Ընթերցանություն
Գլխավոր>Խուլերի համայնք> Նրանք ներքին լսողություն ունեն. նրանք լսում են հոգով

Նրանք ներքին լսողություն ունեն. նրանք լսում են հոգով

«Ինչպես մենք` մարդիկս, երկու մասից` հոգուց ու մարմնից ենք բաղկացած, այդպես էլ երկու տեսակ զգայարան ենք ստացել. մի մասն արտաքին ու դյուրավնասելի է, իսկ մյուսը` ներքին ու հաստատուն, և նրանց տարբերությունը իրենց կատարած գործից է երևում: Արդ, այսպիսի լսողություն է պահանջում և մեր Տերը, երբ ասում է. «Ձե՛զ եմ ասում, դո՛ւք, որ լսում եք» (Ղուկաս 6.27): Արտաքին ականջներով բոլորն էլ լսում էին, մինչդեռ Նա ներքի՛ն լսողություն էր պահանջում: Այլև ասում էր. «Ով լսելու համար ականջ ունի, թող լսի» (Մատթեոս 11.15): Իսկ ինչո՞ւ էր պահանջում այն, ինչ Ինքն էր ստեղծել. պահանջում էր, որովհետև գիտեր, որ արտաքին լսողությունն օգուտ չունի, եթե ներքինը բաց չէ» (Սբ. Սարգիս Շնորհալի):


Ամեն կիրակի՝ սուրբ Պատարագին, Սուրբ Երրորդություն եկեղեցու վերնահարկում կարող ենք տեսնել  խուլերին, որոնք համախմբված և մեծ ուշադրությամբ հետևում են ժեստերի լեզվի մասնագետ Զուբեյդա Մելիքյանի թարգմանությանը: Նրանք թարգմանության շնորհիվ, ինչպես նաև ներքին լսողությամբ, հոգով, աչքերով և մեծ ուրախությամբ լսում և մասնակից են լինում սուրբ Պատարագին:

Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եսայի քհն. Արթենյանի համար շատ կարևոր է, որ խուլերը կարողանան լիարժեք մասնակցել և հասականալ սուրբ Պատարագի արարողությունը. «2005թ-ից խուլերը մասնակցում են Պատարագի: Սկզբնական շրջանում, քանի դեռ չունեինք թարգմանիչ, ես էի իրենց համար սուրբ Պատարագը թարգմանում: Շատ հաճախ ես ինքս, Պատարագիչը լինելով, չէի կարողանում թարգմանել, այդ դեպքում խուլերի մասնակցությունը Պատարագներին պասիվ էր. գրեթե չէին գալիս կամ պարզապես գալիս էին և կանգնում: Մինչև որ 2007թ-ից սկսած ունեցանք թարգմանիչ, և խուլերը սկսեցին ավելի կանոնավոր մասնակցել Պատարագների: Մանավանդ դպրոցի դասընթացների ընթացքում դպրոցից էինք խուլերին բերում, որ Պատարագի մասնակցեին»:


Արդեն քանի տարի է ինչ տիկին Զուբեյդան ջանք ու եռանդ չի խնայում, որ խուլերը կարողանան լիարժեք մասնակցել Պատարագի. «Սկզբից շատ դժվար էր անգամ ինձ համար սուրբ Պատարագը թարգմանել, մտածում էի` ե՞րբ պետք է վերջանա: Երկու ժամը ինձ թվում էր հինգ-վեց ժամ, ես պարզապես պարտականություն էի կատարում և գիտեի, որ պիտի թարգմանեմ: Երկար ժամանակ տևեց, մինչև որ ես խորությամբ ընկալեցի սուրբ Պատարագի խորհուրդը: Տեր Եսային մեզ այս հարցում շատ օգնեց, նա ամբողջովին փոխեց խուլերի աշխարհը, հետո ձեռք բերեցի գիտելիքներ, կարևոր էր ինձ համար նաև Պատարագի գիրքը, տեսաերիզը: Մենք, ցավոք, ունենք խուլեր, որոնք, Աստծո խոսքը լսելու կարիքը ունենալով, գնում են տարբեր կրոնական աղանդներ: Ես ամեն Պատարագին աղոթում եմ իրենց համար, որ իրենք էլ գան, իմ կողքին կանգնեն և լսեն թարգմանությունը: Ուրախ եմ, որ Աստծո խոսքն եմ թարգմանում և ամեն անգամ տեսնում եմ խուլերի աչքերի լույսը ողջույնի պահին: Եթե առաջ խուլերը Պատարագին զրույցի էին բռնվում, ապա հիմա շատ ուշադիր հետևում են Պատարագի թարգմանությանը: Եվ մեզ մոտ` մեր անկյունում, լրիվ ուրիշ զգացողություն է»:


