Ընթերցանություն
Գլխավոր>Խուլերի համայնք> Ընձեռնված հնարավորություն դեպի հետաքրքրաշարժ աշխարհ

Ընձեռնված հնարավորություն դեպի հետաքրքրաշարժ աշխարհ

Մայրենի լեզվի բառերը մենք զգում ենք, ապրում, իսկ օտար լեզվինը՝ սովորում, հասկանում, հիշում… (Ավետիք Իսահակյան)
Խուլերը անգլերենի դասի են, բայց  ձեռքին ունեն սանտիմետր և զարմացած հայացքով ինչ-որ չափումներ են անում ու բազում հարցեր տալիս մանկավարժին:
«Արդեն մի քանի դաս է աշխույժ քննարկումների մեջ են, սանտիմետրերով չափում են, փորձում հասկանալ ժամացույցի մոտավոր չափը: Խոսքը Լոնդոնի Բիգ Բեն ժամացույցի աշտարակի մասին է: Մենք փորձում ենք անգլերենի հետ համատեղել որևէ հետաքրքիր նյութ, որի հետ զուգահեռ սովորում են անգլերեն բառեր, նախադասություններ»,_ պատմում էր խուլերի անգլերենի խմբակի մանկավարժ Սրբուհի Ղազարյանը:


Խուլերի ցանկությամբ Սուրբ Երրորդություն եկեղեցում արդեն երկար ժամանակ է ինչ գործում է անգլերենի խմբակը:
«Սկզբում մենք պետք է անգլերենի ժեստերը սովորեցնեինք, հետո հասկացանք, որ ավելի շուտ պետք է հայերենի գրաճանաչություն, հետո՝ անգլերենի իմացություն և նոր՝ անգլերեն ժեստեր: Անգլերենի տառերը իրենք սովորել են, համակարգչից օգտվելով, այդ պատճառով իրենց մոտ արմատացած սխալներ կան այս առումով: Խուլերի համար, իհարկե, դժվար է այս ամենը շուտ ընկալել, որովհետև կան բառեր, երբ գրում եմ անգլերեն-հայերեն թարգմանությունը, նրանք հայերեն թարգմանությունն էլ չգիտեն: Ռուսերենից էլ են կաղում, դպրոցում շատ թեթև են անցնում, այդ պատճառով էլ մեր դասընթացները հիմնականում վերածվում են քննարկման՝ հայերենի, ռուսերենի, անգլերենի: Նույնիսկ իրենց համար բարդ է այն ծրագիրը, որն այսօր ուսուցանվում է մեր տարրական դպրոցներում: Ամեն դասին ես նոր ծրագիր եմ կազմում՝ համապատասխան իրենց հարցերի, գիտելիքների»:


Անգլերենը խուլերի համար նոր աշխարհ է, որ պատուհան է բացում դեպի այլ աշխարհ՝ նոր հետաքրքրություններով և ծանոթություններով լի:
«Քանի որ իրենք շատ են օգտվում սոցիալական կայքերից, իրենց համար շատ կարևոր է անգլերենի իմացությունը: Հիմա իրենք արտասահմանում արդեն ընկերներ ունեն և նրանց հետ խոսելու ընթացքում բազմաթիվ հարցեր են առաջանում: Իրենք մեծ նախանձախնդրությամբ են սովորում անգլերենը, այն ժեստերի և հայերենի լեզուներից հետո խուլերի համար հաջորդ պահանջը ներկայացնող լեզուն է: Այս տարիների ընթացքում տեսանելի արդյունքը նկատելի է, խուլերը սկսել են սիրել անգլերենը, երբ իրենք որևէ բան չեն հասկանում, սկսում են հիասթափվել: Բայց, երբ տեսնում են, որ կարող են ինչ որ մեկին հարց տալ և դրա պատասխանը ստանալ, հաճույքով են մասնակցում և անհամբերությամբ սպասում անգլերենի»,- ասաց Սրբուհին:


Էմման մեկ տարի է ինչ մասնակցում է անգլերենի դասերին. «Շատ էի ուզում անգլերեն սովորել և փորձում էի մենակ սովորել, բայց դժվար էր: Ուրախացա, երբ իմացա, որ եկեղեցում այդ հնարավորությունը ունենք, երբ  կա թարգմանիչ և բացատրություն, հեշտ է անգլերեն սովորելը: Շնորհակալ եմ տեր Եսայից, իմ մանկավարժից՝ Սրբուհուց»:

                                                                                                                         
Գրետան հենց սկզբից էլ հաճախել է անգլերենի «Ես կարդում եմ, հասկանում, բայց ինձ համար արտաբերումն է դժվար: Ինձ համար հեշտ է անգլերենով բարևելը, ներկայանալը: Ես համալսարանում եմ սովորում, և այնտեղ անգլերենը բավականին բարդ է ինձ համար»:
Ժեստերի լեզվի մասնագետ տիկին Զուբեյդան չթաքցրեց իր ուրախությունը. «Ես շնորհակալ եմ Աստծուց, որ խուլերը հնարավորություն ունեն անգլերենի խմբակ հաճախելու: Կարևորը, որ իրենք կարողանում են անկաշկանդ հարցեր տալ և այդ հարցերի պատասխաները ստանալ: Ոչ մի կիրակի իրենք բաց չեն թողնում, մինչև երեկո եկեղեցում են. գալիս են պատարագի, հետո թատերականի, անգլերենի խմբակների, ապա կիրակնօրյա քարոզի»:


Կարինե Սուգիկյան
ՍԵԵՄ լրագրողական ակումբ

 

Դիտվել է 2923
2014.03.15
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.