Ընթերցանություն
Գլխավոր>Երիտասարդաց Միություն >Միջոցառումներ> Սուրբ Հարության տոն՝ բարի ավանդույթների շարունակություն

Սուրբ Հարության տոն՝ բարի ավանդույթների շարունակություն

Ապրիլի 20-ին «Սկիզբ» ծրագրի հանդիպման թեման էր «Ինչո՞ւ մեռավ Հիսուսը»: Կարևոր մի հարց քրիստոնյայի կյանքում, որի պատասխանը պատասխանատվություն է պահանջում: Քանի որ Քրիստոս մահացավ մարդկության համար, իմ, քո, մեր մեղքերի համար, որպեսզի կյանք ունենանք…
Այդ օրը նաև Սուրբ Հարության տոնն էր, և ձևավորված գեղեցիկ ավանդույթի համաձայն՝ Սբ. Երրորդություն եկեղեցու երիտասարդաց միության անդամները որպես մի մեծ ընտանիք հավաքվել էին իրենց հարազատ եկեղեցում նշելու և միմյանց փոխանցելու Քրիստոսի հրաշափառ հարության ավետիսը:


«Այդ օրը յուրահատուկ էր ինձ համար, կարծես թե մեկ ակնթարթում կարողացա վերագտնել այն համերաշխ ու քաղցր վիճակը, որ շարունակ փնտրում էի: Հաճելի էր բոլորիս խաղաղված տեսնել, ասես մի ընտանիք լինեինք, անսահման ջերմություն ու ներքին ազատություն կար բոլորիս մեջ: Ամենահիշարժան պահերից մեկն այն էր, երբ վերհիշեցի, թե ինչ երազանք եմ պահել ամիսներ առաջ (խոսքը երեքական թերթիկների մասին է, որոնց վրա մասնակիցները դեկտեմբերի 15-ին գրել էին այն, ինչը կերջանկացնի իրենց և կախել էին ամանորյա տոնածառից, պայմավորվելով, որ երբ հանդիպեն ծրագրի ավարտին, ետ են վերցնելու իսկապես երջանիկ լինելու մեկ պատճառը, բայց արդեն զատկական ծառից): Հաճելի էր հանդիպել այդ երազանքիս հետ ու հասկանալ, որ երազանքիս հասնելու համար մի քայլով առաջ եմ անցել» (Անի Ղ.): Անիի համար իր երազանքներից մեկն արդեն իսկ իրականություն է. նա երջանիկ է, երբ օգնում է մարդկանց: Մյուս երկու առիթների մասին նա լռեց, քանի որ դեռ չեն իրականացել:


Նարեի համար էլ շատ հիշարժան դարձավ այդ օրը, քանի որ նա առաջին անգամ էր նշում Սբ. Զատիկը եկեղեցում և առաջին էր անգամ իր համար բացահայտում տոնի բուն իմաստը: Ամիսներ առաջ էլ գրած երջանկության երեք պատճառները նա չէր հասցրել գտնել զատկական ծառից, բայց ընկերներն էին գտել իրենցը և կիսվել տպավորություններով: «Հրաշալի օր էր, ևս մեկ հրաշալի օր անցկացրած իմ սիրելի միությունում»,- ասաց Նարեն:
Շողիկի համար առանձնահատուկ էր այդ օրը իր ունեցած վերապրումով՝ Տիրոջ սիրո նկատմամբ անկեղծ երկյուղով. «Տերը, որ մեզ համար խաչվեց, այն սիրուց է, որ իսկապես աստվածային է»: Շողիկի համար Հարության հրաշքը նորովի ապրելու հնարավորություն է և Տիրոջ սիրո համար գոնե մի քիչ պատվիրանապահությամբ ապրելը:
Երջանկությունը սկսվում է Աստծուն սիրելուց, և մենք երջանիկ ենք, քանի որ. «Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ Իր միածին Որդուն տվեց, որպեսզի նա, ով հավատում է նրան, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3.16):


«Եթե սերը առաքինության մեղավորն է, ապա ջանք չխնայենք, որ նա բնակվի մեր հոգիներում, որպեսզի նա մեզ պարգևի բազում բարիքներ, և որպեսզի մենք մշտապես հավաքենք նրա հավերժ ծաղկող և երբեք չթառամող առատության պտուղները: Այդ կերպ հասու կլինենք և հավերժական բարիքներին» ( Սբ. Հովհան Ոսկեբերան):

 


Անի Ավետիսյան
ՍԵԵՄ լրագրողական ակումբ

 

Դիտվել է 9790
2014.04.21
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.