Ընթերցանություն
Գլխավոր>Կիրակնօրյա դպրոց> Աստվածային շնորհներով լեցուն կիրակնօրյա դպրոցի սաները

Աստվածային շնորհներով լեցուն կիրակնօրյա դպրոցի սաները

Երևումն Սուրբ Խաչի տոնին Սուրբ Երրորդություն եկեղեցու դահլիճում իրարանցում էր. դահլիճի պատերին նկարներ էին փակցվում, սեղանների վրա ուլունքներից պատրաստված աշխատանքներն էին դրվում, ձևավորվում էր բեմը, երգի փորձեր էին անցկացվում: Կիրակնօրյա դպրոցը, նկարչական, ուլունքագործության դասարանները և երգչախումբը պատրաստվում էին ամփոփելու ուսումնական տարին: Մեծ էր երեխաների ոգևորությունը: Երբ ամեն ինչ կազմ ու պատրաստ էր, ներկաները արդեն կարող էին վայելել երեխաների բազմաժանր, գունեղ, վառ և անկեղծ աշխարհը: Կիրակնօրյա դպրոցի տարբեր տարիքային դասարանների սաների նկարներն աստվածաշնչյան, մուլտֆիլմերի հերոսներով, ամպերի վրա թևածող հրեշտակներով կարծես թե զրուցում, ժպտում  և մտորելու առիթ էին տալիս ամեն մի  անձի, ով հայտնվում էր այդ աշխարհում: Երեխաների բազմերանգ, խոսուն աշխարհին միացել էր նաև իրենց մանկավարժ՝ Արմիկ Բաղդասարյանը իր սրբանկարներով, և նկարչական ցուցահանդեսը կրում էր «Ես և իմ երեխաները» խորագիրը: Նկարչական դասարանում ամենափոքր սանից մինչև ավագ դպրոցականը ստեղծագործում են, նրանք սովորում են նկարել ճիշտ կանոններով և գրագետ: «Ստեղծագործում են և՛ հոգևոր, և՛ ազատ թեմաներով:

Ընդհանուր թեմա չի տրվում, հաշվի առնելով երեխաների տարիքային տարբերությունները, որպեսզի երեխայի մոտ բացահայտվի և զարգանա թե՛ մտավոր, թե՛ ստեղծագործական ունակությունները: Իմ սրբանկարները ցուցադրելով՝ փորձել եմ հոգևոր և աղոթական վիճակ փոխանցել: Այս դասարան հաճախելով՝ երեխաների գունային աշխարհն է փոխվում»,- ասաց մանկավարժը:


Ցուցահանդեսին անմասն չէր կարող մնալ ուլունքագործության դասարանը, քանի որ կիրակնօրյա դպրոցի սաները սիրում են նաև ուլունքներով ստեղծագործել: Նորից հետաքրքիր մի աշխարհ, որ լի է ծաղիկներով, թիթեռներով, կենդանիներով, զատկական ձվիկներով, խաչերով: Ուլունքագործության մանկավարժ՝ Նվարդ Բիլյանը, մեծ սպասումներ ունի և շատ գոհ է իր երեխաներից. «Արդեն երկու տարի է, որ գործում է ուլուքագործության դասարանը, հաճախում են կիրակնօրյա դպրոցի 9-ից մինչև 15 տարեկան քսանից  քսանհինգ սան՝ թե՛ աղջիկներ, թե՛ տղաներ: Սա մեր առաջին ցուցահանդեսն է: Տղաներին ավելի շատ հետաքրքրում է կենդանիներ հավաքել: Երեխաները տարբեր թեմաներով են ստեղծագործում, ունենք հոգևոր թեմաներով աշխատանքներ»: Մանկավարժը մաղթեց, որ Երևումն Սբ. Խաչի տոնի խորհրդով երեխաների պատրաստած խաչերը պահապան լինեն իրենց:
14-ամյա Լիլյան  մեծ սիրով է հաճախում կիրակնօրյա դպրոց և ուլունքագործության դասարան: Մի քանի ամիս է հաճախում, բայց արդեն հասցրել է ցուցահանդեսին ներկայանալ մոտ 20 աշխատանքով: Ինչպես նա, այնպես էլ դասարանի մյուս աշակերտներն ամեն աշխատանք սկսում են աղոթքով:
Պատկերների և ուլունքների գունազան աշխարհից հետո ներկաների ուշադրությունը դեպի իրենց գրավեցին կիրակնօրյա դպրոցի ամենակրտսեր 6-9 տարեկան սաները: Նրանք բեմադրեցին «Անհավատի դարձը» ներկայացումը:  


