Ընթերցանություն

Ինչո՞ւ է պետք ապաշխարել

«Սկիզբ» ծրագրի մարտի 9-ի հանդիպումը նվիրված էր այդ կիրակի օրվա խորհրդին` մարդու Դրախտից արտաքսման և ապաշխարության: Հայ Եկեղեցու ավանդությամբ  Մեծ Պահքի շրջանի յուրաքանչյուր կիրակին ունի իր խորհուրդը` Բուն Բարեկենդանից մինչև Սբ. Հարության Տոնը: Եթե Բուն Բարեկենդանը ներկայացնում է մեզ մարդու Դրախտային կյանքը մինչև մեղանչելը, ապա Արտաքսման կիրակին պատմում է, թե ինչ տեղի ունեցավ մեր նախնիների` Ադամի և Եվայի մեղանչումից հետո: Արտաքսման խորհուրդը բացահայտելիս մի կարևոր հարց է առաջանում. ինչո՞ւ է պետք ապաշխարել: Այն պատճառով, որ Աստված պատժե՞ց մարդուն, կամ որպեսզի վերադարձնե՞նք Դրախտը: Այս հարցերին պատասխանեց իր քարոզում խոսնակը` արժանապատիվ տեր Եսայի քահանա Արթենյանը:


Արարչություն


Աստվածաշունչը մեզ պատմում է. «Ի սկզբանէ Աստուած ստեղծեց երկինքն ու երկիրը» (Ծննդ.1.1): Արարչությունը անկատարից կատարելության հասնելու մի պատմություն է: Երկինքը ստեղծվեց միանգամից, այն հրեշտակների բնակավայրն է: Երկիրը ստեղծվեց աստիճանաբար` փուլերով: Եվ վերջում ստեղծվեց արարչության թագն ու պսակը` մարդը, որ պիտի կապեր իրար երկինքն ու երկիրը, քանի որ մարդը երկակի բնություն ունի` հոգևոր և նյութական: Ադամը թեպետ անմեղ ստեղծվեց, սակայն ոչ կատարյալ, նա դեռ պիտի հասներ կատարելությանը` համադրելով իր մեջ հոգևորն ու նյութականը: Որովհետև կատարելությունը` շնորհ չէ, այլ ընթացք առ Աստված, մարդու առաքելություն, կյանքի նպատակ և իմաստ: Իսկ ինչպե՞ս Ադամը պիտի հասներ կատարելության: Հնազանդվելով և սիրելով Աստծուն, ինչպես դա արեց Քրիստոս:


Արգելված պտուղը


«Տէր Աստուած պատուիրեց Ադամին ու ասաց. «Դրախտում ամէն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու եւ չարի գիտութեան ծառից մի´ կերէք, որովհետեւ այն օրը, երբ ուտէք դրանից, մահկանացու կը դառնաք»:» (Ծննդ. 2. 16-17): Տիեզերքում և արարչության մեջ կար մի խնդիր` արգելված պտուղ: Դա փորձություն էր, որ մարդ պիտի հաղթահարեր կատարելության հասնելու իր ճանապարհին: Ադամն ու Եվան անմեղ էին, բայց կատարյալ չէին. որպեսզի հասնեին կատարելության պիտի պահք պահեին` հնազանդվելով Աստծո պատգամին և չուտելով արգելված պտուղը: Եվ դա պարզապես կույր հնազանդություն չէր: Ինչո՞ւ: Որովհետև այդ կերպ մարդը կարող էր իր սերը արտահայտել առ Աստված: Ինչպես որ Քրիստոսն է ասում. «Եթէ ինձ սիրում էք, կը պահէք իմ պատուիրանները» (Հովհ. 14. 15):
Ինչո՞ւ Աստված այլ պատգամ չտվեց մարդուն: Ոմանք ասում են, որ Աստված այնպիսի պատվիրան տվեց, որ մարդը չէր կարող պահել: Այս մտքի անհեթեթությունը ակներև է: Որովհետև Աստված մարդուն պատվիրեց չուտել բարու և չարի գիտության ծառից ոչ թե նրան գայթակղեցնելու համար, այլ կատարելության հասնելու համար՝ հնարավորություն տալու Ադամին իր ազատ կամքով ընտրել բարին` Աստծուն և Նրա սերը: Այս պատգամը Աստծո սիրո արտահայտումն էր մարդու նկատմամբ, քանի որ Ադամը ստեղծվել էր Աստծո նմանությամբ և պատկերով, օժտված էր ազատ կամքով: Կենաց ծառը, որից Ադամն ու Եվան չկերան, աստվածհայտնության, աստվածտեսության խորհուրդն ուներ, իսկ բարու և չարի գիտության ծառը՝ Աստծո հետ հարատև հարաբերության խորհուրդը: Աստված կամենում էր, որ Ադամն ու Եվան ճաշակեին այդ ծառի պտուղներից, բայց դա պիտի անեին աստիճանաբար՝ պահքը պահելուց հետո և Աստծուն հնազանդվելով: Որովհետև առանց Աստծո հնարավոր չէ ճանաչել Աստծուն, հասնել Աստվածգիտության, իսկ մարդը հենց դա փորձեց անել: Աստծո տված պատվիրանը պահելով՝ մարդը պիտի մերժեր փառասիրությունն ու հպարտությունը, նյութական վայելքի նկատմամբ ցանկասիրությունը, որոնք մայրն են բոլոր չարիքների: Ինչը և արեց մեր փոխարեն Քրիստոս, մարդանալով, ըստ Եսայի մարգարեի. «…նախքան չարը ճանաչելը կամ այն ցանկանալը նա պիտի ընտրի բարին» (Եսայի 7. 15):


Մարդը չարի հետ երկխոսության մեջ մտավ


«Օձն ասաց կնոջը. «Ինչո՞ւ Աստուած ասաց, թէ դրախտում գտնուող բոլոր ծառերի պտուղներից չէք կարող ուտել»: Կինն ասաց օձին. «Դրախտի ծառերի պտուղներից կարող ենք ուտել: Սակայն դրախտի մէջտեղի ծառի պտղի համար Աստուած ասաց. «Դրանից չուտէք եւ չմօտենաք, որպէսզի չմեռնէք»: Օձն ասաց կնոջը. «Չէք մահանայ, որովհետեւ Աստուած գիտէր, որ այն օրը, երբ դրանից ուտէք, կը բացուեն ձեր աչքերը, եւ դուք կը լինէք աստուածների նման կ’իմանաք բարին ու չարը»:» (Ծննդ. 3. 1-5): Մարդը սայթաքեց այն պահին, երբ երկխոսության մեջ մտավ չարի հետ: Չարը սովորություն ունի խաբելու մարդուն՝ նրան կես սուտ կես ճշմարտություն հայտնելով: Եթե չարը ակնհայտ սուտ ասեր, մարդը երբեք չէր խաբվի և չէր ընդունի այն: Այդ նույն սկզբունքով վարվեց օձը: Նա կես սուտ կես ճշմարտություն ասաց Եվային: Եվայի մեջ կասկած մտավ: Եվ կասկածը նրան հաղթեց: Նա հաղթվեց փառասիրությունից և ցանկասիրությունից: Այդ պատճառով էլ եկեղեցու հայրերը սովորեցնում են երբեք չլսել չարի ձայնը, այլ անմիջապես մերժել այն, որպեսզի կասկածը չընկնի մարդու սրտի մեջ, երբ չարը համոզի, որ «արգելված պտուղը» լավն է, կամ ոչ մի վատ ու սարսափելի բան չկա այս կամ այն մեղքը գործելու մեջ: Եկեղեցու հայրերը ասում են, որ Ադամն ուներ բանականության խորհուրդը, իսկ Եվան՝ զգացմունքների: Եվ եթե բանականությունն չհնազանդվի զգացմունքներին, այլ հակառակն լինի, ապա մեղք չգործելը շատ ավելի հեշտ կլինի:


