Ընթերցանություն
Գլխավոր>Տոներ>Հայսմավուրք> Եղիա մարգարեի հիշատակ (ըստ Հայսմավուրքի)

Եղիա մարգարեի հիշատակ (ըստ Հայսմավուրքի)

Եղիա Թեզբացին Գաղաադից էր, Ղևիի ցեղից: Երբ ծնվեց Եղիան, նրա մայր Սուբաքան տեսավ սպիտակ զգեստներով մարդկանց, որ ողջագուրում էին նրան, հրեղեն խանձարուրով պատում և հրի բոց էին տալիս ուտել մանկանը: Նրա հայր Ասոմը, գալով Երուսաղեմ, պատմեց այդ: Եվ ասացին նրան քահանաները. «Մի՛ վախեցիր, որովհետև նա լույսի մեջ կբնակվի և հրեշտակների մոտ կապրի, նրա խոսքը հաստատուն կլինի, և նախանձախնդրությունը՝ հաճելի Աստծուն: Նա կդատի Իսրայելը հրով և սրով»:

Եղիան, մեծանալով, դարձավ այր կատարյալ և բնակվում էր անապատում: Տեսնելով Իսրայելի ժողովրդի անօրենությունները՝ որ զոհեր էին մատուցում բահաղին ու աստարտա կնոջ գարշելի կուռքին, որոնց պաշտում էին սիդոնացիները, բարկացավ Եղիան, կապեց երկինքը, որ չտեղացնի անձրև երկրի վրա երեք տարի և վեց ամիս:


Եվ ամբողջ երկրում սաստիկ սով եղավ, չորանալով ցամաքեցին բոլոր բույսերն ու կանաչների արմատները: Քանզի Եղիայի բերանից ելավ խոսքը, ով ասաց. «Կենդանի է Իսրայելի Տեր Աստված, թե կտա երկինքը երկրին անձրև առանց իմ բերանի խոսքի»: Մարդասերն Աստված զանց չառավ Եղիայի խոսքը: Աշխարհը կոտորվում էր սովից, մինչև Աստված տարածեց սովը անապատ, ուր բնակվում էր Եղիան, և նա սաստիկ քաղց զգաց:  Ողորմածն Աստված ամեն օր ուղարկում էր նրան կերակուր. ագռավը հաց էր բերում նրան: Երբ հանդարտ էր լինում Եղիայի կամքը, նրան հաց էր բերում ագռավը, և երբ զայրացած էր լինում Եղիայի միտքը՝ միս էր բերում նրան ագռավը: Ու թե կրկին ամբոխած էին լինում Եղիայի խորհուրդները, հում միս էր բերում նրան ագռավը: Քանզի չմարեց և չպակասեց Եղիայի բարկությունը, Աստված արգելեց նրա կերակուրը, այլևս չբերեց նրան ագռավը կերակուր, մինչև ուժգին նեղություն զգաց սովից և գնաց Սարեփթա, սիդոնացիների երկիր, ուր ապրում էր մի այրի կին (Գ Թագ. 17:1-7): Այդ այրի կինը Հունան մարգարեի մայրն էր: Իր որդին մեռել էր և հարություն առել Եղիա մարգարեի մաքուր և աստվածահաճո աղոթքով:


Այն այրու մեռյալ որդին Հունան մարգարեն էր, որ հարություն էր առել մեռելներից: Եվ ապա, սովի տարիներին Եղիան եկավ և օրհնեց նրանց ու բազմացրեց նրանց ալյուրը (Գ Թագ. 17:8-23):
Դրանից հետո Աքաաբը (* Իսրայելի թագավորը) գնաց Եղիայի մոտ, Կարմելոս լեռը ու ասաց նրան. «Դո՞ւ ես Եղիան, խանգարիչն Իսրայելի»: Եվ ասաց Եղիան Աքաաբին. «Ես չեմ խանգարիչը, այլ դո´ւ և քո հոր տունը»: Եղիան մաքառեց ընդդեմ բահաղի քրմերի՝  արյան և սպանման  գրավով: Հավաքվեցին բահաղի մարգարեները, թվով յոթ հարյուր,  ու պատրաստեցին իրենց զոհը,  աղաղակեցին, կանչելով իրենց աստծուն երեք օր, բայց ընդունելի չեղավ իրենց զոհաբերությունը, ողջակեզների հուրը չիջավ երկնքից, այլ միսը, նեխելով, գարշահոտ դարձավ: Այնժամ Եղիան սաստեց բահաղի քրմերին ու հետ կանգնեցրեց նրանց, և ինքը մատուցեց իր եզը՝ մորթեց և, կտրատելով, դրեց սեղանին և աղոթեց Տեր Աստծուն: Նույնժամ հուրը իջավ երկնքից, կերավ ողջակեզն ու փայտը և սեղանի քարերը, և ծովի հողը ջրի հետ միասին լափեց: Այնժամ ժողովուրդը ընկավ երեսնիվայր և ասացին. «Արդարև, Աստված` Եղիայի Աստվածն  է, Նա է Տեր Աստված ամենի»: Եղիան ասաց. «Բռնեցե´ք բահաղի մարգարեներին, որ ոչ ոք նրանցից կենդանի չմնա»: Վերցնելով նրանց` իջեցրեց հեղեղատը և կոտորեց բոլորին իր ձեռքերով, թվով  յոթ հարյուր արանց (Գ Թագ. 18:16-40):


