Ընթերցանություն
Գլխավոր>Տոներ>Տերունական տոներ> Կենաց ծառից մինչև Սուրբ Խաչ

Կենաց ծառից մինչև Սուրբ Խաչ

Քրիստոսի խաչելությամբ Խաչափայտը մահվան գործիքից կյանքի և փրկության միջոց դարձավ: Սբ. Եփրեմ Ասորու Սբ. Խաչին նվիրված ճառում հստակորեն երևում է Կենաց ծառ-Սբ. Խաչ զուգահեռը: Նա ասում է, որ շնորհիվ Սբ. Խաչի` ինքը, ըստ այդմ և մեղուցյալ մարդկությունը, ազատագրվում է ադամական մեղքից ու մարմնի հողանյութ բնույթից և հաղորդվում աստվածային էությանը: Ինչպես ինքն է գրում. «Այսօր լույսի խաչը կանգնելով բարձրացավ Գողգոթայի ոսկեբլուրը, և ես հավատալով վերաթևեցի իմ հողեղեն ընթացքից: Այսօր հրաշացյալ արևելքը ընծայեց Կենաց փայտը ադամային և հողածին ազգի (այսինքն` մարդկության) համար: Այսօր որդեգրության դրախտը բացվեց կենսատու խաչի միջոցով, և ես վերստին նորոգվեցի` վայելելով կենաց ծառի պտղից: Այսօր կենաց ծառը, վերստին ծաղկելով, պայծառացավ, և ես փառավորվելով պայծառացա աստվածային շնորհի լույսով»: Ծննդոց գրքում ասվում է, որ Աստված Ադամին դրախտից վտարելուց հետո «բնակեցրեց բերկրության դրախտի դիմաց և հրամայեց քերովբեներին ու բոցեղեն սրին շուրջանակի հսկել դեպի Կենաց ծառը տանող ճանապարհները» (Ծննդոց 3.24): Սբ. Եփրեմը, Կենաց ծառ - Խաչափայտը զուգահեռը շարունակելով, ասում է, որ շնորհիվ Խաչափայտի` սերովբեական սուրը տեղի տվեց, և մարդը նորից աստվածային դրախտը մտավ: Քանի որ Քրիստոս խաչը բարձրացավ մարդկային մարմնով, նույն ձևով մենք ենք որպես մարդ հաղորդվում աստվածային էությանը. «Այսօր Աստված մարդացավ խաչի վրա մարդկային մարմնով, և ես փառավորյալ աստվածանում եմ աստվածային միավորությամբ»: Այնուհետև Սբ. Եփրեմը գրում է, որ դրախտի ծառը դեպի մահը և մեղքը տարավ, իսկ խաչափայտը`դեպի կյանք և աստվածային փառքը: Սբ. Պատարագի խորհուրդը նկատի ունենալով, երբ քահանան ամեն անգամ եկեղեցում կատարում է անարյուն պատարագը, բանական այս պատարագի համար Սբ. Եփրեմը ասում է, որ այն սկզբնավորվեց խաչելությամբ, ուր Քրիստոս միաժամանակ պատարագվեց թե՛ որպես բանական զոհ և թե՛ պատարագեց որպես քահանա: Խաչը, երևալով, բարձրացավ վեր, և ողջ աշխարհն ընթացավ դեպ խաչի լույսը` հավատալով Քրիստոսին: Խաչը` լույսի ճառագայթ է խավարի մեջ, խաչի շնորհիվ հրեշտակները մարդկանց երանի տվեցին, և խաչի շնորհիվ երկիրը երկինք դարձավ: Սբ. Հովհան Ոսկեբերանը շեշտում է, որ խաչի միջոցով լույսը ճառագեց: Իր իսկ բնորոշմամբ, ինչպես որ մթով պատված տունը լուսավորվում է, երբ այնտեղ ջահ ենք վառում, այնպես էլ Քրիստոս` խաչով աշխարհը լուսավորեց: Դրախտի ծառ – Խաչափայտ զուգահեռը Ոսկեբերանը ներկայացնում է օձ-Խաչափայտ հակադրությամբ, թե ինչպես դրախտում օձը կարողացավ խայթել մարդուն` նրան ճաշակել տալով արգելված պտուղը, այնպես էլ Քրիստոս` խաչը բարձրանալով, խաչը դարձրեց օձին խայթող սուսեր: Սբ. Հովհան Ոսկեբերանը ասում է, որ խաչը հույս է քրիստոնյաների համար, մեռյալների հարության խորհրդանիշ: Առաջնորդ կույրերին և մխիթարություն