«Այս և նմանատիպ ներկայացումները երեխաների համար քրիստոնեական դաստիարակության միջոցներից են,  նրանց հավատքն ավելի է զորանում: Երեխաները ներկայացրեցին, թե ինչպես անհավատը դարձի եկավ՝ տեսնելով հավատավորի հավատքը, նրա ազնիվ, արդար աշխատանքը, հոգատարությունը մարդկանց նկատմամբ: Իմ սպասելիքները արդարացրվեցին: Շատ շնորհակալ եմ երեխաներից իրենց գեղեցիկ ելույթի համար»,- ասաց կիրակնօրյա դպրոցի ամենակրտսեր սաների կրոնի մանկավարժ Հռիփսիմե Հարությունյանը:
Ներկայացումը համեմված էր երեխաների շուրթերով ասված փառաբանական սաղմոսերգությամբ. «Գոհությո՛ւն մատուցեցեք Տիրոջը, քանզի բարի է Նա, քանզի հավերժ է Նրա ողորմությունը: Միայնակ Նա մեծ հրաշագործություններ արեց, քանզի հավերժ է Նրա ողորմությունը: Երկինքն ստեղծեց Իր իմաստությամբ, քանզի հավերժ է Նրա ողորմությունը» (Սաղմոս 135.1, 4-6):


Նաև ելույթ ունեցան Սուրբ Երրորդություն եկեղեցու կիրակնօրյա դպրոցի մանկական երգչախումբը:  Սա նրանց առաջին ելույթն էր: 15 հոգուց բաղկացած երգչախումբը, որ գործում է դեկտեմբեր ամսից, երգեցին «Հայր մեր»-ը և Սբ. Պատարագից «Քրիստոս ի մէջ մեր»-ը : Ինչպես նշեց երգչախմբի խմբավար Մարիամ Բաբայանը նրանց նպատակն է, որ երեխաները պատարագը երգեն, սիրեն և սովորեն երգել մեր հոգևոր երգերը՝ շարականները:
Միջոցառման ավարտին Տեր Եսայի քահանա Արթենյանն ասաց. «Այսօր փորձում ենք ամփոփել կիրակնօրյա դպրոցի այս ուսումնական տարին: Երեխաների շուրթերից հնչած սաղմոսերգությունն ու օրհնությունը կարող են լավագույն կերպով մե՛ր աղոթքը լինել: Ամեն կիրակի այս դահլիճը երեխաների ծիծաղով ու ճիչերով է լեցուն: Երեխաների ներկայությունը այստեղ՝ կիրակնօրյա դպրոցում, և առհասարակ մեր եկեղեցական համայնքում ամենակարևոր պայմաններից մեկն է, որը վկայում է և՛ Աստծո փառքը, և՛ Աստծո զորությունը, և՛ աստվածային օրհնությունը, որ բաշխվում է մեզ ամենքիս՝ թե՛ ծնողներին, թե՛ մեր հավատացյալներին և թե՛ առհասարակ մեր ընտանիքներին: Ամենակարևորը, որ մենք, ամեն անգամ գալով եկեղեցի, ունենք մեկ ընդհանուր գիտակցում, որ սա մեր տունն է, մեկս՝ երգով, մեկս՝ աղոթքով, մեկս՝ ձեռքի աշխատանքով, կարևոր է, որ բոլորս մեկ տան մեջ ենք՝ որպես ընտանիքի անդամներ»:


Տեր հայրը, առիթը օգտագործելով, շնորհակալություն հայտնեց կիրակնօրյա դպրոցի մանկավարժներին և ավելացրեց, որ նրանք, նվիրվելով իրենց ծառայությանը, ջանք ու եռանդ չեն խնայել, երեխաների հետ ճանապարհ են քայլել, նրանց հետ մանկանալով, նրանց հետ նորից մեծանալով և այսպես ամբողջ տարի շարունակ:  Տեր Եսային իր շնորհակալությունը հայտնեց նաև ուլունքագործության, նկարչության և երգչախմբի մանկավարժներին, ովքեր պարտաճանաչ ու նվիրված ամբողջ այս տարվա ընթացքում փորձեցին տալ լավագույնը երեխաներին:

Կիրակնօրյա դպրոցը այն լավագույնն է, որ ծնողը կարող է տալ իր երեխային:  Նրանք այստեղ սովորում են ոչ միայն նկարել, երգել, ուլունքներով գործել, այլ առաջնայինը սովորում են սիրել  Աստծուն, սիրել ու հարգել մարդկանց, լինել երախտագետ, պատասխանատու, բարի և մեծահոգի: Աստծուն սիրողը սիրում է մարդուն, քանի որ. «Աստծո հանդեպ սերն անցնում է մարդկանց նկատմամբ սիրո միջով» (Գարեգին Ա):


Կարինե Սուգիկյան
Գայանե Սուգիկյան
ՍԵԵՄ լրագրողական ակումբ

 

Դիտվել է 1696
2014.05.26
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.