Ընթերցանություն

Հավիտենական կյանքի ճանապարհը

Աստծո առաջնորդությունը


Ծաղկազարդի օրվա խորհուրդը անընդհատ կանգնեցնում է մեզ կարևոր մի փաստի առաջ. բավական է խոսել: Ավետարանի քարոզչության մասին չէ խոսքը, այլ պարզապես խոսելու: Տոնի կարևոր խորհուրդն է՝ Աստծո առաջնորդությունը: Քրիստոսի երկրային կյանքի պատմությանը տեղյակ լինելով՝ տեսնում ենք, որ ուր որ գնաց Քրիստոս՝ Գալիլեայից Երուսաղեմ, Երուսաղեմից Նազարեթ, Նազարեթից Եգիպտոս, առաջնորդում էր մարդկանց: Նույնը Ծաղկազարդի պատմության մեջ. Քրիստոս մարդկանց հետ պարզապես չմտավ Երուսաղեմ, այլ Նա բոլոր այդ մարդկանց առաջնորդում էր մինչև Գողգոթա: Ծաղկազարդի ամբողջ պատկերը և խորհուրդը մտովի փորձենք վերհիշել. մարդկանցից շատ քչերը՝ ընդամենը մի քանիսը, հասան Գողգոթա, մնացածը կեսից ետ դարձան, ինչպես որ այն մարդիկ, որ փառաբանում էին Քրիստոսին, իսկ հինգ օր հետո, նույն այդ մարդիկ խաչեցին կամ պահանջեցին, որ Պիղատոսը խաչի Քրիստոսին: Բայց բոլոր դեպքերում, երբ մենք անդրադառնում ենք Քրիստոսի օրինակին, որտե՞ղ, ո՞ւր և ինչպե՞ս Քրիստոս մեզ առաջնորդեց, մենք տեսնում ենք մի շատ կարևոր խորհուրդ, ուր որ Քրիստոս մարդուն առաջնորդում էր՝ կլինի դա դեպի Գողգոթա, դեպի Գալիլեայի Կանա քաղաքի հարսանիք, դեպի Հորդանան թե դեպի անապատ, ուր որ գնում էր Քրիստոս, ամբողջ այս ճանապարհին Նա մարդկանց պաշտպանում էր, օգնում և սովորեցնում՝ միշտ պահելով Իր Աստվածային ամենակարող հսկողության տակ: Բայց Քրիստոսի երկրային կյանքի այս փոքրիկ օրինակը ընդամենը Իր առաքելության մի փոքր հանգրվան է, որովհետև Քրիստոս մեզ այս երկրային կյանքում փորձեց հասցնել մի տեղ, որտեղից այն կողմ արդեն հավիտենականության ճանապարհն էր սկսվում և այդ վերջին կետը, որին հասցրեց մեզ Քրիստոս, դա Գողգոթան էր: Դրանով չէր, որ մարդու ճանապարհը ավարտվում էր, որովհետև Գողգոթայից այն կողմ իրականում հարությունն է Քրիստոսի, որը և հավիտենականության գրավականն է և խորհուրդը յուրաքանչյուրիս համար: Հետևաբար հավիտենականության այդ ճանապարհին էլ կարևոր հանգրվաններ և առաքելություն կար. Քրիստոս մեզ մաքրում է մեղքերից և Իր ողորմածությամբ ու աստվածային սիրով զորացնում է մեզ մեր հավատքի մեջ:

Հոգևոր այս ճանապարհը, որը յուրաքանչյուրիս տրված է որպես աստվածային շնորհ և աստվածային հրավեր, տեսականորեն գիտենք, բայց գործնականում՝ ոչ: Բոլորս էլ տեսականորեն հայտարարում ենք, որ հետևում ենք Քրիտոսին և գնում մինչև հավիտենականություն, բայց Գողգոթա չհասած, միանգամից ետ ենք դառնում, օրհնությունները վերջացան և մենք արդեն անելիք չունենք: Այսինքն՝ մենք Քրիստոսին հետևում ենք այնքան ժամանակ, քանի դեռ կա որոշակի օրհնության ակնկալիք: Ինչպես առաքյալներն էին մտածում, որ իրենց առաջնորդին ուղղված փառաբանության մի մասն էլ իրենց է բաժին հասնում, այդպես էլ մենք. քանի կա փառաբանություն, գովերգում, ողջունում, մենք լավ  քրիստոնյա ենք, բայց երբ այս ամենը վերջանում է, սկսում ենք լրջորեն մտածել, ի՞նչ ենք անում, ո՞ւր ենք գնում, արդյո՞ք մենք մինչև վերջ շարունակում ենք գնալ: Ես կասեի՝ ոչ: Երբ մի փոքր սկսում են դժվարություններ, մենք միանգամից հետ ենք կանգնում այդ ճանապարհից և մեզ ոչինչ չի մնում անելու, քան Պիղատոսին ասելու, մենք էլ ենք համաձայն՝ խաչի՛ր Նրան: Գուցե բառերով չենք ասում: Մեր կյանքում անընդհատ այս նույն խնդրի առաջ ենք կանգնում ու անընդհատ խնդիր ունենք մենք մեզ արդարացնելու՝ ինչո՞ւ չեկանք եկեղեցի, ինչո՞ւ չաղոթեցինք, ինչո՞ւ Քրիստոսին չտեսանք և այս արդարանալու ամենալավ ձևը գտել ենք: Սկսում ենք մարդկանց փնտրել կռվելու համար: Հոգևոր մեր կյանքի ընթացքում տեսական ձևակերպումները գուցե և շատ-շատ են, բայց երբեմն մենք գործնականին ավելի քիչ ենք անդրադառնում:


Աստծո կամքը

Ամենագործնական դրսևորումը մեր հոգևոր կյանքի՝ Աստծո կամքի բացահայտումն է յուրաքանչյուրիս կյանքում:
Ի՞նչ է Աստծո կամքը, շատերս ենք փորձում բացահայտել, խոսել, եկեղեցու հայրերին ուսումնասիրել: Աստծո կամքը Աստծո պատվիրանները պահելն է, բարիք գործելը և  ինչպես մեր Տերը Հիսուս Քրիստոս ասաց. «Սիրի՛ր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ զորությամբ և քո ամբողջ մտքով»  և «Սիրի՛ր քո ընկերոջը քո անձի պես» (Ղուկաս 10.27): Կարծում եմ շատ պարզ է ասված, կատարելն է մի քիչ դժվար: Դժվար է, բայց ոչ անհնարին, դժվար է, որովհետև մենք մեզ չենք սիրում, մեզ հետ հաշտ չենք և մեր հաշտ չլինելը արդարացնելու ամենալավ ձևը դիմացինի հետ կռվելն է:


Ինչպե՞ս ենք դիմավորում Քրիստոսին և ո՞ւր ենք գնում

Ի՞նչ տեղի ունեցավ Ծաղկազարդի օրը Երուսաղեմում: Քրիստոս հաղթական մտավ տաճար և Նրան ընդունեցին իբրև թագավորի: Քրիստոս ավանակի վրա նստած մտավ Երուսաղեմ, ցույց տալով, որ Նա աշխարհիկ իշխանությանը, թագավորական պաշտոնին չի հավակնում: Ավանակը խաղաղության խորհուրդն ուներ: Ի՞նչ է նշանակում խաղաղության թագավոր, ի՞նչ խորհուրդ ուներ Քրիստոսի մուտքը Երուսաղեմ: Այն փոխաբերական իմաստով խաղաղության թագավորի մուտքն է յուրաքանչյուրի սիրտ, հոգի և կյանք: Եվ մենք նույն օրինակով ոգևորվում ենք, փառաբանում Աստծուն, օվսաննա բացականչում, մեր ունեցածը փռում Հիսուսի ոտքերի տակ, ոգևորությունը անցնում է, և մենք Քրիստոսին խաչում ենք: Սա այն պատկերն է, ինչ որ տեղի ունեցավ Ծաղկազարդի օրը և ինչն այսօր տեղի է ունենում յուրաքանչյուրիս կյանքում, որովհետև իրականում Քրիստոս չի գալիս մեզ մեղադրելու համար: Այստեղ շատ խորհրդանշական պատկեր կա: Երբ Քրիստոս մոտենում էր Երուսաղեմին, նայեց քաղաքին, լաց եղավ, և այդ լացն առաջին հերթին հենց Քրիստոսին էր վերաբերվում: Այն Իր ներքին հոգևոր սիրո արտահայտությունն ու զգացումն էր: Թվում է, թե ծանոթ ենք Ավետարանին, Ծաղկազարդի պատմությանը, բայց այդպես էլ չենք կարողանում այս պարզ ճշմարտությունը հասկանալ. Քրիստոս չի գալիս, որ մեզ դատապարտի. ումի՞ց ենք փախչում և ինչո՞ւ:


Ծաղկազարդի պատմությունը ավելի շատ ողբերգություն է, քան տոն: Մեզ համար է ողբերգություն, սակայն տոն է Աստծո համար: Երբ Աստված մտնում է մեր կյանք, դա Իր համար ուրախություն է. երկնքում տոն է, բարձունքներում՝ փառաբանություն: Մեզ համար ողբերգություն է ոչ այն պատճառով, որ Քրիստոս գալիս է մեր կյանք, այլ որ գալիս է և մենք հետո Խաչում ենք Իրեն: Ծաղկազարդի պատմության մեջ կա այս մարդկային ողբերգությունը, որը մեզ համար մի տեսակ առիթ է հասկանալու և անդրադառնալու, թե ի՞նչ տեղի ունեցավ այդ մարդկանց հետ: Չէ՞ որ Քրիստոս ի սկզբանե չխոստացավ հրեաներին, որ կգա և կսպանի հռոմեացիներին, կայսրին գահընկեց կանի, կնստի Դավթի գահին և Իսրայելի պետությունը կդարձնի անկախ և հզոր պետություն: Բայց հրեաները դա էին ակնկալում Քրիստոսից, նույնիսկ Իր առաքյալներն այդպես էին մտածում Ծաղկազարդի ժամանակ, որ հիմա իրենց վարդապետը կդառնա թագավոր, իսկ իրենք էլ կլինեն նախարարներ: Չէ՞ որ ամբողջ Իսրայելի ժողովուրդը պատմականորեն այդպիսին էր, պատրաստ էին այդ ժամանակ ապստամբության` հանուն իրենց անկախության, պարզապես իրենց պետք էր առաջնորդ և իրենք Քրիստոսին էին տեսնում այդ առաջնորդի դերում, ում հետևից ժողովուրդը կգնար: Հրեաների ակնկալիքը դա էր, որ Քրիստոս Դավթի թագավորությունը կվերադարձնի իրենց: Սակայն Քրիստոսի նպատակը այլ էր, Նա երկնային թագավորության հաստատման մասին էր մտածում և դրա առաքելությամբ էր եկել աշխարհ: Ավագ շաբաթը՝ Չարչարանքների շաբաթը, դա մեր կյանքի պատմությունն է, ճիշտ նույն ձևով էլ մեր կյանքում է տեղի ունենում նույն հերթականությունը: Մեզանից շատերը մտածում են` Ծաղկազարդին ընդունեցինք, եկեք մինչև Զատիկ գնանք Քրիստոսի հետևից, սակայն Զատիկը գալիս անցնում է և տեսնում ենք, որ մեր որոշումը չեղավ և կրկին սայթաքեցինք: Ինչքան որ մեղք ենք գործում, այնքան էլ խաչում ենք Քրիստոսին, պարզապես պետք է սա գիտակցել, զղջալ, ապաշխարել և նորից չխաչել: Երբ փարիսեցիները Քրիստոսին ասացին, թե՝ ասա, որ քո առաքյալները լռեն, Քրիստոս պատասխանեց՝ եթե նրանք լռել, քարերը կաղաղակեն: Ըստ ավանդույթի՝ այդ ժամանակ նույնիսկ քարերը սկսեցին աղաղակել և փառաբանում էին օվսաննա: Երուսաղեմում մինչև այսօր ցույց է տրվում մի այդպիսի քար հայկական վանքում, որը կոչվում է «Օվսաննայի քար», որն ունի մարդու պատկեր՝ բերանը բաց, կարծես թե փառաբանում է Աստծուն: Կարծես այդ քարը մինչև այսօր էլ վկայում է, որ մարդիկ չկարողացան Աստծուն փառաբանել այնպես, ինչպես որ կարող էր բնությունը փառաբանել: Դա մինչև այսօր էլ վկայությունն է մեր անհավատության, որ մենք Աստծուն չենք կարողանում ըստ արժանվույն ծառայել: Սբ. Զատիկն էլ կանցնի, Համբարձումն էլ, Հոգեգալուստն էլ, մի օր նորից կվերադառնանք մեր նախկին կյանքին և կմոռանանք ամեն բան: Աստծո ներկայությունը մեզ համար դարձել է ժամանակավոր մի բան, բայց մենք մոռանում ենք, որ Աստված հավիտենապես ներկա է մեր կյանքում:


Մարդը հիասթափվեց

Արդյունքում մարդը, իր ակնկալածը չստանալով, հիասթափվեց: Ինչպես որ հրեաները ակնկալում էին աշխարհիկ իշխանություն, չստանալով, հիասթափվեցին Քրիստոսից, մենք էլ նույն ձևով, երբ չենք ստանում մեր ակնկալածը Քրիստոսից, նույն կերպ հիասթափվում ենք:
Երուսաղեմի ժողովուրդը հիասթափվեց: Հուդան և Պետրոսն էլ հիասթափվեցին, դրա համար էլ ուրացան, դավաճանեցին Քրիստոսին: Մյուս առաքյալները հիասթափվեցին Քրիստոսից, եթե չդավաճանեցին ուղիղ իմաստով, ապա լքեցին, դա էլ դավաճանության նման մի բան էր: Ինչո՞վ ենք մենք տարբերվում այս մարդկանցից. մենք էլ ենք թողնում Քրիստոսին և հեռանում:


Աստծո հրավերը

Հետևաբար Աստված մեզ հրավիրում է այլ ճանապարհով, պարզապես կոչ է անում միշտ գնալ Իր ետևից: Աստված միշտ, մեր ամբողջ կյանքի ընթացքում Իր սիրով, հոգածությամբ, ողորմածությամբ մեզ օրինակ է և առաջնորդ: Որպեսզի մենք այս հիասթափությունը չունենանք, Քրիստոսի զգեստի ծայրից պետք է ամուր բռնենք ու քայլենք` անկախ նրանից, թե ուր է Նա տանում, առանց մտածելու, առանց հարցնելու և առանց երկմտելու, կարևոր չէ, թե ուր է մեզ տանում, ուղղակի գնալ այնտեղ, ուր Քրիստոս է մեզ տանում: Իսկ Նա մեզ տանում է ծառայության, Իր օրինակին հետևելու: Այդ ճանապարհը ենթադրում է անմնացորդ հնազանդություն Աստծո կամքին: Դա միակ ճանապարհն է, որտեղ մարդ կարող է մարդ լինել, միակ տեղը, որտեղ մենք մեր արժեքը կարող ենք վերագտնել, մենք մեզանից գոհ լինել, թեկուզ շատ մեղքեր կարող ենք գործել: Երբ Քրիստոս եկավ աշխարհ և դարձավ մարդ, Իր իսկ օրինակով մեզ սովորեցրեց, որ մարդ լինելը աստվածային մեծագույն պարգև է: Ուրեմն Ծաղկազարդի խորհուրդը մեզ համար այն անցումային հանգրվանն է, որ մեզ պիտի արդեն առաջնորդի ամբողջ այս Չարչարանքների շաբաթով և առաջնորդի դեպի Հարություն: Կգնանք մինչև վերջ կամ չենք գնա, դա այս մեկ շաբաթվա հարցը չէ, դա մեր ամբողջ կյանքի հարցն է:
                                                                                                         

 

Տեր Եսայի քահանա Արթենյան

Դիտվել է 7169
2014.05.06
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.