Ընթերցանություն
Գլխավոր>Խուլերի համայնք> «Փառք Աստծո. ես դարձա Նրա զավակը»

«Փառք Աստծո. ես դարձա Նրա զավակը»

Քրիստոնեական ընտանիքում յուրաքանչյուրի ուրախությունը բոլորի ուրախությունն է, և յուրաքանչյուրի ցավը բոլորի ցավն է: Ընտանիքի ուրախությունը աննկարագրելի է դառնում երեխայի ծնունդով, առավել ևս այն կրկնապատկվում է երեխայի հոգևոր և վերստին ծնունդով` մկրտությամբ: Հովհաննես Երզնկացին այս մասին ասում է. «Վերստին ծնունդ է կոչվում, քանի որ առաջին անգամ ծնվում են ըստ մարմնի` մարմնավոր ծնողներից, որը մեղանչական ծնունդ է, երկրորդ անգամ ծնվում են հոգևոր և Աստվածային ծնունդով` հոգևոր ծնողներից: Այս ծննդյան հայրն Աստվածն է, մայրը` եկեղեցին, արգանդը` Ավազանը, որը ծնում է մանկանը ջրով և հոգով: Որովհետև` ինչպես ջուրը լվանում և մաքրում է կեղտը, այնպես էլ Սուրբ Հոգին սրբում և մաքրում է մարդու հոգին և դարձնում մարդուն տաճար Աստծո: Այսպիսով, մկրտության ժամանակ հին մարդը մեռնում է, նորը` հարություն առնում, և այդ պատճառով է կոչվում վերստին ծնունդ»:


Հոգևոր ծնունդի ուրախությունը կրկին ապրելու և նշելու առիթ ունեին Սուրբ Երրորդություն եկեղեցու մեծ ընտանիքից խուլերի համայնքը: Առիթի պատճառը  20-ամյա Գրետան էր՝ այս մեծ ընտանիքի զավակը, որ վերանվանվեց մկրտության նոր անունով` Մարիամ: Նա արդեն հինգ տարի է, ինչ հաճախում է Սուրբ Երրորդություն եկեղեցի: «Այս ընթացքում շատ եմ մտածել իմ մկրտության մասին, ընտանիքս համաձայն չէր, որ ես մկրտվեի: Ես և տիկին Զուբեյդան փորձում էինք համոզել նրանց: Երբ գնացել էինք Օձուն` ուխտագնացության, մենք Աստվածամոր պատկերի առջև աղոթեցինք ժեստերի լեզվով, որ ոչ մի արգելք չլինի մեր մկրտությանը: Իմ կյանքում առաջին հրաշքը տեղի ունեցավ Օձունում. ես աղոթեցի և մայրս փոխվեց, իսկ երկրորդ հրաշքն այն էր, որ ես մկրտվեցի: Իմ ընտանիքի անդամներից ոչ մեկը մկրտված չէ, մենք Գորիսում ենք ապրել: Ես Աստծո մասին ոչինչ չգիտեի: Հիմա ես իմ առջև խնդիր եմ դրել, որ համոզեմ իմ ընտանիքին, որ իրենք էլ մկրտվեն: Հաստատ համոզված եմ, որ իրենց մկրտությամբ մեր տանը խաղաղություն կլինի և ամեն ինչ կփոխվի»:

Գրետան շատ լավ գիտի մկրտության խորհրդի իմաստը. «Մկրտությունը ինձ դարձրեց նոր, մաքուր մարդ: Ես դարձա Աստծո զավակ, ես դարձա քրիստոնյա: Արդեն որպես Մարիամ, պետք է փորձեմ նմանվել Աստվածամորը, ապրեմ մաքուր կյանքով և բարի գործեր անեմ»:


Աստվածային նախախնամությամբ եղավ Գրետայի համար կնքահոր ընտրությունը. «Շատ էի մտածում նաև, թե ո՞վ է լինելու իմ կնքահայրը: Իմ կյանքի երրորդ հրաշքը իմ կնքահայրն է: Նա իմ հոգևոր հայրն է և դաստիարակը: Պատարագին ես հուզվել էի, որ չեմ կարող Սուրբ Հաղորդություն ստանալ, քանի որ մկրտված չեմ և զարմանալին տեղի ունեցավ. խուլերից Վահեն մոտեցավ և առաջարկեց իմ կնքահայրը դառնալ: Սա չեմ կարող բացատրել»:


Վահեն առաջին անգամ է, որ կնքահայր է. «Գիտեմ, որ Ադամի և Եվայի գործած մեղքից հետո, բոլորը ժառանգել են ադամական մեղքը, որը միայն մկրտությամբ է մաքրվում: Ես կնքահայր եմ և գիտեմ, որ պետք է ունենամ համապատասխան գիտելիքներ, որ օգնեմ իմ սանիկին գործերով և խորհուրդներով: Ես Գրետային դեռ դպրոցից եմ ճանաչում, երբ տեսա, թե Գրետան որքան անօգնական է, իմ սիրտը ցավեց, որոշեցի օգնել իրեն: Գրետայի ծնողները լսող են, ես խուլ եմ և գիտեմ, որ նա իմ կարիքը կունենա որպես հոգևոր ընկեր: Ես կփորձեմ լինել իր համար հենարան, որին հենվելով ինքն առաջ կգնա` բարձունքների հասնելով: Երբեք իրեն մենակ չեմ թողնի, միշտ կօգնեմ իրեն»:


Գրետայի ուրախությանը մասնակից իր ընկերներից Էդիկն ասաց. «Գրետան մինչ մկրտությունը կարծես մենակ էր, պահապան չուներ, իսկ հիմա իր կյանքը փոխվել է, և ինքը մենակ չէ»:
«Օձունից հետո մեր կյանքում շատ բան փոխվեց. Իրինան, Գրետան մկրտվեցին և Աստծո պահպանությունը ստացան: Մենք բոլորս ընտանիքի նման ենք, մեկի ուրախությունը կամ մեկի խնդիրը բոլորինս է: Մեր ընտանիքում տիրում է սեր և ջերմություն, այս ամենի համար  պարտական ենք տեր Եսայի քահանային: Շատերը չկարողացան մեզ հասկանալ և օգնել, բայց տեր հայրը հետաքրքրվեց մեզնով, մեր խնդիրներով, թե ի՞նչ ենք ուզում և խորությամբ հասկացավ մեզ» (Գևորգ):
«Ուրախ եմ Իրինայի  և Գրետայի համար, նրանք հիմա Աստծո զավակներ են դարձել» (Աստղիկ):


Վահեն էլ` Գրետայի կնքահայրը, անցյալ տարի է մկրտվել և դարձել եկեղեցու լիարժեք անդամ. «Սուրբ Երրորդություն եկեղեցում ես ինձ լիարժեք մարդ եմ զգում: Ինձ ստիպում էին, որ ես դառնամ ուրիշ մարդ, դառնամ խոսող: Բայց այս եկեղեցու ջերմ վերաբերմունքը ինձ ստիպեց, որ ես լիարժեք մարդ զգամ և հավատամ Աստծուն: Եկեղեցին պետք է կանչի մարդուն, և այս եկեղեցին պարզապես մեզ կանչում է: Մենք այստեղ երբեք մեզ խուլ չենք զգացել»:


Հուզված Գրետայի ուրախությունը անչափ էր. «Ողջ կյանքիս ընթացքում չեմ մոռանա իմ մկրտությունը, հիշելու եմ և նշելու այդ օրը: Փառք Աստծո. ես Նրա զավակն եմ դարձել: Շնորհակալ եմ տեր Եսայի քահանայից, նա առանձնահատուկ հոգի ունի, որ կարողացել է պահել և փայփայել մեր աշխարհը: Նա մանկուց մեր կյանք է մտել և միշտ մեր կողքին է: Իմ բոլոր ժառանգներին այս եկեղեցին եմ բերելու»:


Բոլոր մկրտվածները, ինչպես քահանան է ասում մկրտության ժամանակ, գնվում են Քրիստոսի արյամբ մեղքի ծառայությունից, ընդունում են Երկնավոր Հոր որդեգրությունը, դառնում ժառանգակիցը Քրիստոսի և Սուրբ Հոգու տաճար: Ոչ միայն սրբվում են մեղքից և որդեգրվում Աստծո շնորհով, այլև եղբայրանում են իրար` որպես սուրբ ավազանից ծնվածներ: Քրիստոնեական եկեղեցում հավասարության, եղբայրության, և արդարության խորհուրդներն իրագործվում են մկրտությամբ: Այս մասին Պողոս առաքյալն ասում է. «Քանզի բոլորդ էլ Աստծո որդիներ եք հավատով ի Հիսուս Քրիստոս: Դուք բոլորդ, որ ի Քրիստոս մկրտվեցիք, Քրիստոսով զգեստավորվեցիք, ուրեմն խտրություն չկա ո՛չ հրեայի և ո՛չ հեթանոսի, ո՛չ ծառայի և ո՛չ ազատի, ո՛չ արուի և ո՛չ էգի, որովհետև դուք ամենքդ մեկ եք ի Քրիստոս Հիսուս» (Գաղատացիներ 3.26-28):

Կարինե Սուգիկյան
ՍԵԵՄ լրագրողական ակումբ

Դիտվել է 5470
2013.09.05
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.