Ընթերցանություն

Ո՞վ եմ ես, թե ո՞վ է նա

«Անձամբ ես սիրում եմ սերուցքով ելակ, բայց չգիտես ինչու, ձուկը նախընտրում է որդերի: Ահա թե ինչու, երբ ես գնում եմ ձկնորսության, մտածում եմ ոչ թե նրա մասին, թե ի՞նչ եմ ես սիրում, այլ թե ի՞նչ է սիրում ձուկը» (Դեյլ Քարնեգի):
Եթե ձկան հետ որոշակի ձևով հաղորդակցվելու համար հարկավոր է  իմանալ, թե ի՞նչ է սիրում նա, ապա մարդկային հարաբերություններում…


«Սկիզբ» ինտերակտիվ երիտասարդական ծրագրի մասնակիցները այս անգամ  քննարկեցին «Շփում և հարաբերություններ» թեման: Բանախոսը տեր Եսայի քահանա Արթենյանն էր:
Խոսքի հենց սկզբում տարանջատելով շփում և հարաբերություններ երևույթները՝ տեր Եսային խոսեց դրանց տարբերությունների, առանձնահատկությունների և սկզբունքների մասին:
Հարաբերությունները, այսպիսով, բաժանվեցին երեք տեսակի՝ մարդ-Աստված, մարդ-մարդ և «շուկայական» հարաբերություններ:


Մարդ-մարդ շփումից զատ և դրանից առաջ, մենք կարիք ունենք Աստծո հետ շփման: Այն իրականանում է աղոթքի միջոցով և ունի իր առանձնահատկությունը: Դժվար է շփվել, հարաբերություն ունենալ մեկի հետ, ում չես տեսնում: Հաճախ մարդիկ թերահավատորեն են վերաբերվում Աստծո հետ շփմանը, սակայն այդ շփման արդյունքը տալիս է բոլոր հարցերի պատասխանները: Մարդ և Աստված հարաբերության ամենացայտուն ապացույցը մարդկային կյանքում տեղի ունեցող հրաշքներն են:


Բարդ են նաև մարդ-մարդ հարաբերությունները: Այստեղ ուրիշ մարդու հետ շփվելուց առաջ դու պետք է կարողանաս շփվել ինքդ քեզ հետ: Այս հարաբերության մեջ կարևոր է, որ յուրաքանչյուր ոք ինքն իրեն հարցնի. «Ո՞վ եմ ես», ոչ թե «ո՞վ է նա»:  Այս հարցին հաջորդում է մյուսը. «Ցանկանում եմ լինե՞լ հարաբերության մեջ, թե  ինչ-որ բան ստանալ այդ հարաբերությունից»: Սրան միանգամից հաջորդում է մյուսը. «Ինչ-որ բա՞ն ակնկալել դիմացինից, թե շփվել առանց ակնկալիքների»: Հետո կանգնում ես մեկ այլ խնդրի առաջ. «Ասել դիմացինին այն, ինչ ցանկանում ես, թե՞ ասել այն, ինչ նա է ցանկանում լսել»:


Իհարկե, այս հարցերին պատասխանելու և ամեն տեսակ հարաբերությունների համար նախ և առաջ հարկավոր է խոսել: Խոսել, բայց չշատախոսել և հաշվի առնել, թե ինչպե՞ս ես խոսում: Հենց խոսքն է բոլոր հարաբերությունների հիմքը:
Սակայն այստեղ ևս մի հարց է առաջանում. «Իսկ ի՞նչ անեն նրանք, ովքեր խոսել կամ ասված խոսքը լսել չեն կարող»:
Քննարկմանը և բանախոսությանը մասնակցում են նաև խուլերը և հենց այստեղ է, որ առաջ է գալիս շփման և հարաբերության չորրորդ տեսակը՝ ափերի շփումը: Այս շփման մեջ նույնպես կա խոսք, սակայն այստեղ խոսում է ոչ թե լեզուն, այլ` սիրտը: Խոսում է սիրտը ձեռքերի միջոցով: Խուլերի շփումը յուրահատուկ արվեստ ու բարդ համակարգ է: Ինչպես իրենք խուլերն են ասում, այստեղ գործում է մի ամուր շղթա: Մեկ նախադասությունը մինչև խուլին հասնելը խոսողից անցնում է թարգմանչին, թարգմանչից իր ձեռքերին, ձեռքերից խուլեին: Միաժամանակ շփման մեջ են մտնում խոսողը, թարգմանիչը, ձեռքերը և խուլը:


«Թարգմանելու համար Զուբեյդան մտնում է իմ մեջ: Ես շփման մեջ եմ մտնում նրա հետ: Անգամ նրա արտաքինը ինձ ինֆորմացիա է տալիս»,- Գրետայի խոսքը թարգմանեց ժեստերի լեզվի մասնագետ տիկին Զուբեյդան:
Անդրադառնալով «շուկայական» հարաբերություններին՝ տեր Եսայի քահանա Արթենյանը խոսեց «ես քեզ, դու ինձ» բանաձևին, որը գործում է շուկայում առևտուր կատարելու ժամանակ: Շփման հենց այս ձևն է, որ մտնում է մարդկային հարաբերությունների մեջ և հաղթող է դուրս գալիս՝ քայքայելով այն:
Այս դեպքում հարաբերվում են ոչ թե մարդիկ, այլ նրանց շահերը: Եվ արդեն չեն հարցնում «ո՞վ եմ ես» և «ո՞վ է նա», հարցնում են «Ե՞ս կխաբեմ», թե՞ «նա»:

 

Հասմիկ Թամամյան
ՍԵԵՄ լրագրողական ակումբ

Դիտվել է 5810
2014.02.11
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.