Ընթերցանություն
Գլխավոր>Տոներ>Սրբոց տոներ> Սուրբ Մամասի, Փիլիկտիմոնի և Սիմեոն Սյունակյացի հիշատակության օր

Սուրբ Մամասի, Փիլիկտիմոնի և Սիմեոն Սյունակյացի հիշատակության օր

Սուրբ Մամաս

 

Մամասը կամ Մամատիոսը ապրել է 3-րդ դարում, Կեսարիայում: Ծնողները՝ Թեոդիտոսն ու Ռուփանիան, Պապլագոնիա նահանգի Գանգրա (այժմ Չանղրա) քաղաքից էին: Բարեպաշտ քրիստոնյա ամուսիններ էին, ովքեր իրենց հավատի համար Ավրելիանոս կայսեր օրոք ձերբակալվում, ուղարկվում են Կեսարիա և այնտեղ բանտ նետվում: Երանելի Թեոդիտոսը վախճանվում է բանտում բարի խոստովանությամբ, իսկ բարեպաշտ Ռուփինան՝ իր զավակին ծնելուց հետո՝ կարճ ժամանակ անց: Քրիստոնյա մեծահարուստ մի կին՝ Մատրոնիա անվամբ, հրեշտակի հրամանով մանկանը վերցնում է բանտից, որդեգրում, մեծացնում և սնում քրիստոնեական հավատով: Երբ երեխան մեկ տարեկան դարձավ, Մատրոնիան գրկած համբուրեց նրան և տղային ձայն տալով՝ ասաց. «Մամա»: Եվ մկրտության ժամանակ նրան անվանեցին Մամաս: Տասնհինգ տարեկանում արդեն համոզված քրիստոնյա էր, դպրոցում իսկ հեթանոս աշակերտների ուշադրությունն է գրավում: Դպրոցակից մանուկներին ուսուցանում էր հեռու մնալ սնոտի կռապաշտությունից և հավատալ կենդանի Աստծուն, որ երկնքում է: Կռապաշտությանը հակառակ խոսելու պատճառով ձերբակալվում է և ենթարկվում չարչարանքների: Սակայն Տիրոջ հրաշքով ազատվում է և ապաստանում Արգեոս լեռան վրա: Ուր որոշ շրջան ապրում է ճգնավորական կյանքով՝ սնվելով եղնիկների կաթով, դրանից պանիր պատրաստելով և բաժանելով աղքատներին: Բազմաթիվ քրիստոնյաներ, լսելով նրա մասին, սկսում են գնալ նրա մոտ: Բացի իր քարոզչական շնորհից, ուներ քաղցր ու զարմանալի ձայն, որ բազմաբարբառ քնարի պես հաճելի էր ամենքին, ինչպես Դավիթը, որովհետև սաղմոսելիս հալածում էր չարության ոգին և մարմնական ցավը խաղաղեցնում: Անմեղ կենդանիներն իր շուրջն էին հավաքվում, ոչ միայն որովհետև առատ ջուր կար իր բնակության վայրում, այլ նաև պաշտպանում էր նրանց վայրի գազաններից և որսորդներից, եղնիկները իր խրճիթի մոտ էին ծնում իրենց ձագերին: Իր շնորհիվ հետզհետե բազմացավ քրիստոնյաների թիվը: Անցնում է որոշ ժամանակ և Մամասը դարձյալ ձերբակալվում է և զանազան չարչարանքների ենթարկվում: Ի վերջո նահատակվում է՝ խոցվելով եռաժանի (երեք ատամ՝ սուր ծայր ունեցող պատերազմական գործիք) նիզակով: Նրա նահատակությունը տեղի է ունեցել 273թ-ին: Նրա անունով եկեղեցիներ են կառուցվում Կեսարիայում, Կ.Պոլսում և այլուր: Իսկ Սուրբ Բարսեղ Կեսարացին նրան նվիրված գեղեցիկ ներբողյան է շարադրում:

 

Փիլիկտիմոն

 

Փիլիկտիմոնը կամ Փիլոմենոսը նահատակվել է Ավրելիանոս կայսեր հալածանքների այն նույն շրջանում, ինչ Մամասը: Ուստի և հայոց եկեղեցին նրա հիշատակը նշում է Մամասի հետ նույն օրը: Փիլիկտիմոնը նույնպես Փոքր Ասիայից է՝ Լիկայոնա գավառից և զբաղվում էր Գաղատիայի Անկյուրիա քաղաքում ցորեն վաճառելով: Լինելով քրիստոնյա՝ Անկյուրիայում ձերբակալվում է իր հավատքի համար, և դատավորի առաջ պաշտպանում այն և անարգում կուռքերը: Նրան ենթարկում են զանազան չարչարանքների, որոնցից անվնաս ազատվում է: Ի վերջո, գամելով նրա ձեռքերը գլխին և ոտքերը միմյանց, նրան երկար քայլեցնում են և այսպես սուրբը հոգին ավանդում է Տիրոջ ձեռքը: Փիլիկտիմոնի նահատակությունը տեղի է ունեցել 274թ-ին:

 

Սիմեոն Սյունակյաց

 

Սուրբ Սիմեոն Սյունակյացն ապրել է 4-5-րդ դարերում Ասորիքում: Նրան իրավամբ կոչել են «անմարմին հրեշտակ», քանի որ անհնար է պատկերացնել, որ մարմին ունեցող մարդ արարածը կարողանար ապրել այն խստակյաց կյանքով, որով ապրել է նա: Եվ եթե նրա մասին գրավոր վկայություններ թողած անձինք, նրա վարքը շարադրողներ, անմիջապես նրան ճանաչող ականատես և ժամանակակից մարդիկ չլինեին, անկարելի կլիներ հավատալ Սիմեոնի ապրած կյանքին: Ծնված լինելով Անտիոքի մերձակա Սիսան գյուղում, աղքատ ծնողներից, պատանի տարիքում մտնում է վանք և մի քանի տարի հետո արդեն ցուցաբերում մարդկային հնարավորությունները գերազանցող խստակեցություն: Վանքից հեռանալով՝ ապրում է սկզբում ավելի ցածր, ապա տարիներ անց չափազանց բարձր մի սյան վրա՝ առանց նրանից երբևէ իջնելու: Սյան գլուխն այնպես էր պատրաստված, որ շրջապատված էր պատշգամբատիպ հարմարանքով, որին նա կարող էր հենվել հոգնելու դեպքում: Սակայն, որը չուներ առաստաղ և Սիմեոնին չէր պաշտպանում քամուց և անձրևներից: Սիմեոնն ուտում էր քառասուն օրը մեկ անգամ: Հաճախ նույնիսկ բավարարվում միայն Սուրբ Հաղորդությամբ, երկար շաբաթներ հոտնկայս աղոթում էր, ապա՝ որոշ օրեր ծնրադրում, ապա՝ պառկած դիրքով շարունակում աղոթքը և դարձյալ ոտքի ելնում և այսպես մի քանի տասնյակ տարի: Իսկ վերջին տարիներին այս ամենին գումարվում է նաև մի ոտքի վրա բացված վերքից առաջացած որդնալից փտախտը, ինչ պատճառով ցավերին դիմանալով հանդերձ այժմ էլ մեկ ոտքով կանգնած է շարունակում իր ճգնությունը: Նրա համբավը տարածվում է հին աշխարհի համարյա բոլոր վայրերում, ոչ միայն նրա արտասովոր ճգնության պատճառով, այլև այն հրաշքների և քարոզության, որոնցով բազմահազար մարդիկ մարմնի և հոգու բժշկություն են ստանում, ինչպես նաև անհավատները դարձի գալիս և քրիստոնյա մկրտվում: Եգիպտացի անապատականները, լսելով նրա այս արտասովոր ճգնության մասին և կասկածելով, թե դա կարող է նրա հպարտությունից առաջ եկած լինել, չարի և ոչ թե աստվածային զորությամբ, նրա մոտ են ուղարկում մի վանական եղբոր, նրանից պահանջելով, որ վայր իջնի սյունից, նաև զգուշացնում են այս եղբորը, որ եթե Սիմեոնը ոչ թե հակառակի, այլ խոնարհությամբ հնազանդվի իրենց պահանջին, ապա եղբայրը թող թույլ չտա նրան սյունից իջնել, քանի որ դա նշան կլինի, որ իրոք Աստծո ներշնչմամբ է Սիմեոնն այդպիսի ճգնակեցության տրվել: Կատարվում է վերջինը, Սիմեոնը, լսելով եգիպտացի հայրերի պահանջը, իսկույն հնազանդվելով խնդրում է, որ սանդուղք բերեն, որպեսզի ինքն իջնի սյունից, սակայն սա թելադրած եղբայրը թույլ չի տալիս՝ հայտնելով նրան իրեն ուղարկածների իրական մտադրության մասին: Սուրբ Սիմեոնը վախճանվում է 459թ-ին խոր ծերության հասակում և մեծ պատվով թաղվում Անտիոք քաղաքում, թեև նրանից հետո եղել են նաև այլ սյունակյաց ճգնավորներ, սակայն նրա կյանքը բոլոր դարերի համար մնում է աստվածային մեծ հրաշքի չգերազանցված օրինակ:

Կազմեց Գայանե Սուգիկյանը

ՍԵԵՄ լրագրողական ակումբ

Դիտվել է 2446
2013.09.23
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.