Ընթերցանություն
Գլխավոր>Խուլերի համայնք> Սուրբ Զատկին ընդառաջ

Սուրբ Զատկին ընդառաջ

Հարության տոնը Սուրբ Երրորդություն եկեղեցու խուլերի համար ամենասիրված և ամենասպասելի տոնն է: Նրանք այս տոնին պատրաստվում են ամենայն սիրով, բացի այն, որ այս տոնին իրենք ի ցույց են դնում իրենց խոհարարական տաղանդը և վառ երևակայությունը, նրանք այս տարի նաև Սբ. Զատկին ընդառաջ հոգևոր պատրաստության յուրօրինակ մի շրջան անցան: Սբ. Զատկին նախորդող յոթ պահքի կիրակիները իրենք իմաստավորեցին յոթ ուխտագնացություններով: Եղան Երևանի յոթ եկեղեցիներում՝ Սբ. Երրորդություն, Սբ. Զորավոր, Մալաթիայի Սբ. Աստվածածին, Սբ. Հովհաննես, Կենտրոնի Սբ. Սարգիս, Կաթողիկե Սբ. Աստվածածին, Սբ. Սարգիս:


Ուխտագնացությունների սկիզբը դրվեց Մեծ պահքի առաջին կիրակի օրը՝ Բուն Բարեկենդանին, Սուրբ Երրորդություն եկեղեցում: Սբ. Պատարագին մասնակցելուց հետո խուլերը մյուս երիտասարդների հետ միասին երեկոյան նշեցին Բուն Բարեկենդանը մեծ շուքով՝ երգով, պարով ու խաղերով:


«Շատ հետաքրքիր նախաձեռնություն էր խուլերի համար, սփոփվեցինք, մեր հոգու աշխարհը շատ խորը ընկալեց այս ամենը: Կարևորը կար ժեստերի թարգմանություն: Առաջնորդանիստ Սբ. Սարգիս եկեղեցում տեր Պետրոսը օրհնեց մեզ, եկեղեցու պատմությունը ներկայացրեց, օրհնած խաչեր նվիրեց: Մասնակցելով հինգ ուխտագնացություննների՝  Աստծո օրհնությունը ստացա» (Վարդան, 17տ.):

Տասնվեց տարեկան Էմման մասնակցել է բոլոր յոթ ուխտագնացություններին, նա թիմի ավագն է եղել. «Շնորհակալ եմ տիկին Զուբեյդայից նման մտահղացման համար: Հրաշալի օրեր էին ինձ համար այդ օրերը, Երևանում ծնվել եմ, ապրել, մեծացել և ոչ մի եկեղեցում չէի եղել, չգիտեի այդ եկեղեցիների պատմությունը, ի՞նչ պետք է պատմեի իմ ժառանգներին, մայրս էլ տեղյակ չէր, իրեն էլ եմ պատմել: Տպավորիչ էր ինձ համար Սբ. Զորավոր եկեղեցին, գերեզման-մատուռը, հոգևորականի հետ զրույցը: Կարևորը մենք կարողացանք վերարժևորել մեզ համար պահքի շրջանը»:

«Ես ոչ բոլոր ուխտագնացություններին եմ մասնակցել: Այժմ, եկեղեցի գնալիս, ունեմ մի զգացողություն, որ նախկինում չունեի. բոլոր եկեղեցիները հարազատ են դարձել ինձ համար, օտարության զգացողություն չկա իմ մեջ: Շնորհակալություն տեր Եսային, մեր թարգմանչին այս հիանալի նախաձեռնության համար: Աղոթեցի, հոգիս թեթևացավ, հավատս զորացավ» (Օֆելյա, 52 տ.):


«Առաջին անգամ էի Երևանի եկեղեցիներում, կարևոր էր, որ իմ կողքին կար ժեստերի լեզվի թարգմանիչ: Ճիշտ է ես գիտեի, որ կան այդպիսի եկեղեցիներ, բայց չգիտեի այդ եկեղեցիների պատմությունները, ավանդությունները: Կցանկանայի, որ այս ուխտագնացությունները շարունակական լինեին և այցելեինք Երևանի բոլոր եկեղեցիները: Փառք Աստծո, ես այս ընթացքում ստացա իմ աղոթքի պատասխանը»  (Վահե, 21տ.):


«Ինձ համար շատ տպավորիչ էր Կաթողիկե Սբ. Աստվածածին եկեղեցին, Սբ. Սարգիս եկեղեցին, Սբ. Զորավորը, որտեղ մենք հանդիպեցինք մեզ ծանոթ քահանային՝ տեր Գրիգորին, ով նախկինում Սբ. Երրորդություն եկեղեցում էր ծառայում: Տեր հայրը մեզ մանրամասն բացատրեց եկեղեցու պատմությունը, մեզ հետ ժեստերի լեզվով աղոթեց, եղանք Սբ. Անանիայի գերեզման-մատուռում: Կաթողիկե Սբ. Աստվածածին եկեղեցում մենք աղոթագրքեր նվեր ստացանք: Ուրախ եմ, որ մասնակցել եմ այս ուխտագնացություններին» (Մարգո, 19տ.):


«Շատ եմ հավանել Սբ. Հովհաննես եկեղեցին, մենք իմացանք, որ այդ եկեղեցում նախկինում ծառայել է տեր Եսային: Վատառողջ լինելու պատճառով ոչ բոլոր եկեղեցիներն եմ այցելել, բայց մտովի իմ ընկերների հետ էի: Հոգուս մեջ շատ խնդիրներ ունեի, բայց երբ մտա եկեղեցի, աղոթեցի ժեստերի լեզվով, հանգստացա, թեթևություն զգացի և հոգիս սփոփվեց » (Աստղիկ, 18 տ.):


«Խուլ համայնքի համար շատ սիրելի են ուխտագնացությունները: Խուլերը Տեր Եսայու հետ Երևանից դուրս շատ ուխտագնացությունների են մասնակցել, բայց Երևանի եկեղեցիներում իրենք չէին եղել: Այս յոթ ուխտագնացություններին մասնակցեցին տասնյոթ խուլեր: Նրանք իրենց սիրելի ժեստերի լեզվով իրազեկվեցին եկեղեցիների պատմությանը, սիրով լսեցին ավանդապատումները, հին զրույցները: Քննարկեցին, կարծիքներ փոխանակեցին, այսինքն՝ համատեղեցին օգտակարը հաճելիի հետ: Պահքի շրջանը ինձ համար փորձություններով լի շրջան էր, ոչինչ՝ անգամ հիվանդությունը ինձ չխանգարեց, որ մասնակցենք ուխտագնացություններին»,- ասաց ժեստերի լեզվի մասնագետ տիկին Զուբեյդան:


Վստահաբար խուլերը, պատրաստվելով և անցնելով այս հոգևոր ճամփորդությունը, գիտեին, թե ուր էին գնում: Նրանց նպատակակետը Սբ. Զատիկն էր՝ տոների տոնը: Նրանք անցան մի ճանապարհ, որ տանում է դեպի Քրիստոս՝ ուղենիշ ունենալով մեր Տիրոջ խոսքը. «Ե՛ս եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը» (Հովհաննես 14.6):

Ձեր ուխտը ընդունելի լինի, սիրելի´ խուլեր:

 


Կարինե Սուգիկյան
ՍԵԵՄ լրագրողական ակումբ

 

Դիտվել է 8260
2014.04.22
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.