Հետաքրքիր էր իմանալ, թե ի՞նչ նշանակություն և ազդեցություն ունի խուլերի համար սուրբ Պատարագը, ի՞նչ է փոխվել իրենց կյանքում:

Իրինա Սողոմոնյանի (18 տ.)  համար շատ կարևոր է Աստծո խոսքը. «Երբ ես նոր էի գալիս Պատարագի, բացարձակ չէի ընկալում իմաստը, հորանջում էի, անընդհատ հոգնում, սպասում էի, թե երբ պետք է վերջանա: Այսպես առաջին, երկրորդ անգամ, իսկ երրորդ անգամ, երբ տիկին Զուբեյդան թարգմանում էր, սկզբից խուսափում էի, մեկ նայում էի, մեկ ոչ, հետո սկսեցի մի տեսակ ծարավ զգալ, դադարեցի հորանջել ու սկսեցի ուշադիր նայել և լսել Աստծո խոսքը: Այն ինչ լսում էի, յուրահատուկ էր. ոչ մի տեղ չէի լսել: Հաջորդ անգամ նպատակադրված եկա և ափսոսեցի, որ չեմ կարող Սբ. Հաղորդություն ստանալ, քանի որ դեռ մկրտված չէի»:


Սուրբ Պատարագը Իրինայի կյանքում արմատական փոփոխությունների առիթ է հանդիսացել. «Կյանքը դժվար էր ինձ համար, ձեռքբերումներ չունեի, նույնիսկ մարդկանց հետ շփումն էր դժվարացել: Շատ էի բարկանում, փոքրհոգի էի, սուրբ Պատարագը և տեր հոր խոսքերը փոխեցին ինձ, հասկացա, որ ավելի մեծահոգի և ներող եմ դարձել: Ամեն մի Պատարագից հետո իմ հոգում դրական լիցքեր են ավելանում»:


Արդյո՞ք պատկերացնում է Իրինան իր կյանքը առանց եկեղեցու:

«Կարող է իմ մրցումներին և պարերին չգնամ, բայց եկեղեցի չգալ չեմ կարող: Եկեղեցին մեկ ուրիշ խորհուրդ ունի ինձ համար, այն մնայուն  ու հավերժ է իմ կյանքում: Առաջ չէի գալիս եկեղեցի, իսկ հիմա այն  ուրիշ երանգ է տվել իմ կյանքին: Այստեղ ոչ միայն Աստծո խոսքն ենք լսում, այլ տեր Եսային մեզ համար հնարավորություն է ստեղծել անգլերենի և թատերականի խմբեր հաճախելու: Ես  չեմ պատկերացնում իմ կյանքը առանց եկեղեցու, այստեղ քայլ առ քայլ գնում եմ դեպի առաջընթաց: Սուրբ Հոգին, հրեշտակները իմ կողքին են և առաջնորդում են ինձ: Մտքովս չի անցնում, որ ես առանց Աստծո կարող եմ ապրել, ինչ էլ որ լինի, ես այս ճանապարհն եմ ընտրել, ես առանց Աստծո այլևս չեմ պատկերացնում ոչինչ: Պարզապես ուզում եմ ասել, որ սա է իմ կյանքը»:


Ճաշակելով սուրբ Պատարագի քաղցրությունը` Իրինայի համար շատ կարևոր էր կիսվել իր ընկերների հետ այն կարևոր արժեքի մասին, որ բացահայտել էր իր կյանքում. «Իմ ընկերներից`Սիրանուշին, Գոռին, Աստղիկին, ես եմ բերել Պատարագի: Ճիշտ է իրենք շատ քիչ են, բայց ուրախ եմ, որ իրենց կյանքում էլ փոփոխություններ կան: Տեսնում էի, որ բոլորը ծուլանում էին գալ Պատարագի, բայց հիմա իրենց կյանքը դատարկ է առանց եկեղեցու»:


Իսկ խուլերից Էդիկը (21 տ.) երազել է, որ դառնա քահանա, և այդ մասին նա սկսել է մտածել այն ժամանակ, երբ ծանոթացել է տեր Եսայի քահանայի հետ. «Մտածում էի. ինչո՞ւ չեմ կարող դառնալ քահանա, տիկին Զուբեյդան կարող է ինձ հետ գալ ճեմարան և բոլոր դասերը թարգմանել: Հետո, երբ Սուրբ Երրորդություն եկեղեցում միջոցառում էր, տեր Եսայից իմացա, որ չեմ կարող դառնալ քահանա և հաշտվեցի այդ մտքի հետ: Մի կիրակի էլ ես տեր հորը խնդրեցի շապիկ հագնել և խորան բարձրանալ, երբ ստացա նրա համաձայնությունը, այդ օրը դարձավ ինձ համար ամենաերջանիկ օրը»:


Տեսնելով Էդիկին խորանի վրա` խուլերը շատ էին հուզվել:

«Ես տեսել էի, թե ինչպես է Ամերիկայում մի խուլ տղա` Տիգրան անունով, Պատարագին շապիկ հագնում, այդ պատճառով ես էլ ցանակացա խորան բարձրանալ: Ինձ համար շատ կարևոր է Պատարագին մասնակցելը, շատ հետաքրքիր են հագուստները, ծնծղան, սուրբ Հաղորդությունը: Կուզենայի այն ինչ ստանում եմ, իմ խուլ ընկերներին էլ փոխանցեմ: Հայաստանում ես առաջինն եմ խուլերից, որ խորան եմ բարձրացել, ինձ համար դա շատ պարտավորեցնող է: Սկզբում իմ ընտանիքը դժկամությամբ էր վերաբերվում, բայց հետո նրանք եկան, տեսան, թե ինչով եմ զբաղվում, և իրենց վերաբերմունքը ամբողջովին փոխեցին: Իմ մեջ աճ եմ նկատել, քանի որ աստիճանաբար ազատվում եմ իմ վատ սովորություններից: Ես արդեն սկսել եմ ինքս ինձ հարգել:  Ուզում եմ միայն Աստծով ապրել, լինեմ գրագետ, կայացած: Ես շատ շնորհակալ եմ Աստծուց, Տեր Եսայի քահանայից և տիկին Զուբեյդայից»:


Առաջին իսկ օրվանից տեր Եսային նկատել էր, թե ինչպես է խուլերից Էդիկը մեծ ոգևորությամբ և ջերմեռանդորեն մասնակցում սուրբ Պատարագներին. «Բնականաբար, երգեցողությանը չէր կարողանում մասնակցել, բայց բուրվառ անել, մոմ բռնել և որոշակի ծառայություն մատուցել կարողանում էր: Նա շատ պարտաճանաչ է և ուշադիր, այդ ամենը նա անում է տեսողական հիշողությամբ, երբևէ մենք իրեն չենք սովորեցրել, թե մոմը ինչպես պետք է բռնել կամ բուրվառը գցել, ինքը այդ ամենը սովորել է` ուշադիր հետևելով Պատարագին: Մի առիթով ես զարմացա. ինչպես էր ինքը հաշվել, թե բուրվառը  քանի՞ անգամ և ո՞ր պահին պետք է գցել: Այս մասին իրեն ոչ ոք չէր ասել, նա նայել էր, թե ինչպես են մյուսները անում, հաշվել էր և հիշում էր»:


«Պատարագին մի ուրիշ զգացողություն եմ ունենում, ինձ համար շատ թանկ է Զուբեյդայի թարգմանությունը: Ամեն կիրակի փորձում եմ գալ սուրբ Պատարագի, Հաղորդություն ստանալ, այն մի ուրիշ խորհուրդ ունի ինձ համար: Ես անելանելի վիճակում էի, շատ դժվարություններ ունեի, և Զուբեյդան ինձ  ասաց, որ գամ Աստծո խոսքը լսեմ: Ես եկա, նայում էի խուլերին ու ոչինչ չէի զգում: Փորձեցի ուշադիր լսել Պատարագը Զուբեյդայի թարգմանությամբ, և սիրտս փափկեց, հանգստացա, ազատվեցի ճնշվածությունից: Փառք Աստծո, ես կարծես թե հառնեցի և ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել տեր Եսային, Զուբեյդային, քանի որ իմ կյանքը լրիվ փոխվեց: Արդեն մեկ տարի է, ինչ ես ու ամուսինս գալիս ենք Պատարագի: Իմ կյանքում կարևորում եմ նաև այն, որ Վազգեն Ա-ն է ինձ մկրտել, և ես ապաքինվել եմ: Երբ ես վեց ամսեկան էի, կարմրուկով էի հիվանդացել, բժիշկները հույս չէին տվել, որ ես կապրեմ, ու մի տատիկ մայրիկիս ասել էր` անպայման երեխային Սբ. Էջմիածին տար: Եվ մայրս, սայլով երկար ճանապարհ անցնելով, ոտքով գնացել էր Սբ. էջմիածին, հանդիպել էր Վազգեն Ա կաթողիկոսի հետ: Վեհափառը, երբ իմացել էր, որ երեխան մկրտված չէ, ասել էր մորս` շուտ կնքահայր գտիր, երեխային մկրտենք: Մկրտվելուց հետո երեք օր մնացել ենք կնքահոր տանը, արդեն առողջացել էի, վիճակս լավ էր, բայց խլացել էի: Հետո ես իմ երեխաներին եմ տարել Սբ. էջմիածին մկրտության» (Օֆելյա 51 տ.):


