Ընթերցանություն
Գլխավոր>Խուլերի համայնք> Լռության մեջ խոսուն շարժումներ

Լռության մեջ խոսուն շարժումներ

Warning (2): getimagesize(/home2/holytrj2/public_html/holytrinity/app/webroot/img/post/7lzuopr3mjpg) [function.getimagesize]: failed to open stream: No such file or directory [APP/View/Posts/view.ctp, line 28]

Արդեն մի քանի տարի է ինչ Սուրբ Երրորդություն եկեղեցում գործող խմբակների միջոցով խուլերը հնարավորություն ունեն ինքնարտահայտվելու, բացահայտելու իրենց շնորհները, ինչպես նաև ազատվելու մի շարք բարդություններից: Այդ խմբակները հնարավորություն են տալիս խուլերին ստանալ իրենց հուզող շատ ու շատ հարցերի պատասխաններ:

Թե ե՞րբ և ինչպե՞ս ստեղծվեցին այս խմբակները, Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ տեր Եսայի քհն. Արթենյանն ասաց. «Խուլերի համար խմբակները գործում են 2006թ-ից, երբ արդեն եկեղեցում մեր պայմաններն ու դահլիճը այդ հնարավորությունը տվեցին: Փորձեցինք լուծել խուլերի զբաղվածության և կրթական խնդիրները: Խմբակների նպատակը էր ապահովել և՛ զբաղվածություն և՛ տալ կրթություն: Ինչու չէ, նաև շատերին տալ հնարավորություն հետագայում իրենց մասնագիտական որոշակի կրթությունը ստանալու և աշխատանք գտնելու համար: Խուլերի համար գործում են թատերականի, անգլերենի, ժեստերի լեզվի ուսուցման խմբակներ: Այժմ խուլերի հետ Աստվածաշունչ ենք պատրաստում ժեստերի լեզվով»:

Հովակիմյան Սարգիսը խուլ լինելու պատճառով դերասանի մասնագիտական կրթություն չի ստացել, բայց երկար տարիներ սովորել է «Կամք և կորով» կազմակերպության մնջախաղի թատրոնում և աշխատել է այնտեղ որպես դերասան: Հետագայում, երբ փակվեց այդ կազմակերպությունը, որպես դերասան այլևս չի աշխատել: Իսկ այժմ տեր Եսայի քահանայի առաջարկով նա մեծ հաճույքով համաձայնվել է Սուրբ Երրորդություն եկեղեցում ղեկավարել խուլերի թատերական խմբակը:

Սարգսի համար շատ հեշտ է խուլերի հետ աշխատելը: Նրա ակնկալիքները խմբի հետ կապված արդարացվում են. «Հեշտ է, քանի որ ես ինքս խուլ եմ: Ժեստերի լեզվով իրար հասկանում ենք, շատ շուտ են ընկալում ամեն ինչ: Ինձ համար բացարձակ դժվարություն չկա: Մի քիչ պլաստիկան է երեխաների մոտ փակ, բայց այդ ուղղությամբ աշխատում ենք»: Խուլերի ներկայացումների թեմատիկան կոնկրետ ուղղվածություն չունի, այն ընդգրկում է Աստվածաշնչյան պատմություններ, կյանքին վերաբերվող տարբեր թեմաներ, հիմնականում՝ հումորային:

Ըստ Սարգսի, խուլերի թատերական աշխարհը դա հենց մնջախաղն է, որն ամբողջությամբ ժեստ է և միմիկա, ինչն էլ բնորոշ է խուլերին: Թատերական խումբը դեռ անվանում չունի: Նրանց ամենագլխավոր նպատակն է ապացուցել, որ խուլերը հաշմանդամ չեն և լիարժեք մարդ են: Նրանք կարող են մեքենա վարել, զբոսնել, պարել, ամեն ինչ անել:

 

Իրինան, Էդիկը, Գևորգը թատերական խմբակից են:

 

Իրինան արդեն մեկ տարի չորս ամիս է, ինչ հաճախում է այս խմբակ: Նա գլխավոր դերակատարներից է: «Սկզբում ինձ այնքան էլ դուր չէր գալիս, չէր գրավում թատրոնը: Ուղղակի, որ գալիս էի եկեղեցի, որոշեցի մասնակցել և ցանկացա պլաստիկաս զարգացնել: Հետո ինձ այս ամենը սկսեց գրավել, քանի որ այն շատ կապված է խուլերի աշխարհի հետ»,- ասաց Իրինան:

 

«Շատ էի ուզում մնջախաղով զբաղվել: Մեր ցանկությունները հասան տեր Եսային ու մի օր էլ տեսանք, որ եկեղեցում մնջախաղի դասեր են սկսվել: Շնորհակալ ենք տեր հորը, նա է հիմքը և հենարանը այս ամենի: Ինձ համար շատ հոգեհարազատ է դիմախաղը, մարդկային հոգեվիճակները, հետաքրքիր են շարժումները, որոնք կարող են շատ բան ասել, տեղեկացնել և փոխանցել»,- ասաց Գևորգը:

