Ընթերցանություն

«Լավ չէ, որ մարդը միայնակ լինի»

«Ես մենակ եմ, բայց միայնակ չեմ»,- ասել է Գարեգին Ա կաթողիկոսը:
Փետրվարի 2-ի «Սկիզբ» ծրագրի հերթական թեման էր՝ «Դու միայնակ չես»: Բանախոսում էր տեր Եսայի քահանա Արթենյանը:


Միայնություն և մենակություն. միանգամայն տարբեր հասկացություններ:
Երբ Աստված ստեղծեց մարդուն, ասաց. «Լավ չէ, որ մարդը միայնակ լինի: Նրա նմանությամբ մի օգնական ստեղծենք նրա համար» (Ծննդոց 2.18): Այնպես չէր, որ Ադամը ինչ-որ մեկի հետ խոսելու կարիք ուներ, այլ կար ներքին պահանջ դիմացինի մեջ իրեն տեսնելու: Եվայի աչքերի մեջ Ադամը տեսավ ինքն իրեն, իսկ Ադամի աչքերի մեջ Եվան իրեն տեսավ: Հաճելի է, երբ մեր նման մտածող կա:  Մարդ միշտ էլ փորձում է գտնել իր նմանին:


Աստված մարդուն տվեց օգնական, որով և մարդը դարձավ արարչակից Աստծուն:
Ինչպե՞ս է մարդն արարում. պարզ և կենդանի հարաբերություններում, ինչն ամենակարևոր պայմանն է արարչության: Կարևոր է, որ մարդը նաև ինքն իր հետ կենդանի շփում, երկխոսություն ունենա, որից նոր արժեքներ են ձևավորվում: Մարդկային հարաբերությունները միջոց են ինքնահաստատման և հնարավորություն կատարելության ձգտման:


Մարդը արարում է, սակայն միևնույն ժամանակ օտարանում արարչությունից:
Միայնությունն անսահման հարցականներով խնդիրներ է դնում մարդկանց առջև: Իրականում մարդը կտրվում է մարդկային հասարակությունից և մնում միայնակ, երբ սկսում է ինքնահաստատվել ոչ թե իր, այլ դիմացինի հաշվին՝ ընկնելով «Ես»-ի պաշտամունքի մեջ: Այս դեպքում ո՞ւմ է հարկավոր այն բարձրությունը, որտեղ հայտնվում է մարդը, երբ նա մենակ է, և իր կողքին չկա ոչ ոք: «Ով բարձրացնում է իր անձը, պիտի խոնարհվի, և ով որ խոնարհեցնում է իր անձը, պիտի բարձրանա» (Ղուկաս 18.14):


Միայնության մեջ մարդու բոլոր հարցերն ուղղված են միայն իրեն:
Միայնություն թե՞ մենակություն. մարդ կարող է մարդկանց բազմության մեջ լինել, բայց և միևնույն ժամանակ միայնակ լինել, կամ էլ մարդը կարող է բազմության մեջ ցանկանա մենակ լինել: Մարդն ինքն իրեն է դատապարտում միայնության: Սովորաբար մարդ փորձում է այդ խնդիրը լուծել միջավայրի և ընկերների միջոցով: Այնինչ միայնությունը դա մարդու էության մի մասն է, որը երբեմն նահանջում է:

Միայնության մեջ մարդը փորձում է ինքն իրեն գտնել և հասկանում է, որ իր լավագույն ընկերը հենց ինքն է, ումից էլ հաճախ փորձում է փախչել:
Մարդը խնդիր ունի նաև իր եզակիությունը շեշտելու: Միայնության դեպքում Աստծո սերն է, որ յուրաքանչյուրիս եզակի անձնավորություն է դարձնում:
Միայնության բեռը՝ իր իսկ սեփական բեռը, մարդու համար ամենածանրն է, քանի որ օտարինը կարող է թողնել ու գնալ:


Հարց է առաջանում. փախչե՞լ միայնությունից: Հնարավոր չէ, քանի որ ուր էլ որ գնա մարդ, այն իր հետ է, ուղղակի պետք է երկխոսի ինքն իր հետ, այլ ոչ թե մենախոսի: Թվում է, թե միայնությունը լուծելի կդառնա խոսելու շնորհիվ, ինչին և ձգտում է մարդ, բայց միշտ չէ, որ խոսելն է կարևոր, երբեմն պետք է լսել, ուղղակի լսել: Լսելուց բացի միայնության հարցը լուծվում է նաև սիրո միջոցով, քանի որ սերն ու միայնությունը անհամատեղելի են:


Այսպիսով Աստված կոչ է անում կենդանի հարաբերությունների, ապրել ոչ թե «Ես»-ի համար, այլ՝ Աստծո:
Տեր Եսային, բանախոսությունը ամփոփելով, ասաց. «Միայնության զգացումը ծանոթ է ամենքին և ամեն մարդ միայնակ է յուրովի: Այն նման է դատարկության, որը պետք է լցնել, այլ ոչ թե վերացնել»:


Կարինե Սուգիկյան
ՍԵԵՄ լրագրողական ակումբ

Դիտվել է 4529
2014.02.03
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.