Ընթերցանություն
Գլխավոր>Լրագրության խմբակ>Յոթ խորհուրդներ> Մկրտություն. Երկրորդ ծնունդ

Մկրտություն. Երկրորդ ծնունդ

«Այս երեխան ի՞նչ է ցանկանում,- հարցրեց քահանան:
«Հավատք, հույս, սեր և մկրտություն: Մկրտվել և արդարանալ, սրբվել մեղքերից, ազատվել դևերից և ծառայել Աստծուն»,- պատասխանեց կնքահայրս»: Պատմում է Անժելան:
Փարիսեցիների մեջ մի մարդ կար՝ Նիկոդեմոս անունով՝ հրեաների ավագներից: Մի գիշեր նա գալիս է Հիսուսի մոտ և ասում. «Ռաբբի, մենք գիտենք, որ Դու ուսուցիչ ես ՝ Աստծուց եկած, որովհետև այն հրաշքները, որ Դու ես անում, ոչ ոք չի կարող անել, եթե Աստված նրա հետ չլինի»: Հիսուսը նրան պատասխանում է. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, եթե մեկը ի վերուստ նորից չծնվի, չի կարող տեսնել Աստծո թագավորությունը»: Նիկոդեմոսը հարցնում է Նրան. «Մարդն ինչպես կարող է ծնվել, եթե ծեր է, մի՞թե կարող է նորից իր մոր որովայն մտնել ու ծնվել»: Հիսուսը պատասխանեց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում, եթե մեկը չծնվի ջրից ու հոգուց չի կարող մտնել Աստծո Թագավորություն: Մարմնից ծնվածը մարմին է, հոգուց ծնվածը՝ հոգի»:


Այսպիսով աշխարհ գալու սկիզբը ազդարարվում է մանկան ճիչով, իսկ երկնային Թագավորություն մտնելը՝ մկրտությամբ:
«Տանը ինձ երբեք քրիստոնեություն չեն քարոզել: Երբեք չեն խոսել մկրտության մասին որպես կարևոր խորհուրդ: Մոտ երկու տարի ամեն օր արթնացել եմ այն մտքով, որ իսկական քրիստոնյա լինելու համար ինձ մկրտվել է պետք: Գիտեի, որ ով մկրտված չի, Երկնքի Արքայություն չի կարող մտնել: Պահը հասունացավ, երբ ընդունվեցի համալսարան:  Ու եկավ իմ կյանքի «ամենաերկնային» օրը»,- իր մկրտության հուշերով կիսվում է Անժելան:


Մկրտության օրինակը տվել է մեզ Ինքը՝ Քրիստոս: Մկրտությամբ մարդ նորոգվում է, վերածնվում և մաքրվում ադամական մեղքից: Մեղք, որ պատնեշ առաջացրեց մարդու և Աստծո միջև:
Մկրտությամբ մեռնում է հին մարդը, և ծնվում է նորը: Նա դառնում է Աստծո որդեգիր և Քրիստոսի եկեղեցու անդամ: Սակայն մինչ այդ հարկավոր է հավատք ու քրիստոնեական գիտակցություն ունենալ:
«Չեմ կարող ուրիշ որևէ երջանկություն համեմատել երկնքի զավակ դառնալու երանության հետ»: (Անժելա)
Մկրտության խորհրդի առաջին մասը ապաշխարությունն է:


- Հիսուս Քրիստոս կատարյալ մարդ էր, այսինքն մեղք չուներ: Բայց մկրտվեց՝ մեղավոր մարդկությանը ցույց տալու համար, թե Մկրտությունն անհրաժեշտ պայման է վերստին կամ հոգևոր ծննդյան համար: Եվ եթե մարդ չափահաս է և գիտակցված գալիս է մկրտության, ապա նա մաքրվում է բոլոր մեղքերից,- ասաց տեր Եսայի քահանա Արթենյանը:
«Երբ  գիտակցորեն ես գնում մկրտության, հասկանում ես, թե ինչ է կատարվում, ինչ խորհուրդ ունի արարողության յուրաքանչյուր հատված: Ես հետևում էի ամեն բառին, փորձում էի անմասն չմնալ ոչ մի խորհրդից: Ուրիշ ոչ մի երևույթ չի կարող համեմատվել դրա հետ » (Անժելա):
Երկրորդ մասը հրաժարումն է աշխարհից և դարձը հավատի լույսին:


Մկրտվողը պետք է հավատա Ամենասուրբ Երրորդությանը, որովհետև, ինչպես տեսանք, Հիսուս Քրիստոս Իր համբարձումից առաջ առաքյալներին պատգամեց. «Ամեն իշխանություն տրվեց ինձ երկնքում և երկրի վրա: Ինչպես որ Հայրն ինձ ուղարկեց, այնպես էլ ես ձեզ եմ ուղարկում: Գնացե՛ք, ուրեմն, և բոլոր ժողովուրդներին Իմ աշակերտները դարձրեք: Մկրտեցե՛ք նրանց Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով» (Մատթեոս 28. 18-20):
«Զգում էի Սուրբ Հոգու ներկայությունը, շատ ուժեղ էի զգում: Զգում էի ինչպես եմ անհետանում ես ու ինչպես է ծնվում լիովին ուրիշ հոգի իմ ներսում» (Անժելա):
Երրորդը՝ մուտքն է եկեղեցի:
«Մկրտվել եմ Սուրբ Երրորդություն եկեղեցում: Սիրտս հուզմունքից պայթում էր, երանության գագաթնակետին էի: Եկեղեցի մտա փայտից խաչը ձեռքիս՝ Երուսաղեմից էր բերված: Այդքան հուզված չէի եղել կյանքում» (Անժելա):


Չորրորդ մասը բուն մկրտությունն է: Նախ ջուր է լցվում ավազանի մեջ, հետո երեխային նրա մեջ են իջեցնում և ապա ջրից դուրս հանում:
Եվ լսվում է այն նույն ձայնը, որ Քրիստոսի մկրտության ժամանակ լսվեց Հորդանանում՝ գրում է Հովհաննես Երզնկացին. «Դա է իմ սիրելի Որդին», նույն ձայնն է այս ջրի վրա, որ ծնունդ է տալիս այս երեխային, որը հողեղեն մարդու որդի է, իսկ այսուհետև Աստծո որդի է լինելու:
«Երբ սկսվեց մկրտության այդ հատվածը, սկսեցի լաց լինել: Մարմինս չէի զգում, լրիվ վերացել էի նյութեղեն կյանքից: Լրիվ հոգի էի»  (Անժելա):
Մկրտության հրաշքից անմասն չի մնացել նաև խուլերի համայնքից Սիրանուշը:


«Շատ էի ուզում մկրտվել: Ուզում էի, որ տեր Եսային մյուռոնը քսեր ծոծրակիս, որ պաշտպանված լինեի, չվախենայի: Ուզում էի նաև, որ նա յուղը քսեր ափերիս ու այդ ափերով ուրիշին օգնեմ, որ չսխալվի: Եվ մկրտվեցի: Ուզում էի զգալ Աստծո հրեշտակին կողքիս: Ու հիմա իսկապես զգում եմ այդ ամենը, պաշտպանված եմ, ուժեղ»,- ասում է Սիրանուշը:
Ըստ Պողոս առաքյալի՝ հավատացյալը մկրտությամբ մասնակից է դառնում Քրիստոսի կյանքի հետևյալ իրողություններին. մեռնում է Նրա մահով, թաղվում է Նրա հետ և հարություն առնում Նրա հարությամբ: Ու ինչպես ամեն նորածին, մկրտվողն էլ անուն է ստանում:
«Ու ծնվեց ուրիշ հոգի իմ ներսում, որ պիտի Հռիփսիմե անունը կրեր» (Անժելա):

 

Հասմիկ Թամամյան
ՍԵԵՄ լրագրողական ակումբ

Դիտվել է 2229
2014.06.26
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.