«Մնջախաղը իմ կյանքում նորություն էր: Ուզում եմ, որ մարդիկ հասկանան, ճիշտ է մենք չենք լսում, բայց մեր ներսում շատ սիրում ենք այդ խոսուն շարժումները, պատկերները: Չենք ուզում, որ մեր ներսը լուռ լինի: Շատ կցանկանայի, որ հանարավորություն ունենայինք հատուկ տեխնիկայի միջոցով, սպիտակ ձեռնոցներով ուլտրա ձեռքեր օգտագործել՝ մնջախաղի ելևէջներն ու նրբությունները ներկայացնելու համար: Լավ կլիներ, որ մենք ունենայինք միջոցներ և հնարավորություն, տարբեր տեղեր ներկայանալու, մարդկանց իրազեկելու, որ կա նման թատրոն: Ես համոզված եմ, որ մեր ելույթներով բոլորը կհիանան»,- ասաց Էդգարը:

 

Մնջախաղը խուլերի կյանքում

 

 

- Ամենակարևոր և ամենաառաջին իմ հաղթանակը Սուրբ Մարիամ Աստվածածնի դերակատար լինելն էր, ինչը բոլոր իմ խաղացած դերերից ամենաշատն եմ հավանում (Իրինա):

- Մնջախաղն ինձ տվել է ճիշտ դիմախաղ և չափ, շարժումների պլաստիկություն, դիմագծերի կոնկրետ ընդգծում, հաշիվ, որով կարող ես ներկայանալ, ռիթմի զգացողություն, կատակի և հուզական տարբեր հոգեվիճակների փոխանցում բեմից: «Գլխարկ»-ը, «Աշխարհի ստեղծում»-ը ներկայացումները շատ եմ հավանում, իսկ ամենաշատը հավանում եմ «Ծիծաղի բացիլ»-ը: Ես ուզում եմ դառնալ մնջախաղի մեծ վարպետ, տարբեր երկրներում ներկայանալ, թեև գիտեմ, որ իմ երազանքը մեծ գումարների հետ է կապված (Գևորգ):

- Ինձ գրավում և հետաքրքրում էր մնջախաղում այն, որ մենք պետք է ներկայանանք տեխնիկական վարժություններ անելուց հետո: Շատ արագ ստացվեց «Գլխարկ»-ը, որն առաջինն էր և հանդիսացավ հիմքը մյուս ներկայացումների: Ես ուզում եմ լինել լիարժեք, պրոֆեսիոնալ, խորը, մաքուր: Մենք աստիճանաբար ավելի ենք կատարելագործվում (Էդգար):

 

Բեմում

 

- Բեմը ինձ համար նորություն չէ, ես սովոր եմ բեմին, չեմ հուզվում, քանի որ երկար տարիներ պարել եմ: Չնայած՝ բեմականացումը պարից առավել պատասխանատու է (Իրինա):

- Բեմ դուրս գալիս սիրտս խփում է, աչքի տակով նայում եմ հանդիսատեսին, տեսնելով համապատասխան ռեակցիա, շատ եմ ոգևորվում: Առաջին անգամ, երբ բեմ դուրս եկա, ուզում էի փախչել, հիմա չկա այդ զգացողությունը: (Գևորգ):

- Հանդիսատեսի դիմախաղը և գնահատանքը շատ կարևոր էր ինձ համար: Խուլերի միջազգային օրը, երբ տեսա լեփ-լեցուն դահլիճ, մեծ հուզմունք ապրեցի: Ովքեր ինձ նայում էին առանց ռեակցիայի, կարծես ներքուստ մի առաջադրանք էի դնում իմ առջև, որ կոտրեմ այդ իներտ վիճակը և փոխանցեմ նրանց ծիծաղ և հուզմունք (Էդգար): Ինչպե՞ս անվանել խմբակը Իրինան, Էդիկը և Գևորգը ունեն իրենց տարբերակները խմբակի անվան հետ կապված:

- Կանվանեի «Խուլերի աշխարհ» (Իրինա):

 

Էդիկն ու Գևորգը միասին խորհելուց հետո խմբի համապատասխան անունը ընտրեցին «Հրաշք»:

 

- Աստծո ձեռքով է կայացել այս հրաշքը, շնորհակալ եմ Նրան, որովհետև իրոք հրաշք է, որ մենք խուլ ենք և կարողանում ենք լիարժեք խաղալ, ծիծաղեցնել և հուզել մարդկանց (Գևորգ):

- Շատ կարևոր է, որ մենք սկսել ենք եկեղեցուց, մենք միություն ենք և մենք իրոք հրաշք ենք, մեր ստեղծած հրաշքը փորձում ենք փոխանցել հանդիսատեսին, կիսվել նրա հետ: Ուզում եմ, որ չվշտանան այն մարդիկ, ովքեր խուլ երեխաներ ունեն, այլ փորձեն հասկանալ մեր աշխարհը, հաշվի նստեն մեր զգացմունքների հետ (Էդգար):

 

Բեմից մինչև հանդիսատես

 

- Երբ դերս լավ եմ խաղում, ջերմություն եմ զգում, համոզված եմ, որ այդ դեպքում ասելիքս փոխանցվում է հանդիսատեսին (Իրինա):

