Ընթերցանություն

Աշնանային ինտելեկտուալ խաղ

Պատահական հաղթողներ չեն լինում


48 հարց, յուրաքանչյուրի համար մեկական րոպե և հաշվարկ մինչև հինգը: Այդ ընթացքում գրավոր պատասխանները ծիծեռնակների (օգնականների) միջոցով հասնում է ժյուրիին: Ահա այսպիսին են ԱՀԹ-ի և «ԽորանԱրդ» ինտելեկտուալ ակումբի աջակցությամբ կազմակերպված ինտելեկտուալ փառատոնի կանոնները, որոնք անփոփոխ են բոլոր խաղերի համար: Բացառություն չեղավ նաև ինտելեկտուալ խաղի աշնանային փուլը, որն անցկացվեց Սուրբ Երրորդություն եկեղեցու դահլիճում նոյեմբերի 30-ին: Այս անգամ խաղին մասնակցում էր 15 թիմ:


Մինչ խաղի սկսվելը բացման խոսքով հանդես եկավ տեր Եսայի քահանա Արթենյանը.
«Շնորհավորում եմ բոլորիդ աշնանային ինտելեկտուալ խաղին մասնակցելու առիթով: Վստահ եմ, որ բոլոր թիմերը ցանկանում են զգալ հաղթանակի բերկրանքը: Եվ վստահ եմ նաև, որ ամենակարևոր հաղթանակը մենք արդեն արձանագրեցինք, երբ առիթ ունեցանք այսօր հանդիպելու»:

Հանդիսատեսի շարքում էին նաև խուլերը, ովքեր եկել էին ծանոթանալու խաղին՝ մյուս անգամ արդեն մասնակցելու պատրաստակամությամբ:
Եվ այսպես մեկ, երկու, երեք, չորս, հինգ. խաղը սկսված է:
Առաջին փուլն անցավ թեժ պայքարի մթնոլորտում: Առավել բարձր միավորներով մրցում էին «Սկիզբ», «Մանանա», «Տաթև», «Հայք», «Առաքյալներ» թիմերը, որոնք մեկ միավորի տարբերությամբ էին զիջում միմյանց:


Առաջին փուլից հետո 12 միավորով առաջին տեղում էր Սուրբ Երրորդություն եկեղեցու «Սկիզբ» թիմը:
«Առաջին տեղում ենք, բայց զգոնությունը կորցնել պետք չէ: Չի բացառվում, որ շատ ոգևորվելու արդյունքում մյուս երկու փուլում կարող ենք զիջել դիրքերը»,-ասաց  «Սկիզբ» թիմի անդամ Արևիկը:
Տասը րոպե ընդմիջումից հետո դահլիճը կրկին լցվեց բզզոցներով: Սկսվեց երկրորդ փուլը: Հարցը հնչելուն պես մասնակիցները փսփսալով քննարկում ու տալիս էին պատասխանները: Բզզոցներին ու փսփսոցին փոխարինում էր խորհրդավոր լռությունը, որը սակայն կարճ էր տևում: Պատասխանը լսելուց հետո դահլիճը պայթում էր ծափահարություններից, որոնց միջից, սակայն, կարելի էր լսել  սխալ պատասխան տված մասնակիցների հիասթափված ձայները:
Երկրորդ փուլից հետո դիրքերը զիջեց «Սբ. Զորավոր» թիմը, իսկ «Սկիզբ»-ը մեկ միավորի առավելություն ուներ «Մանանայի» նկատմամբ:
Խաղի ելքը որոշեց երրորդ փուլը, որի արդյունքում հաղթող ճանաչվեց Սուրբ Երրորդություն եկեղեցու «Սկիզբ» թիմը: Երկրորդ տեղում էր «Մանանա» թիմը և երրորդ տեղում` «Հայք»-ը:


«Հաղթանակը հեշտ չտրվեց և դա բնական է, քանի որ ցանկացած հաղթանակի համար պայքարել է պետք»,-տպավորություններով կիսվեցին հաղթողները:
Խաղի վերջում մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը պարգևատրվեցին: Անակնկալ պատվոգրեր շնորհվեցին նաև Երկրապահ Կամավորականների Միության (ԵԿՄ) կողմից:
ԵԿՄ վարչության նախագահ գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի կողմից պատվոգիր տրվեց Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ տեր Եսայի քահանա Արթենյանին, ամենամյա ինտելեկտուալ փառատոնի կազմակերպման և անցկացման համար:


ԵԿՄ երիտասարդաց թևի ներկայացուցիչը պատվոգիր հանձնեց նաև առաջին տեղը զբաղեցրած թիմին:
«Իհարկե եղավ մի քանի բողոքարկում, կապված հարցերի հետ, սակայն դրանք հարթվեցին: Այս խաղի մեջ պատահականություններ չեն լինում: Իսկապես ուժեղները հաղթում են»,-եզրափակեց «ԽորանԱրդ» ինտելեկտուալ ակումբի նախագահ, փառատոնի մրցավար Սեյրան Մարտիրոսյանը:

 

Հասմիկ Թամամյան
ՍԵԵՄ լարգրողական ակումբ

 

Դիտվել է 5763
2013.11.30
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.