Ընթերցանություն
Գլխավոր>Երիտասարդաց Միություն >«Սկիզբ» հոգևոր ծրագիր> Կամք ներելու և շնորհ ներվելու համար

Կամք ներելու և շնորհ ներվելու համար

Բարեկենդանի կիրակի գիշերը` ընթրիքից հետո, նախքան քնելը, մարդիկ մածուն ու կաթնապուր էին ուտում և անկողնու մեջ խաշած ձու ուտելով միմյանց բարեմաղթանք էին ասում. «Բերաններս փակում ենք սպիտակ ձվով, Աստված արժանացնի կարմիր ձվով բաց անելուն»:

«Սկիզբ» ծրագրի մասնակիցների հերթական կիրակնօրյա հանդիպումը կարծես հենց այս սովորության արտացոլումն էր: Միայն որոշ տարբերությամբ: Մածունին և կաթնապուրին փոխարինում էին տեսակ-տեսակ խորտիկներն ու քաղցրավենիքները, իսկ բարեմաղթանքն ասաց տեր Եսայի քահանա Արթենյանը:


Տեր Եսային կարևոր համարեց Մեծ Պահքից առաջ խոսել ներողամտության և ներողություն խնդրելու մասին.  «Բարեկենդանի խորհուրդը դրախտային, երանելի վիճակի  վերապրումն է, որին հաջորդում է պահքը, իսկ այս շրջանում շատ կարևոր է, որ մեկս մյուսին կարողանանք ներել: Դիմացինին շատ հեշտ է նեղացնելը. դա կարող է լինել ինչպես անզգուշությամբ, այնպես էլ դիտավորությամբ: Ուստի, շատ կարևոր է, թե որևէ մեկին վիրավորելուց կամ վշտացնելուց հետո հնչող ներողությունը որքանով է անկեղծ: Ներել չի նշանակում մոռանալ անցյալում կատարված արարքները, այլ իմանալով այդ մարդու խոցելի կողմը`փորձել հնարավորինս օգնել նրան, քանի որ ներողամտությունը երբեք անցյալը չի փոխում, այլ վերաբերմունքը: Ներել նշանակում է դիմացինին փոխվելու հնարավորություն տալ: Ներելը նաև շնորհ է, քանի որ ներում ենք առանց պատճառի, ինչպես որ Աստված է մեզ ներում առանց պայմանի: Ներելու համար պետք է հրաժարվել սեփական փառասիրությունից և դա անել հանուն Աստծո»:


Սուրբ Երրորդություն եկեղեցու դահլիճում մարտի 2-ին նշվեց Բուն Բարեկենդանը: Հանդիպմանը ներկա էր նաև Սուրբ Երրորդություն եկեղեցում ծառայող տեր Անուշավան քահանա Կոշեցյանը:
Տոնախմբության մասնակիցներին իրենց ելույթներով ոգևորեցին նաև խուլերը: Թատերական ներկայացում, մնջախաղ, համերգային ծրագիր և այլն:
 


Երաժշտական անակնկալ մատուցեց նաև ծրագրի մեկ այլ մասնակից` Արկադին, ով երգելուն զուգահեռ դահլիճում աշխույժ և պարային տրամադրություն ստեղծեց: Ուշագրավ էր նաև ժեստերի լեզվով ներկայացված «Գետակի վրա թեքվել է ուռին» երաժշտական ստեղծագործությունը: Իսկ «Սկիզբ» հոգևոր ծրագրի մասնակից Կարենը ներկայացրեց «Մեծարանք ամենագետ Աստծուն» սաղմոսը. «Ահա դու իմացար իմ սկիզբն ու վերջը, դու ինձ ստեղծեցիր և ձեռքդ դրիր ինձ վրա: Զարմանալի է քո իմացությունն իմ մասին, այնքան զորեղ, որ չեմ կարող հասու լինել դրան…»:


Բացի երաժշտական ու ասմունքի կատարումներից հանդիսատեսը ականատես եղավ նաև խուլերի կողմից պատրաստած թատերական ներկայացումներին: Այստեղ բառերն ավելորդ էին, քանի որ խուլերի հմուտ խաղը բավական էր, որպեսզի հանդիսատեսը լիաթոք ծիծաղելուց հետո հոտնկայս «բռա՜վո» գոչեր:

Բուն Բարեկենդանին հաջորդելու է գալիս Մեծ Պահքը, որը ներելու և ներվելու հնարավորություն է յուրաքանչյուր քրիստոնյայի համար:

 

Անի Ղուկասյան
ՍԵԵՄ լրագրողական ակումբ

Դիտվել է 4330
2014.03.03
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.