Ընթերցանություն
Գլխավոր>Խուլերի համայնք> Քրիստոսին մատուցվող այսօրվա ընծան

Քրիստոսին մատուցվող այսօրվա ընծան

Առաջին դար, լուռ և խորհրդավոր գիշեր, հյուրանոց, ախոռ, մսուր, մանուկ Հիսուս, սեր, զոհաբերություն…. Այս ժամանակահատվածն ու տեսարանները, մարդկանց հոգեվիճակներն ու մտածումներն ամբողջովին թափանցել էին Սուրբ Երրորդություն եկեղեցու դահլիճ՝ ներկա և մասնակից դարձնելով հանդիսատեսին՝ կիրակնօրյա դպրոցի սաներին, ծնողներին, երիտասարդներին: Օրեր են անցել Սուրբ Ծնունդից, բայց դա չէր խանգարել խուլերին, կիրակնօրյա դպրոցի սաներին «Բեթղեհեմյան գիշեր»-ը նորից ապրելու և ապրեցնելու:
«Մեր կյանքը ցույց է տալիս, որ Սուրբ Ծննդյան խորհուրդը գնահատելու, հասկանալու և նորից ապրելու համար ժամանակը կապ չունի»,- ասաց տեր Եսային:


Բեմը «ապրում» էր, «խոսում», «շահավետ գործարք ընդունում», «լռում», «մտածում», «կարեկցում»՝ փորձելով զիջել, ապա «զղջում», իսկ մի անկյունում՝ բոլորի աչքից անտես ու հեռու, ծնվում էր աշխարհի Փրկիչը: Ընտանիքն ապրում էր իր առօրյան. իրենց տան բոլոր սենյակներն զբաղված էին, իսկ մի սենյակն էլ, որ մնացել էր ազատ, տրվում է վարձակալության թանկարժեք վզնոցի դիմաց: Միայն ախոռն էր ազատ,  որն էլ տրվեց Բեթղեհեմ ժամանած ամուսիններին, որ շուտով երեխա պետք է ունենային: Ընտանիքը մեծ ցավ ու ափսոսանք է ապրում, երբ իմանում է, որ իրենց իսկ ախոռում, ծնվել է աշխարհի Փրկիչը, այնինչ կարող էին այն սենյակը տրամադրել, որ թանկարժեք վզնոցի դիմաց տրվեց: Զղջումը նրանց մղում է թանկարժեք վզնոցը Մարիամին և Հովսեփին նվիրելու և մինչև կյանքի վերջ իրենց տան մի սենյակն անվճար տրամադրելու կարիքավորներին՝ որպես ընծա Քրիստոսին:


Ներկայացման ավարտին տեր Եսայի քահանա Արթենյանն ասաց. «Ամեն մարդ իր սրտի անկյունում դատարկ սենյակ ունի, որ կարող է միշտ Քրիստոսին տրամադրել՝ չտրվելով նյութական գայթակղություններին: Տա Աստված, որ պատրաստ լինենք Քրիստոսին մեր մեջ ընդունելու, դա կլինի մանուկ թե հարուցյալ Հիսուսը»: Իսկ կիրակնօրյա դպրոցի երեխաների մասանկցության համար տեր Եսային իր ուրախությունը հայտնեց և հիշեցրեց. «Որքան էլ մեծանանք, պետք է հիշենք, որ մանուկ Հիսուսը մեր Հույսն է, մեր Փրկիչը, մեր Ճանապարհը և Զորությունը»:


Խուլերը, կիրակնօրյա դպրոցի սաներն ու երիտասարդները «Բեթղեհեմյան գիշեր»-ը ամփոփեցին՝ ժեստերի լեզվով կատարելով  «Լուռ գիշեր, սուրբ գիշեր»  երգը: Ապա երիտասարդաց միությունից Արկադին կատարեց «Մայրիկ» երգը:
Վերջում խուլերը ներկայացան «Գլխարկը» և «Լուսանկարիչը» մանրապատումներով՝ ծիծաղ և ուրախություն պարգևելով հանդիսատեսին: Ժեստերի լեզվի մասնագետ տիկին Զուբեյդան իր շնորհակալությունը հայտնեց տեր Եսայի քահանային, բոլոր մասնակից երեխաներին, բեմադրիչներ՝ Արևիկ Յայլոյանին և Սարգիս Հովակիմյանին: «Բեթղեհեմյան Լույսը մեզ առաջնորդում է ամեն օր և մղում արարելու, խուլերն այսօր այս տոնը բոլորինը դարձրին»,- ասաց տիկին Զուբեյդան:


Միջոցառմանը մասնակից Գրետայի համար ևս կարևոր չէ ժամանակը. «Կարևորը այն է, թե ինչ կա մեր սրտում: Ես տեսա երեխաների աչքերի հուզմունքը, ես զգում եմ, որ նրանց սրտում Աստծո սերը կա: Տվեցինք և ստացանք ջերմությունը: Սա իմ կյանքի փորձն էր բեմում: Շնորհակալ եմ տեր հորը, որ հավատաց մեզ և մենք բեմում ենք»: 
Ծնողներից Ալինան կիսվեց իր տպավորություններով. «Ուզում եմ, որ խուլերն իմանան, որ ես իրենց շատ եմ սիրում: Տա Աստված, որ գա այն օրը, որ բոլոր խոսողներն իրապես գնահատեն խուլերին, ինչպես նաև կույրերին, կաղերին: Եթե Աստծո խոսքն իմանանք, կարդալով Սուրբ Գիրքը, եթե Աստծո սերը լինի մեր մեջ, ապա աշխարհը կփոխվի դեպի դրականը, դեպի լավն ու բարին: Այդ դեպքում խուլը, կույրը,  կաղը կլինեն մեզ նման և կլինեն մարդկանց աջակցության ներքո»:
Կիրակնօրյա դպրոցի սաներից Ալիսան և Նարեն արդեն երկու ամիս է, ինչ ամեն կիրակի իրենց դասից հետո, մասնակցում են ժեստերի լեզվի դասընթացին: Այս օրը նրանք խուլերի հետ ժեստերի լեզվով երգեցին «Լուռ գիշեր, սուրբ գիշեր» երգը: Թե՛Ալիսան և թե՛ Նարեն ասացին, որ իրենք շատ են սիրում խուլերին, ուզում են նրանց հետ խոսել, այդ պատճառով էլ սովորում են ժեստերի լեզուն, ինչը իրենց համար դժվար չէ:

«Ես եմ աշխարհի լույսը: Ով որ Ինձ հետևի, խավարի մեջ չի լինի, այլ կունենա այն լույսը, որ առաջնորդում է դեպի կյանք» (Հովհաննես 8.12): Ճշմարիտ Լույսն ընդունելով և նրանով առաջնորդվելով՝ քայլենք դեպի Լույսը՝ չմոռանալով Աստվածաշնչյան հետևյալ պատգամը. «Ավելի երջանկաբեր է տալը, քան առնելը» (Գործք Առաքելոց 20.35): Իսկ այն ինչ տալիս ենք դիմացինին, սկսած ժպիտից, բարի վերաբերմունքից մինչև այն, ինչով կարող ենք դիմացինին երջանկացնել,  անկախ  ժամանակից թանկ ընծաներ են Քրիստոսին մատուցվող:


Կարինե Սուգիկյան
ՍԵԵՄ լրագրողական ակումբ

 

Դիտվել է 615
2014.02.02
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.