Ընթերցանություն

Նոր «Սկիզբ»

«Կանաչ կիրակին գալիս է համախմբելու: Կանաչի իմաստն է եկեղեցու պտղաբերությունը և հավիտենականությունը: Հինանց շրջանին հիշում ենք Քրիստոսով կանաչած, Քրիստոսով ծաղկած և պտղաբեր դարձած եկեղեցու խորհուրդը: Մենք իբրև եկեղեցի համախմբվում ենք այս խորհրդի շուրջ, որպեսզի իբրև եկեղեցու անդամներ լինենք պտղաբեր և արժանանանք Տիրոջ փրկությանը»,- ասաց տեր Եսայի քահանա Արթենյանը Սևանավանքում՝ Սբ. Պատարագին՝ քարոզի ժամանակ:

 

Այս խորհրդի շուրջ համախմբված՝ Սուրբ Երրորդություն եկեղեցու երիտասարդաց միությունը, խուլերը, համայնքի անդամները՝ թվով հարյուր քսան հոգի, Կանաչ կիրակի օրն անցան ուխտի ճանապարհ դեպի Սևանավանք:

 

Ճանապարհը սկսվեց Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից: Երբ բոլորը տեղավորվեցին, մեքենաները շարժվեցին: Եվ ճանապարհի ամբողջ ընթացքում ավտոբուսի շարժիչի ձայնը լսելու փոխարեն շարականի ձայն էինք լսում:

 

Ուխտագնացությունը դեպի Սևանավանք սովորական չէր: Դրանով ամփոփվեց դեկտեմբերի 8-ին սկսված «Սկիզբ» ծրագիրը: Քսան կիրակի և քսան հադիպում, նույնքան հետաքրքիր թեմաներ և քննարկումներ՝ «Սեր», «Զգացմունքներ», «Ազատություն», «Երջանկություն», «Հանդուրժողականություն», «Հայրական սեր», «Ինչպե՞ս լավագույնս ապրեմ իմ մնացյալ կյանքը» և այլն:

 

«Սկիզբ» ծրագրի ավարտը հանդիսացավ ինչ-որ նոր բանի սկիզբը: Նոր ընկերություններ, նոր տեսակետներ, նոր գիտելիքներ, հոգևոր առաջընթաց: Այն սովորեցրեց ճանաչել դիմացինին, հարգել ուրիշի կարծիքը, լինել անկեղծ, կիսվել կարծիքներով: «Երջանկությունը միշտ կիսվելն է ուրիշի հետ: Եթե մենք փակված մնանք մեր անձի, մեր ընտանիքի, մեր անձուկ մանրաշխարհի մեջ, ապա երջանկությունը վավերական չի լինի» (Գարեգին Ա):

 

Այն երիտասարդները, ովքեր առաջին անգամ էին մասնակցում նման ծրագրին, ունեցան եկեղեցում իրենց տեղն ունենալու նոր գիտակցում, կողմնորոշվեցին հոգևոր շատ հարցերում: Այն նպաստեց միմյանց հանդեպ սիրո, ըմբռնման և միասնական լինելու գաղափարի տարածմանը:

 

Այս ծրագրի ամփոփումը և վերջին քննարկումը տեղի ունեցավ Սևանի Վազգենյան դպրանոցի դահլիճում: «Գրեթե հինգ ամիս մենք միասին ճանապարհ անցանք՝ հոգևոր քարոզների ճանապարհ:

 

Միասին առիթ ունեցանք խոսելու տարբեր հոգևոր թեմաների շուրջ: Փորձելով ամփոփել մեր անցած ճանապարհը՝ այսօր մենք կանգնած ենք մի հարցի առաջ. ի՞նչ ենք անելու մենք սրանից հետո: Այս հարցի լավագույն պատասխանը մեր մասնակցությունն էր այսօրվա Սբ. Պատարագին և Սբ. Հաղորդությանը: Մենք այսքան ճանապարհ միասին անցանք, որպեսզի վերականգնենք ուխտը Աստծո և Հայ Առաքելական եկեղեցու հետ: Եվ մեր առաջ դրված հարցի պատասխանը հստակ է. ամուր կանգնենք Հայ Առաքելական եկեղեցու հովանու ներքո և լինենք արժանի հավատացյալը այդ եկեղեցու: Երբ կյանքում ցանկանում ենք նոր բան սկսել, դժվարն առաջին քայլն է և համարձակությունը այդ քայլն անելու: Առաջին քայլ անելու համար կարևոր է մաքրագործվելը: Պետք է փորձենք սրբագրել ինքներս մեզ: Այսօրվա ուխտը մեր միասին անցած ճանապարհի գնահատականն է: Եվ ճանապարհի այս հատվածում հարկավոր է հիշել, որ ամեն օր նոր հնարավորություն է մեր կյանքը նորից ապրելու»,-ամփոփելով ծրագիրը՝ ասաց տեր Եսայի քահանա Արթենյանը:

 

Նելլին իր ընկերուհու հրավերով առաջին անգամ էր մասնակցում «Սկիզբ» ծրագրին: «Ես ուղղակի ընդհանուր քննարկում էի պատկերացնում: Չգիտեի, որ առանձին խմբերով ևս քննարկում է լինելու: Անսովոր էր, որ մտքերս պետք է արտահայտեի, մեր առաջնորդների՝ Արկադիի և Թագուհու քննարկումը լավ կազմակերպելը, անկաշկանդ մթնոլորտ ստեղծեցին ինձ համար: Հավանեցի և որոշեցի գալ: Այլ բան է, երբ մարդն ինքն իրեն է մտածում և լրիվ այլ բան, երբ իր մտածումը դիմացինի հետ է կիսում: Ծրագրի շնորհիվ ինքս ինձ ճանաչեցի, սովորեցի համբերել և լսել դիմացինին»:

 

Թագուհին որպես առաջնորդ առաջին անգամ էր մասնակցում այս ծրագրին, և քննարկումը վարելու նման փորձ երբևէ չի ունեցել: Որևէ սպասելիք չի ունեցել և իրականում ավելին է ստացել: Իսկ ուխտագնացության ընթացքում իր խմբի մասնակիցներին անակնկալ մատուցեց՝ նվիրելով «Ժպտացող հրեշտակ» մաղթանք-բացիկը, որի վրա գրված էր. «Քայլիր միշտ լույսի և հույսի ճանապարհով և փորձիր լույս լինել ուրիշների համար»:

 

Խուլերը ևս մասնակցում էին «Սկիզբ» ծրագրին:

«Այս ծրագիրը իր ձևաչափով շատ հետաքրքիր էր: Ծրագրի շնորհիվ հասանք նրան, որ եթե առաջ որոշ խուլեր կոմպլեքսավորված էին, ապա հիմա սովորեցին արտահայտվել: Ուրախ եմ, որ մեր եկեղեցում խուլերը ուշադրության կենտրոնում են, սիրված են այնպիսին, ինչպիսին իրենք կան: Առիթը օգտագործելով՝ ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել ՍԵԵՄ-ի բոլոր անդամներին խուլ համայնքի հանդեպ հոգատար վերաբերմունքի համար»,- ասաց տիկին Զուբեյդան (ժեստերի լեզվի թարգմանիչ, ուսուցիչ): Այս ուխտագնացությունը առանձնացավ և կարևորվեց ևս մեկ բանով: Դեռևս ամիսներ առաջ կազմակերպվել էր մի խաղ, որտեղ երիտասարդաց միության անդամները գաղտնի կերպով դարձել էին մեկը մյուսի պահապան հրեշտակները: Պատահականության սկզբունքով յուրաքանչյուր անդամ ընդհանուր զամբյուղից հանել էր թերթիկ, որի վրա անուն էր գրված: Ում անունը հանում էիր զամբյուղից՝ համարվում էիր նրա հրեշտակը: Ամիսներ շարունակ հրեշտակները նվերներ, անակնկալներ էին մատուցում և այդ ամենը անանուն, իսկ ուխտագնացության ժամանակ բացահայտվեցին բոլորը:

 

Ուխտագնացության ընթացքում տեղի ունեցավ նաև ֆիլմի դիտում: Մասնակիցները հնարավորություն ունեցան դիտելու «Ֆրեսկո» հոգևոր ֆիլմերի փառատոնի մրցութային ֆիլմերից մեկը: «Ծիածան» (Rainbow) վերնագրով ֆիլմը ուսուցողական էր բոլորի համար և հիանալի վերջակետ էր նոր սկզբի համար:

 

Այսուհետև Կանաչ կիրակին՝ համախմբման այդ օրը, Սուրբ Երրորդություն եկեղեցու երիտասարդաց միության համար սահմանվեց ուխտի օր: Հերթական «Սկիզբ» ծրագիրը մեզ սովորեցրեց ուշադրություն դարձնել նրան, ինչը մեզ միավորում է, իսկ մեզ միավորում է մեր հավատքը:

 

Հասմիկ Թամամյան

Կարինե Սուգիկյան

ՍԵԵՄ լրագրողական ակումբ

Դիտվել է 6757
2014.05.05
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.