Ընթերցանություն
Գլխավոր>Լրագրության խմբակ>Յոթ խորհուրդներ> Դրոշմ. զորացնող և արիացնող խորհուրդ

Դրոշմ. զորացնող և արիացնող խորհուրդ

Դրոշմը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում յոթ խորհուրդներից երկրորդն է, որ կատարվում է մկրտության խորհրդի հետ միասին: Եվ քանի որ այն Սուրբ Հոգու կնիքն է մեզ վրա, այդ պատճառով հաճախ մկրտությունը անվանվում է նաև «Կնունք», որը գալիս է կնքել բայից՝ այսինքն, կնիք դնել:


Խորհրդի նշանակությունը


Դրոշմը՝ Սուրբ Հոգու ընդունելության խորհուրդը, յուրաքանչյուր քրիստոնյայի համար անհատական Հոգեգալուստ է: Այս խորհուրդը կատարումն ու լրումն է մկրտության:

Դրոշմով ստանում ենք Սուրբ Հոգու շնորհները: Մկրտությամբ սրբվում ենք մեր մեղքերից, վերստին ծնվում և նոր կյանք մտնում, իսկ դրոշմը զորացնում է մեր հոգիները, ամրապնդում մեր հոգևոր կյանքը:
Այն կյանքում միայն մեկ  անգամ է կատարվում:
Ըստ Պետրոս առաքյալի խոսքի՝ «Փոխեցե՛ք ձեր ընթացքը, և ձեզանից յուրաքանչյուրը թող մկրտվի Տեր Հիսուս Քրիստոսի անունով, որպեսզի ներվեն ձեր մեղքերը: Եվ երբ մկրտվեք, պիտի ընդունեք խոստացված պարգևը՝ Սուրբ Հոգին» (Գործք Առաքելոց 2.38):

Այսօր դրոշմի խորհրդի ժամանակ կատարվում է այն, ինչ տեղի ունեցավ Վերնատանը, երբ Սուրբ Մարիամ Աստվածածինը և առաքյալները ստացան Սուրբ Հոգին: Արտաքինից այս երկու իրողությունները զգալիորեն իրարից տարբերվում են: Եթե մոտ երկու հազար տարի առաջ Սուրբ Հոգին հրեղեն լեզուների տեսքով իջավ առաքյալների վրա, ապա այսօր մենք ստանում ենք Սուրբ Հոգու շնորհները դրոշմի խորհրդի միջոցով: Միևնույն ժամանակ պետք է հիշել, որ ինչպես Երուսաղեմում, այնպես էլ այսօր այն նույն  ներգործությունն ունի. մեզ զորացնում է, լուսավորում մեր հոգեկան կարողությունները, զինում մեզ դիմակայելու կյանքի բոլոր փորձություններին:
Դրոշմի խորհուրդը մեզ շնորհում է հոգևոր պարգևներ, միևնույն ժամանակ այն ծառայում է մեզ համար որպես հոգևոր սնունդ: Ցանկացած երեխայի ֆիզիկական աճի համար անհրաժեշտ է նյութական սնունդ: «Նորածին» քրիստոնյայի հոգևոր աճի համար էլ անհրաժեշտ է հոգևոր սնունդ, որը մեզ պարգևում է Աստված դրոշմի խորհրդի միջոցով:


Ստեղծման պատմությունը


Ինչպես մյուս խորհուրդները, այնպես էլ դրոշմի խորհուրդը և սրբության յուղը, որ Մյուռոնի նախատիպն է, ունի Աստվածային ծագում:

Ինքը՝ Տեր Աստված է Սինա լեռան վրա Մովսես մարգարեին հայտնել նրա բաղադրության, պատրաստման և կիրառության ոլորտների մասին (Ելք 30. 22; 25-30) և այն անվանել «սրբություն» (Ելք 30.32):
Առաքելական ժամանակաշրջանում դրոշմի խորհուրդը կատարվում էր բոլորովին այլ կերպ: Առաքյալները մկրտությունից անմիջապես հետո ձեռքը դնում էին մկրտվածների վրա, որպեսզի նրանք ստանային Սուրբ Հոգին: Ինչպես Աստվածաշնչում է ասված. «Առաքյալները, որոնք Երուսաղեմում էին մնում, երբ լսեցին, թե սամարացիներն ընդունեցին Աստծո խոսքը, նրանց մոտ ուղարկեցին Պետրոսին և Հովհաննեսին, որոնք երբ հասան, աղոթեցին նրանց համար, որպեսզի ստանան Սուրբ Հոգին, որովհետև մինչ այդ Սուրբ Հոգին դեռ չէր իջել նրանցից որևէ մեկի վրա, այլ միայն մկրտվել էին Տեր Հիսուսի անունով: Այն ժամանակ Պետրոսն ու Հովհաննեսն իրենց ձեռքերը դրեցին նրանց գլխին, և նրանք ստացան Սուրբ Հոգին» (Գործք Առաքելոց 8.14-17; տես նաև՝  Բ Կորնթացիներ 1.21-22; Եփեսացիներ 1.13; Ա Հովհաննես 2.27):

