Ընթերցանություն
Գլխավոր>Տոներ>Սրբոց տոներ> Սուրբ Պանդալեոն բժշկի գաղտնիքը

Սուրբ Պանդալեոն բժշկի գաղտնիքը

Երիտասարդ, գեղեցիկ, խիզախ, լավ կրթված, հարուստ ընտանիքից. թերևս նա առաջինն էր, ում անվանում էին բժիշկ Աստծուց. Սուրբ Պանդալեոն՝ բուժող և պաշտպան, նաև զինվորների բարեխոս:
Հայտնի բժիշկ Պանդալեոնը ապրել է 3-4-րդ դարերում ժամանակակից Թուրքիայի տարածքում:
Նա շատ համբերատար էր, բարի, բուժում էր հիվանդներին, անտուններին, աղքատներին և բանտարկյալներին՝ իր բժշկության դիմաց ոչինչ չակնկալելով:


Ինչո՞ւմն է նրա  գաղտնիքը, ինչպե՞ս էր կարողանում բուժել կույրերին, բորոտներին, կաղերին: Նրա վկայաբանությունից մեզ հայտնի է, թե ինչպես մի մահացած երեխայի կենդանացրեց: Ինչպե՞ս կարող է սովորական մի մահկանացու նման բժշկություններ կատարել: Նրա գաղտնիքը պարզ է. նա հավատաց Հիսուս Քրիստոսին՝ հոգու և մարմնի միակ Բժշկին: Երբ վերադարձավ քրիստոնեության գիրկը, ֆիզիկական բժշկության արվեստը թողնելով, հոգևոր բժշկության կոչում զգաց իր մեջ: Պանդալեոնն  սկսեց բազմաթիվ բժշկություններ կատարել աղոթքով և Հիսուսի անունով: Իր գործունեությամբ երեք տեսակ չարիքների առաջն առավ՝ աղքատության, հիվանդության և մեղքի. քանի որ թե՛ հիվանդներին էր բժշկում Քրիստոսի անունով, թե՛ չքավորներին էր հասնում և թե՛ հոգիներին դարձի բերում:


Պանդալեոն կամ Պանդելեմիոն բժիշկն ապրել է Փոքր-Ասիական Նիկոմեդիա (այժմ Իզմիտ) քաղաքում, եղել հեթանոս ազնվական հոր և քրիստոնյա մոր զավակ: Նրա մայրը՝ Եվվուլան,  ուզում էր իր որդուն քրիստոնեական ոգով կրթել, բայց մահանում է, երբ ապագա մարտիրոսը դեռ երիտասարդ  էր: Չնայած դեռ չմահացած՝ կարողանում է նրա մատաղ սրտի մեջ քրիստոնեական սերմը ցանել:  Մոր մահից հետո մանուկը մեծանում է հեթանոսության մեջ: Հայրը պատանի Պանդելեմիոնին կրթության է տալիս Եփրոսինոս հայտնի բժշկի մոտ: Ստանում է բարձր ուսում և նվիրվում բժշկությանը: Շուտով խելացի, շնորհալի և գեղեցկադեմ Պանդալեոնին նկատում է Մաքսիմիանոս կայսրը, ով ցանկություն է հայտնում նրան վերցնել իր մոտ՝ որպես պալատական բժիշկ: Սակայն Աստծո նախախնամությամբ Պանդալեոնին նկատում է նաև մեկ այլ անձնավորություն՝ Երմողայոս քահանան, ով իր երկու ընկերների հետ փրկվել էր 303թ. Նիկոմեդիայի եկեղեցում 20000 քրիստոնյաների հրկիզումից: Նա իր ընկերների հետ բնակվում էր թաքստարանում, որի կողքով հաճախ անցնում էր Պանդալեոնը: Երմողայոսն նրան հիացումով էր դիտում՝ նկատելով նրա մեջ բացառիկ լրջություն:  Ծերունի Երմողայոսն իր զրույցներով Պանդալեոնի մեջ սերմանում է Քրիստոսի հանդեպ սերը,  ծլեցնում  և աճեցնում  նրա մեջ բարեպաշտ մոր նետած սերմերը ու նրան համոզում քրիստոնեական կրոնի ճշմարտացիությունը:


Իր նոր հավատքի մեջ ավելի է ամրանում մի հրաշքով: Մի օր Պանդալեոնը փողոցում ընկած մեռած մի մանուկ է տեսնում, որը մահացել էր օձի խայթոցից և օձն էլ նրա մոտ էր: Մանկանը տեսնելով՝ ասում է. «Ո՛վ մեռյալ մանուկ, ոտքի՛ ելիր հանուն Հիսուս Քրիստոսի. իսկ դո՛ւ, չար գազան, պատիժը ստացիր քո չարիքիդ, որ գործեցիր այս մանկան»: Նույն վայրկյանին մանուկը հարություն է առնում, իսկ օձը՝ սատկում: Այս հրաշքը առավել ամրապնդում է նրա հավատը Փրկչի հանդեպ և Պանդալեոնը մկրտվում է Երմողայոսի ձեռքով:

Ուրախ սրտով ու համարձակ դավանում է. «Հիսուս Քրիստոս ի՛մ Աստվածն է: Հավատում եմ»:
Պանդալեոնը դարձի է բերում նաև իր հեթանոս հորը, երբ նրա ներկայությամբ Տիրոջ անունով և խաչի նշանով բացում է մի կույրի աչքերը: Հայրը նույնպես մկրտվում է և փշրում իր տանը եղած կուռքերը: Հոր մահից հետո Պանդալեոնը նրա ամբողջ հարստությունը ծախսում է աղքատների համար, Քրիստոսի անունով բժշկություններ կատարում և շատերին դարձի բերում:
Նրա համբավը տարածվում է և որոշ բժիշկներ նախանձից նրան ամբաստանում են Մաքսիմիանոս կայսեր առաջ:


Հակառակ այն իրողության, որ կայսեր ներկայությամբ անբուժելի հաշմանդամին աղոթքով կատարյալ բժշկություն է պարգևում, սակայն կայսրը չի բուժվում իր հոգեկան հաշմանդամությունից, ընդհակառակը՝ Պանդալեոնին ենթարկում է չարչարանքների, որոնցից հրաշքով ազատվում է Աստծո ծառան:
Նրան ստիպում են թողնել քրիստոնեությունը և դառնալ դեպի հեթանոսություն: Նրան սպառնում են, խոշտանգում, խոստանում են բոլոր հարստությունները երկրի: Բայց նրա դեմքը լուսավոր էր, և անփոփոխ նրա՝ «Հավատում եմ»:


Սակայն այս ամենը, ինչպես նաև հաջորդաբար ենթարկված բոլոր տանջանքներից անվնաս ազատվելը վերագրվում է կախարդության:
Երբ իմանում են, որ նրան դարձի բերողը Երմողայոսն է, ատյան են հանում նաև վերջինիս իր երկու ընկերների հետ և չարչարանքների մատնելուց հետո՝ գլխատում: Այնուհետև գլխատվում է նաև Պանդալեոնը: Սուրբը սիրով և աղոթանվեր երկյուղածությամբ պարզում է իր պարանոցը դահճի սրի տակ: Վկայաբանություններում ասվում է, թե նրա կտրված պարանոցից  ոչ թե արյուն է բխում, այլ կաթ: Իր մահվանից առաջ աղոթելով՝ նա Տիրոջից թողություն է խնդրում իրեն չարչարողների համար: Արդեն իսկ 4-րդ դարում նրա անունով եկեղեցիներ են կառուցվում Հայոց Սեբաստիա քաղաքում և Կ.Պոլսում, իսկ նրա նշխարները տարածվում են բազմաթիվ վայրերում: Նրան տրվել է նաև Պանդելեմիոն անունը, որ նշանակում է «ամենողորմած»՝ իր կատարած անթիվ բարիքների համար, որոնցից վերջինն էր իրեն չարչարողների համար թողություն խնդրելը:


Սուրբ Պանդալեոնի վարքը գրել են նրա երեք ընկերները, ովքեր մինչև նրա նահատակությունը հետևել են նրան:

Բոլոր ժամանակներում էլ յուրաքանչյուր մարդու  անհրաժեշտ է, որ որևիցե մեկը օգնի, սատար կանգնի և բժշկի, ոչ միայն մարմինը, այլ նաև հոգին: Ինչպես ամեն մարդ հիվանդության դեպքում դիմում է բժշկի, այնպես էլ ամեն հավատավոր դիմում է նաև Սուրբ Պանդալեոնի բարեխոսությանը:

Արդյոք օգնո՞ւմ է նա այսօր: Արդյոք լսո՞ւմ է մեզ այդ երիտասարդ բժիշկը: Անկասկած, այո՛:  Ինչպես այն ժամանակ, այսօր էլ Սուրբ Պանդալեոնը չի դադարում օգնել այն մարդկանց, ովքեր հավատով դիմում են նրա բարեխոսությանը, և որոնց համար նա բարեխոսում  է հոգու և մարմնի միակ Բժիշկի՝  Հիսուս Քրիստոսի մոտ:


Սկզբնաղբյուրներ՝
1. Տ. Թորգոմ պատրիարք, «Սուրբք և տօնք Հայաստանեայց եկեղեցւոյ», 1981թ.
2. Из книги «Синаксарь: Жития святых Православной Церкви», вышедшей в издательстве Сретенского монастыря.Составитель — иеромонах Макарий Симонопетрский,
адаптированный русский перевод — издательство Сретенского монастыря
3. Շնորհք արքեպիսկոպոս Գալուստեան, «Համաքրիստոնեական սուրբեր», Երևան, 1997թ.
4. Վարք Սրբոց, 1975թ.:

 

Կազմեց Գայանե Սուգիկյանը
ՍԵԵՄ լրագրողական ակումբ

Դիտվել է 854
2013.10.10
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.