Ընթերցանություն

Խաչվերաց

 Մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի Սբ. Խաչի խորհուրդները

 

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ամեն տարի` սեպտեմբերի 11-17-ը ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը, տոնում է Խաչվերացը` հինգ տաղավար տոներից մեկը: Այս տարի սեպտեմբերի 15-ին ենք նշում Խաչվերացը` «խաչի վերացման», այսինքն`«խաչի բարձրացման» տոնը: Այն նվիրված է գերությունից Սբ. Խաչի դեպի Երուսաղեմ վերադարձի և փառաբանության հիշատակին :

 

Եռամեծ վարդապետը`Սուրբ Գրիգոր Տաթևացին, Սբ. Խաչի մասին պատգամում է.

 

Խաչը երկնքի բևեռներն են և երկրի հաստատությունը:

Խաչը նահապետների ցանկությունն է և մարգարեների կանխասացությունը: Խաչը առաքյալների քարոզությունն է և հայրապետների դավանությունը:

Խաչը մարտիրոսների պսակն է և նահատակների հաղթանակը: Խաչը թագավորների թագն է և իշխանների իշխանությունը:

Խաչը կույսերի սրբությունն է և ամուսնացածների ողջախոհությունը:

Խաչն այրիների շնորհն է և կանանց բարեզարդությունը:

Խաչը ծերերի ամրության ցուպն է և երիտասարդների իմաստության գավազանը:

Խաչը Կենաց ծառն է և անմահության պտուղը:

Խաչը անմեղների խրատն է և մեղավորների քավիչը:

Խաչը մոլորվածների ճանապարհն է և խավարածների ճառագայթը:

Խաչը նավարկողների նավահանգիստն է և ճանապարհորդների օթևանը:

Խաչն երկնավորների ցնծությունն է և երկրավորների զվարճությունը:

Խաչը սանդարամետականների սարսափն է և երկրայինների սաստողը:

Խաչը Քրիստոսի փառքն է և քրիստոնյաների պարծանքը: Խաչը հոգևոր զենք է և չբթացող սուր:

Խաչը դժոխքի ավերողն է և գերյալներին ազատողը:

Խաչը գերեզմանների կնիքն է և կյանքի հարությունը:

Խաչը դրախտի /դռները/ բացողն է և արքայությունը որպես ժառանգություն տվողը:

Խաչը Քրիստոսի կարապետն է և հարության հրավերը:

Խաչն անհավատների կուրությունն է և հավատացյալների զորությունը, որը և երկրպագողներին պայծառացնելով՝ կանգնեցնում է մեր Քրիստոս Աստծո աջ կողմում:

 

Եռամեծ վարդապետը`Սուրբ Գրիգոր Տաթևացին, Սբ. Խաչի մասին քարոզում է.

 

