Ընթերցանություն
Գլխավոր>Երիտասարդաց Միություն >Միջոցառումներ> Հայրենիքը սկսվում է սահմանից

Հայրենիքը սկսվում է սահմանից

«Ով որ կամենում է զորավոր տեսնել յուր ազգը և հաղթող՝ հայրենիքը, նա ամենից առաջ ընտանիքները պիտի խնամե, ինչպես մի հոգատար պարտիզպան, որ ծառի ճյուղերը զորացնելու և նրանից պտուղ քաղելու համար խնամում է ծառի արմատները, որոնք թեպետ հողի մեջ են թաղված և չեն երևում մարդկանց, բայց իրենց մեջ ամփոփում են ծառի կենդանությունը»: Մուրացանի խոսքերն ակամայից մեր ուշադրությունը սևեռում է մեր ծառին, արդյոք կա՞ պտուղ, կա՞ խնամք, կա՞ կենդանություն, կա՞ հոգատար պարտիզպան: Իսկ մեր երկրի սահմանամերձ ծառերը, տեղյա՞կ ենք այդ ծառերի մասին: Ծառերը պակասել են, մի մասը այլևս պտուղ չի տալիս, մի մասը չորացել է, մի մասն էլ դեռ փորձում է կենդանությունը պահել, և այդ ծառերը հոգատար պարտիզպանների կարիքն ունեն: Չէ՞ որ հենց այս ծառերի՝ հենց այս ընտանիքների մեջ է ամփոփվում հողի և հայրենիքի ուժը, չէ՞ որ հայրենիքը սկսվում է սահմանից: Իսկ իրականությունն այն է, որ կան գյուղեր, ուր արտագաղթը հասնում է մինչև 94 %, իսկ Տավուշի մարզի Վազաշեն գյուղը, որը Ադրբեջանի հետ 18 կմ ընդհանուր սահման ունի, ուր արտագաղթը հասնում է 47 % , 370 ընտանիքից մնացել է 200 ընտանիք: Այդ արտագաղթը կանխելու և կենդանությունը պահելու համար իր ծրագիրն ունի «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամը, որի «Համակողմանի աջակցություն սահմանամերձ Վազաշեն գյուղին» ծրագրին դեկտեմբերի 1-ին ծանոթացան Սուրբ Երրորդություն եկեղեցու համայնքը: «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմենուհի Պետրոսյանը, ով նաև Սուրբ Երրորդություն եկեղեցու ծխական խորհրդի անդամ է, տեսանյութերով մանրամասն ներկայացրեց տվյալ ծրագիրը:


Հիմնադրամը կոչվում է «Հայ Ձմեռ պապ», որովհետև. «Կազմակերպությունն իր մեկնարկն սկսում է ամանորի նախօրեին, երբ սեղաններիը լի են, սրտերը բաց են, մարդիկ ուզում են կիսել իրենց ունեցածը չունևորների հետ, և այդ պահին գալիս է ձմեռ պապը: Հույսով ենք, որ հայ ձմեռ պապը կօգնի շատերին, այդ թվում և վազաշենցիներին»,- ասաց Արմենուհի Պետրոսյանը:

«Համակողմանի աջակցություն սահմանամերձ Վազաշեն գյուղին» ծրագիրը կարևորում է համագործակցությունը, գործընկերությունը և կորպորատիվ պատասխանատվությունը գերխնդիրների լուծման համար, որոնք են՝ ստեղծել ինքնաբավ, ինքնակազմակերպվող և կենսունակ համայնքի մոդել, հաջողված մեխանիզմը ծառայեցնել սահմանամերձ մյուս գյուղերի սոցիալ-տնտեսական վերականգնման գործին: Ծրագրի բաղադրիչ մասերն են՝ օրենսդրական փոփոխություններ, տնաշինություն, մեղվաբուծություն, չորանոց, մանկապարտեզ, համայնքային հաղորդակցության կենտրոն, համակարգչային ուսուցում, քաղաքացիական լրագրություն, սեփական խնդիրները ձևակերպելու, ներկայացնելու և լուծելու հնարավորություն:


Ծրագիրը հասել է նրան, որ կառավարության որոշմամբ օրենսդրական փոփոխության համաձայն սահմանամերձ գյուղերի բնակիչները ազատվել են հողի և ջրի հարկերից, իսկ «Orange» հիմնադրամի աջակցությամբ մեկնարկվել է նաև ծրագրի երկրորդ մասը՝ յոթ անապահով ընտանիք ստացել է չորսական փեթակ: Իր խորհուրդներով, ինչպես նաև տեսականորեն և գործնականորեն գյուղացիներին օգնել է փորձառու մեղվաբույծ, գիտությունների թեկնածու՝ Նորագ Հակոբյանը: Ծրագրի համաձայն այս յոթ ընտանիքները պարտավորվում են երկու տարի անց չորս փեթակ փոխանցել կարիքավոր ընտանիքներին, մնում է օգնել գյուղացուն մեղրը իրացնելու մեջ: «Orange» հիմնադրամի կամավորները հաճախակի են այցելում Վազաշեն՝ ծրագրի ընթացքին  հետևելու և աջակցելու համար: «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ և «Ֆուլեր տնաշինական կենտրոնը Հայաստանում» բարեգործական հասարակական կազմակերպության աջակցությամբ վազանշեցի մի ընտանիքի համար տուն է գնվել և վերանորոգվել: Արմենուհի Պետրոսյանը նշեց, որ ծրագրի յոթ բաղադրիչներից երկուսը իրականացված են, իսկ մնացածը սպասում են ժամանակին և հնարավորությանը:


«Յուրօրինակ հայրենասիրության մի դաս էր մեր համայնքի համար: Խնդիրը այն չէ, որ սա մեր համայնքից հեռու մի իրողություն է, սա այն երկիրն է, այն հողն է, որտեղ մենք աղոթում ենք, իրականացնում ենք մեր աստվածպաշտությունը, կառուցում ենք եկեղեցիներ, ձևավորում ենք մշակույթ:  Սա մեր տունն է, մեր հայրենիքը, սահման ասելով արդեն ամեն ինչ ասված է: Ցավոք սրտի մարդը հաճախ սահմաններ չի ճանաչում, լինի դա մարդկային հարաբերությունների մեջ, ընկերական, թե հասարակական կյանքում: Բայց մենք ունենք շատ իրական սահմաններ, որոնց խնդիրները հրատապ են և իրական: Երբ պիտի գա այն օրը, որ մենք ազգովին սա հասկանանք, և այդ դեպքում մեր երազանքներն իրականություն կդառնան: Եկեղեցու հիմնական առաքելությունը հոգևոր քարոզն է և մարդուն երկնային արքայությանն առաջնորդելը, բայց ազգապահպանության և հայրենասիրության զգացումները մեր եկեղեցու քարոզվող հավատքի ակունքներում են: Լավ հայրենասերը լավ հավատացյալ է, լավ հավատացյալը լավ հայրենասեր է: Գնահատելի է «Հայ Ձմեռ պապ»-ի գործունեությունը, հարկավոր չէ նոր հիմնադրամներ, նոր ծրագրեր, պարզապես պետք է ընդամենը օգնել»,- իր խոսքում նշեց Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ տեր Եսայի քհն. Արթենյանը և վերջում էլ շնորհակալություն հայտնեց «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամին հայրենասիրության այս դասի համար: Իսկ այնուհետև կազմակերպվեց հանգանակություն՝ քիչ թե շատ կերպով օգնելու այս հիմնադրամի ծրագրերի իրականացմանը:


Տեսանյութը դիտելուց հետո խուլերից Գրետան ասաց, որ խոնարհվում է սահմանամերձ գյուղում իրենց տունն ու ընտանիքը  պահող մարդկանց առջև: Ապա խուլերը ներկաներին հուզեցին  «Հույսի նավակ»-ը երգի կատարմամբ, նրանք իրենց հերթին պատրաստակամություն հայտնեցին համերգային ծրագրով ելույթ ունենալ և ամբողջ հասույթն տրամադրել «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամին: Հանդիպումը ավարտվեց աղոթքով:
Հայրենիքի ուժը իրապես այս ընտանիքներում է. 20 տարի առաջ վազաշենցի Բադիրյան Մանուկը իր կյանքը տվեց՝ ազատելով գյուղը ադրբեջանցու հարձակումից, իսկ հերոսի մայրն այսօրն ապրում է բաց դռնով մի տան մեջ…
Այսպիսով, պատրաստ են ծառերը կենդանություն տվող խնամքի գործիքները, պակասում են հոգատար ձեռքերը, հոգատար պարտիզպանները…

 

Կարինե Սուգիկյան
ՍԵԵՄ լրագրողական ակումբ

 

Դիտվել է 2765
2013.12.02
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.