Ընթերցանություն
Գլխավոր>Լրագրության խմբակ>Տասը պատվիրանները> Վեցերորդ պատվիրան. մի՛ սպանիր կյանքը

Վեցերորդ պատվիրան. մի՛ սպանիր կյանքը

Այս պատվիրանը կազմված է մեկ բառից, սակայն այն լսելն անգամ սոսկում է առաջացնում:
Հարց է առաջանաում՝ ինչո՞ւ տրվեց այն, մի՞թե ինքնին հասկանալի չէ, որ սպանելը մեղք է: Ո՞վ կցանկանար խլել ինչ-որ մեկի կյանքը, տեսնել սպանության տեսարան կամ մարդասպանի խիղճ ունենալ:


Նա, ով ծանոթ է տասը պատվիրաններին, գուցե և այս մտածումն ունեցած լինի՝  ոչ միշտ է, որ սիրտս ամբողջությամբ Աստծուն եմ նվիրել կամ Նրա անունը սուրբ պահել: Ոչ միշտ է ստացվել կիրակի օրը սուրբ պահել: Եղել է, որ ծնողներիս չեմ հնազանդվել, կամ ինչ-որ  մի բան առանց հարցնելու եմ վերցրել: Աչք եմ ունեցել ուրիշի ունեցվածքի վրա, բայց  վեցերորդ պատվիրանը՝ «Մի՛ սպանիր»-ը հաստատ չեմ խախտել: Ճիշտ է, թերևս շատերի համար սա մի պատվիրան է, որը, ըստ իրենց, իրենք չեն խախտում, սակայն դա միայն առաջին հայացքից: Մարդիկ, սովորաբար, թերի են ըմբռնում պատվիրանի իմաստը. կարծում են, թե եթե զենքով, դանակով, բռունցքով չեն սպանել, ուրեմն մարդասպան չեն և այս պատվիրանը չեն խախտել: Այնինչ, բացի մարմնական սպանությունից կա նաև հոգևոր սպանություն:


Կյանքը Աստծո կողմից տրված ամենամեծ պարգևը և հարստությունն է: Աստված է կյանքի աղբյուրը, այդ պատճառով ձեռք բարձրացնել սեփական կամ ուրիշի ամենաթանկ պարգևի վրա, այսինքն՝ սպանել կյանքը, համարվում է ծանր և մեծագույն մեղք:
Դժբախտաբար, մարդիկ խախտում են այս պատվիրանը և դա կատարվում է երեք ձևով՝ մտքով, խոսքով և գործով:

 

Երբ սպանում են մտքով

Մարդասպանությունից զգուշանալու համար նախ պետք է արմատախիլ անել սպանությունը սնող որոմները՝ բարկությունը, նախանձը, ագահությունը, չարությունը, վրեժխնդրությունը: Այս ամենը կարճելով կյանքը՝ սպանում է այն: Բարկությունը  նման է գազանի՝ շղթան կտրելուն պես, վատ հետևանքը պատրաստ է: Եվ ինչպես սաղմոսերգուն է ասում. «Նույնիսկ երբ բարկանաք, չլինի թե մեղանչեք», և «բարկացած չմնաք մինչև երեկո» (Եփեսացիներ 4.26-27):


Ապա բարկությունը իսկույն ատելության, նախանձի է փոխարկվում: Եվ քայլ առ քայլ մարդը սկսում է խախտել պատվիրանը՝ ցանկանալով դիմացինի մահը, ապրելով ուրիշների հետ թշնամության, նախանձի, ատելության, կռիվների և վեճերի մեջ, ցավ պատճառելով իր մտերիմներին. «Ով ատում է իր եղբորը, մարդասպան է, և գիտեք, որ ամեն մարդասպան հավիտենական կյանք չունի իր մեջ» (Ա Հովհաննես 3.15):


Նախանձը  ատելության ամենօրյա կերակուրն է, քանի՜- քանի՜ հոգու է այն թշվառության և գերեզման հասցրել: Կայենի, Աբելի, Հովսեփի և իր եղբայրների պատմությունը բավական է զգուշանալու և հեռու մնալու մահացու այս մեղքից:
Պետք է զգուշանալ նաև վրեժխնդրությունից, հիշենք, թե Հերովդեսի կնոջ վրեժը Հովհաննես Մկրտչի հանդեպ որքան հեշտ տարավ նրան մարդասպանության (Մատթեոս 14.1-13): «Սիրելինե՛ր, վրեժ լուծելու մասին երբեք մի՛ մտածեք, այլ թողե՛ք, որ Աստծո բարկությունը կատարի այն, որովհետև Սուրբ Գրքում Տերն ասում է. «Ի՛մն է դատելու և պատժելու իրավունքը. Ե՛ս եմ հատուցելու», իսկ մի ուրիշ տեղ ասում է. «Եթե քաղցած է քո թշնամին, հա՛ց տուր նրան, եթե ծարավ է, ջո՛ւր տուր նրան: Երբ այդպես վարվես, ամոթն արդեն կայրի նրան»: Մի՛ պարտվիր չարից, այլ բարիո՛վ հաղթիր չարին» (Հռոմեացիներ13.19-21): Ագահությունն  էլ վանենք մեզանից, քանի որ այս մահացու մեղքն էր, որ Աքաաբ թագավորին ստիպեց Նաբոթին սպանելու (Թագավորություններ Գ 21.1-8), իսկ Հուդա առաքյալն էլ երեսուն արծաթով մատնեց Քրիստոսին:


Մարդը սպանության մեջ մեղավոր է նաև այն դեպքում, երբ ինքը չի սպանում, այլ նպաստում է սպանությանը հրամանով, խորհրդով, օգնությամբ չի արգելում  այն բոլորը, ինչը անհանգտացնում և կրճատում է մերձավորի կյանքը, օրինակ, բարկությունը, նախանձը, կռիվները: Ի հակադրում չարության և ատելության զգացումների, Հիսուս Իր հետևորդներին սովորեցնում է սիրել մարդուն, այդ թվում և թշնամուն. «Լսել եք արդարև, թե ինչ է ասվել. «Սիրի՛ր ընկերոջդ և ատի՛ր թշնամուդ»: Իսկ Ես ձեզ ասում եմ.- Սիրեցե՛ք ձեր թշնամիներին, օրհնեցե՛ք ձեզ անիծողներին, բարությո՛ւն արեք ձեզ ատողներին և աղոթեցե՛ք նրանց համար, ովքեր չարչարում և հալածում են ձեզ» (Մատթեոս 5.43-44):


Այս պատվիրանի դեմ ամենամեծ մեղքն է գործում մարդ, երբ համառորեն չի ընդունում ճշմարտությունը, ամբողջությամբ չի զղջում և ցավում իր մեղքերի համար և հուսահատության մեջ ընկնելով՝ մտադրվում է ինքնասպանություն   գործել՝ զրկվելով զղջալու հնարավորությունից: Յուրաքանչյուր մարդու համար Աստված ունի Իր նախախնամությունը, դիմացինից կամ ինքն իրենից խլել կյանքը, նշանակում է միջամտել աստվածային ծրագրին, փորձել Աստծո տեղում լինել:  Այս մահացու մեղքի տակ են ընկնում նաև նրանք, ովքեր իրենց առողջությունը վատնում են աշխատանքով, ծուլությամբ, որկրամոլությամբ, արբեցողությամբ կամ թմրամոլությամբ, ինչպես նաև նրանք, ովքեր չեն պաշտպանվում հիվանդություններից, հիվանդանալիս չեն դիմում բժիշկների կամ բժշկական օգնության: Անառողջ կյանք վարելով՝ մարդն, իհարկե, ուղղակիորեն ինքնասպանություն չի գործում, բայց այն անում է աստիճանաբար և աննկատելիորեն:

 

Երբ սպանում են խոսքով

Սպանությունը լինում է նաև խոսքով, որը պատճառ է դառնում հոգևոր և մարմնավոր մահվան: Սպանություն է չարախոսությունը, բամբասանքը, դավաճանությունը, անիծելը, հայհոյանքը, կոպտելը և այն ամենը, ինչը վնաս է հասցնում մարդկանց կյանքին և առողջությանը:
Բացի մարմնական սպանությունից, ինչպես նշեցինք, կա առավել դաժան և սարսափելի սպանություն՝ հոգևոր սպանությունը: Հոգևոր մարդասպանի դերը կատարում է գայթակղությունը, երբ մեկն իր օրինակով կամ խորհրդով մարդուն տանում է դեպի անհավատության կամ որևէ մեղքի՝այդ կերպ տանելով նրան հոգևոր մահվան: Քրիստոս ասել է.«Ով որ Ինձ հավատացող այս փոքրիկներից մեկին գայթակղեցնի, լավ կլիներ, որ գայթակղեցնողի վզից մի մեծ երկանաքար կախվեր և նետվեր ծովի խորքը՝ ընկղմելու համար: Վա՜յ այն մարդուն, որի ձեռքով ուրիշները գայթակղության մեջ կընկնեն» (Մատթեոս 18.6-7):
Ժողովրդական իմաստությունը մեզ հիշեցնում է. «Զենքը սպանում է մեկին, լեզուն`հազարին», «Թրի կտրածը կլավանա, լեզվի կտրածը չի լավանա», «Երկար լեզուն կկարճացնի կյանքը»: Սողոմոն Իմաստունն էլ ասում է, որ մահն ու կյանքը լեզվի ձեռքին են (Առակաց 18.21):

 

Երբ սպանում են գործով

Սպանությունը լինում է գործով, երբ վերը նշված մեղքերն ու հանցանքները մահաբեր գործի են վերածվում: Գործով սպանություն է գործվում, երբ ուղղակի կամ անուղղակի մասնակցություն է լինում սպանությանը, երբ մեղավորներին կամ ենթականերին պատժում են ավելորդ ատելությամբ և դաժանությամբ, երբ ճնշում, կեղեքում, զրկում և տարբեր միջոցներով մահվան դուռն են հասցնում աղքատներին, անօգնականներին, տնանկներին, այրիներին և որբերին:


Սպանության մեղք են գործում այն կանայք, ովքեր երեխա չունենալու կամ իրենց մարմնական մեղքը թաքցնելու համար ընդհատում են հղիությունը: Այս մեղքի համար ոչ պակաս պատասխանատվություն են կրում այն կանանց ամուսինները, եթե դա կատարվել է իրենց համաձայնությամբ կամ թելադրանքով, ինչպես նաև այս ամենին նպաստող բժիշկները և խորհրդատուները: Ո՛չ հայրը, ո՛չ մայրը իրավունք չունեն զրկելու երեխային կյանքից, քանի որ նրանք չեն տալիս կյանքը, այլ Աստված նրանց միջոցով: Եվ եթե նրանք չեն տալիս կյանքը, չեն էլ կարող վերցնել:


Հետևյալ փոքրիկ պատմությունը վկայում է, թե որ դեպքում կարող է սպանության որոմը սերմանվել երեխայի սրտում՝ հետագայում նրան դարձնելով անգամ սպանելու ընդունակ. «Մի մարդասպանի պատրաստվում են ենթարկել մահապատժի: Խոստավանահայր քահանան աշխատում է մխիթարել նրան, բայց մարդասպանը, ընդհատելով քահանայի խոսքը, ասում է, որ ինքն իր արժանի պատիժն է ստանում և խնդրում է քահանային, որ իր հոտի բոլոր ծնողներին զգուշացնի, որ  թույլ չտան իրենց որդիներին կենդանիներ չարչարել:
-Սկզբում ես թիթեռների թևերը, ճանճերի ոտերն էի կտրատում՝ բավականություն ստանալով այդ ամենից: Ծնողներս չէին արգելում ինձ, և իմ թշվառությունն սկսեց կենդանիներ չարչարելով և վերջացավ մարդասպանությամբ,- խոստովանում էր մարդասպանը»:


Կենդանիներին չարչարելը, թռչնի բներ քանդելը, այսօր նաև այս շարքին է ավելանում երեխաների համար համակարգչային այն «խաղերը», որ երեխաների սրտերում դաժանության և սպանության որոմներ են սերմանում, կարող են ուղիղ ճանապարհ դառնալ դեպի մարդասպանություն:
Մահապատիժը, պատերազմի դաշտում մարդ սպանելը գալիս են համալրելու այն մեղքերի շարքը, որ դեմ են այս պատվիրանին.  «Ըստ Ավետարանական ճշմարտությունների ոչ մի բացառություն գոյություն չունի, մահապատիժը միանշանակ հակաաստվածաշնչյան երևույթ է: Պատերազմի պարագայում, եթե այն նվաճողական է, և որևէ երկիր, ժողովուրդ, պետություն պարզապես զավթելու, նվաճելու, ոչնչացնելու համար արշավում է կամ հարձակվում մեկ ուրիշ պետության վրա, այս տեսակետից, սա պատվիրանի խախտում է: Իսկ պաշտպանվող երկիրը` ուրիշ երևույթ է, և սպանության մասին խոսք լինել չի կարող»,- մեկնաբանեց Տեր Եսայի քհն. Արթենյանը:


«Մի սպանիր»-ը հորդորում է խնամել և պահպանել մերձավորի կյանքը, ուստի էվթանազիան՝ կյանքը դադարեցնելը, նույնպես դեմ է այս պատվիրանին. «Հակաաստվածաշնչյան չեն բժշկության մեջ բոլոր այն միջոցները, որ միտված են մարդու կյանքը երկարացնել»,- ասաց Տեր Եսային և ավելացրեց. «Ինքնասպանություն է, երբ մարդն իր մեջ սպանում է խիղճը, հույսը, հավատը, սերը: Երբ մենք խոսում ենք «մի սպանիր» պատվիրանի մասին, այստեղ խոսքը միայն բառացիորեն մարդ սպանելու մասին չէ: Երբ մարդիկ սպանում են հոգևոր և ֆիզիկական կեցության համար կենսական բոլոր միջոցները, սա էլ է այս պատվիրանի խախտում»:


Որպեսզի քրիստոնյան կարողանա պահպանել վեցերորդ պատվիրանը, պետք է օգնի աղքատին, խնամի հիվանդին, մխիթարի սգավորին, հնարավորինս թեթևացնի դժբախտ մարդկանց վիճակը, բոլորի հետ վարվի սիրով և հեզությամբ, հաշտվի և ների վիրավորանքը, բարություն անի բոլորին, ո՛չ խոսքով և ո՛չ գործով վատ օրինակ չծառայի ոչ մեկին, առավել ևս երեխաներին: Աստված ցանկանում է, որ յուրաքանչյուրն ապրի առողջ, երջանիկ և երկար: Այս պատվիրանը մեզ հորդորում է պահպանել մերձավորի կյանքը և միշտ բարին գործել նրա հանդեպ:
Ուրեմն մի՛ սպանիր մերձավորիդ, նաև ինքդ քեզ ո՛չ մտքով, ո՛չ խոսքով և առավել ևս գործով:

 

Կարինե Սուգիկյան
ՍԵԵՄ լրագրողական ակումբ

 

Դիտվել է 2248
2014.07.28
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.