Ընթերցանություն

«Սկիզբ»-ը սկզբի մասին

Հերթական կիրակին և «Սկիզբ» ինտերակտիվ երիտասարդական ծրագրի շրջանակներում հերթական հանդիպում-քննարկումը:

Տոներից հետո սա առաջին հանդիպումն էր: Այն առանձնացավ նրանով, որ այս անգամ Սուրբ Երրորդություն եկեղեցում խոսնակը Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանն էր, և որ քննարկումը տեղի ունեցավ ոչ թե առանձին խմբերով, այլ միասնական, մեկ դահլիճում:

Այս անգամ «Սկիզբ» ծրագրի անդամները հանդիպեցին, որպեսզի խոսեն սկզբի մասին: Խոսքն աղոթքի մասին է, քանի որ ամեն քրիստոնյայի օրը սկսվում է աղոթքով և ավարտվում է աղոթքով:

Պատահական չէ, որ բոլորը միասին էին, քանի որ թեման նույնպես միավորող և համաքրիստոնեական էր: Ավելի կոնկրետ խոսքը «Տերունական աղոթք»-ի կամ «Հայր մեր»-ի մասին է:

Բոլորս այն գիտենք, բոլորս աղոթում ենք:

«Տերունական աղոթք»-ի մեջ ամփոփված է փրկագործության ամբողջ պատմությունը, իմաստը և պատգամը:

Այն լինելով անձնական՝ միևնույն ժամանակ համայնական է:

Հայր Ռուբենը զրույցը սկսեց «Հայր մեր»-ի մեկնությամբ:

Քանի որ այս աղոթքը հենց Տերն է տվել, ապա մենք մեծագույն ուշադրությամբ պետք է վերաբերվենք դրան: Պետք է պարզենք ոչ միայն աղոթքի յուրաքանչյուր բառի իմաստը, այլև այն հերթականությունը, որով մի բառը հաջորդում է մյուսին:

Աղոթքը սկսվում է «Հայր մեր» բառերով: Աստծուն Հայր կոչելը մեծագույն պարգև է մարդու համար: Քրիստոնյայի համար Աստված «Հայր» է, քանի որ քրիստոնյա մարդը կերպարանակից է Աստծո միակ Որդու պատկերին:

Հատկանշական է, որ աղոթքում ասվում է «Հայր մեր» և ոչ «Հայր իմ»: «Մեր» բառի մեջ երևում է բոլոր քրիստոնյաների միությունը:

«Աստծո հետ մեր հարաբերությունը որդի և հայր հարաբերություն է, որն առաջացել է Հիսուսի միջոցով: Աստված Տիրոջից դարձավ Հայր Հիսուսի միջոցով: Մենք ծառայից դարձանք Որդի Հիսուսի միջոցով: Հիսուս դրեց հայրության չափանիշը, որը սակայն հաճախակի է խեղաթյուրվում այսօր»,- ասաց հայր սուրբը և շարունակեց մեկնությունը:

«Սուրբ եղիցի անուն Քո»

Այս տողը մրմնջալիս միանգամից հարց է առաջանում: Արդյո՞ք Աստված անուն ունի և արդյո՞ք Աստծո անունը սուրբ չէ՞:

Առօրյա կյանքում մենք հաճախ ենք պղծում Աստծո անունը՝ անեծքներով, հայհոյանքներով, Նրա անունը զուր տալով և այլն:

Սրանով հաստատում ենք, որ մեղք ենք գործել Նրա (Նրա անվան) հանդեպ և խնդրում ենք սրբել դրանք:

Անդրադառնալով այն հարցին, թե Աստված ունի՞ անուն, պետք է հիշել Նրա խոսքը ուղղված Մովսեսին. «Ես եմ, որ Է»:

Միայն այս երկու տողի մեկնությունը բուռն արձագանքի և հարցերի ալիք առաջացրեց դահլիճում:

«Եթե մեկնություն գրել «Տերունական աղոթք»-ի մասին, ապա այն բազմահատոր գրքի կվերածվի»,-ասաց հայր Ռուբենը:

Այդ պատճառով հանդիպումը եզրափակվեց այս երկու տողի մեկնությամբ:

Ամբողջ քարոզի հիմքում ընկած էին մարդ-մարդ և մարդ-Աստված փոխհարաբերությունները:

Այդ փոխհարաբերությունները նման են խաչին, որի դեպի վեր ձգված հատվածը մարդ-Աստված հարաբերությունների մարմնավորումն է: Հորիզոնական տարածված հատվածը՝ մարդ-մարդ հարաբերությունների:

Հանդիպման վերջում տրվեց քրիստոնեության սիմվոլիկ բանաձևը, որը հիմնված է այս փոխհարաբերությունների և երկու պատվիրանների վրա:

«Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով և քո ամբողջ մտքով» (Մատթեոս 22.37, Մարկոս 12.29, Ղուկաս 10.27) և ՝ «Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես քո անձը» (Ղևտացիներ 19.18, Մատթեոս 22.39, Մարկոս 12.31, Ղուկաս 10.27):

Հասմիկ Թամամյան

ՍԵԵՄ լրագրողական ակումբ

Դիտվել է 6757
2014.01.19
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.