Ընթերցանություն

«...Եվ սրանցից մեծագույնը սերն է»

Դեկտեմբերի 22-ին  «Սկիզբ» հոգևոր ծրագրի մասնակիցներին համախմբել էր «Սերը»:
Թեմայի խոսնակը`Սուրբ Երրորդություն Եկեղեցու հոգևոր հովիվ տեր Եսայի քհն. Արթենյանը, սիրո մասին խոսելիս մեջբերեց Պողոս առաքյալի հետևյալ խոսքերը. «Բայց արդ, մնում են հավատը, հույսը, սերը, իսկ այս երեքից մեծագույնը սերն է» (Ա. Կորնթացիներ 13.12):


Տեր հայրը նշեց, որ սիրո տարբեր դրսևորումներ գոյություն ունեն. «էրոսը» ենթադրում է ֆիզիկական սեր, «ֆիլիոսը»՝ մարդու միտքը, իդեան, իսկ «ագապեն», որը բարձրագույն սերն է, ջնջում է սեփական ես-ը`կարևորելով ավելի շատ դիմացինին, և այս սերն է, որ տանում է դեպի կատարելություն, դեպի Աստված և փրկություն: Ե´վ էրոսը, և´ ֆիլիոսը միշտ չէ, որ կարող են պահպանել ընտանիքը, այստեղ անհրաժեշտ է լինում ագապեն: Ընտանիքում այս երեք դրսևորումները շատ կարևոր են: Տեր հայրը մեջբերեց մետրոպոլիտ Սուրոժսկու խոսքերից. «Սերը ծնվում է այն վայրկյանին, երբ մենք մարդու մեջ տեսնում ենք մի այնպիսի թանկարժեք, լուսավոր և հրաշալի մի բան, որից հետո մոռանում ես ինքդ քեզ: Քո կյանքը, քո միտքը և սիրտը տալիս ես նրա համար, որպեսզի այդ մարդու համար լինի լուսավոր և ուրախ»: Իսկ այս առակով սիրո կարևորագույն խորհուրդը նշեց. սերն ավելի շատ տալու, քան ստանալու մեջ է. «Մի տղա ընկերանում է ծառի հետ, սակայն ժամանակի ընթացքում տղան հեռանում է, և ծառը, նրան տեսնելով, կանչում է` ասելով, որ շատ է կարոտել նրան: Տղայի այն պատասխանին, թե ծառն իրեն ոչինչ չի կարող տալ, ծառը հրաժարվում է իր պտուղներից, ճյուղերից, բնից, որպեսզի տղան կարողանա հոգալ իր կարիքները. փող ձեռք բերի, տուն կառուցի, ճամփորդել կարողանա: Ծառից ոչինչ չի մնում, նա զոհաբերում է ինքն իրեն, որպեսզի դիմացինը երջանկանա»:


«Սերը,- ինչպես նշում է տեր Եսային,-  հոգեվիճակ է և հավիտենական է, որովհետև այն անհրաժեշտ է և´ այս կյանքում և´ հավիտենականում: Սերն անբացատրելի է, հնարավոր չէ այն բացատրել: Քրիստոս մեզ չբացատրեց, թե ինչո՞ւ աշխարհ եկավ: Սերը պահանջում է կիսվել, Քրիստոսի սերը զոհաբերվող սերն է, վերջին հաշվով սիրել չի նշանակում ինքդ քեզ կորցնել: Սերը պահանջում է պատասխանատվություն, հավատարմություն, դիմացինի մեջ Աստծո պատկերը տեսնել, այն ենթադրում է ազատություն, վստահություն»:
Տեր  հոր խոսքից հետո մասնակիցները բաժանվեցին խմբերի` թեման քննարկելու համար:


«Սերը մի բան է, որ ամեն ինչ իր շուրջն է հավաքում»,-քննարկման ժամանակ նշեց «Սկիզբ» հոգևոր ծրագրի մասնակից Գոռը`հավելելով, որ կենցաղային հոգսերը երբեմն չեն թույլատրում խորհել սիրո մասին: Մասնակիցներից շատերն էլ նշեցին, որ կենցաղային դժվարությունները չպետք է խոչընդոտեն մերձավորին սիրելու համար: 
«Երբ սիրում ես քեզ համար, սպասում ես, երբ սիրում ես դիմացինի համար, չես սպասում»(Թագուհի):
«Սերը ուղղակի չի մատուցվում մարդուն, այն ջանք և զոհողություն  է պահանջում»(Կարինե):


Քննարկման ժամանակ հնչեցին զանազան այլ կարծիքներ ևս. «սիրող մարդն ամենաուժեղ մարդն է», «ցանկացած մեկին պետք է սիրել, քանի որ նա Աստծո արարածն է», «իրականում բոլորին էլ հնարավոր է սիրել», «ամենավատ մարդն անգամ կարող է փոխվել, եթե զգում է, որ իրեն սիրում են» և այլն:
Քննարկումներն ամփոփելուց հետո մասնակիցներից յուրաքանչյուրին թղթիկներ բաժանվեցին, որոնց վրա գրված էր ծրագրի ինչ-որ մասնակցի անուն: Մասնակիցները պետք է առանձնակի սիրալիրություն ու ջերմություն ցուցաբերեն այն մարդու նկատմամբ, ում անունը հայտնվել է իրենց մոտ, ինչպես նաև վերջինս  չպետք է իմանա, թե ում մոտ է հայտնվել իր անունը:
«Այս է Իմ պատվերը, որ սիրեք միմյանց, ինչպես Ես սիրեցի ձեզ: Մեծագույն սերն այն սերն է, որով մարդ ինքն իրեն զոհում է իր բարեկամների համար»  (Հովհաննես 15.12-13):

 


Անի Ղուկասյան
ՍԵԵՄ լրագրողական ակումբ

Դիտվել է 3740
2013.12.23
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.