Ընթերցանություն
Գլխավոր>Երիտասարդաց Միություն >«Սկիզբ» հոգևոր ծրագիր> Զգացմունքներ՝ ճանաչելու և ինքնադրսևորման միջոց

Զգացմունքներ՝ ճանաչելու և ինքնադրսևորման միջոց

Հունվարի 26-ին «Սկիզբ» հոգևոր ծրագրի մասնակիցները համախմբվել էին` ունկնդրելու «Զգացմունքների աշխարհ» թեման:
Խոսնակը`Տեր Եսայի քհն. Արթենյանը, նշեց, որ զգացմունքը պետք է տարբերել էմոցիայից. ի տարբերություն էմոցիայի`զգացմունքը հնարավոր է կառավարել: Տեր հայրը երկու տարբերակ առաջարկեց.  առաջին տարբերակում «սառը սրտով» և կուռ տրամաբանությամբ առաջնորդվելն էր, իսկ երկրորդ տարբերակում՝  ազնիվ զգացմունքներով ապրելն ու բոլոր հետևանքների համար պատասխանատվություն կրելը, քանի որ շատ հաճախ ազնիվ զգացմունքները դիմացինի կողմից կարող են շահագործվել: Տեր հայրը առավել կարևորեց երկրորդ տարբերակը`հավելելով, որ պետք չէ ծայրահեղություններով ապրել` միայն զգացմունք կամ միայն տրամաբանություն. դրանք պետք է համաչափ լինեն:


«Զգացմունքները նաև ճանաչելու միջոց են»,-նշեց Տեր Եսայի քհն. Արթենյանը` կարևորելով, սակայն, ստացած տեղեկության  ճշգրտումը, թե որտեղից ենք ստանում ինֆորմացիան: Տեր հայրը նաև կարևորեց զգացմունքների ինքնադրսևորումը, ինքնաարտահայտումը, քանի որ երբ կարողանում ես արտահայտել զգացմունքներդ, մոտեցումներդ, ավելի կայացած ես դառնում` նաև ավելացնելով, որ զգացմունքների արտահայտում, բնավ, չի նշանակում բառ առ բառ արտահայտել այն, ինչ կատարվում է քո ներսում: Այնպիսի զգացումները, ինչպիսիք են, ըստ տեր հոր, երախտագիտությունը, հավատարմությունը, հույսը, հավատքը, սերը, խոնարհությունը, հիմնված են Աստվածային հայտնության վրա: Կան նաև բացասական զգացմունքներ (էմոցիաներ), որոնք վտանգավոր են, երբ կառավարում են մարդուն, թուլացնում կամքը` զորացնելով տագնապները, թերարժեքությունը, անվստահությունը:
«Զգայական աշխարհ է նաև, երբ Աստծո ներկայությունն ես զգում քո կյանքում»,-ասաց  տեր հայրը:


Ըստ տեր հոր`ամենաբարձր զգացումն այն է, երբ մարդ խոսում է իր անունից, իր մասին. շատ հաճախ մարդն այնքան է տարված ուրիշի անունից կամ ուրիշի մասին խոսելով, որ մոռանում է ինքն իրեն:
Քահանան հորդորում է չվախենալ մեր զգացմունքներից, քանի որ սա այն տեղն է, որտեղ մենք կարող ենք շտկվել, սրբագրել ինքներս մեզ:
Քննարկումների ժամանակ մասնակիցներից Թագուհին նշեց, որ զգացմունքներն իր համար գույներ են. եթե մարդ ճանաչում է իր զգացմունքների աշխարհը, ապա կարողանում է նաև դիմացինին ճանաչել, և ամեն մարդ պետք է նկարիչ լինի:
Խուլ մասնակիցներից Գրետան կարծում է, որ զգացմունքները, սրտի ջերմությունը օգնում են դիմանալ դժվարություններին, թեկուզ մի քիչ դժվարությամբ, օգնում են հասնել նպատակներին, հաղթահարել արգելքները:


Թեման ամփոփելով`տեր Եսային նշեց, որ այս տեսակ թեմաները թույլ են տալիս մասնակիցներին ճանաչել միմյանց. մարդը պետք է ոչ միայն իր դրական հատկանիշները, զգացումները ի ցույց դնի, այլև չվախենա`խոսելու նաև իր տկարությունների ու թերությունների մասին:
«Ամենայն զգուշությամբ պահի՛ր եւ պահպանի՛ր քո սիրտը, որովհետև նրանից է բխում կյանքի աղբյուրը» (Առակներ 4.23):

 

Անի Ղուկասյան
ՍԵԵՄ լրագրողական ակումբ
 

Դիտվել է 9701
2014.01.29
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.