աղքատներին, սանձող ուժ մեծատուններին, որ շատ չամբարտավանանան իրենց հարստությամբ, մեղավորներին` ապաշխարության միջոց ու դևերի հալածիչ, հաղթանակ բանսարկուի` այսինքն օձի դեմ: Դաստիարակ մանուկներին և նավորդներին ճանապարհ ցույց տվող, այսինքն` կյանքի ծովում ընթացողներիս ճիշտ ճանապարհ ցույց տվող և տագնապյալներին նավահանգիստ` խաղաղության ափը հասցնող: Ապավեն պատերազմողներին` այստեղ նկատի ունի հոգևոր պատերազմը մղողներին: Որբերի հայր, պահապան այրիներին, անիրավությամբ ընթացողներին, դատավորի պես, ճիշտ ճանապարհ ցույց տվող, նեղյալներին հանգստություն, անդորրություն բերող: Խաչը` լույս է խավարյալների և վայելչություն` թագավորների համար, այսինքն` թագավորները վայելչանում են հավատքի աստվածահաճո գործերով: Խաչը մարդասիրություն է ներշնչում բարբարոսներին, ծառաներին` ազատություն պարգևում, խրատ չընդունողներին իմաստության ճանապարհին դնում, օրենք դառնում` օրենքը չպահողների համար: Խաչը ներկայանում է որպես հեթանոսականը կործանող և մեհյաններն ավերող, բագիններ կործանող, ամբարիշտներին կորուսանող, բայց և զորություն` տկարներին, բժիշկ` հիվանդներին, բորոտներին մաքրող, անդամալույծներին` բժշկություն, հաց քաղցածների համար և աղբյուր` ծարավածներին ու վերարկու` մերկերին: Քրիստոսի խաչելության համար Ոսկեբերանը գրում է, թե ինչպես որ հանցանքը եղավ փայտի միջոցով, նկատի ունի դրախտի ծառը, այնպես էլ փայտի միջոցով եղավ փրկությունը: Ագաթանգեղոսի պատմությունում Սբ. Խաչը համեմատվում է բաբելոնյան աշտարակի հետ, որը փլուզվեց, իսկ Խաչը մինչև երկինք բարձրացավ. «Արդ բարձրաբերձ և վաղավեր աշտարակի փոխարեն ճշմարտության խաչը կանգնեցվեց, որի զորությունը մշտենջենական է, և նրա փառքն է Աստված»: Ասվում է, որ ինչպես աշտարակը ցրեց մարդկանց և խառնեց լեզուները, այնպես էլ խաչափայտը միավորեց, հավաքեց Քրիստոսին ապավինողներին. «Փայտի փոխարեն, որին երկրպագում էին, Իր խաչը կանգնեցրեց, որպեսզի լույսի ճառագայթներ արձակի ամենայն արարածների վրա, որոնք նստած էին խավարի և մահու ստվերի մեջ: Նա այրելու է անպիտաններին` ըստ մարգարեի խոսքի. «Իսրայելի լույսը դառնալու է հուր և սրբելու է նրան բորբոքված բոցով»: Իսկ աշտարակը հուզեց Արարչի սրտմտությունը, բարկությունը, և ցրեց նրանց ու խառնեց նրանց լեզուները, իսկ խաչից ողորմություն հորդեց` Ադամի որդիների ցրված ցեղերին հավաքելու համար»: Շարունակելով այս զուգահեռը` այնուհետև ասում է. «Այդ աշտարակի փոխարեն Ինքը` Տերը խաչափայտը կանգնեցրեց, ըստ կանխագուշակ մարգարեության, որ ասում է, թե «ահավասիկ նշան եմ կանգնեցնում հեթանոսների վրա», այսինքն` փրկարար Խաչը, որի վրա Ինքը Տերն է, և որից կյանք է տալիս աշխարհին»: Աշտարակը մարդիկ ամբարտավանությամբ կառուցեցին, որպեսզի երկինք` Աստծուն հասնեն, իսկ Խաչափայտը ինքն է մարդկանց երկինք`առ Աստված, տանում: Աշտարակը երկրի վրա ցրեց մարդկանց, իսկ Խաչափայտը հավաքում և միավորում է նրանց երկնային արքայության