Ընթերցանություն
Գլխավոր>Երիտասարդաց Միություն >«Սկիզբ» հոգևոր ծրագիր> Սկիզբ. ճանաչիր դիմացինիդ, ինքդ քեզ և Աստծուն

Սկիզբ. ճանաչիր դիմացինիդ, ինքդ քեզ և Աստծուն

Սուրբ Երրորդություն եկեղեցու երիտասարդաց միությունը սույն թվականի դեկտեմբերի 8-ին մեկնարկեց «Սկիզբ» ինտերակտիվ երիտասարդական ծրագիրը: Նմանատիպ նախաձեռնությունն առաջին անգամը չէ, որ իրականացվում է Սբ. Երրորդություն եկեղեցում. 2007 թ.-ից՝ «Սկիզբ» հոգևոր ծրագիր, 2008թ.-ին՝ ՍԵԵՄ ակումբ: Քննարկումներ տարբեր թեմաներով` հոգևոր, կյանքին վերաբերվող հարցեր, որոնց մարդն անպայման անդրադառնում է կյանքի ընթացքում, փորձում է գտնել դրանց պատասխանները, առավել ևս, երբ երիտասարդ է, ցանկանում է հասկանալ իր կյանքի իմաստը, ունի նպատակներ և ձգտում է դրանց իրականացմանը:


Ծրագրի օրակարգն այսպիսին է. հանդիպման սկզբում խոսնակը խոսում է օրվա թեմայի մասին, այնուհետև մասնակիցները երկու առաջնորդների և երկու օգնականների հետ քննարկումը շարունակում են խմբերում: Երիտասարդները կիսվում են իրենց տեսակետներով, լսում մյուսներին, ինչն էլ հնարավորություն է տալիս հասկանալ, գտնել որոշ հարցերի պատասխաններ:

Առաջին հանդիպումից հետո մասնակիցներից մի քանիսը կիսվեցին իրենց տպավորություններով: 16-ամյա Սրբուհին տպավորված էր. «Ես հիմնականում չեմ կարողանում արտահայտվել անծանոթ միջավայրում, բայց այսօր ստացվեց ինձ մոտ արտահայտվել այնպիսին, ինչպիսին որ կամ, ասել այն ամենը, ինչ իսկապես մտածում եմ, ոչ թե քողարկել այն՝ մտածելով, որ ուրիշ մարդիկ ինձ չեն հասկանա: Ես իսկապես իմ սրտից էի խոսում»:


Խմբի առաջնորդ Արկադին նույնպես լավ տպավորություն ուներ. « Հենց սկզբից սկսեցինք բուռն քննարկում: Մտածում էի, թե առաջին հանդիպման ժամանակ մասնակիցները  կկաշկանդվեն, բայց շատ հետաքրքիր անցավ. յուրաքանչյուրն իր կարծիքն էր հայտնում,  երբեմն նույնիսկ չէին համաձայնվում միմյանց հետ, հարցեր էին տալիս: Ազատ մթնոլորտում էինք խոսում, և ժամանակը քիչ էր, որովհետև ավելին էինք ուզում խոսել, ավելին քննարկել»:


Նախաձեռնությանը մասնակցում են նաև խուլերը: Իր տպավորություններով կիսվեց նաև Գրետան, ով մասնակցում էր  որպես օգնական. «Առաջին անգամ եմ մասնակցում և դա մեծ պատասխանատվություն է ինձ համար, քանի որ հանդես եմ գալիս կազմակերպչական խմբում, կփորձեմ ակտիվ լինել: Թեմաները շատ հետաքրքիր են և պիտի օգնեմ իմ խմբի մասնակիցներին, որ ամեն ինչ շատ լավ ընթանա: Ուզում եմ, որ մարդիկ իրենք իրենց ճանաչեն, ինչպես նաև ես ինքս ինձ: Բացահայտեն իրենց և Աստծուն: Շնորհակալություն»:
Եվ վերջում իր տեսակետն արտահայտեց Սբ. Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ տեր Եսայի քհն. Արթենյանը, ով էլ հանդիսանում է մտահղացման հեղինակը:

- Տեր Հայր, «Սկիզբ» ծրագրի առաջին հանդիպման մասին ձեր տպավորությունը:

- Փորձեցի վերապրել այն բոլոր զգացումները, որ մենք ունեցել էինք նախորդ այն ծրագրերի ընթացքում, որ երբևէ իրականացրել ենք: Սա հերթական «Սկիզբ» ծրագիրն է, որ մենք իրականացնում ենք երիտասարդաց միության շրջանակներում: Առաջին զգացողությունս  այդ կարոտն էր, որ փարատվեց և երկրորդը`  կարծում եմ ամեն ինչի սկիզբը խոստումնալից է:

-Որո՞նք են այն նպատակները, որ դուք այս ծրագրում տեսնում եք:

-Հիմնական նպատակը պարզ մարդկային շփումն է և մյուս կարևոր նպատակը խնդիրների ավելի անձնավորված պատկերացումներն են, որ մասնակիցների մոտ պիտի առաջանան և փորձեն լուծումներ տրվել, երբ որ մարդիկ չեն վախենա խոսելու իրենց խնդիրներից, թեկուզ իրենք իրենց հետ, պարտադիր չէ, որ այդ խնդիրները բարձրաձայնվեն: Հիմնական նպատակը սա է, որ մարդը այդ ամենը տեսնի իր կյանքում, որոնք իրեն խանգարում են:

-Իսկ որո՞նք են ընտրված թեմաները:

-Ընտրված թեմաները տարբեր են և առնչվում են ժամանակի մարտահրավերներին, որոնք դարձել են նաև քննարկման նյութ՝ «Երջանկություն», «Սեր», «Խաղաղություն», «Ազատություն». այսինքն այն արժեքները, որոնց մասին կարծես թե ամեն վայրկյան և ամեն տեղ խոսվում է: Բայց այստեղ մենք պիտի փորձենք մի քիչ ավելի նոր շեշտադրումով դրանք բարձրաձայնել, որովհետև որքան էլ, որ այսօր խոսվում է այս արժեքների մասին, միևնույն ժամանակ դրանք սպառված չեն:

- Շղթայված կապ կա՞ թեմաների մեջ:

-Իհարկե, մենք փորձել ենք կազմել այնպես, որ թեմաները լինեն մեկը մյուսի տրամաբանական շարունակությունը և մեկը մյուսին կարողանան լրացնել:
 

***

Դեկտեմբերի տասնհինգ: «Սկիզբ» ծրագրի երկրորդ հանդիպում: Օրվա թեման «Երջանկությունն» էր: Նախատեսվածի պես թեմայի շուրջ նախ զրուցեց Տեր Եսային, այնուհետև քննարկումը շարունակվեց խմբերում: Մասնակիցները փորձեցին գտնել ի՞նչ է երջանկությունը, ի՞նչն է մարդուն երջանիկ դարձնում, հնարավո՞ր է արդյոք, որպեսզի մարդ ոչնչի չհավատալով լինի երջանիկ, մա՞րդն է կառուցում սեփական երջանկությունը և այլ հարցերի պատասխաններ: Տարբեր կարծիքներ, տեսակետներ և, իհարկե, հետագայում խորհելու առիթ: Խմբերի քննարկման ամփոփման միտքը հետևյալն էր. «Երջանկությունը Աստծո և մարդու նկատմամբ սիրո մեջ է: Սերը հոմանիշ է երջանկության: Եթե ձգտում ենք երջանկության, ապա պետք է մեր մեջ զորացնենք սերը, քանի դեռ միջակությունը, վախը, կասկածը, անտարբերությունը չեն սպանել մեր մեջ ՄԱՐԴՈՒՆ»:
Վերջում տեր հայրը ամփոփեց հանդիպումը ՝ ներկայացնելով երջանկության մասին հետևյալ առակը.
«Աստված մարդուն կավից ստեղծեց և Նրա մոտ մնաց չօգտագործված մի կտոր:
– Ուրիշ ի՞նչ ծեփեմ քեզ համար,– հարցրեց Աստված:
– Ծեփիր ինձ համար երջանկություն,– խնդրեց մարդը:
Ոչինչ չպատասխանեց Աստված, և միայն նրա ձեռքի ափի մեջ դրեց կավի կտոր, որ ավելացել էր»:

Որից հետո մասնակիցները երեքական թերթիկների վրա գրեցին այն, ինչը կերջանկացնի իրենց և կախեցին ամանորյա տոնածառից, պայմավորվելով, որ երբ հանդիպեն ծրագրի ավարտին՝ մոտ երեք ամիս անց, ետ են վերցնելու իսկապես երջանիկ լինելու մեկ պատճառը, բայց արդեն զատկական ծառից:

Երջանկությունը մեր ձեռքերում է: Կառուցենք այն մեր ձեռքերով և կիսենք այն մեր մերձավորների հետ՝ երջանկացնելով նրանց:

 

Անի Ավետիսյան
                                                                                                                       ՍԵԵՄ լրագրողական ակումբ
 

Դիտվել է 6974
2013.12.17
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.