Ընթերցանություն
Գլխավոր>Լրագրության խմբակ>Մի քրիստոնյայի ճանապարհից> Մի քրիստոնյայի ճանապարհից. «Կարևոր է այն, ինչ ասում է սիրտդ»

Մի քրիստոնյայի ճանապարհից. «Կարևոր է այն, ինչ ասում է սիրտդ»

Մեր կողքին, մեզ հետ ապրում են մարդիկ, ովքեր, մեզ նման լինելով,  շատ տարբեր են մեզնից.  նրանց խորթ են մեր աշխարհի աղմուկները, նրանք այլ կերպ են զգում-մտածում-տեսնում… լսում: Երբ մտնում ես մի վայր, որտեղ միայն խուլեր են, ակամա վերերկրային լռություն ես ապրում, և այդ լռության մեջ Աստծո ներկայությունը կա: «Ժեստերի լեզուն Աստծո պարգևն է»,- ասում են խուլերը:  Գրետա Ավագյանն իր լսողությունը կորցրել է 8 տարեկանում, բայց ինչպես ինքն է նշում՝ չի հիշում, թե ինչպես է կորցրել այն, կարծես՝ խուլ է ծնվել:  21-ամյա աղջիկը երազում է լրագրող դառնալու մասին, սիրում է կարդալ ու ստեղծագործել:  «Առաջին անգամ Զուբեյդայի խորհրդով եմ եկել եկեղեցի. 13 տարեկան էի: Եկեղեցում Զատկի տոնն էին նշում: Սկզբում ինձ օտար էի զգում, որովհետև ոչ մեկին ծանոթ չէի, սակայն կարճ ժամանակահատվածում մտերմացա եկեղեցի հաճախող մարդկանց հետ: Նրանք իմ առաջ մեկ այլ աշխարհ բացեցին»,- վերհիշում է Գրետան: Նա պատմում է, որ սկզբնական շրջանում ընտանիքը դեմ էր նրա՝ եկեղեցի հաճախելուն: Աղջկա ծնողները կարծում էին, որ նա դեռ փոքր է տարիքով, սակայն Գրետան նահանջելու ցանկություն չուներ. «Աղոթում էի, պայքարում էի, հավատում էի: Հիմա ծնողներս շատ ուրախ են, որ հաճախ եմ եկեղեցում լինում: Մայրս  ասում է, որ եկեղեցի հաճախելն օգնում է պահպանել հոգուս մաքրությունը»:

 

Գրետան  նշում է նաև, որ եկեղեցի հաճախելն օգնում է իրեն ավելի խորությամբ ճանաչել Աստծուն և մոտ լինել Նրան: «Առանց եկեղեցու  մարդը կիսով չափ է մարդ. միայն եկեղեցի հաճախելով է մարդը դառնում մարդ և լիարժեք քրիստոնյա»,- կարծում է Գրետան և հավելում, որ եկեղեցի հաճախելն ու այսպիսով Աստծուն գտնելը կտրուկ փոխել է և՛ իրեն, և՛ իր կյանքը. «Մինչ Աստծուն ճանաչելը հաճախ էի սրտնեղում, աշխարհը մռայլ գույներով տեսնում: Աստծուն ճանաչելուց հետո կյանքս ծիածանի է նմանվել. ամենուրեք վառ գույներ են»: Սակայն հիմա էլ երբեմն Գրետային վրդովվեցնում են մեր՝ լսողներիս վերաբերմունքն ու մոտեցումը դեպի խուլերը: Հաճախ մենք չենք գիտակցում, որ մեր մի հայացքը կամ ժեստը կարող է խոցել խուլին և հետք թողնել նրա նուրբ աշխարհի վրա: «Մարդիկ մեզ չեն ընդունում այնպիսին, ինչպիսին մենք կանք: Նրանց թվում է՝ մենք հետամնաց մարդիկ ենք, ձայն չունենք խոսելու համար: Ծիծաղելի է…»,- նշում է Գրետան: Աղջիկն ասում է նաև, որ մինչև Աստծուն գտնելը ավելի շատ էր սրտնեղում հասարակության վերաբերմունքից, չէր կարողանում  մարդկանց բացատրել ՝ ինչ է իրեն պետք. «Հիմա դա չեմ կարևորում: Կարևոր է այն, ինչ ասում է սիրտդ: Ես հոգով եմ լսում. դա ամենամեծ նվերն է իմ կյանքում.  Աստծո հետ խոսում եմ հոգով և զգում եմ Նրա ներկայությունը»:

 

Որպես քրիստոնյա՝ իր անցած ճանապարհի մասին խոսելիս Գրետան չի շրջանցում մի կարևոր իրադարձություն՝  իր մկրտության օրը. «Մկրտվել եմ 20 տարեկանում, Սուրբ Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնին: Գիտեի, թե ինչու եմ մկտրվում և մեծ ապրումներ ունեի. Աստծո զավակն էի դառնում»:
Այժմ Գրետան մասնակցում է Նոր Կտակարանի և Մանկական Աստվածաշնչի՝ ժեստերի լեզվով թարգմանության  աշխատանքներին. «Թեև Աստվածաշունչն ամբողջությամբ չեմ ընթերցել, բայց թարգմանության աշխատանքները մեծապես օգնում են ճանաչելու աստվածաշնչյան պատմությունները, Աստծո խոսքը»,- ասում է Գրետան:

 

Համայնքային կյանքի մասին խոսելիս Գրետան նշում է. «Իմ աշխարհում ապրում են հրաշք մարդիկ,  ովքեր ինձ անվերջ հաճելի պահեր են նվիրում: Շնորհակալ  եմ լսող և խուլ ընկերներիս, որ օգնեցին ինձ կյանքին այլ աչքերով նայել:  Ուխտագնացությունների մասին էլ կարող եմ անվերջ խոսել. դրանք ինձ օգնում են  ճանաչել մարդկանց, արժևորել մեր պատմական եկեղեցիները»: «Վերջերս ուխտագնացության էինք գնացել Նորավանք.  առաջին անգամ էի այնտեղ: Սուրբ Ստեփանոսի մատուռի  առաստաղին  Աստծո պատկերը կար: Երբ տեսա այն, միանգամից ընկա շոկի մեջ. Աստված ինձ կանչել էր  Իր մոտ՝  իմ երազում հայտնվելով նույն պատկերով: Սա  ամենամեծ հրաշքն է ինձ համար. չեմ կարողանում բառերով նկարագրել: Սիրտս ճմլվում էր, բայց երջանիկ էր»,-վերհիշում է Գրետան:


«Հաճախ եմ Աստծուն խնդրում մարդկանց տալ այն, ինչ նրանց պետք է, բայց Աստված ավելի լավ գիտի՝ ինչ է պետք մարդկանց: Հաճախ մտածում եմ՝ արդյո՞ք այն կյանքը, որով ես ապրում եմ, ընդունելի է Աստծուն: Աշխատում եմ ճիշտ ապրել, օգնել մարդկանց՝ ինչքանով է ստացվում՝ Աստծուն է հայտնի: Քրիստոնյա լինելը մեծ արժեք է ինձ համար: Քրիստոնյա լինել նշանակում աջակցել մարդկանց և հիշել Աստծո հրաշքների մասին ու բարձրաձայնել դրանք»:

 

Անժելա Պողոսյան
ՍԵԵՄ լրագրողական ակումբ

Դիտվել է 6199
2014.09.02
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.