Ընթերցանություն
Գլխավոր>Տոներ>Տերունական տոներ> Տոն Վարագա Սուրբ խաչի. մի մասունք Տիրոջ կենսաբեր Խաչափայտից

Տոն Վարագա Սուրբ խաչի. մի մասունք Տիրոջ կենսաբեր Խաչափայտից

Խաչի չորս տոներից բացառապես ազգային-եկեղեցական հիշատակների հետ է կապվում Վարագա խաչի տոնը, որը կատարում է միայն Հայոց եկեղեցին: Այս տոնը ներառում է իրար հաջորդող երեք պատմական հիշատակներ՝ Խաչափայտի առաջին գյուտը և Սբ. Խաչի մասունքի Հռոմ տարվելը, ապա Սբ. Հռիփսիմյանց կողմից Հայաստան բերելը և Վարագա լեռան վրա պահելը, և Սբ. Մասունքի գտնվելը 653թ. Թեոդիկ կրոնավորի և նրա աշակերտ Հովելի կողմից:

 

Ժամանակային իրարահաջորդ այս երեք պատմական հիշատակներից առաջինը Խաչափայտի մասունքի Հռոմ բերվելն է Պատրոնիկե թագուհու կողմից: Առաջին դարի կեսերին Հռոմից Երուսաղեմ ուխտի է գալիս Կղոդիա կայսեր կինը՝ Պատրոնիկե թագուհին, ով քրիստոնյա էր դարձել Պետրոս առաքյալի քարոզությամբ: Այդ ժամանակ տեղի ունեցած Խաչափայտի գյուտից հետո թագուհին Սբ. Խաչից մի մասունք է իր հետ Հռոմ տանում:

 

Երկրորդը՝ Խաչափայտի մասունքի Հայաստան բերվելը և Վարագում պահվելը Սբ. Հռիփսիմյանց կողմից: Քանի որ Սբ. Հռիփսիմեն կայսրական տոհմից էր, նրան էր փոխանցվել Պատրոնիկեի տարած մասունքը, և այն Հռիփսիմե կույսն իր հետ Հայաստան է բերում, երբ Սբ. Հռիփսիմյանք Դիոկղետիանոսի պատճառով փախչում են Հռոմից, քանի որ նա ցանկանում էր բռնությամբ կնության առնել Սբ. Հռիփսիմեին: Սբ. Հռիփսիմյանք, հասնելով Հայոց աշխարհը, միառժամանակ առանձնանում են Վարագա լեռան վրա, և Սբ. Հռիփսիմեն այստեղ է պահում Խաչափայտի մասունքը:

 

Երրորդը՝ Վարագում պահվող Սբ. Նշանի գտնվելը Թեոդիկ ճգնավորի և նրա աշակերտ Հովելի կողմից: Սբ. Հռիփսիմյանք թեև այնուհետև Վարագից գնում և նահատակվում են Վաղարշապատում, իսկ Վարագում Սբ. Նշանին սպասավորելու մնացած կույսերի վախճանումից հետո Վարագի այս ճգնատեղին միառժամանակ ամայի, իսկ Խաչափայտի մասունքն էլ ծածկված է մնում, որի տեղը ոչ ոք չի իմանում, սակայն Հայոց աշխարհում սերնդեսերունդ պատմվում է, որ Վարագա լեռան վրա պահվում է մի մասունք Տիրոջ կենսաբեր Խաչափայտից:

 

