Ընթերցանություն
Գլխավոր>Երիտասարդաց Միություն >Ուխտագնացություն> Տեսնելով տեսանելին՝ կտեսնենք նաև Անտեսանելին

Տեսնելով տեսանելին՝ կտեսնենք նաև Անտեսանելին

«Աստծուն հանդիպելու համար նախ պետք է մարդուն հանդիպել: Մարդու հետ հանդիպումը ինքնանպատակ չէ, այն կարող է նաև փորձություն լինել, անգամ սիրելի մարդու հետ հանդիպումը, թեկուզ դրական առումով: Մարդկային հասարակության մեջ ամենակարևոր պայմանը ամենապարզ հարաբերություններն են»,-  զրույցի ընթացքում ասում էր քահանան մի խումբ երիտասարդների Արուճ գյուղի գեղատեսիլ և մրգաշատ այգում: Երջանկության և Ավետարանական մի շարք ճշմարտությունները բացահայտելու, դրանք կյանքում օրինակ ունենալու և դրանցով առաջնորդվելու մասին էր նաև զրույցը: Տերունական օրով թվով մոտ վաթսուն երիտասարդների համախմբել և միավորել էր Մուղնիի Սուրբ Գևորգ և Արուճի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ սրբավայրերը ուխտի գնալու ցանկությունը: Նրանք Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցու երիտասարդաց միության անդամներն էին Տեր Եսայի քահանա Արթենյանի գլխավորությամբ:


Երիտասարդները Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում մասնակցեցին Սուրբ Պատարագին, որի ընթացքին՝ քարոզի ժամանակ Տեր Եսային ներկայացրեց այդ օրվա Ավետարանական ընթերցման՝ «Հացի բազմացման» հրաշքի պատմությունը՝ նշելով, որ այս հրաշքը Սուրբ Հաղորդության նախօրինակն է, իսկ ամենամեծ հրաշքն է, որ մարդը իր ունեցածն է վստահում Աստծուն ինչպես առաքյալները: Իսկ մեր վստահության արդյունքը կարող է լինել Քրիստոսի Մարմինը և Արյունը: Այնուհետև ուխտավորները ուղևորվեցին դեպի Արուճ:


Արուճի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի մտնող ամեն մի ուխտավոր  իր հայացքը ուղղում է Ավագ խորանին, ուր գրված է. «Ով ընդունում է Իմ պատվիրաններն ու գործադրում դրանք, նա՛ է, որ սիրում է Ինձ, նրան կսիրի և Իմ Հայրը: Ես էլ նրան պիտի սիրեմ և Ինձ հայտնի դարձնեմ նրան» (Հովհաննես 14.21): Ավետարանական այս խոսքերը պատկերված են  նախկինում յոթ մետր բարձրություն ունեցող «Օրենք տվող Աստծո» անունը կրող մեծադիր որմնանկարում  Քրիստոսի ձեռքին պահված հայագիր մագաղաթագալարում (այժմ պահպանվել է միայն ծնկից ներքև եղած հատվածը): 


Անին և Լուսինեն առաջին անգամ էին մասնակցում ուխտագնացությանը: Նրանք ուսանում են Գերմանիայում և Հայաստան են ժամանել արձակուրդներն անցկացնելու: Այս ուխտագնացությունը նրանց համար շատ տպավորիչ էր:
«Երկար ժամանակ մտածում էի, թե ո՞րն է իմ ուխտը:
«Գա՛նձդ ողորմութեան, գանձիդ ծածկելոյ գտո՛ղ զիս արա»:  «Առավոտ լուսոյ» շարականն ուխտագնացության առաջին շարականն էր. Շնորհալու այս աղոթքն այն ցանկությունն էր, որ պիտի ծնվեր ուխտի ճանապարհին: «Տե՛ր ողորմեա» աստվածային լույսը գտնել ու տեսնել. հնչում է հաջորդ շարականն ու քիչ անց Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում Սուրբ Պատարագ է: Ակամայից հիշում ես բանաստեղծի տողերն այն մասին, թե հայկական եկեղեցին «Դէպի երկինք բարձրացող գաղտնի ճամբայ մը ունի». Պատարագի ընթացքում գտնում ես այդ ճանապարհն ու «շարականին գետին մոտ» ծաղկած շուշանները, որ բուրում են խնկահոտ աղոթքներով:


Գուցե ճանապարհի սկզբում եղած ցանկությունն արդեն այնքան էլ հեռու չէ…Տեր Եսային ասաց, թե մեր կյանքն էլ է ուխտագնացություն, իսկ ուխտագնացության նպատակը մարդկանց տեսնելն ու նկատելն է. Աստվածային լույսն ու գանձը մեր կողքին են, մեր շուրջը եղած մարդիկ են, նրանց պարզապես նկատել է պետք» (Անի):
«Հայաստանում անցկացրածս ամենասիրուն օրերից մեկն էր: Ես ինձ ավելի մոտ զգացի եկեղեցուն, Աստծուն: Հնչում են շարականներ, հետո Սուրբ Պատարագ, նորից շարականներ. օդը ողողված էր աղոթքով: Շատ հետաքրքիր ու անմիջական էին հարցերն ու պատասխանները Տեր Հոր հետ: Հնչում էին հարցեր, որոնց մասին երբեք չէի մտածել: Եկեղեցի հաճախող երիտասարդները շատ ջերմ են ու անկեղծ: Շնորհակալություն» (Լուսինե):


Եկեղեցին և հայրենիքը Լուսինեի և Անիի համար այն ուժն են և սնունդը, որ ամեն անգամ իրենց  հետ տանում են Գերմանիա, մինչ հայրենիք վերադառնալը:                                    
Արուճում երիտասարդ ուխտավորները մասնակից եղան երեկոյան ժամերգությանը: Վերջում Տեր Եսային մաղթեց, որ բոլորի ուխտը ընդունելի լինի, և նրա ակնկալիքն էր, որ յուրաքանչյուրը խորհի այն մասին, որ ամեն մարդ հրաշալի է, երբ յուրահատուկ է: Շատ հաճախ մարդը այս յուրահատկությունը չի տեսնում և չի գնահատում դիմացինի մեջ, քանի որ հակված է ավելի ստանդարտ մտածելակերպի: Շարունակելով իր խոսքը՝ Տեր Հայրը ասաց. «Մեզ համար շատ հաճախ ավելի կարևորվում է այն, թե ի՞նչ կմտածի և ի՞նչ կասի դիմացինը: Եվ այս դեպքում առավել կարևոր է ոչ թե դիմացինի, այլ մեր խոսքը: Ամեն մարդու առաքելությունը յուրահատուկ նվեր է, թեկուզ և սխալի մեջ: Կարևոր է, երբ մարդը նման է ինքն իրեն: Դիմացինին նկատելով և գնահատելով՝ ինքդ քո մեջ քո պատկերն ես գնահատում և արժևորում: Հոգսերը, խնդիրները հաճախ պատճառ են դառնում, որ չնկատենք դիմացինին՝ կարևորելով երկրորդական իրողությունները: Իսկ աշխարհում ամենահրաշալի իրողությունը  մարդու հետ հանդիպումն է, այդ հանդիպման արդյունքում էլ հանդիպում ենք Աստծուն: Այսպիսով ուխտավայրը արժեք ունի, երբ մեկս մյուսին կարողանում ենք նկատել և վերագտնել: Ամեն անգամ մեր համախմբվելը նույնպես ուխտագնացություն է, ինչն էլ մեր կյանքի պատմությունն է»:

                                                                                                                                                                                                                                                                                                   
Ավարտվեց ուխտագնացությունը, յուրաքանչյուրի սրտում և հոգում կրկին սկիզբ դնելով նոր մտորումների՝ կյանքը արժևորելու, յուրահատուկ անհատ լինելու, Անտեսանելիին հանդիպելու համար նախ դիմացինին նկատելու, հանդիպելու և գնահատելու:

 

Կարինե Սուգիկյան
ՍԵԵՄ լրագրողական ակումբ

 

Դիտվել է 4570
2014.09.07
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.