Սուրբ Երրորդության եկեղեցու կայքում յուրաքանչյուր խուլ կարող է դիտել սուրբ Պատարագը` թարգմանված ժեստերի լեզվով, ինչպե՞ս ծնվեց այս մտահղացումը:

«Պատարագը ժեստերի լեզվով թարգմանելը նպատակ ուներ, որ հնարավորինս բոլոր խուլերին բաժանվեր Պատարագը DVD-ի խտասկավառակի տեսքով: Բնականաբար, այս տարբերակի կարիքը առաջացավ այն ժամանակ, երբ  տեսնում էինք, որ խուլերը չէին հասկանում, քանի որ չկար թարգմանություն, դրանից գալիս էր նաև մասնակցության խնդիրը Պատարագներին, նամանավանդ, որ ոչ բոլոր խուլերն են կարողանում գալ մեր եկեղեցի և մասնակցել արարողություններին: Այս նախաձեռնությունը առավել ևս անհրաժեշտ էր գյուղերում ապրող խուլերի համար: Նյութական միջոցների սղության պատճառով չկարողացանք բոլոր խուլերին DVD  տարբերակը տրամադրել: Այդ պատճառով, մինչև հնարավորություն ունենալը, ժեստերի լեզվով սուրբ Պատարագի թարգմանությունը  դրվեց մեր եկեղեցու կայքում»,-պատասխանեց տեր Եսային:


Եղել են օրեր, որ տիկին Զուբեյդան ինչ-ինչ պատճառներով չի կարողացել գալ Պատարագի. «Չեմ կարողացել գալ, բայց խուլերը հասկացել են Պատարագի իմաստը, որ պահին ինչ պետք է անեն, «Հայր մեր»-ը ե՞րբ պետք է ասեն: Ուղղակի օրվա քարոզն է, որ չեն կարողացել հասականալ, քանի որ ամեն կիրակի այն փոխվում է: Կարևորը, որ անկեղծ են, իրենք զգում են նյարդաթելերով, աչքերով, ամբողջ մարմնով, և դա լրիվ ուրիշ զգացողություն է: Հետաքրքիր մշակույթ է ձևավորվել մեր եկեղեցում, լսողներն անգամ գիտեն, թե որտեղ են կանգնում խուլերը և փորձում են չխանգարել, նրանք մեզ են միանում «Հայր մեր»-ը երգելիս: Առաջ խոսողների հայացքները ճնշում էին, իսկ հիմա շոյում են: Շատ կցանկանայի, որ հոգևոր ոլորտում թարգմանող շատ թարգմանիչներ լինեին, քանի որ ինձ էլ երկար ժամանակ էր պետք, որ ես կայանայի այս ոլորտում: Անհրաժեշտ են հոգևոր գիտելիքներ և ամենակարևորը` խոնարհություն: Մի օր որոշեցի ճրագալույցի Պատարագին մենակ մասնակցել և ոչ ոքի չասել, արդյունքում ես դատարկության զգացողություն ունեցա: Լիարժեք կլիներ Պատարագը ինձ համար, եթե խուլերը իմ կողքին լինեին: Երբ ես եմ միայն ստանում, ես ինձ մեղավոր եմ զգում, քանի որ ինձ համար առաջնային է տալը, և ես հասկացա, որ մենակ ոչինչ եմ: Երբ տալիս ես, նաև ստանում ես: Խուլերը այստեղ կայացած են, որովհետև եկեղեցին իրենց համար տուն է, և գիտեն, որ ոչ ոք իրենց այստեղ չի վիրավորի, որովհետև սիրված են բոլորի կողմից, իրենք էլ երբեք չափը չեն անցնում, առավել ևս, որ բոլորը շատ են սիրում տեր Եսայի քահանային»:


Սուրբ Պատարագին ողջ եկեղեցին՝ ողջ ժողովուրդը, մեկ սիրտ, մեկ հոգի են դառնում, սերն է սփռվում ամենուր, հավասարվում և եղբայրանում են բոլորը: Ինչը հաստատվում է, երբ բոլորը միաբերան սուրբ համբույրով ողջույն են տալիս՝ ասելով. «Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ, որ Էնն Աստուած աստ բազմեցաւ…»: Սուրբ Պատարագի խորին խորհրդի այս մեկ ամբողջության մեջ ուրախալի է տեսնել նաև խուլերին, որ իրենք էլ հնարավորություն ունեն մոտենալու Տիրոջը, ճաշակելու և տեսնելու Նրա քաղցրությունը:

 

Կարինե Սուգիկյան
ՍԵԵՄ լրագրողական ակումբ

Դիտվել է 667
2013.09.12
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.