Ընթերցանություն
Գլխավոր>Լրագրության խմբակ>Տասը պատվիրանները> Հինգերորդ պատվիրան. խոսքով և գործով պատվե՛նք նրանց

Հինգերորդ պատվիրան. խոսքով և գործով պատվե՛նք նրանց

Սերը ծնողների հանդեպ յուրաքանչյուր մարդու բնական զգացումն է: Ծնողներն  Աստծո կողմից տրված սուրբ պաշտոն ունեն, Աստված նրանց իր փոխանորդն է նշանակել: Միշտ պետք է հիշել, որ կյանքը մեզ պարգևած այնպիսի բարիք է, որի համար զավակները ոչ մի բարի գործով չեն կարող հատուցել իրենց ծնողներին: Որովհետև Աստծուց հետո ծնողներն են զավակներին կյանք շնորհել. մեր աներևույթ հոգին Աստված է արարել, իսկ մեր երևելի մարմինը` մեր ծնողները: Սիրաքը պատգամում է յուրաքանչյուր զավակի` ասելով. «Քո բովանդակ հոգով պատվի՛ր հորդ և մի մոռացիր մորդ երկունքը» (Սիրաք 7.29): Ոչ ոք չի կարող ամբողջապես վարձահատույց լինել իր ծնողներին ողջ կյանքի ընթացքում` նրանց չարչարանքների, հոգածության, պահպանության և սիրո փոխարեն:


Աստված այս պատվիրանը տվել է այն ժամանակ, երբ ըստ սովորության կամ օրենքի, հարգում էին միայն հորը, իսկ մորը` արհամարհում: Այս պատվիրանում, Աստված հորն ու մորը հիշելով, կամենում է, որ նրանք երկուսն էլ զավակների կողմից հարգանքի արժանան: Թեև այս խոսքերը հրեաներին են վերաբերում, բայց նրա կատարումը ամենուրեք է տեղի ունենում: Ուր ծնողները հարգվում են, ընտանեկան երջանկությունը և օրհնությունն անպակաս է, իսկ ուր ծնողներին արհամարում են, այնտեղ էլ բացակայում է օրհնությունը, խաղաղությունը և դրան փոխարինում է երկպառակությունը, կորուստը և ոչ միայն ընտանիքն է խորտակվում, այլև տերությունը: «Արդարև, մարդու փառքը իր հոր պատվից է գալիս, որդիների նախատինքը` մոր անպատվությունից: Որդյա՛կ, զորավիգ եղիր քո հորը ծերության ժամանակ և նրան մի տրտմեցրու իր կյանքի ընթացքում: Եվ եթե պակասի նրա խելքը, ների՛ր նրան, մի՛ անարգիր նրան քո ամբողջ ուժով: Ով հոգատար է հոր հանդեպ, Աստված չի մոռանա նրան: Դրա փոխարեն չարը կներվի քեզ, քո նեղության օրը Տերը կհիշի քեզ և, ինչպես սառույցն է հալվում ջերմությունից, այնպես էլ կհալվեն քո մեղքերը» (Սիրաք 3.13-17):


Քրիստոս նախատում էր փարիսեցիներին և օրենքի ուսուցիչներին այն բանի համար, որ, Աստծո պատվիրանը անարգելով, իրենց ավանդույթն են պահում` ասելով. «Մովսեսը պատվիրեց ձեզ` ասելով.«Պատվի՛ր քո հորն ու մորը». մի ուրիշ տեղ էլ է ասում է. «Ով իր հորը կամ մորն անիծի, մահվան կդապարտվի»: Մինչդեռ դուք սովորեցնում եք, թե`«Ով իր հորը կամ մորն ասի. «օգնությունը, որ դու ստանալու էիր ինձանից, կորբան է, այսինքն` Աստծուն նվիրված ընծա», էլ չի կարող օգնել իր հորն ու մորը»: Ահա այսպիսով դուք անարգում եք Աստծո պատվիրանը ձեր սովորեցրած ավանդույթով» (Մարկոս 7.9-13):