Մարդու մերկությունը


Երբ Ադամն ու Եվան կերան արգելված պտղից. «Երկուսի աչքերն էլ բացուեցին, եւ նրանք հասկացան, որ մերկ են: Նրանք թզենու տերեւներն իրար կարեցին եւ իրենց համար գոգնոց շինեցին» (Ծննդ. 3. 7): Ի՞նչ է նշանակում այստեղ մերկությունը: Ադամն ու Եվան մինչև մեղք գործելը ունեին այնպիսի մարմին, ինչպիսին մարդ պիտի ունենա հարությունից հետո՝ Աստծո լույսով և շնորհներով զարդարված: Մեղանչելուց հետո նրանց մարմինը փոխվեց: Ադամն ու Եվան զրկվեցին աստվածային շնորհներից ու լույսից: Իրենք կաշվե զգեստ հագան՝ մաշկը, որ հետո պատրաստեց նրանց համար Աստված: Ադամի մերկությունն այնժամ երևաց, երբ ցամաքեց աստվածային սերը: Մեղքի արդյունքում թուլացավ Ադամի բանականությունը: Ադամը մինչ այդ օժտված էր մարգարեական բարձր շնորհներով, նա ճանաչում էր աշխարհը, Տիեզերքը, երկրի բոլոր արարածներին և իրենց բնությանը համապատասխան անուններ դրեց նրանց: Բայց երբ Ադամը լսեց Աստծո ոտնաձայները դրախտում, նա վախեցավ ու թաքնվեց Աստծուց, որովհետև մերկ էր և ամաչում էր (Ծննդ. 3. 8-10): Ի՞նչ է նշանակում «Աստծո ոտնաձայնը», եթե ոչ Աստծո ներկայությունը, չէ՞ որ Աստված ամենուր է և միշտ, մի՞թե դա չգիտեր Ադամը: Եթե մինչև մեղք գործելը Աստծո ներկայությունը անբաժան էր մարդու կյանքի ռիթմից՝ նրա սրտի բաբախումն էր, շնչառությունը, ապա մեղանչումից հետո այդ գիտակցումը բթացավ: Այսինքն՝ մեղքի արդյունքում մարդը կորցրեց Աստծո ներկայության զգացումը և գիտակցումը: Նա օտարացավ Աստծուց: Առաջ եկան վախը և ամոթը:


Արտաքսում


Աստված միանգամից չարտաքսեց Ադամին ու Եվային Դրախտից, այլ հնարավորություն տվեց նրանց զղջալու, սակայն իրենք չօգտագործեցին այդ հնարավորությունը, այլ Ադամը, մեղքը գցելով կնոջ և Աստծո վրա, որ տվեց նրան այդ կնոջը, իսկ կինը` օձի վրա, փորձեցին արդարանալ:
«Եւ Տէր Աստուած արտաքսեց նրան բերկրութեան դրախտից, որպէսզի նա մշակի այն հողը, որից ստեղծուել էր» (Ծննդ. 3. 23): Ի՞նչ է արտաքսումը: Պատի՞ժ: Իրականում պատիժ չէր: Աստված չդադարեց մարդուն սիրելուց, նրա կողքին լինելուց, նրան խնամելուց և օգնելուց, նրան մխիթարելուց: Աստված Ադամի ու Եվայի համար կաշվից զգեստներ պատրաստեց և հագցրեց նրանց (Ծննդ. 3.21): Աստված արտաքսեց մարդուն Դրախտից ոչ թե նրան պատժելու համար, այլ ուղղելու, հնարավորություն տվեց ապաշխարությամբ և հավատով մաքրվելու մեղքից, հավիտենական կյանքին արժանանալու, վերստանալու աստվածային շնորհները, կատարելության ձգտումը վերականգնելու: «Տէր Աստուած ասաց. «...գուցէ նա ձեռքը մեկնի, քաղի կենաց ծառից, ուտի եւ անմահ դառնայ»:» (Ծննդ. 3. 22): Մարդու համար ավելի սարսափելի կլիներ, եթե նա հավիտյան չկարողանար ազատվել մեղքի զգացումից, մնար մեղավոր վիճակում:


Մարդու կյանքը Դրախտից դուրս


Դրախտից դուրս ի՞նչ եղավ Ադամի հետ: Նա տեսավ իր մեղքի պտուղը: Տեսավ ինչպես մեղքը մահ ծնեց, երբ իր որդին Աբելը սպանվեց եղբոր ձեռքից, թե ինչպես մեկ մարդու գործած մեղքը անդրադառնում է շատ ու շատ մարդկանց վրա, որ բոլոր մարդիկ պիտի կրեն մեկ մարդու գործած մեղքի հետևանքները: Այդ նույն իրողությունները կան և մեր կյանքում, երբ մենք ինքներս ենք մեղքեր գործում:
Ադամը խորապես զղջաց, նա դառնորեն լաց եղավ Դրախտի դռների առջև ու իր ամբողջ կյանքը մինչև մահ ապաշխարեց: Եվ Ադամի լացը մինչև այսօր կա ի դեմս ամեն մի զղջացող մարդու, քանի որ մենք բոլորս հիմա ամբողջ մարդկության ապաշխարության շրջանում ենք գտնվում:
Երբ Ադամն ու Եվան մեղք գործեցին, իրենց և Աստծո հարաբերությունները փոխվեցին: Մարդը սկսեց ընկալել Աստծուն որպես իրենից դուրս էակ, նա օտարացավ և հեռացավ Աստծուց: Աստծո հետ կապը կտրվեց, որովհետև մարդու սերը պակասեց, բանականությունը թուլացավ: Այդպես էլ և մենք` միշտ փնտրում ենք Աստծուն մեզանից դուրս. երբ մտածում ենք Աստծո մասին, ակամայից հայացքը հառում ենք դեպի երկինք, եթե եկեղեցում ենք գտնվում` նայում ենք դեպի խորան:
Եվ Ադամը լաց եղավ ոչ թե նրա համար, որ Դրախտից զրկվեց, այլ որովհետև հեռացավ Աստծուց:
Իսկ ի՞նչ մնաց մարդու մոտ: Աստծո ներկայության և սիրո փափագը, աղոթքը, կատարելության ձգտումը, ապաշխարության և առ Աստված հավատի միջոցով հնարավորություն` Աստծո հետ խզված կապը վերականգնելու, հավիտենական կյանքին հասնելու:


Ի՞նչ է ապաշխարությունը


Ապաշխարությունը` առ Աստված վերադառնալու միջոցն է և ճանապարհը: Կորցրած դրախտը` մեր անձերի մեջ վերագտնելու հնարավորություն: Ըստ Տիրոջ խոսքի` երկնքի արքայությունը մի´ փնտրեք ուրիշ տեղ, այլ ձեր անձերի մեջ: Եվ այսօր, երբ եկեղեցում մատուցվում է Սբ. Պատարագը, Աստծո` մարդու նկատմամբ անսահման սիրո և ողորմության արդյունքում, ապաշխարության միջոցով մենք բոլորս հնարավորություն ենք ստանում ճաշակելու Կենաց ծառի պտուղը` Սբ. Հաղորդությունը` մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի մարմինն ու արյունը, որ տրվեց մեզ մաքրագործման, սրբության, կատարելության, հավիտենական կյանքին արժանանալու համար:
Ապաշխարությունը ունի որոշակի փուլեր`1) մեղքի գիտակցում, երբ մարդը վերանայում է իր կյանքը, տեսնում և ընդունում է ինքն իր առջև իր գործած մեղքերն ու սխալները, 2) զղջում գործած մեղքերի համար, հստակ որոշում մարդու կողմից իր կյանքը ուղղելու, այլևս չգործելու այդ մեղքերն ու սխալները, 3) մեղքերի խոստովանություն, 4) բուն ապաշխարություն` երբ մարդը ներսից փոխում է իր կյանքը` ինքն իրեն:
Ամփոփելով քարոզը՝ տեր Եսային եզրակացրեց. «Քանի դեռ մարդու սրտում կա զղջում՝ նա ապրում է»:

 

պատրաստեց Աննա Կիշինևսկայան
ՍԵԵՄ լրագրողական ակումբ
 

Դիտվել է 4486
2014.03.10
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.