, որ կար նախքան աշխարհի ստեղծումը»: Այս ամենն ասելուց հետո  հրեշտակը նրան տվեց հաղթության  պսակն ու երկինք բարձրացավ:


Այդպես, երբ Սբ. Աստվածածինը տուն վերադարձավ, ուժգին դղրդաց ու շարժվեց ողջ տեղանքը, և ինքնիրեն վառվեցին բազում լույսի ջահեր: Տիրամայրը պատվիրեց կանչել իր ազգականներին ու հարևաններին և ասաց նրանց. «Մարեք բոլոր ջահերն ու եկեք, որ լսեք ինձ»: Եվ պատմեց նրանց Աստծո մեծագործություններից: Մինչ այսպես խոսում էր նրանց հետ, եկավ Կույսի հոգևոր որդին` Հովհաննեսը, ողջույն տվեց իր ծնողին: Եվ քանի որ կանայք տրտմությամբ էին լցված, հարցրեց, թե ինչն է պատճառը: Իսկ Ամենասրբուհին զվարթ դեմքով և բերկրյալ սրտով ամբողջությամբ պատմեց հրեշտակի երևալու և իր` վերին արքայություն կանչվելու մասին: Եվ երբ Հովհաննեսը լսեց, արտասվելով ողբում, հառաչում էր` իր հոգևոր մորից որբանալու պատճառով: Եվ հանկարծ որոտում ու դղրդյուն եղավ, և սրբազան առաքյալների դասերը, միասնաբար, ամպերով բարձրանալով, հավաքվեցին Տիրամոր տանը` ըստ այն խոսքի, թե`«Որտեղ մարմինն է, այնտեղ էլ կհավաքվեն արծիվները» (Ղուկաս 17. 37): Եվ այստեղ Աստված հայտնեց նրանց ամենասրբուհի Աստվածածնի ննջման մասին: Եվ երբ նրանք արցունք թափելով ասում էին. «Ո´վ Տիրոջ Մայր և Աստվածածին Կույս, քո Միածին Որդու համբարձվելուց հետո դու էիր սփոփում մեր տրտմությունը և քեզնով էինք զորանում բազում չարչարանքների մեջ: Եվ այժմ ո՞վ է մխիթարելու մեր վիշտը, ո՞վ է սփոփելու մեր նեղությունները, որ ամենուրեք շրջապատում են մեզ»: Սրբուհին պատասխանում է. «Ով վսեմական դասեր, Իմ Որդու քարոզիչներ, որ ընտրվեցիք նախքան աշխարհի ստեղծումը: Ողբով մի լցրեք իմ ուրախությունը: Մի´ մտածեք մարդկայնորեն: Մխիթարչին ունեք, Որով բոլոր վշտացյալներին մխիթարում եք: Ունեք Զորացուցչին, Որով վերացնում եք աշխարհի բոլոր տկարությունները: Արդ, մի´ վհատվեք վշտերից, մի´ երկնչեք մարմինը չարչարողներից, մի´ սարսափեք անցավոր մահից: Եվ դուք, ինչպես սովորեցիք Տիրոջից, հոգ տարեք ամենքի փրկության մասին և ինձ աղոթքով ճանապարհեք Նրա մոտ, Ում անձկացել եմ, որպեսզի խաղաղությամբ անցնեմ խավարային իշխանությունների միջով և ժամանեմ երկնային նավահանգիստ: Եվ թող պանդխտության այս վայրում Տերը ձեզ հետ լինի ձեր կյանքի բոլոր օրերում»: Եվ երբ լռեց Սրբուհին, Հովհաննես ավետարանիչն առավ նոճու /որից պատրաստված էր և կենսաբեր խաչը/ փայտից տախտակի վրա նկարված պատկերը, և բոլոր աշակերտներն այն բերեցին Սրբուհու մոտ և ասացին. «Մա´յր Լույսի և տաճար բարձրյալ Բանի, աղաչում ենք քեզ, քանի որ պատրաստվում ես վերափոխվելու Միածին Որդուդ մոտ, ընդունիր այս պատկերը, որ նկարել է Հովհաննեսը, և դիր աստվածազարդ դեմքիդ, հոգևոր օրհնություններով օրհնիր այն և տուր որպես աշխարհի կյանքի առիթ, ինչպես Որդին քո Իր չարչարանքների փայտը տվեց որպես նշան աշխարհի փրկության: Այլև սրանով առողջություն գտնենք  պես-պես վտանգներից և բորոտության ախտից, որ տարածված է այժմ երկրի վրա, մանավանդ Երուսաղեմում»: Եվ սուրբ Կույսն ասում է. «Ինչո՞ւ եք հարկադրում Տիրոջ աղախնուն  իմ անունով անելու այս բանը, որին արժան չեմ: Դուք եք Քրիստոսի ընտրյալ աշակերտները, խնդրեք Նրան, և կկատարվի ձեզ համար»: Եվ երբ անդադար թախանձեցին աշակերտները, առավ պատկերն իր սուրբ ձեռքերի մեջ, տարածեց աստվածաբարձ բազուկն իր, աղոթեց և օրհնեց պատկերը: Լույսի կամար կանգնեց Սրբուհու վրա, և խաչանման լույս կաթեց սուրբ պատկերին: Սրբուհին պատկերը դրեց իր սուրբ երեսին և թրջեց այն հորդառատ արցունքներով, որ թափում էր Տիրոջ առաջ: Պետրոսը վերցրեց պատկերը Աստվածածնի ձեռքից, և բոլորը մեծ երկյուղով երկրպագեցին Աստվածածին Կույսին և նրա սուրբ պատկերին: Այնուհետև սուրբ Կույսն առանձնացավ մի սենյակում, հանեց հին հանդերձը և հագավ նոր ու սպիտակ շորեր` ցույց տալու համար նորոգ կյանքն ու պայծառ լույսը, որին փոխվելու էր, իսկ հինը տվեց աղքատ կույսերին, որ նրա մոտ էին և պառկեց իր սուրբ անկողնին:


Սուրբ առաքյալները մինչ այգաբաց արթուն նստեցին նրա մահճի մոտ: Գովեստներ էին ներբողում Աստվածամոր փոխադրման և ժողովրդին խրատում նրա օգուտի համար: Եվ կեսգիշերին եղավ սաստիկ շարժում, ծագեց լույսի ճառագայթ, և տարածվեց անուշահոտությունը, որից շատերը թմրեցին: Եվ ահա տերերի Տերը և սերովբեների Թագավորն անմարմին զորքերի բազում հրեշտակներով բարձունքից խոնարհվեց` Իր ամենասուրբ ծնողի լուսապայծառ հոգին առնելու համար: Իսկ ընտրյալների դասերը կանգնել էին հիացած, երկյուղածությամբ ու խնդությամբ փառաբանում էին իրենց Տիրոջը, Ում մարմնով տեսնելուն արժանի եղան: Իսկ առավոտյան, որպես անուշաբույր խունկ` սուրբ Կույսն իր սրբասնյալ հոգին ավանդեց իր Միածնի ձեռքը` ասելով. «Քո ձեռքն եմ հանձնում իմ հոգին»: Մեծ պատվով Տերն ընդունեց այն և տվեց Միքայել հրեշտակապետին: Եվ առաքյալները տեսան ամենամաքուր Կույսի հոգին, որը լույսի պես էր և արեգակից առավել էր փայլում, ուներ մարդկային կերպարանք, բայց առանց սեռի: Պետրոսն ասում է. «Տե՜ր, մարդկանցից ո՞վ ունի այնպիսի լուսափայլ հոգի, ինչպիսին Քո ծնողինն է»: Պատասխանում է Տերը Պետրոսին. «Ո՜վ Պետրոս, բոլոր մարդկանց հոգիները սկզբնապես այդպես սպիտակ ու լուսափայլ են լինում, հետո են, մեղքերի շաղախվելով, սևանում ու տգեղանում»: Այս ասելով` Տերը հրեշտակների բազմությամբ վեր բարձրացավ:


Իսկ առաքյալներն աստվածընկալ սուրբ մարմինը փաթաթեցին կտավով, անուշահոտ խնկի բուրմունքի տակ, տարան Տիրոջ նախապես ասած տեղը` Գեթսեմանիի ձորը` նրա հետ ունենալով նաև արմավենու ոստերով պսակը: Եվ խաչանման մի լույս, մինչև հանգստատեղին և մինչև գերեզմանից նրա վերափոխվելը, կանգնած մնաց աստվածակիր մարմնի վրա: Եվ անմարմինների դասերը, աներևույթ կերպով պարակցելով առաքյալներին, հոգևոր պաշտամունքի երգեր էին երգում: Եվ տիրասպան հրեաները բարկացած` ամբոխին հրահրում էին սուրբ առաքյալների դեմ: Բայց աստվածասաստ բարկությամբ բոլորը կուրացան և գետնին էին ընկնում:


Իսկ քահանաներից մեկը, որի անունը Սոփոնիա էր, ձեռքը մեկնելով դագաղին` կամենում էր գետնին գցել աստվածային գանձը, սակայն Աստծուց արժան պատիժ ստացավ. արմունկներից հատվեցին նրա երկու ձեռքերը և կախ ընկան դագաղից: Գետնին ընկնելով` նա դառնագին լաց էր լինում, կոծում իր անձն ու, աղաղակելով, դիմում առաքյալներին. «Ողորմեցե´ք, Քրիստոսի´ աշակերտներ, ես ըստ արժանվույն պատուհաս ստացա աստվածային արդար Դատավորից»: Նույնը կրկնում էին և բոլոր հրեաները: Պետրոսն ասաց. «Ո´վ անհավատ հրեաներ, չզղջացիք ձեր անզղջում սրտերում, այժմ դարձե´ք ու ապաշխարեք, և բարերար Աստվածը կգթա ձեզ»: Ողջ բազմությունն ու ամբոխն աղաղակեց. «Խոստովանում ենք սուրբ կույսին իբրև Աստվածածին և նրանից ծնվածին` իբրև երկրի և երկնքի Աստված, միայն թե Նա գթա մեզ և թողություն տա մեր նախկին հանցանքներին»: Եվ Պետրոսը, վերցնելով արմունկները, բերեց-կպցրեց հատված ձեռքի հոդերին, և, միանալով, կցվեցին, ինչպես նախկինում էին: Հետո առնելով արմավենու ոստերը` քսեց կուրացածների աչքերին, և բոլորը լուսավորվեցին: Եվ այդ օրը հրեա և հեթանոս ժողովրդի մի ողջ բազմություն մկրտվեց և լուսավորվեց ճշմարիտ լույսով: Իսկ առաքյալներն աստվածընկալ մարմինը տարան դրեցին գերեզման և երեք օր պահեցին, ինչպես նրանց պատվիրել էր Տերը: Եվ այդ օրերին գիշեր ու զոր անլռելիորեն հնչում էր հրեշտակների ձայնը, որը դադարեց միայն երրորդ օրվա ավարտին:


Իսկ սուրբ առաքյալ Բարդուղիմեոսը մնացյալ աշակերտների նման չէր ժամանել Տիրամոր վերափոխմանը: Որովհետև այդպես էր Տիրոջ կամքը. ինչպես որ երբ Տերը փակ դռներով մտավ, Թովմասն աշակերտների հետ չէր և հետո խոստովանեց Նրան որպես Տեր ու Աստված, այդպես էլ Բարդուղիմեոսը հետո եկավ, որպեսզի նրա միջոցով հայտնի դառնա Ամենասրբուհու` աշխարհից վերափոխումը: Երբ Բարդուղիմեոսը եկավ, խիստ տրտմեց և խնդրեց աշկերտներին, որ իրեն ցույց տան աստվածային գանձը: Եվ բացելով գերեզմանը` դատարկ գտան պատանքը աստվածակիր մարմնից: Մեծ զարմանքով հիացած` փառք տվեցին Աստծուն: Եվ իմացան, որ անմարմին զորքի օրհնաբանության դադարից հետո Սրբուհին հենց նրանից` անմարմին զորքի կողմից, վերափոխվել է անմահների իմանալի խորանները: Ապա այն ժամանակ սգաց Բարդուղիմեոսը, քանի որ արժանի չեղավ տեսնելու Սրբուհուն, ինչը փափագում էր: Այդ պատճառով էլ աշխարհի մխիթարիչներն իրենց եղբոր սուգը մխիթարեցին ` նրան տալով աստվածային գանձը` Աստվածամոր պատկերը: Եվ այն վերցնելով` Բարդուղիմեոսը լցվեց ուրախությամբ, ասես հենց իրեն` Սրբուհուն տեսավ, և տարավ այդ պատկերը Հայոց աշխարհները: Նրանով կատարում էր բազում հրաշքներ, ինչպես գրված է նրա վարքում: Իսկ առաքյալները որոշ ժամանակ նստեցին Երուսաղեմում, ապա ողջունելով միմյանց` ամեն մեկն իր վիճակը (իրեն բաժին ընկած երկիրը) գնաց:
Այսօր Աստվածածինը վերափոխվեց՝ մշտապես կենդանի մնալով, քանզի ճաշակեց անմահության բաժակը և մշտապես մեզ համար բարեխոս է իր միածին Որդու մոտ:                                                                                                                                                                                
                           

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը
ՍԵԵՄ լրագրողական ակումբ
 

Դիտվել է 3645
2013.08.18
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.