Հենց դրա համար էլ Աստված խիստ պատիժ սահմանեց այն որդիներին, որ արհամարում են ծնողներին. «Այն աչքը, որ արհամարհում է հորը և անարգում է մոր ծերությունը, ձորերի ագռավները պիտի հանեն» (Առակներ 30.17): Հին Կտակարանում, ով անիծում կամ հարվածում էր իր հորը կամ մորը, մահապատժի էին ենթարկում (Ելք 21.15, Մարկոս 7.10): Աթենացիները կտրում էին այն ձեռքը, որ համարձակվել էր ծնողին հարվածելու:
Այս խստության հետ մյուս կողմից Աստված իր խոստումն է անում «Պատվի՛ր քո հորն ու քո մորը, որպեսզի բարիք գտնես, երկար ապրես բարեբեր այն երկրի վրա, որ Տեր Աստված տալու է քեզ» (Ելք 20.12):


Հարկավոր է զգուշանալ նրանց խոսքերը և սխալները ծաղրելուց և հրապարակելուց, ամենաչնչին արհամարհանքից` լինի դա խոսքով թե գործով` չկարծելով, որ մենք այնքան խելացի ենք, որ նրանց հորդորն ու խրատը կարող է ավելորդ լինել: Երբեք տեղիք չտալ, որ նրանք սրտմտեն զավակի դեմ: «Իմաստուն որդին ուրախացնում է հորը, անմիտ որդին տրտմություն է մոր համար» (Առակներ 10.7): Այն որդին, որ ծաղրում է իր հորը, նույն վիճակին ինքն էլ է արժանանում մի օր, ով վրդովմունք է սերմանում, փոթորիկ է հնձում: Վատ որդին բարի հայր երբեք չի դառնա և ամենուրեք հաստատվում է, որ ծնողները նույն վարմունքին են արժանանում, ինչպես որ իրենք են վարվել իրենց ծնողների հետ . «Ով պատվում է հորը, ինքն էլ կուրախանա իր որդիներով, և նրա աղոթքը լսելի կլինի» (Սիրաք 3.5):


Ծնողներին ոչ միայն պետք է պատվել այն ժամանակ, երբ մենք նրանց կարիքը ունենք, այլև այն ժամանակ, երբ ծեր են և օգնության կարոտ (Սիրաք 3.14-15):
Երբ մարդը ծերանում է, նեղսրտում է, կամակոր է դառնում, բայց զավակները պետք է սիրով և հոգատարությամբ. առանց տրտնջալու հոգ տանեն իրենց ծնողներին` հիշելով ծնողների անցյալը և նաև այն, որ իրենք էլ են մի օր ծերանալու:
Հոգ տանել նրանց դառը օրերին, քաղցր խոսքերով մոռացնել տալ նրանց վիշտը, խնամել նրանց հիվանդության օրերին, աղոթել նրանց հոգու փրկության համար: Հիշենք Հռութին, թե ինչ սիրով էր սիրում իր սկեսրոջը: Հիշենք Հովսեփին, երբ նա Եգիպտոսում հանդիպեց իր եղբայրներին և հայտնեց իր ով լինելը, նրա առաջին հարցն էր` արդյո՞ք հայրս կենդանի է և հետո ինչ խնամքով էր նայում ծերունի հորը:


Լավագույն օրինակը յուրաքանչյուր զավակի համար Հիսուս Քրիստոսն է. նա հարգում և հնազանդվում էր իր մարմնավոր ծնողներին, օգնում էր Հովսեփին ատաղձագործության մեջ, իսկ խաչի վրա, անտանելի ցավերի մեջ չէր մոռացել իր մորը, երբ ասաց Հովհաննեսին. «Ահա քո մայրը» (Հովհաննես 19.27):
Գուցե զավակը մեծանալով ծնողի խորհրդի կարիքը չունենա, բայց ծնողի օրհնության կարիքը միշտ էլ կունենա: Ինչն այսքան ժամանակ դեռ ոչ ոքի չի վնասել:
Գեղեցիկ օրինակ է մի եպիսկոպոսի վարմունքը, որ ծնվել և մեծացել էր գյուղում: Մի անգամ, երբ նրա ծեր մայրը ցանկանում էր իր որդուն տեսնել, պալատականները հանեցին նրա հին, գյուղական շորերը և նոր շորեր հագցրին: Եպիսկոպոսը մերժեց տեսակցությունը` ասելով, որ սա իր մայրը չի կարող լինել, քանի որ նա գյուղական շորերով կլիներ: Ստիպված էին դուրս տանել նրան և փոխել շորերը: Երբ մայրը իր շորերով ներկայացավ, եպիսկոպոսը ճանաչեց և գրկեց  իր մորը` պահելով նրան իր մոտ մինչև իր կյանքի վերջը:
Շատ վտանգներից հեռու կմնա տունը, քանի որ աղոթող ձեռքերը դեպի երկինք են ուղղված և օրհնություն են խնդրում որդիների, թոռների համար... (Սիրաք 3.8-11):


Մեծամասամբ այս պատվիրանի խախտման հետևանքներն են ծերանոցները: Անզեն աչքով էլ տեսանելի է այն, ինչ դրոշմված է ծերերի աչքերում և հայացքում. դառը և անմոռանելի հարված իրենց իսկ զավակների կողմից: Ոչ միայն գրքերն ու օրենքներն են խրատում սիրել ծնողներին, այլև անասուններն, թռչուններն ու միջատները բնությամբ ծնողասիրություն ունեն: Օրինակ, արագիլների համար ասում են, թե երբ իրենց ծնողներն ծերանում են, նրանց թևերի տակ են մտնում, ման են տալիս ու կերակրում, իսկ երբ չեն կարողանում այլևս քայլել, բնի մեջ են նստեցնում, կերակուր են բերում և սնում նրանց, այնպես ինչպես նրանք էին սնել իրենց ձագերին: Եկե՛ք նայենք մեղուներին. նրանք իրենց մայր մեղվին (այսինքն մեղուների թագուհուն) չեն թողնում նույնիսկ այն ժամանակ, երբ նա արդեն իրենց համար ոչինչ չի կարող անել և ընկել է փեթակի հատակին վիրավոր կամ հիվանդ: Հնարավոր չէ առանց կարեկցանքի նայել, թե ինչպես են Աստծո ստեղծած այդ հրաշք միջատներն ամբողջ ուժով ջանում իրենց մորը վեր հանել հատակից. նրանք իջնում են, մեկը մյուսի հետևից շղթա են կազմում այն հույսով, որ մայր մեղուն այդ աստիճանով կբարձրանա վեր, որտեղ նրան հոգատար վերաբերմունք է սպասվում: Իսկ եթե նա այնքան է ուժասպառ եղել, որ չի կարողանում տեղից վեր կենալ, նրա մոտ մնում են մի քանի մեղու, որոնք կերակրում են հիվանդ մայր մեղվին և տաքացնում սեղմելով նրան: Հուզիչ է տեսնել, թե ինչպես այդ ժրաջան զավակներն իրենց մորը չեն լքում անգամ այն ժամանակ, երբ նա սատկում է, նրանք թևիկները թափահարում են նրա գլխավերևում, կարծես ցանկանում են կենդանացնել նրան, և միայն այն ժամանակ, երբ տեսնում են, որ ամեն ինչ իզուր է, աղիողորմ բզզոցով հեռանում են նրանից: Այդ տեսնելով` ակամայից մտածում ես. «Մոտեցե՛ք, բանակա՛ն մարդիկ, սովորե՛ք այս փոքրիկ արարածներից ոչ միայն նրանց խելքն ու իմաստությունը, նրանց աշխատասիրությունը, հոգատարությունը, նրանց սերն իրենց ձագուկների` երիտասարդ մեղուների հանդեպ, այլև հիացեք մոր հանդեպ նրանց սիրով, սովորե՛ք նրանցից նաև այդ առաքինությունը»:


Այս պատվիրանը պատգամում է ոչ միայն ծնողներին պատվել, այլ բոլոր նրանց, ովքեր որևէ պահի փոխարինել են մեր ծնողներին` մեծահասակներին, հոգևոր հայրերին, մանկավարժներին, բարերարներին, քաղաքական իշխանություններին. հոգևորականներին, որ մեր հոգու փրկության համար են հոգ տանում, աղոթում են մեզ համար, քաղաքական այն իշխանություններին, որ հոգ են տանում մեր խաղաղ կյանքի համար, մանկավարժներին և բարերարներին, որոնք փորձում են սովորեցնել և փոխանցել մեզ օգտակարն ու բարին, տատիկներին, պապիկներին  և ընդհանրապես բոլոր մեծահասակ մարդկանց, որ, ունենալով հավատքի և կյանքի փորձառություն, կարող են մեզ համար բարի խորհրդակից համարվել: «Յուրաքանչյուրի հանդեպ կատարեցե՛ք ձեր պարտավորությունը` հարկը տալով նրան, ում հարկ պետք է տաք, մաքսը տալով նրան, ում մաքս պետք է տաք, հնազանդվելով նրան, ում պարտավոր եք հնազանդվել, և հարգելով նրան, ում պարտավոր եք հարգել» (Հռոմեացիներ 13.7): Այս դեպքում պատվիրանը խախտում են նրանք, ովքեր չեն հարգում մեծահասակներին, անտարբեր են, անվստահությամբ և մեծամտորեն են մոտենում նրանց փորձառությանը, ծաղրանքով են վերաբերվում նրանց խրատներին և հանդիմանություններին, նրանց համարում են հետամնաց, իսկ նրանց հասկացություններն ու հայացքները անցած: Իսկ յուրաքանչյուր երիտասարդ չպետք է մոռանա, որ մի օր ինքն էլ է ծերանալու:


Ահա գեղեցիկ մի օրինակ. «Թագավորը ծերունի հրամանատարին իր անկողինը զիջեց, ինչը ծիծաղ առաջացրեց երիտասարդ զինվորների մոտ: Թագավորը սիրով ասաց նրանց.«Կամաց խոսե՛ք, որպեսզի ծերունու քունը չխանգարեք, նա արդեն երկար տարիներ հսկել է մեզ»: Թագավորը այսպես հարգեց ծերությունը և ինչ կարծիք, սրանով իրեն հարգեց:
Իսկ եթե պատահի այնպես, որ նրանք, ում այս պատվիրանի համաձայն հարկ է պատվել, ասեն մի բան, որ հակառակ է մեր հավատքին, այդ դեպքում պետք է պատասխանել նրանց այն, ինչ ասացին առաքյալները հրեա ղեկավարներին. «… դատեցեք, թե Աստծո աչքին ո՛րն է ուղիղը. ձե՞զ հնազանդվել, թե՞ Աստծուն» (Գործք առաքելոց 4.19):
Պետք է ամեն օր աղոթել մեր ծնողների համար և ջանալ արժանանալ նրանց օրհությանը, ինչպես Իսահակն արժանի եղավ Աբրահամի օրհնությանը, Հակոբը` Իսահակի և նրանք աճեցին ու բարգավաճեցին: Ծնողին սիրողը սիրում է և՛ Աստծուն, և՛ իր մերձավորներին, իսկ ով չի սիրում և չի հարգում իր ծնողներին, նա անարգում է և՛ Աստծուն, և՛ մարդկանց:
«Լսի՛ր, որդյա՛կ, հորդ խրատը և մի՛ մերժիր մորդ պատվիրանը, որպեսզի շնորհի պսակ կրես քո գլխին և ոսկի մանյակ` քո պարանոցին» (Առակներ 1.8):

 


Կարինե Սուգիկյան
ՍԵԵՄ լրագրողական ակումբ

 

Դիտվել է 1726
2013.11.06
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.