Ընթերցանություն
Գլխավոր>Տոներ>Սրբոց տոներ> Սուրբ Սուքիասյաններ. խաղաղ կյանքի արժանավորները

Սուրբ Սուքիասյաններ. խաղաղ կյանքի արժանավորները

Տասնութ կամ տասնինը հոգի ալան ազնվականներ էին, թագավորական տոհմից երևելի մարդիկ: Ալանների թագավորական պալատում մեծ հարգանք էին վայելում: Ազգական էին ալանների թագավորի դուստր Սաթենիկի, ով հայոց Արտաշես թագավորի կինն էր: Ըստ ավանդության, նրանք Սուքիասի գլխավորությամբ, Արտաշես թագավորի հարսանիքի առթիվ, Հայաստան էին եկել: Արքունիքում հանդիպում են Ոսկյանց քահանաներին, որոնք Ավետարանն էին քարոզում: Թեև թագավորն ու թագուհին անտարբեր գտնվեցին, բայց նրանց խոսքերը պարարտ հող գտան ալան պալատականների մոտ: Մեծ հետաքրքրությամբ լսելով Սուրբ Ոսկյանց՝ սիրով ու սրտով հավատացին Ավետարանին ու մկրտվելով վերջիններիս կողմից ՝ դարձան քրիստոնյա: Նրանց գլխավորը՝ Բահադրասը կամ Բարաքադան, մկրտությունից հետո կոչվեց  Սուքիաս՝ այսինքն՝ խաղաղ կյանքի արժանացած (հունարեն Հյուսիքոս անվան տարբեր հնչելաձևն է), իսկ ընկերները նրա անունով՝ Սուքիասյաններ: Ոսկյանների նահատակությունից և նրանց մարմինները պատվով թաղելուց հետո, հեռացան արքունիքից, առանձնացան և ապրեցին Սբ. Ոսկյանց վարքով, Հայաստանի Բագրևանդի լեռներից մեկի՝ Ջրաբաշխի  վրա, որը հետագայում Սուքիասի անունով կոչվեց Սուկավետ: Ապրում էին ճգնավորի կյանքով, իրենց մարմինները վայրի քոշերի (արու այծ) կամ մամռոտ քարերի էր նմանվել: Եվ նույնիսկ խոտն իրենց մարմինների համար համարեցին ավելորդ փափկություն:
Եվ այսպես 44 տարի ապրեցին լեռներում, զերծ հիվանդություններից և այլ պատահարներից, խոտակերությամբ, Աստծո նախախնամությամբ, անմարմինների նման կյանք վարելով, հարատև աղոթքներով և հոգևոր ճգնություններով:


Քառասունչորս տարի հետո ալանների Գինգիանոս թագավորը Բառլահա իշխանի միջոցով սկսեց որոնել նրանց: Իշխանը գտավ սրբերին և ջանաց կռապաշտության վերադարձնել.
- Ո՞վ եք դուք և ի՞նչ եք անում այստեղ: Թեև մարդու նման եք, բայց ոչխարների պես խոտաճարակ կարծես լինեք:
Սուքիասը պատասխանեց.
- Բնությամբ մարդ ենք, ազգով՝ Ալանների արքունի պալատից: Փախչելով աշխարհի ամբարշտությունից և անաստվածությունից՝ այս լեռների վրա առանձին և խաղաղ ապրում ենք Աստծո զորությամբ:
-Այստեղ ամայի և ձյունապատ է, ինչպե՞ս եք ապրում:
Պատասխանեց Սուքիասը.
- Լսի՛ր, որդի, ով որ հավատում է երկնքի և երկրի Արարիչ Աստծուն՝ ամեն բան Նրա համաձայն փոփոխության է ենթարկվում: Մենք Աստծո ողորմությունն ենք գտել, և մեր ամբողջ սրտով մեր հույսը Աստծո վրա ենք դրել:
Զորավարը, առանց որևէ բան հասկանալու, ասաց.
-Եկեք թողեք ձեր այդ խենթությունը, վերադարձեք հայրենիք ձեր նախկին պատվո դիրքին, փառքով և հանգստությամբ անցկացրեք ձեր ծերության օրերը:
-Մենք Տիրոջ մշակներն ենք. մեր ժամանակն է վարձք ստանալու. ինչպե՞ս կարող ենք վերջին պահին հրաժարվել մեր վարձքից և մեր Աստծուց:
Զորավարը նախատեց ճգնավորին.
- Այդ ձեր Աստվածը մեր լսած Խաչյալը չէ՞…իսկ դուք, պալատական ազնվականներդ, ձեր ազատությունը թողած մշակներ եք դարձել:
Երանելի Սուքիասը առարկեց.
-Այո, մեր Տերը և Աստվածը Քրիստոս է: Եթե ճանաչեիք մեր Տիրոջը, դուք էլ կլինեիք մեզ պես, որպեսզի տիրանայիք հավիտենական անմահ կյանքին, որն իբրև վարձք պիտի տա Նա իր բոլոր հավատարիմ հպատակներին:


Ի վերջո՝ ի զուր անցան Ալան զորավարի համոզիչ կարծած խոսքերը և խոստումները, որոնց բոլորովին դեմ էին երանելի Սուքիասյանները:
Իսկ երբ տեսավ, որ իր ջանքերն ապարդյուն են, նախ չարչարեց, դարձի բերելու հույսով, բայց, տեսնելով նրանց համբերությունը և անդրդվելիությունը, հրամայեց սպանել նրանց:
Սուքիասյանները, տեսնելով, որ մոտենում է մահվան պահը, սկսեցին աղոթել Աստծուն: Զորավարը ձանձրացավ նրանց անդադար աղոթքից և հրամայեց լռել, սակայն Սուքիասյանները խնդրեցին թույլ տալ երկրորդ անգամ աղոթել և հետո իրագործել վճիռը: Նրանք շարունակեցին աղոթել.
- Տեր Աստված զորության, որ արժանացրեցիր մեր կյանքն ապրելու անարատությամբ, ի փառս Ամենասուրբ Երրորդությանդ, լսի՛ր Տեր մեր աղոթքները և զորացրու մեզ Սուրբ Հոգուդ զորությամբ մեր մահվան ժամին: Գթա՛ Հայոց աշխարհին: Լսի՛ր, Տեր, Քեզ հուսացողների աղոթքը, որպեսզի որտեղ որ թափվեն վկաներիս արյունը, թող այդ երկրի հողը բժշկություն պարգևի հիվանդությամբ տառապողներին, և թող աղբյուր բխի այդ հողից և բուժի բոլոր ցավերը: Ու եթե մեկը մեր անունով գա և հավատքով բարեխոսություն խնդրի, Դու լսես և ողորմես նրանց, փրկես ամեն նեղությունից և բժշկես հոգու և մարմնի բոլոր վտանգներից, որովհետև Դու ամեն բան կարող ես և Քեզ վայել է փառք հավիտյանս հավիտենից, ամեն:
Այդ ժամանակ երկնքից ձայն լսվեց, որ ասում էր.
-Ինչ որ խնդրեցիք պիտի տրվի ձեզ, իսկ ձեր վկայության վայրում էլ կբխի բժշկության աղբյուր, որ  կփարատի բազմաթիվ ցավեր: 
Վերջում երանելիները, դիմելով բռնավոր զորավարին, ասացին. «Այժմ կատարիր քո թագավորի հրամանը» և մարտիրոսությամբ կնքեցին իրենց կյանքը:
Ազատվեցին միայն երկուսը, որ շարունակեցին քրիստոնեություն քարոզել:


Տարիներ անց հայոց Վաղարշ Ա թագավորը նույն տեղում կառուցեց մեծ ավան և իր անունով կոչեց Վաղարշակերտ (ռամկորեն՝ Ալաշկերտ):
Ավելի քան 150 տարի հետո Սուրբ Գրիգոր Լուսավորիչը վկայարան կառուցեց նրանց նահատակության վայրում և առաջին վանաերեց կարգեց իր աշակերտ Աբասին: Ավանդությունն ասում է, որ այդտեղ հետագայում «մի հրաշագործ աղբյուր բխեց, որ բուժում էր ամեն տեսակ հիվանդություն, մանավանդ բորոտություն»:
Սուրբ Սուքիասյանները հիշատակվում են Առաջավորաց պահքին հաջորդող երեքշաբթի օրը:

 

Սկզբնաղբյուրներ՝
1. Շնորհք արքեպիսկոպոս Գալուստեան, «Հայազգի սուրբեր», Երևան, 1997թ.
2.  Տ. Թորգոմ պատրիարք, «Սուրբք և տօնք Հայաստանեայց եկեղեցւոյ», 1981թ.
3. «Վարք սրբոց», Պէյրութ, 1975թ.
4. «Հայոց եկեղեցու սրբերը և սրբակենցաղ անձինք», Սբ. Էջմիածին, 1999թ.
5. Մաղաքիա արք. Օրմանյան, «Ազգապատում», հատոր Ա, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 2001թ.:

                                                                                                                 

Կազմեց Գայանե Սուգիկյանը
ՍԵԵՄ լրագրողական ակումբ
 

Դիտվել է 10014
2014.02.18
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.