Ընթերցանություն
Գլխավոր>Խուլերի համայնք> Պետք չէ վախենալ, պետք է ճանաչել. խուլերի միջազգային օրը

Պետք չէ վախենալ, պետք է ճանաչել. խուլերի միջազգային օրը

«Ամբողջ տարվա ընթացքում մենք բազում առիթներ ենք ունենում միմյանց հետ հանդիպելու և շփվելու համար,  սակայն խուլերի միջազգային օրը հանդիպման մի յուրահատուկ առիթ է. այստեղ դուք միաժամանակ կտեսնեք հուզմունք, ուրախություն և անհանգստություն: Հանդիպում, որը  նոր բացահայտումներ անելու առիթ  է  այն մարդկանց համար, ովքեր խուլերին ծանոթ չեն, ինչպես նաև նրանց համար, ովքեր վաղուց են ծանոթացել խուլերի և նրանց աշխարհի հետ»,- խուլերի միջազգային օրվան նվիրված միջոցառման բացմանը նշեց Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եսայի քահանա Արթենյանը:

 

Ամեն տարի սեպտեմբերի չորրորդ կիրակի օրը նշվում է խուլերի միջազգային օրը: Այս առիթով  Սուրբ Երրորդություն եկեղեցու դահլիճում սեպտեմբերի 28-ին տոնական տրամադրություն էր տիրում. հուզված դեմքեր, շարժում, զարմանք, երաժշտություն, գույներ ու հրաշքի ներկայություն: Ամեն տարի, կատարելագործելով իրենց կարողություններն ու հմտությունները, խուլերի համայնքի ներկայացուցիչները չեն դադարում զարմացնել ներկաներին: Յուրաքանչյուր նոր միջոցառման հետ խուլերն ապացուցում են, որ անհնարին ոչինչ չկա, երբ հավատում ես ինքդ քեզ և ընդունում քեզ այնպիսին, ինչպիսին արարվել ես Աստծո կողմից:

 

Հատկանշական էր նաև միջոցառման խորագիրը`  «Բարև, ես խուլ եմ». այն ուներ իր բացատրությունը, որը հանդիսականին պարզ դարձավ հենց միջոցառման ընթացքում. «Նախկինում մենք` խուլերս,  շատ բարդույթներ ունեինք: Երբ մեզ փողոցում մարդ էր մոտենում, մենք ամաչում էինք ասել, որ խուլ ենք: Հիմա մենք դարձել ենք համարձակ. շատերն են սովորել ժեստերի լեզուն: Շնորհակալություն այս եկեղեցուն` մեր տանը: Խուլերն այսօր գնում են խուլերի պալատ, իսկ մենք այսօր այստեղ ենք` լսողների հասարակական վայրում: Մենք այստեղ ենք կայացել ու համարձակ ասում ենք` բարև, ես խուլ եմ»:

 

«Հոգևոր կյանքի ողնաշարը դարձած «Հայր մեր» աղոթքով»  սկիզբ դրվեց միջոցառմանը:
Աշխարհի արարումը պատկերող պարային համարը նույնպես տպավորիչ էր. մասնակիցների սև ու սպիտակ հագուստներն  անգամ խորհրդանշական բնույթ ունեին.
ամեն մութի կողքին կա լույսը, և այն, որ դու չես լսում, դեռ պատճառ չէ կյանքդ ավարտված համարելու, քեզ թերի զգալու, Աստծո և մարդկանց հանդեպ չարանալու:  «Ամեն անգամ հանդիպելով խուլերին՝  հիշում եմ Աստծո խոսքը` ով ականջ ունի, թող լսի… Եվ միայն խուլերի հետ շփվելիս ես հասկանում այս խոսքերի ողջ խորությունն ու ճշմարտացիությունը: Այստեղ մարդիկ խուլ չեն. նրանք լսում են իրենց ողջ էությամբ. խուլերի աշխարհում աշխարհիկ աղմուկը չի խանգարում լսելու Սուրբ Հոգու աղաղակը»,- ողջույնի իր խոսքում նշեց  Գևորգյան ճեմարանի սան Վահան սարկավագը:


