Ընթերցանություն
Գլխավոր>Կիրակնօրյա դպրոց> Քրիստոնեական դաստիարակության կարևորությունը

Քրիստոնեական դաստիարակության կարևորությունը

«Արդար չափով չափենք ու բաժանենք Երկնքի Հոր խնամքն ու ծնողների պարտականությունները: Արդ, երբ շունչն ու կյանքը Երկնքի Հորից է, սքանչելի պատկերն ու կերպարանքը՝ Երկնքի Հորից, արևը, անձրևը, հացն ու ջուրը՝ Երկնքի Հորից, հասակն ու աճումը՝ Երկնքի Հորից, այլևս ի՞նչ է բաժին մնում երկրավոր հորն ու մորը, եթե ոչ միայն դաստիարակությունը: Եվ ի՞նչ է ծնողական դաստիարակությունը. ուրիշ ոչինչ, այլ միայն կույր ծնված զավակների (մտավոր կուրության մասին է) աչքը դեպի բարին բանալը, սիրտն ու հոգին առաքինությամբ կրթելը, որպեսզի տեսնեն աշխարհն ու մարդկային կյանքը, լույսն ու խավարը որոշեն, բարին ու չարը ճանաչեն և ամենակարևորը Աստծուն ճանաչեն ու հավատան, կրոնն ու ճշմարտությունը ընդունեն» (Խրիմյան Հայրիկ «Դրախտի ընտանիք»):


Եթե որոշ ծնողներ ամենակարևորը և առաջնայինն են համարում, որ երեխան լավ սնվի ու առողջ մեծանա, լավ կրթություն ունենա, երեխայի մեջ զարգացվեն բնածին շնորհները, որ հետագայում դառնա հայտնի նկարիչ, երաժիշտ կամ գիտնական, ապա Մարինեն՝ Սբ. Երրորդություն եկեղեցում ծառայող Լևոնի մայրը, Խրիմյան Հայրիկի խոսքի համաձայն՝ ծնողական դաստիարակության առաջին մեծ դասն է համարում կրոնն ու աստվածպաշտությունը: Նա շատ ուրախ է, որ իր որդին խորան է բարձրանում. «Իմ երազանքն էր, որ տղաս քայլի դեպի Աստված: Այս ամենին զուգահեռ կարևորում եմ, որ զավակս բոլոր բնագավառներից ինչ-որ բան վերցնի: Իսկ հետո, թե ինչ մասնագիտություն կընտրի, ինքը  թող որոշի»:


Տասնմեկամյա Լևոնը բացի դպրոց հաճախելուց ունի բազմաթիվ նախասիրություններ՝ դաշնամուր, կիթառ է նվագում, երգում է երգչախմբում, այս ամենից զատ արդեն հինգ տարի ամեն օր նա անցնում է իր համար շատ սիրելի և հարազատ դարձած մի ճանապարհով, որ տանում է դեպի Սբ. Երրորդություն եկեղեցի: Ամեն կիրակի՝ Սբ. Պատարագին, ամեն օր՝ երեկոյան ժամերգությանը, կազմ-պատրաստ, շապիկը հագած եկեղեցում իր ծառայությանն է անցնում Լևոնը: Նրա համար չափազանց կարևոր և պատասխանատու է խորան բարձրանալը, եկեղեցում ծառայելը: Այս տարիների ընթացքում  նա միայն երկու անգամ է բացակայել: Եկեղեցում ծառայելու ցանկությունը Լևոնի մեջ արթացրել են իր եղբայրը՝ Տիգրանը, ով նույնպես ծառայում է եկեղեցում և Տեր Եսային, ով Լևոնի համար հոգևորականի լավագույն կերպարն է: «Ես խորան եմ բարձրացել իմ կամքով: Սկզբից սխալներ էի թույլ տալիս, բայց աստիճանաբար սովորեցի: Խորանի վրա ես զինվորի՝ Աստծո զինվորի զգաստության զգացողությունը ունեմ: Ես ուզում եմ հոգևորական դառնալ»:


