Ընթերցանություն
Գլխավոր>Խուլերի համայնք> Խուլերի միջազգային օր. երբ Լռությունն է խոսում

Խուլերի միջազգային օր. երբ Լռությունն է խոսում

Արդեն մի քանի տարի է, ինչ սեպտեմբերի 4-րդ կիրակի օրը Սուրբ Երրորդություն եկեղեցու դահլիճը լցվում է ամենախոսուն լռությամբ. լսողներն ու չլսողները տոնում են խուլերի միջազգային օրը:

 

Սեպտեմբերի 22-ին, եկեղեցու դահլիճը հյուրընկալել էր Արարատյան Հայրապետական Թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին, Հայաստանի խուլերի միավորման նախագահ Գրիգոր Գրիգորյանին, խուլերի համայնքի շատ ներկայացուցիչների, ինչպես նաև բոլոր այն մարդկանց, ովքեր ցանկանում էին հաղորդակից լինել խուլերի նուրբ ու բարդ, մաքուր և խորը աշխարհին: Միջոցառումը կրում էր «ՈՎ ԱՉՔ ՈՒՆԻ…ԹՈՂ ԼՍԻ» խորագիրը: Այն սկսելուց առաջ խուլերի համայնքի ժեստերի լեզվի մասնագետ Զուբեյդա Մելիքյանը խոստացավ, որ մենք` լսողներս, միջոցառումից սեր ու ժպիտներ պիտի տանենք, պիտի հասկանանք, թե ինչ ունենք մենք, որ չունեն խուլերը և այդուհանդերձ, որքան շնորհակալ ու շնորհաշատ են նրանք: Վստահաբար կարող ենք փաստել, որ միջոցառումը ծառայեց իր նպատակին` անջնջելի հետք թողնելով ներկաների հիշողության մեջ:

 

Ջերմությամբ օծված դահլիճում խուլերը աղոթքով ու մոմավառությամբ սկսեցին միջոցառումը: Այնուհետև տեսահոլովակի միջոցով ներկայացվեցին մի շարք հետաքրքիր փաստեր` խուլերի և խուլերի միջազգային օրվա, ժեստերի լեզվի, Հայաստանի խուլերի միության մասին: Ողջույնի ու շնորհավորանքի խոսքով հանդես եկան Տեր Եսայի քահանա Արթենյանի դուստրերը, եկեղեցու երիտասարդաց միության անդամ Կարինեն, ինչպես նաև լսողական խանգարումներ ունեցողների հատուկ կրթահամալիրի փոխտնօրեն Նադյա Եղիազարյանը. «Շնորհավորում եմ բոլոր խուլերին` իմ և ուսուցչական կոլեկտիվի անունից: Այսօր ես հասկացա, որ եկել է այն պահը, երբ մենք պիտի դադարենք համեմատել լսողների և խուլերի աշխարհները և անընդհատ ցույց տանք խուլերի առավելությունները: Դա, թերևս, վաղուց ապացուցված փաստ է: Պարզապես ամեն անգամ մեր սաները գալիս են ցույց տալու, որ իրենք կարող են ավելին, կարող են նոր սահմաններ նվաճել: Եթե լսողների մեջ որոշ մարդիկ են տաղանդավոր, ապա գրեթե յուրաքանչյուր խուլ օժտված է առանձնահատուկ շնորհներով: Մեր խնդիրը այդ շնորհները բացահայտելն ու զարգացնելն է: Իսկ այդ պատասխանատու գործը կիսում ենք մենք, մեր սաների ծնողները և, իհարկե, եկեղեցին»:

 

Մի քանի րոպեների ընթացքում խուլերը ժեստերի լեզվով պատմեցին, թե ինչպես Արարիչը լույսը զատեց խավարից ու ստեղծեց բնությունը, ինչպես Ադամն ու Եվան մեղանչեցին ու զրկվեցին դրախտից, ինչպես Հիսուսը եկավ` վերադարձնելու դրախտը, և ինչպես մարդը խաչեց Նրան: Փոքրիկ բեմադրությունն իսկապես ցնցեց ներկաներին:

Խուլերը ժեստերի լեզվով ներկայացրեցին նաև Աստծո տասը պատվիրանները: Իսկ միջոցառման մյուս հատվածում խուլերը փայլեցին իրենց հումորային բեմականացումներով ու պարերով: Աշխարհի տարբեր ազգերի պարերը խուլերը ներկայացրեցին ռիթմը զգալու ապշեցնող ունակությամբ ու խորը հուզմունքով: Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, անդրադառնալով միջոցառմանը, նշեց. «Այսօր Աստվածաշնչյան թեմաների վրա հիմնված բեմադրություններից մենք ավելի շատ բան հասկացանք, քան երբ մարդիկ խոսում ու երկար ճառեր են ասում: Լռության մեջ է Աստծո Ձայնը հնչում. այն Հոգու Ձայնն է: Խուլերի զգայարաններն ավելի բաց են Աստծո Ձայնի առաջ. նրանք մեզ նման լցված չեն աղմուկով: Մենք շատ բան ունենք սովորելու խուլերից: Մենք չենք կարողանում այնպես կենտրոնանալ, ինչպես նրանք: Սակայն ինչ տարբերության մասին կարող է խոսք լինել Աստծո Տան մեջ: Մենք բոլորս հավասար ենք…»: Միջոցառման ավարտին շնորհակալական և խորը երախտիքի խոսքեր ուղղվեցին Տեր Եսայի քահանա Արթենյանին, ում բոլորանվեր ու սրտացավ աշխատանքի շնորհիվ է, որ խուլերի համայնքը տարեցտարի զարգանում և ծաղկունք է ապրում:

 

«Այս դահլիճում կրկին հրեշտակներ են թևածում: Նայեք ձեր շուրջն ու կտեսնեք նրանց, կտեսնեք, թե որքան լիքն է ձեր հոգին: Այս ամենը մենք Աստծո Փառքի համար ենք անում: Ով աչք ունի, թող լսի… Մենք` խուլերս, լիարժեք ենք և կայացած… Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ում շնորհիվ կայացավ այս միջոցառումը: Հատկապես Տեր Եսայից, ով մեզնից մեկն է: Ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր իրենց լուման են դրել մեր համայնքի և այս միջոցառման կայացման գործում»,- ողջույնի խոսքով հանդես եկավ Զուբեյդա Մելիքյանը: «Այն բոլոր զգացմունքներն ու ապրումները, որ դուք ունեցաք այստեղ, մենք ապրում ենք ամեն օր, յուրաքանչյուր խուլի հետ շփվելիս: Այս ամբողջ կատարելությունն ու ուրախությունը կա ժեստերի լեզվի մեջ, և այսօր ինչ-որ տեղ նաև ժեստերի տոնն է: Շնորհավորում եմ բոլոր ներկաներին, բոլոր խուլերին: Այսօրն այն օրն է, որը գալիս է ապացուցելու, որ խուլերը ոչ միայն հավասար իրավունքներ ունեն խոսողների հետ, այլև իրենք իրենց իրավունքի տերն են»,- ողջույնի իր խոսքում նշեց Տեր Եսայի քահանա Արթենյանը: Այս միջոցառումը հերթական անգամ ցույց տվեց, որ խուլերը մեր մի մասնիկն են, որ մեր աշխարհները զատված չեն իրարից, և որ ժեստերի լեզվով հաղորդակցումն իսկական օրհնություն է, պարգև` խուլերի և լսողների համար:

 

Անժելա Պողոսյան

ՍԵԵՄ լրագրողական ակումբ

Դիտվել է 9171
2013.09.22
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.