Ընթերցանություն

Ինչո՞ւ մեռավ Հիսուսը

Ապրիլի 20-ի  «Սկիզբ» ծրագրի հանդիպումը նվիրված էր մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հարության տոնին: Տեր Եսայի քահանա Արթենյանի քարոզը հետևյալ խորագիրն ուներ. «Ինչո՞ւ մեռավ Հիսուսը»: Դա այն հարցն է, որը, երևի թե,  յուրաքանչյուր մարդ իր կյանքում տալիս է ինքն իրեն, անկախ ազգային և կրոնական պատկանելիությունից:

Մի՞թե Աստված չէր կարող հրաշքով փրկել աշխարհը: Չէ՞ որ, Հիսուսին խաչողները ասում էին Իրեն. «Փրկի´ր ինքդ քեզ, և մենք կհավատանք քեզ»: Բայց Հիսուս չեկավ աշխարհ, որպեսզի զարմացնի մարդկանց հրաշքներով, թեպետ այդ հնարավորությունն էլ տվեց` հավատալու, հրաշքներին ականատես լինելով. մահացած մարդկանց հարություն տվեց, կույրերին տեսողություն տվեց, խուլերին՝ լսողություն, բորոտներին և բազմաթիվ հիվանդների բժշկեց, հինգ նկանակով և երկու ձկով հինգ հազար մարդ կերակրեց...


Հիսուս եկավ փրկելու: Որպեսզի մենք` մարդիկս, նայելով Խաչված Քրիստոսին, մարդանանք: Որովհետև գրված է. «Պիտի նայեն նրան ում խոցեցին» (Հովհաննես 19. 37):
Ո՞վքեր խաչեցին Քրիստոսին և ինչո՞ւ: Միայն հրեանե՞րը, քանի որ իրենք չհավատացին, որովհետև հոգով էին տգետ և ծույլ, որովհետև իրենց հավատը սահմանափակվում էր միայն արտաքնապես Աստծո պատվիրանները և ծեսերը կատարելով: Ո՞վ դավաճանեց Հիսուսին: Միայն Հուդա՞ն, քանի որ գող էր և ընչասեր:


Եվ մի՞թե ավելի մեծ հրաշք հնարավոր է, քան այն, որ Աստված մարդացավ և խաչի մահով մեռավ մեզ համար, քան այն, որ «Աստված այնպես սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին Որդուն տվեց, որպեսզի, ով նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքը» (Հովհաննես 3.16): Աստված նույնը չպահանջեց մարդուց, Նա թույլ չտվեց, որ Աբրահամը զոհաբերի Իսահակին, որովհետև այդպիսի զոհաբերությունը չէ, որ սպասում է մեզանից Աստված: Նա ցանկանում է, որ մենք «զոհաբերենք» ինքներս մեզ` մեր մեղքերը, արատավոր ցանկությունները, հաճույքները, մեր մարմնավոր, այս աշխարհից և նյութից կառչած ես-ը: Դրա համար պետք է քայլել, հետևելով և տեսնելով առջևում Հիսուսին, խաչի ճանապարհով:
Մենք փնտրում ենք Աստծուն, բայց հաճախակի կարող է այնպես ստացվել, որ անցնենք Նրա կողքով ու Նրան չնկատենք և չտեսնենք, չնայած Նա մեր կողքին է` անընդհատ և ամենուր: Այնպես, ինչպես դա տեղի ունեցավ Պողոսի հետ Դամասկոսի ճանապարհին (Գործք Առաքելոց 9.1-18), կամ Գողգոթայի ճանապարհին` Հիսուսին ուղեկցող մարդկանց մեծամասնության հետ (Մարկոս 15.20-22), կամ Էմմավուսի ճամփորդների հետ (Ղուկաս 24.13-32):


Քրիստոսի խաչը`բանալին է հավիտենական կյանքի և փրկության: Այդ պատճառով քրիստոնյան իր խաչի ճանապարհին պիտի անցնի բոլոր այն հանգրվաններով, որոնցով անցավ Հիսուս. չարչարանք (մեզ համար` մեր մեղքերի դեմ պայքար), խաչելություն (ապաշխարություն), մահ, Հարություն: Որպեսզի մենք էլ Հիսուսի պես կարողանանք վերջում ասել. «Ամեն ինչ կատարված է»:


Խաչի քարոզությունը մինչ այսօր էլ շատերի համար անհասկանալի է. «Խաչի մասին քարոզչությունը հիմարություն է թվում կորստյան ճամփին գտնվողների համար, մինչ մեզ` փրկության ճամփին գտնվողներիս համար դա Աստծո զորությունն է» (Ա Կորնթացիներ 1.18): Քրիստոս, խաչվելով, Ինքն Իրեն տվեց որպես փրկագին: Հրեաները ընտրեցին Բարաբբային, իսկ ո՞ւմ ենք մենք ընտրում:
Ամփոփելով քարոզը` Տեր Եսային ասաց. «Հիսուս մեռավ մեր փոխարեն»: «...Նա իրեն մահվան մատնեց ինձ համար» (Գաղատացիներ 2. 20):


պատրաստեց Աննա Կիշինևսկայան
ՍԵԵՄ լրագրողական ակումբ

Դիտվել է 7868
2014.04.21
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.