«Բարձրաձայն բարբառող և ազդարարող փողը, նա, ով ելավ երրորդ երկինք և տեսավ անհասանելին և պատմեց անպատմելին, ով աստվածային խորհուրդների մեծ հազարապետն է և իմաստության գանձերի հավատարիմ տնտեսը, ընտրության անոթը և ճշմարտության քարոզիչը` Պողոս առաքյալը, եկեղեցու մեջ բարձրաձայն հայտարարում է. «Կորստյան մատնվածների համար խաչի քարոզությունը հիմարություն է, իսկ մեզ` փրկվածներիս համար` Աստծո զորություն»: Այսինքն` Քրիստոսի չարչարանքներն ու խաչի մահը հիմարություն է թվում անհավատներին, իսկ մեզ` հավատացյալներիս համար, որ խաչի չարչարանքներով փրկվեցինք, Աստծո զորությունն է և իմաստությունը: Ինչպես հիվանդի համար առողջարար կերակուրը տաղտկալի և վնասակար է թվում, այնպես էլ անհավատ կամակորներին` խաչի քարոզությունը: Եվ ինչպես խելագարվածն անարգում է իր երախտավոր բժշկին և իրենից վանում, նույնպես և նրանք են Խաչյալի մասին ասում. «Եթե կարողություն ուներ, ինչո՞ւ չարչարանքների մեջ ընկավ, մեռավ և թաղվեց, և այն, որ Ինքը չունի, քեզ ինչպե՞ս է շնորհում»: Այսպես են ասում հեթանոսները: Նույնն են ասում և հրեաները. «Եթե Աստծու Որդի ես, իջի՛ր այդ խաչից և կհավատանք» (Մատթեոս 27.40): Այսպես էր ասում նաև կորստյան մատնված ավազակը: Սրա վերաբերյալ ասենք, որ ավելի զորավոր է նա, ով մտնում է դժնդակ փորձության մեջ և ելնում, ինչպես վարարող գետի հորձանքների կամ ալեկոծ ծովի մեջ մտնողը, քան նա, ով անփորձ է մնում: Քաջամարտիկը պատերազմելով է հաղթում, այլ ոչ թե մի կողմ կանգնելով: Նույնպես և երեք մանուկները սքանչելի եղան հնոցի կրակների մեջ մտնելով ու չայրվելով և ոչ թե, եթե մոտեցած անգամ չլինեին: Իսկ Հովհան մարգարեն հռչակավոր եղավ կետի փորի մեջ մտնելով և կենդանի դուրս գալով, քան թե, եթե նավին իսկ չմոտենար: Նույնպես և մեր Տիրոջ և Փրկչի գերագույն հաղթությունը կայանում է նրանում, որ լինելով խաչին գամված` արձակում էր կապվածներին և մեռած` մեռյալներին հարություն էր տալիս, Իր մահով խափանում մահը և գերեզման իջնելով` մեզ երկինք բարձրացնում: Նույնպես և քրտնելով, փշե պսակ կրելով, զինվորների թուքը հանդուրժելով, ոտքերը և ձեռքերը կապված, լեղին ճաշակելով, գլխի խոնարհմամբ, կողքի խոցվածքով և մնացյալ ամեն ինչով բուժում էր նախաստեղծների ախտերը: Իսկ մեկ այլ դեպքում հակառակ գործելով` փոշիով կույրի աչքերը լուսավորեց (Հովհաննես 9.6): Նաև Պողոսի քրտնքոտ թաշկինակով բուժվում էին բոլոր ախտերը (Գործք 19.12), իսկ Պետրոսի ստվերով հիվանդները բժշկվում էին (տե՛ս Գործք 5.15), նաև նրանց զգեստներից մեռելները կենդանանում էին, և այս ամենը նրա համար, որպեսզի իմացվի, որ Աստծո զորությունը տկարության մեջ է ներգործում: Այսպես և մեզ` փրկվածներիս համար խաչը Աստծո զորությունն է, քանի որ խաչը հակառակության նշան է` ըստ զորության, ըստ ներգործության, ըստ տեսքի և ըստ ձևի` համաձայն հետևյալ խոսքի. «Սա շատերի անկման ու բարձրացման և շատերի համար էլ հակառակության նշան է» (Ղուկաս 2.34): Խաչի նույն զորությունը հավատացյալների համար բարձրացում և արդարացում է, իսկ անհավատների համար` անկում և գայթակղություն: Խաչը չարչարանքի և մահվան գործիք է, բայց կյանքն ու անմահությունը ծածկված են նրանում` ըստ հետևյալ խոսքի. «Քրիստոս պիտի նույնն այդ չարչարանքները կրեր և այնպես մտներ Իր փառքի մեջ» (Ղուկաս 24.26): Եվ եթե մենք «Իր չարչարանքներին կցորդ ենք, հաղորդակից ենք լինելու և փառքին» (Հռոմեացիներ 8. 