Ընթերցանություն
Գլխավոր>Երիտասարդաց Միություն >Ինտելեկտուալ փառատոն> «Հաղթեք ոչ թե մյուսներին, այլ ինքներդ ձեզ». ձմեռային ինտելեկտուալ փառատոն

«Հաղթեք ոչ թե մյուսներին, այլ ինքներդ ձեզ». ձմեռային ինտելեկտուալ փառատոն

«Մի փորձեք լինել ավելի լավը, քան ձեր կողքիներն են. փորձեք լինել ավելի լավը, քան դուք էիք երեկ: Հաղթեք ոչ թե մյուսներին, այլև ինքներդ ձեզ և երբեք չեք իմանա՝ ինչ է պարտությունը»,- հենց այս խոսքերով ձմեռային ինտելեկտուալ փառատոնի մասնակիցներին ողջունեց փառատոնի մրցավար, «ԽորանԱրդ» ինտելեկտուալ ակումբի անդամ Սեյրան Մարտիրոսյանը:
Փետրվարի 22-ին Սուրբ Երրորդություն Եկեղեցու դահլիճը կրկին մարդաշատ էր. արդեն 8-րդ անգամ անցկացվում էր ձմեռային ինտելեկտուալ փառատոնը:


Իրենց գիտելիքներն ու տրամաբանելու հմտությունները փորձելու էին եկել 16 խմբեր, որոնցից միային «Արաբկիր» խումբն էր փառատոնին առաջին անգամ մասնակցում: Խմբի անդամները նշեցին, որ շատ են լսել փառատոնի մասին, և վերջապես հնարավորություն է ստեղծվել անմիջական մասնակցություն ունենալու: Թիմի անդամների խոսքով՝ ինտելեկտուալ փառատոնը հրաշալի հնարավորություն է որոշակիացնելու ունեցած գիտելիքների մակարդակն ու նոր գիտելիքներ ձեռք բերելու համար:


Թեպետ փառատոնն իր բնույթով մրցույթային է, դահլիճում որևէ անառողջ լարվածություն չէր նկատվում: «Ինտելեկտուալ փառատոնն ավելի շատ մտերմացնում է մեզ: Սա այն «ազարտն» է, որից միայն դրականն ենք քաղում: Այն միավորում է ամբողջ թեմին: Փառատոնը  կրթում է մեզ և յուրահատուկ խթան է հանդիսանում՝ ավելի շատ իմանալու, ինքնակրթվելու և ավելի խորությամբ ուսումնասիրելու Աստվածաշունչը»,- նշեց փառատոնի ամենափորձառու մասնակիցներից մեկը:
Ավանդույթի համաձայն հնչեցին 48 հարցեր՝ բացառապես հոգևոր-մշակութային ոլորտից:


Հարցերին ճիշտ պատասխանելու համար հարկավոր էր ինչպես գիտելիքների հարուստ ու կայուն բազա, այնպես էլ արագ կոմնորոշվելու ու տրամաբանելու հմտություններ:
Մրցության արդյունքում հաղթեց «Սկիզբ» թիմը: Սակայն ինչպես բազմիցս նշվել է, այս փառատոնում չկան հաղթողներ և պարտվողներ. այն գիտելիքի և, բառիս ամենաարմատական իմաստով, բարեկամության փառատոն է: «Մեր նպատակն այն չէ, որ դուք ամբողջությամբ ճիշտ պատասխանեք առաջադրված 48 հարցերին: Մեզ ավելի շատ հուզում է այն փաստը, թե հարցերից քանի՞սը ձեզ կմղեն գնալու և ուսումնասիրելու ավելին, կարդալու և վերընթերցելու Աստվածաշունչը»,- նշեց պարոն Մարտիրոսյանը:
Ինտելեկտուալ փառատոնը ևս մեկ անգամ վերածվեց իսկական տոնի՝ հարստացնելով ներկաներին գիտելիքների նոր պաշարով և ջերմ հիշողություններով:

 

Անժելա Պողոսյան
ՍԵԵՄ լրագրողական ակումբ

Դիտվել է 8049
2014.02.23
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.