Եվ ապա Եղիան Կարմելոս լեռան գլխին, այրում աղոթեց առ Աստված` տալ երկրին անձրև ու իր աշակերտին հանձնարարեց ելնել և դիտել ծովի ճանապարհին ամպը: Պատանին ելավ ու պատասխանեց, թե ոչինչ չի երևում: Եղիան ասաց պատանուն. «Գնա և ասա Աքաաբին, թե լծի´ր քո կառքն ու գնա, որ անձրևը քեզ չհասնի»: Մինչ նրանք այս ու այն կողմ էին դառնում, երկինքը մթնեց, ու սաստիկ անձրև եկավ, հասավ Աքաաբին (Գ Թագ. 18:41-46): Նա, լաց լինելով, գնաց Հեզաբելի մոտ: (*Հեզաբելը Աքաաբի կինն էր հեթանոս ազգից, որ կոտորում էր Տիրոջ մարգարեներին): Իսկ Հեզաբելը սպառնում էր Եղիային:


Եվ Եղիան փախավ Հեզաբելից ու, հոգնելով ճանապարհին, ննջեց: Նրա մոտ եկավ Տիրոջ հրեշտակը, արթնացրեց Եղիային ու ասաց. «Արի´, կե´ր և խմի´ր, որովհետև հեռու տեղ ես գնալու»: Եղիան, զարթնելով, գնաց 40 օր ու, հասնելով Քորեբ լեռը, մտավ այրերից մեկը: Ուժգին փոթորիկ եղավ, սակայն Տերը այդ հողմի մեջ չէր: Փոթորկից հետո սաստիկ երկրաշարժ եղավ, սակայն Տերը դրա մեջ չէր: Երկրաշարժից հետո հուր բորբոքվեց, և Տերը հրի մեջ չէր: Եվ հրից հետո հանդարտ օդ մեղմ եկավ, որում Տերը եկավ նրա մոտ և ասաց Եղիային.
- Ինչո՞ւ ես այստեղ, Եղիա:
Եղիան ասաց.
- Տե´ր, Քո մարգարեներին կոտորեցին, սեղանը կործանեցին, ես միայն մնացի և փնտրում են ինձ` իմ հոգին առնեն:
Տերը պատասխանեց և ասաց.
- Այդպես չէ, այլ թողեցի ինձ 7000 այր, որոնք չերկրպագեցին բահաղին:
Եվ դարձավ Եղիան Քորեբ լեռից, եկավ Իսրայելի երկիրը (Գ Թագ. 19:1-18):
Եղիային եղավ Աստծո հրամանը` վերանալ երկինք: Նա եկավ Բեթել, ու մարգարեների որդիները, որ Բեթելում էին, ելան նրան ընդառաջ, ասացին Եղիսեին` Եղիայի աշակերտին.
- Գիտե՞ս, արդյոք, որ Տերը այսօր առնել տանելու է քո մոտից տիրոջդ:
Եղիսեն պատասխանեց.
- Գիտեմ և ես, լո´ւռ մնացեք:
Եղիան ասաց Եղիսեին.
- Դու այստե´ղ նստիր, քանզի Տերը ինձ Երիքով է ուղարկում:
Եղիսեն ասում է.
- Քեզ չե´մ թողնի:
Երբ եկան Երիքով, մարգարեների որդիները, որ Երիքովում էին, ասացին Եղիսեին.
- Գիտե՞ս, արդյոք, որ Տերը այսօր առնել տանելու է քո մոտից տիրոջդ:
Եվ նա ասաց նրանց.
- Գիտեմ և ես, լո´ւռ մնացեք:
Եղիան ասաց Եղիսեին.
- Դու այստե´ղ նստիր, քանզի Տերը ինձ Հորդանան է ուղարկում:
Եղիսեն պատասխանեց.
- Կենդանի ես դու, քեզ չե´մ թողնի, - և գնացին Հորդանան:
Այնժամ Եղիան ծալեց իր մորթե վերարկուն ու խփեց ջրին: Ջուրը այս ու այն կողմ բաժանվեց, և անցան ցամաքով Եղիան ու Եղիսեն:
Եղիան ասաց Եղիսեին.
- Ի՞նչ ես կամենում, որդիս, որ անեմ քո համար:
Եղիսեն պատասխանեց.
- Հա´յր, թող քո հոգին կրկնապատիկ չափով ինձ վրա լինի:
Եղիան պատասխանեց.
- Թե տեսնես իմ վերանալը, թող լինի դա քեզ: - Մինչ նա դա ասում էր, ահա կառքը հրեղեն ու հրեղեն երիվարները բաժանեցին միմյանցից Եղիային ու Եղիսեին: Եվ Եղիան բարձրացավ երկինք:
Եղիսեն աղաղակեց.
- Հա՜յր, հա՜յր, Իսրայելի կառքը և նրա հեծյալները:
Այնժամ Եղիան գցեց իր մորթե վերարկուն Եղիսեի վրա: Նա, վերցնելով այն, ծալեց ու հարվածեց ջրին: Հորդանանի ջրերը բաժանվեցին, ու Եղիսեն անցավ գետը ցամաքով: Իսկ Երիքովի մարգարեների որդիները, որ հանդիպակաց կողմում էին, տեսան, որ Եղիայի հոգին հանգչեց Եղիսեի վրա (Դ Թագ. 2:1-15):
Քրիստոսին փա՜ռք հավիտյանս: Ամեն:

 

թարգմանեց Աննա Կիշինևսկայան
ՍԵԵՄ լրագրողական ակումբ

Դիտվել է 7932
2014.06.15
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.