Ընթերցանություն

Սիրո՞ւմ ենք մենք Եկեղեցին

Մենք սովոր ենք հպարտանալ նրանով, որ մեր Եկեղեցին ամենահին Եկեղեցիներից մեկն է, որ հայերը առաջինն են ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն, որ մենք ունենք անգին հոգևոր և մշակութային ժառանգություն, որ մեր նախնիները իրենց արյամբ և կյանքով վաստակել և ստեղծել են մեզ համար այդ ամենը...
Ես կոչ չեմ անում մոռանալ այդ ամենի մասին, ընդհակառակը:


Ես ցանկանում եմ, որ ամեն մի հայ քրիստոնյա հարցնի իրեն, «իսկ ո՞վ եմ ես...»: Գիտեմ, որ այդ հարցին պատասխանելու համար պիտի ապրես մի ամբողջ կյանք, բայց առաջին քայլը, որ կարող ենք մենք բոլորս անել հենց հիմա` այդ հարցի պատասխանը գտնելու համար` դա անտարբեր չլինելն է: Մարդու Ես-ը` իր հոգինն է: Իսկ մեր բոլորի Ես-ը` մեր Եկեղեցինն է: Ուրեմն, անտարբեր չլինե´նք մեր հոգևոր կյանքի հանդեպ, մեկս մյուսի հանդեպ, դիմացինի ցավի հանդեպ...
Մի վառ օրինակ մեր կյանքից. շուտով մեկ ամիս կլինի, ինչ մեր եկեղեցու մուտքի մոտ գտնվող պատի թերթի ցուցապահարանի ապակին կոտրած է: Իսկ մենք բոլորս նայում անցնում ենք և սպասում, թե երբ կգտնվի մեկը, որ գա և մեզ համար ապակի փոխի:



Մի՞թե մենք այսպես ենք վարվում մեր սեփական տանը: Սպասո՞ւմ ենք, երբ մեկը գա ու վերանորոգի մեր տունը: Օտար կամավոր «վերանորոգողները» լիքն են, դրանց պակասը բնավ չի զգացվում, սկսած քայքայող աղանդներից և վերջացրած մեր կյանքը, մեր արժեհամակարգը, մեզ «բարեփոխել» ցանկացողներով:
Հոկտեմբերի 20-ին ուխտերթ է կայացել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որին մասնակից ենք եղել և մենք, մեր համայնքը: Մեր ուխտի նպատակն էր վերահաստատել մեր հավատը, մեր սերը, հավատարմությունը Աստծո, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, ինքներս մեր հանդեպ:


Հայոց Հայրապետը՝ ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր խոսքը ուղղելով հավատացյալներին ասաց, որ միշտ էլ հայ ժողովրդի կյանքը, մեր հավատքի կյանքը լի է եղել դժվարություններով, փորձություններով: Եղել են այնպիսի ժամանակներ, երբ մեր, մեր Եկեղեցու գոյատևումը, մեր հավատքը հարցականի տակ է դրվել մեր թշնամիների կողմից: Սակայն մեր նախնիները, մեր Հայրերը երբեք չեն ընկճվել, չեն նահանջել դժվարությունների առջև, այլ հավատով պայքարել և հաղթել են: Այո՛, հաղթել են Ավարայրի ճակատամարտում, հավատով հայոց գրերն են ստեղծել, հավատով հոգևոր արժեքներ են ստեղծել և պահել մեզ համար: Այո, այդ ամենը նրանք արե´լ են: Որովհետև իրենք ուխտել են և իրենց ուխտին հավատարիմ են մնացել: Եվ մենք պարտավո´ր ենք հետևել իրենց օրինակին, որպեսզի մեզանից հետո, մեր սերունդներին թողնենք այդ ամենը:
Ուխտագրի խոսքերն են, որ մենք բոլորս ասել և խոստովանել ենք.

Ես` Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու
հավատարիմ զավակն ու կրողը, Ուխտո´ւմ եմ.
Իմ ամբողջ հոգով հավատարիմ մնալ
մեր հոգևոր և ազգային ինքնությանն ու արժեքներին,
սիրել իմ Հայրենիքը, իմ Սուրբ Եկեղեցին,
հավատարիմ մնալ հայ ընտանիքին,
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և մեր ժառանգությանը:
Այս իմ ուխտին վկա է Աստված, Հայոց Հայրապետը,
այս Սուրբ Տաճարը, մեր սուրբերը և այստեղ հավաքված
իմ եղբայրներն ու քույրերը:
ՈՒԽՏՈ´ՒՄ ԵՄ:

Եկե´ք բոլորս այնպես ապրենք, որ այս ուխտի սուրբ խոսքերը չլինե´ն մեզ համար լոկ խոսքեր, լոկ արտասանած հնչյուններ: Ես ուզում եմ, որ այդ խոսքերը մեզ բոլորիս համար կյանք դառնան: Թող այդպես լինի: Ամեն:

 

Աննա Կիշինևսկայա
ՍԵԵՄ լրագրողական ակումբ
 

Դիտվել է 2368
2013.10.23
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.