Ընթերցանություն
Գլխավոր>Տոներ>Տերունական տոներ> Հեթանոսական մոլորությունները կապ չունեն քրիստոնեական տոների հետ

Հեթանոսական մոլորությունները կապ չունեն քրիստոնեական տոների հետ

«Ամեն ինչ ենթարկեք կասկածի» (Կարլ Մարքս) կամ «Կասկածը հավատի չափանիշն է» (Զեյմե) արտահայտությունները իհարկե կիրառելի և ընդունելի են շատ դեպքերում, բայց ոչ այս:
Փետրվարի 14-ին չկա գրեթե ոչ մի բակ, որտեղ չվառվի Տեառնընդառաջի խարույկը (խարույկը վառվում է փետրվարի 13-ի երեկոյան, քանի որ ըստ եկեղեցու օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո): Խարույկ, որը բազմաթիվ տարաձայնությունների առիթ է դարձել: Քրիստոնեակա՞ն, թե՞ հեթանոսական, կռապաշտությու՞ն, թե՞ ժողովրդական ավանդույթ:
Ամեն տարի այս օրը մարդկանց մեջ մեծանում է կասկածի չափաբաժինը դեպի քրիստոնեական եկեղեցին: Սկսվում է անզիջում պայքար: Երբեմն Տեառնընդառաջի վերաբերյալ վեճերը ավելի թեժ են լինում, քան վառված խարույկները:
Մի կողմից մեղադրանքներ դեպի եկեղեցին, մյուս կողմից պատասխաններ դրանց դեմ:
Վերջիվերջո ինչպիսի՞ տոն է Տեառնընդառաջը, ի՞նչ խորհուրդ ունի կրակը և այլն, և այլն:
Որպեսզի որևէ կերպ բացատրություն տրվի այս հարցերին, տեր Եսայի քահանա Արթենյանը համաձայնեց պատասխանել մի քանի հարցերի և մեկնաբանությունների, որոնք տեղ էին գտել համացանցում:
Ահա դրանցից մի քանիսը:
«Տրնդեզը հեթանոսական տոն է: Դա կռապաշտություն է և Աստված դեմ է դրան: Աստված զգուշացնում է իր խոսքում, որ ով իր աղջկան կամ տղային թռցնի կրակի վրայով, անիծված է (Բ Օրինաց 18:9-12, Դ Թագավորաց 17:17 սա էլ Աստվածաշնչի տողերը): Եկեղեցին պետք է պայքարի այս հեթանոսական տոնի դեմ: Պիտի պայքարի, բայց լռում է, ժողովուրդն էլ մնում է անտեղյակ»: (Ն…)


«Աստվածաշնչում կան տարբեր օրինակներ, որտեղ մարդկանց հատուկ զգուշացվում է, որպեսզի նրանք զերծ մնան հեթանոսական հավատալիքներից և պաշտամունքային դրսևորումներից:
Կրակը Աստծո ստեղծած նյութն է և ըստ էության ոչ մի կրոնի չի պատկանում: Հեթանոսական շրջանում կրակի միջոցով գուշակություններ են կատարել: Ի տարբերություն այդ շրջանի, քրիստոնեության մեջ կրակը նմանեցվում է Սուրբ Հոգու զորությանը: Այն ունի զտող, մաքրագործող հատկություն:
Ինչ վերաբերում է Տեառնընդառաջին, ապա դրա խորհրդի մեջ կրակն ունի մեկ կարևոր իմաստ: Այսօր մենք կրակը վառում ենք որպես լույսի, ջերմության, սիրո խորհրդանիշ:  Դրա մեջ չկա հեթանոսական և ոչ մի տարր: Իսկ երբ մարդիկ կրակի և խարույկի վրայով ցատկելու հետ գուշակություններ են կապում, դա արդեն հարցի մյուս կողմն է: Ինչ վերաբերում է եկեղեցու լռությանը, ապա դա այդքան էլ ճիշտ չէ: Եկեղեցական օրացույցում հստակ ցուցում կա, որ կրակի հետ կապված գուշակություններ պետք չէ անել» (տեր Եսայի):
«Զգացե՞լ եք, թե ինչ նախանձ է եկեղեցին: Ինչ է թե սբ. Վալենտինի տոնը նշվում է փետրվարի 14-ին, սկսեցին նույն օրը նշել նաև այս տոնը» (Մարի):
«Սբ. Վալենտինի տոնը բացարձակապես առնչություն չունի Տեառնընդառաջի հետ: Տեառնընդառաջը հաստատուն տոն է: Քրիստոսի ծնունդից հաշվվում է 40 օր և հենց այդ օրը նշվում է Տեառնընդառաջը» (տեր Եսայի):