653թ. Վարագում իր Հովել աշակերտի հետ ճգնում էր Թեոդիկ կրոնավորը և շարունակ ցանկանում էր արժանանալ Սբ. Նշանի տեսությանը, որի համար պարբերաբար պահեցողության էր տրվում: Եվ մի անգամ նման տասնօրյա մի պահեցողությունից հետո, որը վերստին նվիրված էր այստեղ պահվող Խաչափայտի մասունքի տեսությանն արժանանալուն, Վարագա լեռը լույսով է ողողվում, և լսելի է դառնում հրեշտակային օրհներգությունը, ապա Սբ. Խաչի մասունքը, բարձրանալով այն վեմից, ժայռից՝ որտեղ պահված էր, լուսավոր փայլով երկնքում ճախրում և գալիս հանգչում է եկեղեցու Սուրբ Սեղանին, և եկեղեցին լցվում է լույսով և անուշահոտությամբ: Ահա այսպիսի հրաշքի երևմամբ տեղի է ունենում Սբ. Մասունքի գյուտը, որը տեսնելով գալիս և այս հրաշքի ականատեսն են դառնում Ներսես Գ Տայեցի կաթողիկոսը (կթղ. 641-661թթ.) և Ռշտունյաց Թեոդորոս նախարարի որդին՝ Վարդ Պատրիկը: Ներսես Գ Տայեցի կաթողիկոսը հոկտեմբերին սահմանում է Վարագա խաչի գյուտի տոնը և գրում «Նշանաւ ամենայաղթ խաչիւդ Քո, Քրիստոս» շարականը և տոնին նախորդող շաբաթապահք սահմանում: Սուրբ Գրիգոր Տաթևացու «Խաչին Մեծի» քարոզը լրացուցիչ հետաքրքիր մանրամասներ է պարունակում Վարագա խաչի մասին:

 

Քրիստոսի խաչելությունից և երկինք համբառնալուց հետո փրկության փայտ Սուրբ Խաչը անխնամ թաղված էր Գողգոթայում՝ որպես մահապատժի գործիք: Գարնան գալու ժամանակ, երբ մանուկները ելնում են դրսում խաղալու, ի ծնե անդամալույծ մի մանուկ, որը խաղում էր ընկերների հետ, մոտենալով աստվածամուխ Խաչին, բուժվելով սկսում է վազել և օրհնել Աստծուն և գոհանալ Սբ. Խաչից: Տեսնելով այդ՝ հավատացյալները Խաչափայտի մոտ են բերում բոլոր կաղերին, կույրերին և բորոտներին, և բոլորը առողջանում են, որից հետո հրեաները, հափշտակելով Սբ. Խաչը, տանում և դնում են Երուսաղեմի տաճարի Գեղեցիկ անվանվող դռանը: Այնտեղ նստած մի անդամալույծ, որը ողորմություն էր հավաքում, երբ քնում է, ակամա հենվում է Սբ. Խաչին և բժշկվում և ելնում է՝ փառավորելով Քրիստոսին:

 

Բժշկվում է նաև մի ուրուկի մաշկը: Տեսնելով այս ամենը՝ Խաչափայտը տանում և դնում են Քրիստոսի գերեզմանի այրում և կափարիչ վեմով ծածկում: Այդ ժամանակ լույս է ելնում վեմի ճեղքերից, և այստեղ են դիմում հիվանդները և առողջանում: Այդ ժամանակ Հռոմից Երուսաղեմ է գալիս Կղոդիա կայսեր կինը՝ Պատրոնիկե թագուհին և Սբ. Գերեզմանում գտնում է Խաչափայտը՝ երկու ավազակների խաչերի հետ միասին: Տաթևացին այնուհետև համառոտ վերապատմում է, թե ինչպես է Պատրոնիկեն արժանանում Խաչափայտի մասունքին և այն իր հետ Հռոմ տանում: Եվ քանի որ Հռիփսիմեն Պատրոնիկեի տոհմից էր, հաջորդական փոխանցմամբ նրան է հասնում Ս. Մասունքը:

 

