Ընթերցանություն
Գլխավոր>Լրագրության խմբակ>Յոթ խորհուրդներ> Յոթ խորհուրդներ. նոր խորագիր մեր կայքում

Յոթ խորհուրդներ. նոր խորագիր մեր կայքում

Ծանոթ արտահայտություններ են. «Երկրորդ երեխաս կծնվի, երկուսին միասին կմկրտենք»,  «գումար ունենալու դեպքում նոր կմկրտեմ»,  «հարուստ քավոր (կնքահայր) եմ փնտրում»,  «ի՞նչ մեղք եմ գործել, որ ապաշխարեմ և Սբ. Հաղորդություն ստանամ», «թող երեխաս մեծանա, ինքը կորոշի մկրտվել, թե ոչ»,  «ամուսնանալուց առաջ կմկրտվեմ», «ճոխ եկեղեցի եմ փնտրում ճոխ պսակի համար, «մեր հիվանդը մահամերձ չի, որ հոգևորականին կանչենք կարգ հիվանդացը կատարի»  այս և նմանատիպ թյուր արտահայտություններին կանդրադառնանք «Յոթ խորհուրդներ» հոդվածաշարում և կներկայացնենք, թե ինչո՞ւ է պետք երեխային 8 օրեկանում մկրտել, կնքահոր ընտրությունը և նրա դերը մկրտվողի կյանքում որքանո՞վ է կարևոր, ինչո՞ւ է պետք պարբերաբար ապաշխարել և Սուրբ Հաղորդություն ստանալ, ո՞րն է պսակի խորհուրդի իմաստը, ե՞րբ է կատարվում կարգ հիվանդացը, ո՞վ կարող է ձեռնադրվել, խորհուրդներից որո՞նք են կրկնելի և անկրկնելի:

 

Հայ եկեղեցին արևելյան և արևմտյան եկեղեցիների հետ ընդունում է յոթ սրբարար խորհուրդ, որոնք են՝ մկրտություն, դրոշմ, ապաշխարություն, Հաղորդություն, ամուսնություն կամ պսակ, կարգ քահանայության կամ ձեռնադրություն, կարգ հիվանդաց: Խորհուրդների յոթի բարձրացումը տեղի ունեցավ 12-րդ դարի սկզբին նախ արևմուտքում, ապա՝ արևելքում: Նրանցից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատուկ նշանակությունը: Առաջին վեց խորհուրդները քահանայական պաշտոնին են պատկանում, իսկ ձեռնադրությունը՝ եպիսկոպոսական: Անկրկնելի են մկրտությունը, դրոշմը և ձեռնադրությունը իբրև Սուրբ Հոգու անզեղծանելի նեգործության այնպիսի փրկարար կնիք, որ մի անգամ ընդմիշտ սրբում, զինում ու շնորհագործում է: Մկրտությունը, դրոշմը, ապաշխարությունը և Հաղորդությունը ամեն մի հավատացյալի համար անհրաժեշտ խորհուրդներ են, ձեռնադրությունը ու պսակի խորհուրդը կամավոր են անհատ քրիստոնյաների համար, իսկ կարգ հիվանդացը ըստ պարագաների է կատարվում:


Եկեղեցին Քրիստոսի Մարմինն է (Ա Կորնթացիներ 12.27): Նրա մեջ է բնակվում Սուրբ Հոգին: Եկեղեցին մարդացած աստվածորդու գործը շարունակում է աշխարհի վրա և եկեղեցով Քրիստոսը ներկա է աշխարհի մեջ: Ինչպես որ բանավոր էակը իր մարմնով է գործում, այնպես էլ Քրիստոսը Իր Մարմնով՝ եկեղեցով է գործում: Մարդ արարածը որպեսզի կարողանա ստանալ մարդեղության Աստծո ներկայության բարիքները, հաստատեց Քրիստոսի խորհուրդները: Նրանցով Սուրբ Հոգին Իր շնորհները տալիս է հավատացյալներին՝ նրանց կարիքներին համապատասխան: Սուրբ խորհուրդը լոկ որպես արարողություն, ծես ընդունելն անարգանք է Սբ. Հոգու նկատմամբ և ենթակա դատապարտության:
«Սուրբ Խորհուրդը չերևացող, ծածկված երևույթների հայտնությունն է» (Սբ. Գրիգոր Տաթևացի):