- Կարծում եմ, որ իմ մոտ ստացվում է, երբ տեսնում եմ հանդիսատեսի ծիծաղը, դեմքի փոփոխությունները, ուրեմն ասելիքս փոխանցել եմ նրանց: Բայց կան մարդիկ, որ սառն են, գուցե էմոցիոնալ չեն, ես հույս ունեմ, որ իրենք մտքում են ծիծաղում (Գևորգ):

- Մենք ներկայացում ունեցանք ծերանոցում, որտեղ ես զգացի, որ իմ խաղը սփոփանք բերեց ծերերին, ժպիտներ տեսա և ոգևորվեցի: Սեպտեմբերի 22-ին՝ խուլերի միջազգային օրը միջոցառումից հետո, մարդիկ մոտենում էին ինձ և առանց թարգմանչի իրենց գոհունակությունը հայտնում, ինչը ցույց է տալիս, որ ասելիքս փոխանցել եմ (Էդգար):

 

Միասնական քայլ դեպի բարձունք

 

- Ես գիտեմ, որ Աստված օգնելու է, որ մենք բարձրանանք, ես հավատում ու տեսնում եմ բարձունքը: Գիտեմ, որ դժվար է այս ճանապարհը, բայց մենք սկսել ենք: Այն թիմը, որ աշխատում է եկեղեցում, շատ-շատ մեծ ձեռքբերումներ է ունենալու (Գևորգ):

- Եկեղեցի, մաքուր հոգի և թիմ: Սա է առավելությունը այս խմբի: Ես հավատում եմ սրան (Էդիկ)

 

Գրետան ևս հաճախակի է մասնակցում ներկայացումներին. «Շատ եմ սիրում մնջախաղը, իր մեջ շատ խորը իմաստ կա: Երբ բոլորը լռության մեջ քեզ են նայում, դու մարդ ես, դու ձայն չունես: Դու բեմ ես դուրս գալիս և ձայն բարձրացնում, այդ ձայնն իր խորությամբ կարողանում ես փոխանցել քո շարժումներով, քո դիմախաղով: Ես ազատվել եմ շատ կոմպլեքսներից, ես հիմա ազատ եմ, կայացած»:

Երիտասարդաց միության անդամ դերասանուհի Արևիկը խուլերի հետ բեմադրել է Անդերսենի «Վայրի կարապները» ներկայացումը. «Ես ապշած էի, որովհետև առհասարակ դերասանի արվեստը շատ բարդ արվեստ է, նաև՝ արհեստ և իրենք զարմանալիորեն տիրապետում են այնպիսի մանրուքների, որոնց տիրապետելու համար ժամանակ է պետք: Ըստ ինձ, դա նրանից է, որ նրանք ժեստեր գիտեն, երբ մարդը խոսող է, ինքը շեշտը դնում է խոսքի վրա, իսկ դերասանի համար նաև կարևոր է, որ ինքը շեշտը դնի ներքին դինամիկայի և արտահայտչամիջոցների վրա : Դա իրենց մայրենի լեզուն է: Այս առումով իմ գործը շատ էր հեշտացել, իրենց հետ աշխատանքը ինձ համար հաճույք էր: Կցանկանայի իրենց հետ բեմում խաղալ, զուգընկերը շատ կարևոր է բեմում, միանշանակ ես կվստահեի իրենց բեմում»:

Խուլի յուրաքանչյուր քայլը, առաջընթացը, հաջողությունը ոգևորում և ուրախացնում է ժեստերի լեզվի մասնագետ տիկին Զուբեյդային. «Այս տարիների ընթացքում իրենք ազատվել են բարդույթներից, նրանք նման են փոքրիկ տնկիների, որ օրեցօր աճում են և շուտով բերք պիտի տան»:

«Ինձ համար որպես հանդիսատես դժվար է խոսել խուլերի մնջախաղի թատրոնի մասին, որովհետև ես ինձ համարում եմ նրանցից մեկը: Ինձ ավելի շատ դուր են գալիս իրենց փորձերը, քան բուն ներկայացումը: Ինչպե՞ս են սովորում, ինչպե՞ս են կարողանում կողմնորոշվել, ինքնարտահայտվել: Այս ամենը ավելի շատ երևում է փորձերի, քան ներկայացման ժամանակ: Իրենք իրենց լռության մեջ կարողանում են համոզիչ ցույց տալ այն զգացումներն ու ապրումները, որ կա իրենց խաղի մեջ»,- ասաց տեր Եսային:

 

Լռության մեջ նրանց շարժումներն ու պատկերներն այնքան խորն են, այնքան խոսուն, որ նրանց ուշադիր դիտող աչք չի կարող ուղղակի դիտել, որ նրանց ուշադիր լսող հոգի չի կարող չսավառնել և չխորասուզվել, որ նրանց «խոսքը» չի կարող անջնջելի հետք չթողնել հանդիսատեսի հոգում:

 

Կարինե Սուգիկյան

ՍԵԵՄ լրագրողական ակումբ

Դիտվել է 5664
2014.01.14
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.