Այսօր Սուրբ Հոգու շնորհները ստանում ենք սուրբ մյուռոնի օծման միջոցով: Այն անուշահոտ յուղ է, բաղկացած ձիթապտղի յուղից, քառասունից ավելի անուշահոտ նյութերից՝ համեմունքներից, ծաղիկներից, արմատներից, ծաղկահյութերից, խնկեղեններից,  որոնցից ամենագլխավորը բալասանն է:
Օծվում է մարմնի տասներեք մասերը (ճակատ, աչքեր, ականջներ, հոտոտելիք, բերան, ձեռքեր, սիրտ, մեջք և ոտքեր) և տրվում հատուկ շնորհ: Ճակատի կնիքը երկնավոր անապական պարգևների համար է, աչքերինը՝ նրանց լուսավորության համար, որպեսզի երբեք մահ չտեսնեն, ականջներինը՝ որպեսզի լսեն աստվածային պատվիրանները, հոտոտելիքինը՝ այս կյանքում հավիտենական կյանքի անուշ բույրը զգալու համար է, բերանինը՝ շրթունքների վրա ամուր դուռ լինելու համար, ձեռքերինը՝ առաքինագործ և բարերար լինելու համար է, սիրտը՝ նորոգված հոգի և սուրբ սիրտ ունենալու համար, մեջքինը՝ որպեսզի ամուր վահան լինի և չարի թունավոր նետերից պաշտպանվի, ոտքերի կնիքը, որ նրանք անսասան դեպի հավիտենական կյանք գնան:


Ծիսակարգը


Դրոշմի առաջին մասը դրոշմվողի զգայարանների և մարմնի անդամների օծումն է սուրբ մյուռոնով, որով նրանցից յուրաքանչյուրին տրվում է հատուկ շնորհ:

Երկրորդ մասը՝ ընծայումն է Սուրբ Սեղանին՝ երեք անգամ երկրպագելով:
Երրորդ մասը՝ Սուրբ Հաղորդության՝ Քրիստոսի Սուրբ Մարմնի և Արյան ճաշակումն է:
Սրանով  դառնում ենք  կատարյալ քրիստոնյա և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու անբաժան անդամ:
«Աղբյուր կյանքի, բաշխող շնորհների» շարականով սկսվում է խորհրդակատարումը: Քահանան, Հիսուս Քրիստոսի անունով կնքելով մկրտվածի մարմնի տասներեք մասերը, աղոթում է, որ նրանցից յուրաքանչյուրը ստանա վերոհիշյալ շնորհները: Նորակնունք երեխային հագցնում են նոր սպիտակ զգեստներ՝ որպես «հանդերձ փրկության և պատմուճան ուրախության»: Գլխին կապում են նարոտը, որ է «շնորհների պսակ և անխափան զենք հակառակորդի դեմ»: Քահանան երկու մոմ է տալիս կնքահոր ձեռքը՝ իբրև կնքվողի լուսավորվելու խորհրդանշան:

Երուսաղեմի Ձեռագրատան թիվ 289 ձեռագիր Մաշտոցում մկրտության կանոնի մեջ հետօծման արարողությունն այսպես է նկարագրվում.
Քահանան երեք անգամ խաչակնքում է մկրտվողին և ասում. «Խաղաղություն քեզ, փրկյալդ Աստծո»: Կնքահայրը պատասխանում է. «Եվ քո հոգու հետ»: Ապա այրում են հին շորերը և նորը հագցնելով՝ ասում. «Հագցրու սրան փրկության հանդերձ և ուրախության պատմուճան մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհով»: Այնուհետև կնգուղը (եկեղեցական սրածայր գլխարկ) գլխին են դնում, նարոտը կապում վզին, սպիտակ հանդերձներով ծածկում են  և ձեռքին մոմեր տալիս: Հետո, սաղմոսելով, քահանան գրկում  և բեմ է հանում երեխային, երեք անգամ երկրպագում է Սուրբ Սեղանի առջև և Սուրբ Հաղորդություն տալիս: «Պահպանիչ»-ով և «Հայր մեր»-ով արարողությունն ավարտվում է:

Դրոշմի խորհուրդը կոչ է դեպի երկինք նայելու, դեպի հավերժականն ու կատարյալը:
Այսպիսով Աստծո խոսքը մեզ ուսուցանում է. «Իսկ Սուրբ Հոգու արդյունքներն են՝ սեր, ուրախություն, խաղաղություն, համբերատարություն, ազնվություն, բարություն, հավատարմություն, հեզություն, ժուժկալություն….Արդ, քանի որ այս նոր կյանքը Սուրբ Հոգով ենք ապրում, Սուրբ Հոգով էլ առաջնորդվենք» (Գաղատացիներ 5.22-25):

 

Գայանե Սուգիկյան
ՍԵԵՄ լրագրողական ակումբ

Դիտվել է 7091
2014.09.09
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.