Խորհուրդ նշանակում է մարմնական աչքերով անտեսանելի, մտքով անըմբռնելի և միայն հոգևոր աչքերով տեսանելի և հավատքով ըմբռնելի իրականություն: Այսինքն՝ բառի կրոնական և աստվածաբանական իմաստով, նշանակում է անտեսանելի բաների հայտնություն. ինչպես օրինակ՝ մկրտության մեջ մկրտվողի քրիստոնյա դառնալը խորհուրդ է, ծածուկ մի բան, և այն ծեսն ու արարողությունը, որով կատարվում է մկրտությունը, խորհրդի իրական արտահայտությունն է: Կամ ապաշխարողի մեղքերի արձակումը, Սբ. Պատարագի ընթացքին օրհնված հացն ու գինին Հիսուսի Մարմնին և Արյան գոյափոխումը չենք կարող տեսնել մեր մարմնական աչքերով, սակայն ըմբռնում ենք հավատքով: Ըստ այս՝ սուրբ խորհուրդների արարողական մասը մենք տեսնում ենք մեր աչքերով, միայն չենք տեսնում, թե ինչպե՞ս այդ տեսանելի արարողությունները Սուրբ Հոգու անտեսանելի շնորհների միջոց են դառնում և մեզ վրա ներգործում: Ուրեմն, աստվածադիր սուրբ խորհուրդների առանձնահատկությունն այն է, որ Սուրբ Հոգու անտեսանելի և աննյութական շնորհներն ու պարգևները, ծածկվելով տեսանելի և նյութական տարրերի մեջ, ընդունվում են մեր արտաքին զգայարաններով, որպեսզի ոչ միայն հավատքով, այլև զգայությամբ համոզված լինենք, որ ընդունում ենք աստվածային շնորհներ:
Խորհուրդները հավատքով և երկյուղածությամբ ընդունելով՝ ստանում ենք աստվածային օրհնություն և շնորհներ:

 

Խորհրդակատարման պայմանները


Խորհուրդները վավերական են հետևյալ երեք պայմանների առկայության դեպքում.
Առաջին. Եկեղեցու կողմից հաստատված յուրաքանչյուր խորհուրդ ունի յուրահատուկ աղոթքներ, բանաձևեր և ծեսեր, որոնք պետք է գործադրվեն ճշտորեն: Օրինակ՝ մկրտության ժամանակ ջրի մեջ երեք անգամ ընկղմվելը և խորհրդակատար հոգևորականի կողմից արտասանած բանաձևը, դրոշմի ժամանակ երեխայի զգայարանները մյուռոնով օծելը:
Երկրորդ. Աստված ո՞ւմ հանձնեց այս սրբազան խորհուրդների մատակարարությունը՝ հոգևորականների՞ն, թե՞ աշխարհականներին: Հին օրենքում թլփատության, Առաջավորաց հացի և գինու, զոհագործության և այլ արարողությունների մատակարարությունն Աստված հանձնել էր մասնավորապես ղևտական ցեղի քահանաների դասին: Հիսուս Քրիստոս ասաց. «Մի՛ կարծեք, թե Ես եկա Մովսեսի Օրենքը կամ մարգարեների ուսուցումները ջնջելու, չեկա ջնջելու, այլ լրացնելու» (Մատթեոս 5.17). ապա Ինքը, կատարելով քահանայապետության պաշտոնը, Սրբազան Խորհուրդի մատակարարությունն ավանդեց հատկապես առաքյալներին ու 72 աշակերտներին, և նրանք էլ իրենց կողմից ձեռնադրված հոգևորականներին: Այդ պատճառով էլ միայն օծյալ հոգևորականի կողմից կատարված խորհուրդն է վավերական: Իրականում, ըստ եկեղեցու վարդապետության, խորհուրդներ կատարողը քահանան չէ, այլ Ինքը՝ Հիսուս Քրիստոս:  Քահանան պարզապես միջոց է ծառայում Աստծո և մարդու միջև:
Երրորդ. Յուրաքանչյուր խորհրդի համար պատշաճ նյութեր են գործածվում: Օրինակ Սբ. Պատարագին՝ հացն ու գինին, մկրտությանը՝ ջուրը, դրոշմին՝ մյուռոնը և այլն: Նյութը ինքնին որպես նյութ որևէ շնորհ կամ գերբնական զորություն չի պարունակում և չի կարող տալ, այլ Սբ. Հոգու ներկայությունն է նրա մեջ, որով նա կարողանում է շնորհը փոխանցել:

Սուրբ և սրբարար են այս խորհուրդնեը, սուրբ է և նրանց թիվը, ըստ որում, Աստծո ամենաբարության տեսանելի արդյունքները յոթ օրում են կատարվել, Նրա բոլոր կարգադրությունները իսրայելցիների մեջ յոթ թվով են հիմնվել, և յոթը պարփակում է իր մեջ թե՛ աշխարհի չորս կողմերն և թե՛ Սուրբ Երրորդությունը, որ տիրում է և սրբում աշխարհի բոլոր ծայրերը:

 

Սկզբնաղբյուներ`
Դերենիկ եպիսկոպոս «Հայաստաեայց Առաքելական Սուրբ եկեղեցւոյ խորհուրդները», 1957թ.
Արշակ Տէր-Միքէլեան «Հայաստնեայց Սուրբ եկեղեցու Քրիստոնեականը», 2007թ.
Աղոթագիրք,«Գանձասար» մատենաշար:

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը
ՍԵԵՄ լրագրողական ակումբ

Դիտվել է 4828
2014.06.26
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.