Հռիփսիմյանց համար գրում է, որ Հռոմի Սբ. Պետրոսի վանքում սպասավորում էին 300 կույսեր, և նրանց մայրապետն էր Գայանեն, ով որպես հոգեզավակի պահում է Հռիփսիմեին և նրա կրծքից գցում է Սբ. Մասունքը: Դիոկղետիանոսից փախչելով՝ Սբ. Հռիփսիմյանք նախ գնում են Եգիպտոս՝ Ալեքսանդրիա, ապա՝ գալիս Երուսաղեմ և հրաման են ստանում գնալ Թադեոս առաքյալի մոտ: Նախ գնում են Եդեսիա, և մի մասը մնում է այստեղ, ուր Փրկչի անձեռագործ պատկերն էր, և մյուսները գնում են Այրարատ: Կույսերից ովքեր Հռոմում էին մնացել, կոտորվում են Դիոկղետիանոսի կողմից, այդ թվում և Գայանե մայրապետի քույր Զոյին: Հռիփսիմյանք, գալով Հայաստան, Սբ. Նշանը թողնում են Տոսպում՝ որպես մեծ պարգև Հայաստան աշխարհին, և իրենք գնալով Վաղարշապատ՝ նահատակվում են Տրդատի հրամանով: Տաթևացին այս քարոզի վերջում մի կապակցություն է ստեղծում Խաչափայտի առաջին և երկրորդ գյուտերի միջև՝ ասելով, որ Կղոդիա կայսրին հաջորդում է Ներոնը: Քրիստոնյաների դեմ ծավալած նրա հալածանքների ժամանակ սպանում են Հակոբոս առաքյալին և խաչը տանում թաղում Գողգոթայում, ուր մնում է մինչև Կոստանդիանոսի ժամանակ, երբ Հեղինեն գտնում է Կյուրեղի միջոցով, որն էլ այնուհետև նահատակվում է Հուլիանոսի կողմից: Խաչափայտի այս երկրորդ գյուտին է նվիրված Խաչի գյուտի տոնը:

 

Վարագա խաչի պատմության մասին ներկայացված է Գրիգոր Խլաթեցու խմբագրությամբ «Յայսմաւուրքում»: Հայսմավուրքային այս տարբերակը գրվել է նախորդող շրջանի պատմիչների գործերի և տեղային ավանդությունների հիման վրա: Այստեղ այս տոնի մասին ներկայացվում է, թե Պատրոնիկեն երբ գալիս է Երուսաղեմ, պահանջում է ցույց տալ, թե որտեղ է Խաչափայտը: Թեև չեն ցանկանում, սակայն ստիպված ցույց են տալիս, քանի որ Պատրոնիկեն կայսրի կինն էր: Գերեզմանից հանված երեք խաչերից չեն իմանում, թե որն է Քրիստոսինը: Հարցնում են Տյառնեղբորը, և նա ևս չի իմանում: Մինչ մտածում էին, թե ինչպես գտնեն, անակնկալ կերպով մահանում է թագուհու դուստրերից մեկը: Թագուհին Երուսաղեմ ուխտի էր եկել երեք դուստրերի և երկու որդիների հետ: Տեսնելով դստեր անակնկալ մահը, նա սկսում է մեծապես ողբալ: Այդ ժամանակ թագուհու ավագ որդին առաջ գալով և դիմելով Պատրոնիկեին, ասում է.«Մա՛յր իմ թագուհի, իմացի՛ր, որ իմ քրոջ մահանալը աստվածային նախախնամությամբ է և նրանով պետք է պարզվի, թե երեք խաչափայտերից որն է Քրիստոսինը»: Այս խոսքերից հետո, երբ առաջին խաչն են մոտեցնում մեռյալին, բացում է աջ աչքը և շարժում աջ ոտքը, որից, ինչպես արդեն ասել ենք, պարզ է դառնում, որ դա աջակողմյան ավազակի խաչն է:

 

Այնուհետև հաջորդ խաչն են դնում մահացածի վրա, և այն ոչ մի օգուտ չի տալիս, որից իմանում են, որ ձախակողմյան ավազակի խաչն է: Վերջապես, երբ մեռյալի վրա են դնում երրորդ խաչափայտը, «յարեաւ մեռեալն զօրութեամբ Սուրբ Խաչին Քրիստոսի», որի համար բոլոր հավատացյալները մեծ ուրախությամբ բերկրում են:

Կատարելով իր ուխտը՝ Պատրոնիկեն մի մաս է խնդրում Տիրոջ Խաչափայտից: Հակոբոս առաքյալը, տեսնելով կայսրուհու անկեղծ ջերմեռանդությունը և հաստատուն հավատը, աղոթասացությամբ սուրը դնում է Սբ. Խաչի մոտ և գիշերն անցկացնում հսկմամբ ու աղոթքներով: Առավոտյան տեսնում են, որ Խաչափայտից հատվել է մի կտոր: Առնելով այս կտորը՝ Պատրոնիկե թագուհին այն իր հետ տանում է Հռոմ:

Կայսրական ընտանիքում Սբ. Նշանի մասունքը սերնդեսերունդ է փոխանցվում, մինչև որ հասնում է Հռիփսիմեին, ով կայսրական նույն տոհմից էր:

Հռիփսիմեի ծնողները նրան ընծայում են այն վանքին, ուր մայրապետ էր Գայանեն: Այնուհետև, երբ Հռիփսիմեն մյուս կույսերի հետ Հռոմից փախչելով գալիս է Հայաստան, մինչ Վաղարշապատ հասնելը Սբ. Խաչի մասունքը թողնում է Վարագ լեռան վրա:

Անցնում են տարիներ, Սբ. Նշանի տեսությանն էին ցանկանում արժանանալ նաև Թեոդիկ կրոնավորը՝ իր աշակերտ Հովելի հետ միասին: Հերթական խիստ պահեցողությունից հետո, երբ գիշերը նա և իր աշակերտը ուժեղ մի ձայն են լսում, որից զարմացած նայում են լեռան գագաթին, որտեղից ձայնը եկավ, և տեսնում են վերևում շողացող պայծառ լույսը, որը փայտյա խաչի ձև ուներ: Այս խաչը գնալով առավել էր պայծառանում և լուսավորում ողջ լեռը, ավելի քան արեգակի ճառագայթները, որից սքանչացած տեսնողները փառք են տալիս Աստծուն և նայելով տեսնում են լույսի տասներկու սյուներ, որոնք սյան նման երկրից երկինք էին բարձրանում, և ողջ լեռը լցվում է անուշահոտությամբ ու լսվում է հրեշտակների օրհներգությունը:

Վեմի վրա եղող Սբ. Նշանն այնուհետև իր պահարանով վեր բարձրացավ և սքանչելի լույսով ցոլանալով՝ եկավ և մտավ եկեղեցին, ուր աղոթում էին նրանք: Սբ. Նշանից այնուհետև հնչող ձայնն ասում է. «Աստ հաճեցաւ Քրիստոս բնակիլ Սուրբ Նշանիս ի պահպանութիւն և փրկութիւն աշխարհիս Հայոց»:

Մտնելով եկեղեցի՝ տեսնում են՝ Սբ. Նշանը փայլում է Սբ. Սեղանի վրա: Պատմության վերջում ասվում է, որ Սբ. Նշանից ճառագած տասներկու լուսեղեն սյուների իջած տեղերում կառուցվել են տասներկու եկեղեցիներ, իսկ այն եկեղեցին, ուր Սբ. Սեղանին իջավ երկնքում փայլատակող Սբ. Նշանը, նորոգեցին և առավել մեծացրեցին: Թովմա Արծրունին գրում է, որ Վասպուրականի Գագիկ Ա Արծրունի թագավորը հատուկ մի պահարան է պատրաստում Վարագա Սբ. Նշանի համար: Ինչպես պատմիչն է գրում, Գագիկ Արծրունին «փութաճեմ ընթացքով վազեց և հասավ Տիրոջ լեռը, մեր Աստծո տունը, ըստ մարգարեների և վարից ճախրեց ի վեր, Վարագա լեռան վրա ու երկրպագեց Քրիտոսից պսակված, սրբազան փայտյա խաչը, Աստծո ոտքերի պատվանդանը, որով պարծենում է, և Քրիստոսից վարձատրվում է հավատացյալ թագավորների բազմությունը: Փրկիչ Սուրբ Խաչը պատեց ոսկով ու գոհարներով, ընդելուզեց մարգարիտներով, զարդարեց հրաշագործ փայտը՝ շրջահյուսելով անուշահոտ փայտի մեջտեղից: Դուրս թողեց ոսկեպատ պահարանի մի փոքր մասը, որն իր քառաթև ու խաչաձև գզրոցօի առջևում էր» (Թովմա Արծրունի և Անանուն, «Պատմություն Արծրունյաց տան», աշխտ. Վ. Վարդանյանի): Վարագա խաչի տոնը կատարվում է Խաչվերացի տոնից երկու շաբաթ անց՝ սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 1-ը հանդիպող կիրակի օրը:

 

Կազմեց Գայանե Սուգիկյանը

ՍԵԵՄ լրագրողական ակումբ

Դիտվել է 5207
2013.09.29
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.