Ընթերցանություն

Մի քրիստոնյայի ճանապարհից. Մաս 1

«Ի սկզբանէ էր Բանը. և Բանն էր առ Աստուած. և Աստուած էր Բանն» (Հովհաննես 1.1) աստվածաշնչյան հայտնի ու բազմիմաստ այս միտքը վկայում է այն մասին, որ սկիզբը` որպես երևույթ, մշտապես կարևորվել և հետաքրքրական է եղել մարդկանց համար: «Որտեղից ենք գալիս և ուր ենք գնում» հարցերը բոլոր ժամանակներում էլ եղել են մարդկության մտածողության առանցքում: Մեզնից շատերն են կյանքը որպես ճանապարհորդություն դիտարկում, իսկ որտեղի՞ց է սկսում քրիստոնյայի ճանապարհորդությունը:  Ոմանց մոտ ճանապարհորդությունը սկսվում է ծնված ակնթարթից, ոմանց մոտ՝ շատ տարիներ անց, ոմանց մոտ՝ մկրտությունից հետո միայն:

 

Այսուհետ մեր ընթերցողներին կփորձենք ներկայացնել տարբեր մարկանց հավատի պատմությունները, նրանց սկզբի, ընթացքի և մեծ ճանապարհորդության մասին: Այդ պատմություններից յուրաքանչյուրը յուրահատուկ է, ինքնատիպ, բայց բոլորում ակնհայտորեն երևում է Աստծո ներկայությունը, Նրա նախախնամությունն ու հոգատար Աջի առկայությունը: Հավատը քրիստոնյայի ապրելու կերպն է: Կարևոր է, որ մարդն իրեն հավատավոր զգա և կարողանա կիսել իր հավատի փորձառությունը իրեն շրջապատող մարդկանց հետ՝ ոչ թե նրանց ինչ-որ բան սովորեցնելու, այլ ցույց տալու համար՝ ինչն է իր համար կարևոր, թանկ ու հետաքրքիր:


* * *

Ես ծնվել եմ քրիստոնյա ընտանիքում: Մեր ընտանիքում, սակայն, հավատքն ու կրոնը սկսվում և ավարտվում էին երբեմն-երբեմն եկեղեցի հաճախելով, Զատկին ձու ներկելով, Սուրբ Ծնունդը տոնելով: Բայց անգիտակից տարիքից սկսած  զգում էի, որ Աստծուն լիովին այլ կերպ եմ կապված և միայն հետագայում հասկացա, որ դա ինձ ընծայված հավատի ուժն էր… Աղոթել սովորել էի մանկապարտեզում. հիշում եմ, որ վերելակ նստելուց շատ էի վախենում և ամեն անգամ նստելիս մանկապարտեզում սովորածս աղոթքներն էի կրկնում:  Ջերմեռանդորեն հավատում էի, որ եթե չվստահեմ Աստծուն, զլանամ աղոթել, անպայման վերելակի մեջ կմնամ: Այդ ժամանակ Աստված իմ վախերի ու տխրությունների ընկերն էր:


Ամեն անգամ, երբ ինչ-որ խնդիր էի ունենում, նեղսրտում էի, մտահոգվում, անպայմանորեն դիմում էի Աստծո օգնությանը, սակայն անհոգության օրերին շատ շուտ էի մոռանում Նրան:

Հետո դպրոցում մեզ Նոր Կտակարան նվիրեցին: Մեր տանն իհարկե կար Աստվածաշունչ, սակայն ես գրաբարին չէի տիրապետում, այդ իսկ պատճառով Աստծո Խոսքին ծանոթանալ չէր հաջողվել: Նոր Կտակարանը դարձավ իմ առօրյայի անբաժանելի մասնիկը: Հաճախ էի թերթում այն՝ փորձելով ավելի ու ավելի լավ ընկալել Գրքի բովանդակությունը, զգալ ասվածի խորությունն ու բազմաշերտությունն, և որ  ամենակարևորն է՝ փորձում էի ապրել այնպես, ինչպես հորդորում էր Քրիստոս:

 

Օրեցօր հավատս խորանում էր. ժամեր էի անցկացնում այն գրախանութներում, որտեղ Աստծո, հավատքի ու քրիստոնեության մասին գրքեր էին վաճառում, իսկ գումար ունենալու դեպքում, անպայման գնում էի դրանք: Մայրս, տեսնելով ինչպես եմ խորասուզված կարդում-ուսումնասիրում, երբեմն բարկանում էր, ասում, որ ինձ մոտ այդ ամենը մոլուցքի է վերածվում, սակայն ես չէի ուզում կանգ առնել: Իմ հոգին ծարավի էր Աստծո Խոսքին, Նրա Սիրուն.  զգում էի, ինչպես եմ օրեցօր աճում, մոտենում երկնքին, ինչպես է աճում իմ հավատքը: Սիրում էի ստեղծագործել. նկարում էի, գրում և իմ ստեղծագործությունները նույնպես պտտվում էին հավատիս շուրջ:


Այդ ընթացքում  շրջապատված էի ինձ նման հավատացող մարդկանցով: Սնվում էի նրանց հավատքով և փորրձում էի նրանց սնել իմ հավատքով:
Դեռահասության տարիքում ընկերներս տարվել էին աթեիզմով և չէին հավատում Աստծուն: Մինչև հիմա զարմանում եմ՝ ինչպես  կարողացա չընկնել ազդեցության տակ, կայուն պահել հավատքս: Հենց այդ շրջանում սկսեցի հաճախել մեր թաղամասում գտնվող Սուրբ Երրորդություն եկեղեցի: Ընդհանրապես, հավատքով մարդկանց հետ շփվելն ինձ համար գերագույն հաճույք էր, իսկ եկեղեցու Երիտասարդաց միությունում նման մարդկանց պակաս չէր զգացվում:  Հենց այդ ժամանակվանից սկսած իմ մեջ մեկ այլ ցանկություն էր աճում, ահագնանում, մեծանում, անհաղթահարելի դառնում… Ցանկանում էի մկրտվել:

 


Անժելա Պողոսյան
ՍԵԵՄ լրագրողական ակումբ

 

Դիտվել է 1265
2014.07.17
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.