Ընթերցանություն
Գլխավոր>Երիտասարդաց Միություն >«Սկիզբ» հոգևոր ծրագիր> Սկզբունքային հանդուրժողականություն

Սկզբունքային հանդուրժողականություն

Չնայած նրան, որ հանդուրժողականության միջազգային օրը վաղուց անցել է (1995 թվականի նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ-երկրները ընդունեցին հռչակագիր հանդուրժողականության սկզբունքների մասին: Մեկ տարի անց նոյեմբերի 16-ը ընդունվեց, որպես հանդուրժողականության միջազգային օր)՝ «Սկիզբ» ծրագրի մասնակիցները Սուրբ Երրորդություն եկեղեցու դահլիճում քննարկում էին «Հանդուրժողականություն» թեման: Բանախոսը տեր Եսայի քահանա Արթենյանն էր:
Հանդուրժողականությո՞ւն, թե տոլերանտություն, ինչո՞վ են սրանք իրարից տարբերվում, ե՞րբ են կիրառելի, իսկ երբ՝ոչ: Ահա այս հարցերի պատասխաններն էին փորձում ստանալ ծրագրի մասնակիցները:


«Հանդուրժողականությունը և տոլերանտությունը խորքում ունեն նույն իմաստը: Սակայն, երբ համեմատում ես քրիստոնեական հանդուրժողականություն ասվածը և տոլերանտությունը, ապա այստեղ հակասություններ են առաջանում: Այսօր տոլերանտության անվան տակ մեզ հրամցնում են եվրոպական այնպիսի  արժեքներ, որոնք հակասում են քրիստոնեական արժեքներին: Օրինակ տոլերանտ եղե՛ք համասեռամոլության, թմրամոլության հանդեպ: Այսինքն՝ անտարբեր եղե՛ք: Տոլերանտ լինել ամեն ինչի նկատմամբ, այսինքն՝ լինել անտարբեր թե՛ չարիքի, թե՛ բարիքի նկատմամբ: Սա մարդուն դնում է անորոշության մեջ: Նա դեմ է գնում իր սկզբունքներին»,-իր խոսքի սկզբում նշեց տեր Եսայի քահանա Արթենյանը:


Մեր օրերում հանդուրժողականություն, համեստություն և թուլամորթություն տերմինների միջև հաճախ հավասարության նշան է դրվում: Դիմացինի հանդուրժողականությունը օգտագործվում է սեփական  ամբարիշտ ապրելակերպը արդարացնելու համար: Սակայն հանդուրժել չի նշանակում համակերպվել ամեն ինչի հետ, սա նշանակում է, որ անգամ համամիտ չլինելով՝ դիմացինի մեջ չտեսնել թշնամի: Քրիստոնեական հանդուրժողականությունն ասում է, որ չընդունելով երևույթը, պետք չէ դատապարտել մարդուն:
«Մերժել երևույթը, բայց ոչ մարդուն: Ահա սա է քրիստոնեական հանդուրժողականությունը: Սա մենք տեսնում ենք հենց Քրիստոսի օրինակով: Անառակ կնոջ առաջ կանգնած Նա ասաց. «Ոչ էլ Ես եմ դատապարտում քեզ», այնուհետև ավելացրեց. «Գնա՛, և այլևս մեղք մի՛ գործիր» (Հովհաննես 8.11)»,- բացատրեց տեր Եսային:
«Դու արա ինչ ուզում ես, ես էլ կանեմ, ինչ ե՛ս եմ ուզում»:


Հաճախ հանդուրժողական ասելով մարդիկ հենց սա են հասկանում՝ բացարձակ անտարբերություն և ամենաթողություն: Սակայն, երբ մենք հարգանք ենք ցուցաբերում կամ հանդուրժող ենք դիմացինի նկատմամբ, դա չի նշանակում, որ մեզանից պահանջվում է հարգել կամ հանդուրժել դիմացինի սխալ վարքագիծը: Ելնելով քրիստոնեական նորմերից և սեփական մտածելակերպից՝ հանդուրժողական լինելու հետ մեկտեղ մենք չպետք է հրաժարվենք մեր սկզբունքներից:
Իհարկե, հանդուրժողականությունն այն թեման է, որի քննարկման ժամանակ շատ հաճախ է անհանդուրժողականություն դրսևորվում: Մի մասը կողմ է բացարձակ հանդուրժողականությանը կամ այլ կերպ ասած եվրոպական տոլերանտությանը, մյուս մասը հանդուրժելիս հաշվի է առնում որոշակի հանգամանքներ և այլն, և այլն: Սակայն հանդուրժողականության մեջ պետք է սկզբունքայնություն և չափի գիտակցություն, որպեսզի այն չվերածվի ամենաթողության:

Հասմիկ Թամամյան
ՍԵԵՄ լրագրողական ակումբ

 

Դիտվել է 9078
2014.02.17
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.