ճանապարհին. «Եկեք, ասացին, աշտարակ շինենք, որպեսզի նրա գլուխը մինչև երկինք հասնի», և այս ըստ նրանց ծրագրի կատարվեց, բայց մյուսն այդպես չեղավ: Իսկ աշտարակը` խաչն է, որի վրա Աստվածորդին բազմեց, խաչը երկրի վրա, և մարմինը` նրա վրա: Աստվածությունը, որը հասնում է ավելի վեր, քան երկինքը, քան անորոշ կետը, քան նյութական արարածների անսահման բնությունը, մնաց պարփակված ու բևեռված փայտե խաչի վրա, լցված ու տարածված նյութականների և աննյութականների վրա: Նա էր, որ առաքյալների և ամենայն սրբերի սրտերում բնակված էր Հորով և Իր Սուրբ Հոգով հանդերձ: Նա լեզուներ ներշնչեց խափանված լեզուների փոխարեն: Քանզի առաջին աշտարակից ցրում առաջացավ, իսկ խաչից` հավաքում: Դրանից` հեռացում դեպի տանջանքները, սրանից` մերձեցում դեպի արքայություն»: Եզնիկ Կողբացին իր նշանավոր «Եղծ աղանդոց»-ի մեջ հատուկ շեշտում է, որ «Քրիստոս ոչ թե կեղծաբար խաչ բարձրացավ, այլ իսկությամբ` Իր անձի հարությունը մեր ճշմարիտ հարության համար օրինակ դարձնելով»: Այս խոսքերով Եզնիկը հերքում է ոչ միայն մարկիոնականությունը, այլև արձագանքում և մերժում է բոլոր նրանց, ովքեր փորձում էին ասել, թե Քրիստոս ոչ թե իրապես, այլ երևութապես չարչարվեց խաչի վրա: «Եղծ աղանդոց»-ի վերջում զետեղված խրատներում ևս երկիցս հիշվում են խաչն ու Խաչյալը: Հիսուսի «Եթե մեկը կամենում է Իմ ետևից գալ, թող ուրանա իր անձը և իր խաչը մշտապես վերցնի և գա Իմ ետևից, որովհետև ով որ կամենա իր անձը փրկել, այն պիտի կորցնի, իսկ ով որ իր անձը Ինձ համար կորցնի, այն պիտի փրկի» (Ղուկաս 9.23-24) խոսքերի հետևողությամբ Եզնիկը գրում է. «Իսկ ով իր անձը չուրանա, չի կարող Քրիստոսի խաչը կրել ու ճշմարտասեր չէ, չի կարող հավիտենական կյանք ժառանգել, այլ ստվերի մեջ է ու խավարի մեջ է շրջում»:Սբ. Գրիգոր Տաթևացին «Ամարան հատոր»-ում գրում է, որ Քրիստոս կենաց փայտը տնկեց երկրի վրա, որից կախված է կյանքի պտուղը` Ինքը Քրիստոս: Տաթևացին հատուկ նշում է, որ Քրիստոս թեպետ որպես մարդ խաչվեց, սակայն Աստված է բնությամբ, ու թեև որպես մի տկարի խաչեցին, հզոր է զորությամբ, և մեռնելով մեզ համար` անմահ է բնությամբ: Խաչափայտի` Խաչյալին խորհրդանշելը Տաթևացին ձևակերպում է այն բնորոշմամբ, որ տեսնելով խաչը, իմանում ենք, որ Խաչյալն է անբաժանելիորեն նրա վրա: Քրիստոս խաչի վրա է անեղ` անեղծանելի մարմնով: Տաթևացին հատուկ շեշտում է, որ Քրիստոս ոչ թե մեղք գործեց և խաչվեց գործած այդ մեղքի համար, այլ անմեղ լինելով` խաչը ելավ մեր մեղքերի համար, որպեսզի քավի դրանք և մեզ մահից կյանք փոխադրի: Խաչյալին հետևելով` կմեռնենք մարմնով և կկենդանանանք հոգով, այսինքն` մեզնում կմեռնի մեղքը, և կկենդանանա արդարությունը: Քանի որ թե՛ դրախտի ծառն էր փայտից և թե՛ խաչը, ուստի սատանան փայտով հաղթեց մարդուն և նույն փայտով էլ հաղթվեց:

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

ՍԵԵՄ լրագրողական ակումբ

Դիտվել է 9128
2013.09.28
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.