Ընթերցանություն

Հայրական սերը

«Սկիզբ» ծրագրի մարտի 16-ի հանդիպումը նվիրված էր այդ օրվա` Անառակ Որդու Կիրակիի խորհրդին, որի հիմքում ընկած է Հիսուս Քրիստոսի պատմած առակը (Ղուկաս 15. 11-32): Առաջարկելով ունկնդիրներին նայել մեր այսօրվա կյանքին  այդ առակի պատմության լույսի ներքո և զուգահեռներ անցկացնել ինքներս մեր և առակի հերոսների միջև, խոսնակը` արժանապատիվ Տեր Եսայի քահանա Արթենյանն ասաց.


«Առաջին հայացքից թվում է, որ այս առակը որդու մասին է, սակայն այդպե՞ս է դա, թե ոչ մենք կտեսնենք ավելի ուշ: Եվ այսպես, մի մարդ երկու որդի ուներ: Նրանցից կրտսերը ասաց հորը. «Հա´յր, տուր ինձ քո ունեցվածքից ինձ հասանելիք բաժինը»: Հայրը կիսեց իր ունեցվածքը, և քիչ ժամանակ անց կրտսեր որդին, վերածելով իր բաժինը փողի, թողեց հայրական տունը և գնաց օտար երկիր: Այնտեղ, անառակ կյանքով ապրելով, նա վատնեց իր ամբողջ ունեցածը ու աղքատացավ: Նրա բոլոր ընկերները լքեցին իրեն: Նրանք վարվեցին ճիշտ այնպես, ինչպես որդին էր վարվել ժամանակին իր հոր հետ: Այդ երկրում սաստիկ սով եղավ, և որպեսզի սովամահ չլինի կրտսեր որդին սկսեց աշխատանք փնտրել, դիմեց այդ երկրի քաղաքացիներից մեկին, և դա նրան ուղարկեց իր ագարակը` խոզեր արածեցնելու: Քրիստոս այս առակը պատմել էր հրեաների միջավայրում, իսկ հրեական իրականության մեջ խոզը պիղծ կենդանի էր համարվում, և ավելի ստոր աշխատանք քան խոզարած լինելը հնարավոր չէր պատկերացնել հրեայի համար: Կրտսեր որդին սովից ցանկանում էր եղջերենու պտղով, որ խոզերի կերն է, լցնել իր որովայնը, բայց ոչ ոք թույլ չէր տալիս նրան դա անել, այսինքն` նույնիսկ խոզի կերը ափսոսացին նրա համար: Այդժամ նա խելքի եկավ ու ասաց ինքն իրեն. «Այստեղ ես մեռնում եմ սովից, իսկ հորս տանը բազում վարձկաններ կան, ու նրանք առատ հաց ունեն: Վեր կենամ գնամ իմ հոր մոտ ու ասեմ նրան. «Հա´յր, մեղանչեցի երկնքի դեմ ու քո առաջ, այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու, ընդունիր ինձ որպես քո վարձկաններից մեկը»: Եվ նա այդպես էլ վարվեց: Հայրը ընդունեց կրտսեր որդուն մեծ գորովանքով և սիրով ու հրամայեց ծառաներին խնջույք կազմակերպել, քանի որ նրա որդին մեռած էր և կենդանացավ, կորած էր և գտնվեց: Ավագ որդին այդ ժամանակ ագարակում էր ու երբ վերադարձավ և ուրախության պատճառը իմացավ, բարկացավ և չէր կամենում տուն մտնել: Հայրը դուրս եկավ տնից և աղաչում էր նրան, սակայն ավագ որդին ասաց հորը. «Քանի~ տարի է, որ քեզ հավատարիմ ծառայում եմ, և ինձ մեկ ուլ չտվեցիր, որ ուրախանամ ընկերներիս հետ, իսկ երբ եկավ քո այդ որդիդ, որ անառակների հետ կերավ քո ունեցվածքը, նրա համար պարարտ եզ մորթեցիր»: Չասաց «եղբայրս եկավ», այլ` «քո այդ որդիդ»: Հայրը ասաց նրան. «Որդյա´կ, դու միշտ ինձ հետ ես, և ինչ որ իմն է`քոնն է, սակայն պետք էր ուրախ լինել և ցնծալ, որովհետև քո այս եղբայրը մեռած էր և կենդանացավ, կորած էր և գտնվեց»: Սա ամենահրաշք պատմությունն է և օրինակ` տեսնելու և ճանաչելու ինքներս մեզ մեր բոլորիս երկնավոր Հոր` Աստծո և եղբայրների` մարդկանց հետ հարաբերություններում: Այս առակին անդրադառնալիս ակամայից մտածում ենք, թե ո՞վ ենք մենք այս պատմության մեջ` կրտսե՞ր որդին, ավա՞գ որդին, կամ, միգուցե, հա՞յրը: Իրականում մենք նման ենք թե´ կրտսեր և թե´ ավագ որդուն: Իսկ հայրը` այն նպատակն է, որին պետք է ձգտենք մեր ողջ կյանքում` նմանվելով հոր կերպարին:


Մի նկարի պատմություն


Ո՞վ չի լսել Ռեմբրանդտի «Անառակ որդու վերադարձը» հանրահայտ նկարի մասին: Նկարիչը ստեղծել էր այս կտավը իր կյանքի վերջում, ու այն շատ սերտ կապ ունի իր ապրած կյանքի հետ: Ռեմբրանդտի կենսագիրները վկայում են այն մասին, որ երիտասարդ տարիքում նա եղել էր հպարտ, եսասեր, ինքնահավան, մեծամիտ ու փողասեր մի մարդ: Իր տուն թանգարանում մինչև հիմա պահպանվել է այն սենյակը, որտեղ նա հավաքում էր հարուստ գնորդներին, արբեցնում էր նրանց ու հետո թանկ գնով վաճառում իրենց էժան գնով գնված ուրիշ նկարիչների նկարները: Պահպանվել է ևս Ռեմբրանդտի մի ինքնապատկեր, որ նա նկարել էր դեռ 13 տարեկան հասակում, որտեղ նրա դիմագծերը, դեմքի արտահայտությունը շատ նման է իր հայտնի կտավում պատկերված ավագ որդուն: Ռեմբրանդտի նկարում պատկերված կրտսեր որդու դիմագծերը նման են միջին տարիքում Ռեմբրանդտին: Նկարիչը զրկանքներով ու կորուստներով լի շատ ծանր և դժվարին կյանք է ապրել: Նա կորցրել էր հինգ երեխաներից  չորսին, երկու կին: Ամբողջ կյանքի ընթացքում, անընդհատ հարազատների մահվան կորուստներ  է ունեցել:


Սակայն ծանր կյանքը, կորուստները չկարողացան կոտրել Ռեմբրանդտին: Նա իր արվեստի մեջ ավելի կատարելագործվեց: Այլևս ոչինչ չուներ կորցնելու, նրան մնում էր տալ, ինչը և արեց նա՝ նմանվելով իր հայտնի կտավում պատկերված հորը, որ անսահման սիրով և գորովանքով գրկում է իր կորած և գտնված զավակին: Այստեղ էլ, հորը նկարելիս, նկարիչը ինքն իրեն է պատկերում:  Այսինքն՝ Ռեմբրանդտի նկարում պատկերված գլխավոր հերոսներից երեքն էլ՝ ինքը Ռեմբրանդտն է, ով, իր կյանքը ապրելով,  անառակ որդուց հասնում է հոր կերպարին: Ուշագրավ է, որ հայրը նկարում կույր է պատկերված՝ այսինքն, հեղինակը դրանով ուզում էր ցույց տալ, որ հայրը իր որդուն սրտով և հոգով է ճանաչում և ընդունում: Նրա երկու ձեռքերը, որով գրկում է իր զավակին, տարբերվում են իրարից: Մեկը՝ տղամարդու կոշտ ձեռք է, մյուսը՝ ավելի շատ կնոջ նուրբ ձեռքին է նման: Դրանով նկարիչը մեզ ցույց է տալիս, որ հայրը, ով Աստծունն է խորհրդանշում Քրիստոսի պատմած առակում, իր մեջ թե´ հոր, և թե´ մոր խորհուրդն է պարունակում. հայրը պինդ և ամուր բռնում է զավակին, որպեսզի նա չսայթաքի կյանքում, իսկ մայրը քնքշորեն շոյում ու մխիթարում է:


Կրտսեր որդին


Ես չեմ ուզում քննադատել կրտսեր որդուն: Մեզանից յուրաքանչյուրիս կյանքում կարող է այնպիսի իրավիճակ լինել, երբ ինչ-որ բան իմաստազրկվում է մեր կյանքում: Այդ դեպքում ավելի լավ է հեռանալ, քան անտարբեր մնալ, ինչպես ավագ որդին:

Կրտսեր որդին, պահանջելով հորից ժառանգության իր բաժինը, հոգով սպանեց հորը: Քանի որ նրա խոսքերը ոչ այլ ինչ էին նշանակում, եթե ոչ հետևյալը. «Հա´յր, չեմ կարող սպասել մինչև դու մեռնես, այլ ուզում եմ հիմա ստանալ աշխարհի վայելքները»:
Թողնել հայրական տունը փոխաբերական իմաստով նշանակում է` մերժել հոգեհարազատ շատ սկզբունքներ և արժեքներ: Հայրական տունը` առաքինության սկզբունքների, սուրբ արժեքների պահվելու վայրն է: Ինչպես եկեղեցին` մեր բոլորիս հայրական տունն է: Կրտսեր որդու տնից հեռանալը խորհրդանշում էր ամբողջ մարդկության և մեզանից յուրաքանչյուրիս հեռանալը տնից և Հորից: Երբեմն մենք, մեր ունեցածը վերարժևորելու համար, ուզում ենք հեռանալ` մեր աշխարհընկալումը փոխել, ուրիշ աչքերով նայել մեր կյանքին: Սակայն դա չի նշանակում, որ հայրական տանը ինչ-որ բան փոխվել է: Հայրական տանը ամեն ինչ նույնն է մնացել: Ինչպես կրտսեր որդին, երբ վերադարձավ իր հոր տունը, հագավ իր նախկին պատմուճանը, մատանին, կոշիկները:


Աշխարհը մեզ ոչինչ չի առաջարկում, այլ փոխարենը մեզ ասում է. «եթե փող ունես` խնդրեմ...եթե գեղեցիկ ես` համեցի´ր...եթե պաշտոնյա ես` դու իմ ընկերն ես...»: Սակայն մի օր այդ «եթե»-ների շարքը սպառվում է: «Եթե»-ն կարող է չլինել, ու այդ դեպքում պետք է գնալ և «խո՞զ արածեցնել»: Աշխարհը իր պայմանական սիրով աղքատացնում է մեզ: Աստված առանց պայմանների է մեզ սիրում: Հայրը առանց պայմանների ներեց իր անառակ որդուն, թեպետ նրա ներողություն խնդրելը պետք էր` հենց որդու համար: Հայրը թույլ տվեց կրտսեր որդուն ծնկաչոք խնդրել ներողություն և ասել. «Հա´յր, մեղանչեցի երկնքի դեմ ու քո առաջ, այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու», ոչ թե այն բանի համար, որ դա հորն էր պետք, այլ նրա համար, որ դա հենց իր որդուն էր անհրաժեշտ:


Կրտսեր որդին նկարում ճաղատ է պատկերված, բայց մեջքին սուր կապած ունի: Այսինքն` նա ամեն ինչ կորցրել էր, բայց չէր կորցրել իր ազնվականությունը` մարդ լինելու պատիվը: Նա կանգնած էր կյանքի և մահվան միջև: Ու նա կատարեց իր ընտրությունը, քայլ արեց դեպի կյանք, դեպի փրկությունը` որոշում կայացրեց վերադառնալու հայրական տունը:
Կրտսեր որդին պիտի ամեն ինչ կորցներ, որպեսզի հասկանար, որ նա խոզ չէ, այլ մարդ: Եվ այդ հարցը մեզանից յուրաքանչյուրին է ուղղված` պե՞տք է կորցնել ամեն ինչ, որպեսզի հասկանանք, որ մարդ ենք:


Եվ ինչպես անառակ որդին վերադարձավ իր հոր տունը ու հնարավորություն տվեց նրան վերագտնելու իր զավակին, այնպես էլ մենք` չենք կարող հավերժ մնալ անառակ որդու կարգավիճակում, թերարժեքության զգացումով տառապել: Որովհետև հորը պետք չէր ևս մեկ ծառա, այլ պետք էր իր որդին: Երբ Աստված ստեղծեց աշխարհը և ապա` մարդուն, Նա ասաց, որ դա բարի է: Ուրեմն, մենք պիտի ձգտենք մեր բարի` մարդ և Աստծո որդի լինելու, կոչմանը:


Կրտսեր որդին շատ դժվարություններ ու փորձություններ հաղթահարեց հայրական տուն վերադառնալու ճանապարհին: Նրա որոշումը միանշանակ չէր, քանի որ նա կասկածում էր` կընդունի նրան հայրը, թե՞ ոչ: Մեր ամենամեծ խնդիրը` Աստծո ներողամտությունն ու սերը ընդունելն է: Քանի որ միշտ չէ, որ մեզ դա ձեռնտու է: Որովհետև եթե մարդ գիտակցում է, որ Աստված իրեն սիրում է, նա չի կարող ուրիշ կերպ ապրել, քան Աստծո պատվիրանները պահելով: Վերադարձը չի կարող կիսատ և թերի լինել, կամ մեղքերի կիսատ խոստովանությամբ, այլ պետք է դառնալ առ Աստված ամբողջ սրտով և հոգով: Այսպիսի դարձին է սպասում երկնավոր Հայրը մեզանից:


Ավագ որդին


Ավագ որդին նույնպես հեռացավ հորից, թեև ոչ ֆիզիկապես, այլ հոգեպես: Նրա մեղքը ավելի աննկատ էր: Կուրորեն, առանց սիրո և ուրախության կատարելով հոր հրամանները, ավագ որդին զրկվեց ազատությունից և որդուց դարձավ ծառա: Նրա կյանքում չկար ուրախություն, որովհետև բացակայում էր սերը: Արդյունքում նա դարձավ մեծամիտ և հպարտ մի մարդ, որ համեմատում էր իրեն իր կրտսեր եղբոր հետ` նրան սիրելու փոխարեն: Նա ուզում էր, որ հայրը նրան սիրի ավելին, քան իր եղբորը, որովհետև ինքն իրեն ավելի լավն էր համարում և արժանի: Իսկ հայրը երկուսին էլ ընդառաջ է գնում, երկուսին էլ սիրում է: Հայրը երբեք կասկածի տակ չի դնում ավագ որդու արժանի լինելը, բայց դա չի նշանակում, որ նա պիտի անտեսեր կրտսեր որդուն:

Դժվար չէ հասկանալ, որ մենք նման ենք թե´ կրտսեր, և թե´ավագ որդուն: Սակայն մեր նպատակը` հայրն է, և ոչ ավագ որդին:


Հայրը


Ո՞վ էր հայրը: Մարդ, ով  ցավ էր ապրում ուրիշի համար և սիրում էր, ով գիտեր սպասել: Հայր լինելու համար պետք է կարողանալ ցավ զգալ, սիրել և առատաձեռն լինել:
Իրականում այս առակը հոր մասին է պատմում:  Որովհետև մեր կյանքի նպատակը` Հորը ձգտելն է ու Նրան նմանվելը, Նրան միանալը, ինչպես որ կրտսեր որդին ծնկաչոք գրկեց հորը` նրան միանալով: Մենք սիրում ենք համեմատվել իրար հետ, ինչպես դա անում էր ավագ որդին, սակայն հոր համար ամեն երեխա իր սիրելին է և եզակի: Պարզվում է, որ եթե մենք կյանքին որդու աչքերով ենք նայում, այն ուրիշ է մեզ թվում, իսկ եթե հոր աչքերով` լրիվ տարբեր: Կյանքին պետք է ձգտել նայել հոր աչքերով, որովհետև այդ ժամանակ է, որ պիտի տեսնենք ճշմարտությունը:


Իրականում մենք ենք թաքնվում և հեռանում Աստծուց, և ո´չ թե Աստված մեզանից: Այդ պատճառով մեր մտածումը պիտի լինի. «Ի՞նչ անեմ, որ Աստված ինձ գտնի»: Եվս մեկ կարևոր հարց ունենք` դրված մեր առջև. մենք ուզում ենք ներե՞լ, թե՞ ներված լինել մարդկանցից: Կրտսեր որդին ուզում էր ներված լինել: Քրիստոնյայի կյանքում կարող են դժվարություններ ու փորձություններ լինել, տխրություններ և ուրախություններ, սակայն քրիստոնյայի առաքելությունը ոչ թե տխրել կամ ուրախանալն է, այլ Հորը նմանվելը: Ինչպե՞ս նմանվել: Այնպես, ինչպես Քրիստոսն է սովորեցնում. «Արդ, կատարյա´լ եղեք դուք, ինչպես և ձեր երկնավոր Հայրն է կատարյալ» (Մատթեոս 5. 48):
Եղբոր նկատմամբ սերն է, որ մեզ պիտի ուրախ դարձնի:


Երբեմն մեր արժեքները վերարժևորելու և վերաիմաստավորելու կարիք ենք զգում: Այս պարագայում ուզենք, թե չուզենք, մենք հեռանում ենք: Սակայն հեռանալը պիտի իմաստավորված լինի` որպեսզի դրանից հետո վերադառնանք: Իսկ վերադառնալով` այնպես փարվենք Հորը, որ մենք և Հայրը մեկ լինենք»:

 

Տեր Եսայի քահանա Արթենյան

պատրաստեց Աննա Կիշինևսկայան
ՍԵԵՄ լրագրողական ակումբ

Դիտվել է 5500
2014.03.17
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.