«Կրակի վրայից թռնելը Քրիստոսի հետ բացարձակ կապ չունի: Պետք է Աստվածաշունչ կարդալ» (Տիգրան):
«Երբ երեկոյան Քրիստոսին բերում են տաճար, մարդիկ ջահերով դուրս են գալիս փողոց և ակամայից լուսավորում Քրիստոսի ճանապարհը:
Ինչ վերաբերում է կրակի վրայով ցատկելուն, ապա դա ունի երկու նշանակություն: Ոմանք ցատկում են կրակի վրայով՝ որոշակի գուշակությունների և սնահավատությունների հավատալով: Այս մոտեցումը բնականաբար չի խրախուսվում: Կա նաև երկրորդ տարբերակ: Գոյություն ունեն ժողովրդական խաղեր, որոնք ավանդական են և ազգային մշակույթի մաս են կազմում: Եկեղեցին երբեք այդ տեսակ ժողովրդական ավանդույթների դեմ չի պայքարել» (տեր Եսայի):


«Այս տոնը կռապաշտություն է: Դա դեմ է Աստծո կամքին» (Արարատ):
«Աստվածաշնչում ոչ մի տեղ գրված չէ, որ Աստված դեմ է կրակին և որ Աստված դեմ է Տեառնընդառաջին» (տեր Եսայի):
-Ինչ վերաբերում է Աստվածաշնչյան մեջբերումներին, ինչպիսիք են Բ Օրինաց 18:9-12 և Դ Թագավորաց 17:17 հատվածները, ապա դրանք ևս ունեն իրենց տրամաբանական բացատրությունը: Նրան, ովքեր պնդում են, որ Տեառնընդառաջը հեթանոսական տոն է, ապա մեջբերում են այս հատվածների այն մասը, որն իրենց է նպատակահարմար: «Ձեր մեջ թող չգտնվի այնպիսի մեկը, որն իր տղային կամ աղջկան կրակի բովից անցկացնի»: Սակայն ամբողջական տարբերակով այն լիովին ուրիշ իմաստ ունի: «Ձեր մեջ թող չգտնվի այնպիսի մեկը, որն իր տղային կամ աղջկան կրակի բովից անցկացնի, կախարդությամբ կամ գուշակությամբ զբաղվի, թռչուններին նայելով կանխագուշակումներ անի, մոգություններով զբաղվի, վհուկ կամ սուտ մարգարե լինի, ոգեհարցությամբ զբաղվի, որովհետև Տիրոջ համար պիղծ է նա, ով զբաղվում է այդպիսի բաներով. այդպիսի գարշելի բաների համար է, որ Տերը նրանց վերացնում է քո միջից» (Երկրորդ Օրինաց 18.10-12),- հավելեց տեր Եսային:


Այս տողերում հստակ երևում է, որ խոսքը, ոչ թե ուղղակի կրակի մասին է, այլ կրակի հետ կապված գուշակությունների:
Նույն է նաև Դ Թագավորաց 17:17 հատվածում «Իրենց տղաներին ու աղջիկներին կրակի միջով անցկացրին, կախարդություն և հմայություն արեցին, համարձակվեցին Տիրոջ առջև չարություն գործել և զայրացրին նրան»:

 

Հասմիկ Թամամյան
ՍԵԵՄ լրագրողական ակումբ

Դիտվել է 8229
2014.02.14
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.