«Երբ երեխան ցանկություն է հայտնում խորան բարձրանալու, դա, հոգևոր առումով, ավելի դաստիարակչական բնույթ ունի, Աստծո օրհնությունն է ստանում: Սա չի ենթադրում, որ երեխան հետո պարտադիր պետք է ընտրի հոգևորական դառնալու ուղին: Երեխաները իրենց վարքով ամենալավ քարոզիչներ են դառնում թե՛ ընտանիքում, թե՛ հատկապես բարեկամական և ընկերային միջավայրում»,- ասաց Սբ. Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եսայի քհն. Արթենյանը:
Լևոնը Սբ. Երրորդություն եկեղեցում մասնակցել է նաև ժեստերի լեզվի դասընթացին. «Ես չէի կարողանում շփվել խուլ էդիկի հետ, ով ինձ հետ խորան էր բարձրանում, այդ պատճառով որոշեցի ուսումնասիրել ժեստերի լեզուն և շատ սիրեցի»:


Դարեր առաջ ծնողներին ասված այս խոսքերը բոլոր դարերի համար են. «Խնդրում և աղաչում եմ ձեզ, սիրելինե՛րս, եկեք մեծ խնամքով վերաբերվենք մեր երեխաներին ու ամեն կերպ հոգ տանենք նրանց հոգու փրկության մասին: Ընդօրինակեք երանելի Հոբին, ով վախենալով իր երեխաների մտովի մեղսագործությունից, նրանց համար զոհեր մատուցեց և երևան բերեց մեծ հոգատարություն, ընդօրինակեք Աբրահամին, որ նույնպես ձեռ ու ոտ չէր ընկնում հարստության և ունեցվածքի համար, այլ հոգ էր տանում աստվածային օրենքների մասին, թե ինչպես դրանք պահպանել և անվնաս ժառանգել սերունդներին: Չէ՞ որ, երբ բարեպաշտությունը բացակայում է, ապա այն հարստությունը, որ կա, ոչնչանում է վտանգով և ծայր խայտառակությամբ, իսկ եթե առկա է, ապա այն բաները, որոնք չկան, գալիս են: Այդ պատճառով ծնողները չպետք է մտածեն այն մասին, թե ինչպես իրենց զավակներին արծաթով ու ոսկով հարստացնեն, այլ այն մասին, թե ինչպես նրանք դառնան բոլորից հարուստ բարեպաշտությամբ, իմաստությամբ և առաքինության ինչքով, որքան էլ նրանք շատ բաների պակասություն ունենան: Չէ՞ որ, եթե մեզնից հաշիվ է պահանջվում ուրիշներին հոգ տանելու համար, իսկ ասված է՝«ոչ ոք միայն իրենը թող չփնտրի, այլ նաև ընկերոջինը» (Ա Կորնթացիներ 10.24), ապա որքան ավելի է պահանջվելու երեխաների համար» (Սբ. Հովհան Ոսկեբերան «Ճառերի ընտրանի»): 


Մեր միջավայրում քրիստոնյա ընտանիքի օրինակը այն է, որը հոգ է տանում, որ երեխան, Աստծուն մոտենալով, լավ հոգի և բարի կամք ունենա, որ երեխան մեծանա որպես Քրիստոսի եկեղեցու անդամ և իր հոգու մեջ ունենա «Քրիստոսի հարազատ պատկերը» (Գաղատացիներ 4.19), սիրի Աստծուն ամբողջ սրտով, հոգով և մտքով և սիրի իր ընկերոջը ինչպես իր անձը (Մատթեոս 22.37-40): Եթե ծնողներն հասնեն այս ամենին, ապա մնացածը՝ թե՛ կրթությունը, թե՛ բնածին շնորհների զարգացումը, թե՛ առողջությունը կտրվի ավելիով` Տիրոջ խոսքի համաձայն. «Դուք նախ խնդրեցե՛ք, որ Աստծո արքայությունը գա, աշխատե՛ք կատարել Նրա կամքը, և Աստված այդ բոլորը ավելիով կտա ձեզ» (Մատթեոս 6.33):

                                                                                 

                                                                                                                                  Կարինե Սուգիկյան
                                                                                                                ՍԵԵՄ լրագրողական ակումբ

Դիտվել է 3485
2014.05.20
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.