Ընթերցանություն

Մի քրիստոնյայի ճանապարհից. Մաս 2

Մեր ընտանիքում մկրտությունը ընկալվում էր որպես շքեղ իրադարձություն՝ մեծ խնջույքի տեսքով, որին պիտի մասնակցեին մեր բոլոր բարեկամները: Իսկ ես երազում էի համեստ արարողության ու  փայտից խաչի մասին… Ամեն օր մտածում էի՝ ինչպես համոզեմ ծնողներիս՝ իրենց պատկերացումները դնել մի կողմ ու կազմակերպել իմ, քրոջս ու եղբորս մկրտությունը:

Ավարտական դասարանում էի և պատրաստվում էի ընդունվել համալսարան:  Դպրոցում մի ուսուցիչ ունեի, որ անընդհատ կրկնում էր՝ մինչև քննությունները մկրտվիր: Ես նույնպես կարծում էի, որ առանց այդ կարևոր քայլի՝  չեմ կարողանա հաղթահարել քննությունների նկատմամբ վախը, և ընդհանրապես կտապալեմ դրանք: Բարեբախտաբար, ծնողներս տեսնելով իմ անհանգստությունն ու մկրտվելու մեծ ցանկությունը, որոշեցին իմ երազանքների մկրտությունը կազմակերպել…

 

Մկրտությանս օրը երբևէ ապրածս ամենաերկնային, ամենաերջանիկ, ամենահոգևոր, ամենամաքուր, ամենաերկնքոտ օրն էր: Կայացել էր իմ ամենանվիրական երազանքը.  ինձ որդեգրել էր.. Երկինքը: Իհարկե, շատ կցանկանայի, որ ինձ ավելի վաղ տարիքում մկրտած լինեին՝ ինչպես հորդորում են անել եկեղեցու հայրերը, սակայն գիտակից տարիքում մկրտվելը մեկ այլ երանություն է: Ես պարզապես չէի կարողանում զսպել արցունքներս, որովհետև հասկանում էի՝ ինչ է կատարվում ինձ հետ, իմ հոգու հետ: Զգում էի՝ ինչպես եմ ազատվում 17 տարիներիս ընթացքում կուտակած մեղքերի ծանրությունից, ինչպես եմ արմատախիլ լինում երկրից ու ձգվում դեպի վեր:
Գերազանց հանձնեցի քննություններս ու առավել քան վստահ եմ, որ դա իմ անմնացորդ հավատի, Աստծո հանդեպ անվերապահ վստահության շնորհիվ էր:
Ինձ համար մեկ այլ կյանք էր սկսվել, մեկ այլ ճանապարհորդություն, մեկ այլ ընթացք:
Նախքան մկրտությունս ես վախենում էի մահից, որովհետև գիտեի՝ չմկրտված մարդիկ մուտք չունեն Երկնքի Արքայություն:

 

Հիմա կարևոր է շարունակել հավատալ ու ապրել քրիստոնյային վայել կյանքով, շարունակել ուսումնասիրել Աստծո խոսքը, հաճախել եկեղեցի:
Հաճախ ենք լսում, երբ մարդիկ ասում են՝ իմ հավատն իմ ներսում է, կարիք չունեմ եկեղեցի այցելելու: Այո, եկեղեցին նախևառաջ մեր ներսում է, սակայն այն ամուր պահելու համար մենք կարիք ունենք եկեղեցի այցելելու, շփվելու մեզ նման հավատավոր մարդկանց հետ, կիսելու նրանց հետ մեր փորձառությունը, մխիթարելու մեր քրիստոնյա ընկերներին, մխիթարվելու նրանցով և շնորհակալ լինելու ամեն օրվա համար:

 


Անժելա Պողոսյան
ՍԵԵՄ լրագրողական ակումբ

Դիտվել է 2798
2014.07.17
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.