17): Խաչի չորս թևերը միմյանցից տարբեր ուղղություններով են ներգործում: Այսինքն` խաչի ներքևի պատվանդանը ավերում է դժոխքը, վերևի գլուխը` դրախտի դուռն է բացում, աջ թևը` մարդկային ցեղին շնորհներ է բաշխում, իսկ ձախը` սաստում ու պատուհաս է բերում դևերին: Քրիստոսի խաչով մարդկանց համար այլ փրկություն ևս եղավ, ինչպես որ գրում է առաքյալը. «Քանզի ինչը որ անհնարին էր օրենքի համար, որ տկարանում էր մարմնի պատճառով, Աստված հնարավոր դարձրեց, առաքեց Իր Որդուն` մեղանչական մարմնի նմանությամբ և մեղքի համար ու մարմնի մեջ դատապարտեց մեղքը» (Հռոմեացիներ 8.3): Մենք պարտական էինք մահին և անեծքին, որովհետև մեղանչական ենք, իսկ Նա` Անպարտը, մեր փոխարեն մահն ու անեծքն Իր վրա կրեց և մեզ ազատեց: Մարդը քանի դեռ հարության հույս չուներ, վախենում էր մահվանից և մեղադրում մահվան վճիռը Կայացնողին: Իսկ Նա, գալով, կրեց Իր սահմանած մահը, մեռավ ու հարություն առնելով` մեզ հորդորեց մահվանից չվախենալ, որովհետև դրան հարությունն է հաջորդելու: Նա նման էր մեզ Իր տեսքով խաչին գամված ժամանակ` ըստ Եսայի մարգարեի խոսքի. «Նայեցինք մենք Նրան, բայց Նա ո՛չ տեսք ուներ և ո՛չ էլ գեղեցկություն. Նրա տեսքն ավելի անարգ էր ու նսեմ, քան բոլոր մարդկանց որդիներինը» (Եսայի 53. 3): Եվ դրանով հանդերձ տարբերվում էր նրանով, որ յուրաքանչյուր մարդու մահը միայն իր համար է փրկություն, իսկ Նրա մահը ամբողջ աշխարհի համար փրկություն ու գին եղավ, ինչպես Պետրոսն է ասում. «Ապականացու արծաթեղենով և ոսկեղենով չէ, որ փրկվեցիք, այլ թանկագին արյամբ Քրիստոսի» (Ա Պետրոս 1.18-19): Նա նույնն էր հոգով դժոխք իջնելիս, ինչպես Ադամից հետո բոլոր մահացածները` ըստ առաքյալի խոսքի. «Թագավորեց մահը Ադամից մինչև Մովսես նույնիսկ նրանց վրա, ովքեր Ադամի հանցանքների նման հանցանք չգործեցին» (Հռոմ. 5.14): Եվ տարբերվում է նրանով, որ Նրա հոգին չմնաց դժոխքում ըստ Պողոս առաքյալի խոսքի, այլ «ավերեց դժոխքը» և «ելավ բարձունքները ու գերեց գերիներին» (Սաղմոս 67.19): Նա նույնն էր գերեզմանում թաղվելով, ինչպես բոլոր մարմինները, և տարբերվում էր նրանով, որ ինքնիշխան զորությամբ արագորեն հարություն առավ: Իսկ թե Քրիստոսի խաչով քանի՞ տեսակի փրկություն եղավ, այդ մասին վարդապետների խոսքերից իմանում ենք, որ տեսակները հիմնականում վեցն են: Նախ մեղքերից փրկեց և կոչվեց Փրկիչ, որովհետև «Նա փրկեց Իր ժողովրդին» (Հուդա 5): Երկրորդ` փրկեց օրենքի ծառայությունից և անեծքից. «Իսկ երբ ժամանակը իր լրումին հասավ, Աստված Իր Որդուն ուղարկեց աշխարհ, որը ծնվեց կնոջից և մտավ օրենքի տակ` փրկելու համար նրանց, ովքեր օրենքի տակ էին» (Գաղատ. 4.4-5): Ասվում է նաև. «Քրիստոս մեզ վերստին գնեց օրենքի անեծքից` անեծք դառնալով մեզ համար» (Գաղատ. 5.13): Երրորդ` մեզ փրկեց սատանայի ձեռքի տակ ծառայելուց` ըստ հետևյալ խոսքի. «Նա փրկեց մեզ խավարի իշխանությունից և մեզ փոխադրեց արքայությունն Իր սիրելի Որդու» (Կող. 1.13): Չորրորդ` փրկեց մահվանից` ըստ այն խոսքի, թե «Եղավ ննջեցյալների առաջին պտուղը» (Ա Կոր. 15.20) և «Անդրանիկը` մեռյալների միջից» (Կող.1.18): Եվ դարձյալ ասում է. «Նորոգելու է մեր խոնարհ մարմինը, որպեսզի այն կերպարանակից լինի Իր փառավոր մարմնին» (Փիլիպ. 3.21): Հինգերորդ` հոգիները փրկեց դժոխքի բանտից, ինչպես առաքյալն ասում է. «Ելավ բարձունքը, գերիների բազմություն գերեվարեց և մարդկանց պարգևներ տվեց» (Եփես. 4. 8): Դարձյալ, «Նախ կկապի հզորին և ապա միայն կկողոպտի նրա տունը» (Մարկոս 3. 27): Վեցերորդ` փրկեց մեզ կռամոլ դիվապաշտությունից և դարձրեց դեպի աստվածապաշտությունը` ըստ այն խոսքի, որ ասաց հարությունից հետո. «Գնացե՛ք, աշակերտ դարձրե՛ք բոլոր ազգերին, նրանց մկրտեցե՛ք Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով» (Մատթ. 28.19): Այսպիսով` Քրիստոսի խաչը մեզ` հավատացյալներիս համար, եղավ զորություն և փրկություն, ինչպես ասում է առաքյալը. «Որովհետև կորստյան մատնվածների համար խաչի քարոզությունը հիմարություն է, իսկ մեզ` փրկվածներիս համար` Աստծո զորություն»:

Կազմեց Կարինե Սուգիկյանը

ՍԵԵՄ լրագրողական ակումբ

Դիտվել է 1523
2013.09.15
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.