Միջոցառումը հարուստ էր նաև երաժշտական համարներով. ժեստերի լեզվով մատուցվող երգերը գալիս էին ապացուցելու, որ խուլն ու երաժշտությունը հեռու չեն միմյանցից:
«Ես շատ համերգների եմ մասնակցել, բայց սա ինձ համար եզակի երևույթ է: Պարզապես հիացած եմ, զարմացած եմ, հուզված եմ, որովհետև այն, ինչ տեսա, աննկարագրել էր: Նախկինում ես հանդիպել եմ խուլերին, սակայն այն ժամանակ ես էի խոսում, իրենք էին լսում, և այնպես, ինչպես կարող են լսել խուլերը,  ոչ մեկ չի կարող: Իրավ խուլերը չեն կարող  կեղծել, չեն կարող ստել. իրենք այնպիսին են, ինչպիսին կան, որովհետև աշխարհի անիմաստ աղմուկը չեն լսում»,-իր տպավորությունների մասին խոսելիս ասաց միջոցառման պատվավոր հյուր,  ՀՀ վաստակավոր արտիստուհի Լալա Մնացականյանը:

 

Ամենատարբեր համարներով հագեցած միջոցառումը, որն իր մեջ ներառում էր բոլոր կարևոր թեմաները՝ մասնագիտության ընտրությունից մինչև հավատք ու եկեղեցի, հայրենիքից մինչև սեր ու ընկերություն, անցավ ջերմ ու հարազատական մթնոլորտում: «Այսօր  ոչ միայն ձեր տոնն է, այլ նաև այն մարդկանց,  ովքեր առօրյայում շփվում են խուլ մարդու հետ: Հուզվում, հիանում եմ մեր սաներին ու շրջանավարտներին տեսնելիս այսքան տաղանդավոր ու խոստումնալից ապագայով»,- նշեց լսողական խանգարումներ ունեցողների հատուկ կրթահամալիրի փոխտնօրեն Նվարդ Տանանյանը: Նա կրթահամալիրի ողջ անձնակազմի անունից շնորհավորեց խուլերին՝ մաղթելով նրանց ուժ, եռանդ ու երջանկություն:


«Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, որոնք սրտացավ են ու մեր կողքին են: Սիրում եմ ժեստերի լեզուն, ու չեմ պատկերացնում կյանքս առանց ժեստերի լեզվի: Մենք սիրում ենք նրանց, ովքեր մեզ ցավ են պատճառել և նրանց, ովքեր աջակցել են մեզ: Ընդունեք ու սիրեք մեզ այնպիսին, ինչպիսին մենք կանք»,- միջոցառման ավարտին նշեց ժեստերի լեզվի թարգմանիչ, միջոցառման կազմակերպիչ և պատասխանատու Զուբեյդա Մելիքյանը:


«Շատ տարիներ առաջ,  երբ փոքրիկ երեխա էի, խուլ տեսնելիս վախենում էի, բայց եղավ այնպես, որ մի օր,  երբ ես էի փողոցում խոսում ժեստերի լեզվով, ինձնից վախեցան: Եվ սա ինձ համար դաս եղավ. վախենալ պետք չէ, պետք է ճանաչել: Այն, ինչ տեսաք, շոու չէ և միջոցառում չէ միայն մեկ օրվա համար: Սա մեր ամբողջ տարվա կյանքն է`  ամփոփված մեկ միջոցառման մեջ. մեր ամենօրյա կռիվն ու հաղթանակը, ծիծաղը և ուրախությունը:  Լսողների  համար կարևոր է ճանաչել այն մշակույթն ու արժեքները,  որոնցով  ապրում են խուլերը:  Շնորհակալություն բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց մասնակցությունն ունեցան միջոցառման կայացման գործում»,-միջոցառման եզրափակիչ խոսքում նշեց Տեր Եսայի քահանա Արթենյանը:

 

ՍԵԵՄ լրագրողական ակումբ
Անժելա Պողոսյան

 

Դիտվել է 8035
2014.09.28
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.