Ընթերցանություն
Գլխավոր>Քարոզներ>Կիրակնօրյա քարոզներ> Մարդկային տկարությունները՝ պարծենալու առիթ

Մարդկային տկարությունները՝ պարծենալու առիթ

«Եթե պարծենալ է պետք, իմ տկարություններով պիտի պարծենամ» (Բ Կորնթ. 11. 30):

 

Աստվածաշնչյան ճշմարտություն է, որ Աստծո զորությունը դրսևորվում է մեր տկարությունների մեջ: Եթե մարդը չգիտակցի իր տկար լինելը, Աստծո զորությունը չի կարող գործել մարդու կյանքում: 
Մեր հոգևոր կյանքի ամենամեծ խոչընդոտներից մեկը ինքնահավանությունն է: Հաճախ պիտի հիշենք ավետարանական ճշմարտությունը, որ մարդն ինքն իր ուժերով և կարողություններով փրկվել չի կարող:
Մարդու փրկության կարևոր պայմաններից է, երբ հույսը դնում է սեփական տկարությունների բացահայտման և Աստծո զորության վրա:


Իր գոյության ողջ ընթացքում մարդը փորձել է առանց Աստծո ապրել և հաջողություններ արձանագրել, սակայն մարդուն դա երբեք չի հաջողվել: Եթե ուզում ես առանց Աստծո ինչ-որ բան կառուցել՝ խնդրե´մ, փորձի´ր: Աստված տալիս է այդ հնարավորությունը, ինչպես որ հայրն իր անառակ որդուն տվեց ժառանգության բաժինը՝ առանց առարկելու: Հայրը, իհարկե, գիտեր, որ ժառանգության այդ բաժինը պիտի վատնվեր, և որևէ դրական բանի չպիտի հասցներ իր որդուն, բայց նա տվեց որդուն այդ հնարավորությունը՝ սեփական փորձառությամբ տեսնելու, որ հայրական տնից և հայրական գրկից ավելի ապահով տեղ չկա: Ճիշտ նույն կերպ, երբ մենք ենք մեծամտանում ու հպարտանում, Աստված մեզ հնարավորություն է տալիս ինչ-որ բան կառուցել սեփական ուժերով: Որպես կանոն, առանց Աստծո մեր բոլոր փորձերն ու ջանքերը ձախողվում են, ուստի պիտի հասկանանք, որ մեր կյանքում ինչ-որ բան կառուցելու, փրկության ճանապարհին ամուր լինելու համար միայն մեր ուժերը, մեր գիտելիքներն ու փորձառությունը բավարար չեն: Մարդը սպառվող էակ է. ժամանակի ընթացքում նրա միջից վերանում է պայքարելու ցանկությունն ու ձգտումը:

 

Մեզ համար անչափ կարևոր է այդ դատարկ ու դեպի փակուղի տանող  ինքնահավանության հաղթահարումը: Ինքնահավան մարդը բաց չէ այլոց խորհուրդների և օգնության, նույնիսկ աստվածային պատգամների և խորհուրդների առաջ: Այդ ինքնահավանությունն աստիճանաբար դառնում է պատ, որից այլևս ներս չի թափանցում աստվածային ողորմության ու սիրո լույսը, և մարդը մնում է առանց այդ բարերար ազդեցության:


Շատ հաճախ ինքնահավանությունն այնքան խոր արմատներ է ձգում մարդու ներսում, որ վերջինս բացի իր սեփական ցանկություններից այլևս ոչինչ չի նկատում: Առաջին հայացքից թվում է՝ մարդը ազատված է այլոց ցանկությունները կատարելու կապանքներից, սակայն սեփական ցանկությունների գերին լինելն ավելի մեծ ստրկություն է:
Քրիստոս մեզ մեկ այլ ճանապարհ է առաջարկում՝ մեր սեփական ցանկությունները զոհել հանուն դիմացինի ցանկությունների, կարևորել դիմացինի անձն ու պահանջները: Սա ազատության ավելի մեծ ու իդեալական դրսևորում է յուրաքանչյուր մարդու համար:


Ի վերջո, հավատացյալ մարդը նման է հողագործի. հողը, արևը, ջուրը կենսական կարևոր պայմաններ են հողագործության համար, սակայն այդ ամենը հողագործինը չեն: Մարդուն մնում է հուսալ և աշխատել, անդադար աշխատել: Թե ինչքան և ինչ տեսակի պտուղներ կստացվեն այդ աշխատանքից՝ հայտնի չէ: Սակայն փաստ է, որ աշխատասիրությունը առատորեն է պարգևատրվում: Նույնն էլ մարդ և Աստված հարաբերությունում. մեր շնորհներն ու կարողությունները մերը չեն, սակայն ինքներս մեզ վրա աշխատելով կարող ենք արժանանալ Աստծո բարեգթությանն ու նորանոր շնորհներ ստանալ Նրանից:


Անդրադառնալով Պողոս առաքյալի նշած տկարություններին՝ պիտի գիտակցենք, որ տկարությունները Աստծո կողմից տրված իրականություններ են, դատարկ տարածություններ, որոնք պետք է լցնել Աստծո զորությամբ, ներկայությամբ ու ողորմությամբ, և միայն այս պարագայում մեր կյանքը լիարժեք ու ամբողջական կդառնա:

Ամբողջ աշխարհը, բնությունն ու տիեզերքը փոխկապակցված են միմյանց, և մարդն ինքն է այդ կապի պահպանման երաշխավորը: Նույնն է հոգևոր իրականության մեջ. այն մեկ ամբողջական իրողություն է, և այստեղ անգամ կարողություններն ու անկարողություններն են միմյանց հետ շաղկապված: Սխալ է հոգևոր կյանքը մասնատելը, առանձնացնել տկարությունը զորությունից, մեկը վերագրել սատանային, մյուսը՝ Աստծուն: Մեր տկարությունները նրա համար չեն, որ ամեն անհաջողություն կապենք դրանց հետ, այլ որ այդ տկարությունների հաղթահարումով, Աստծո նկատմաբ հույսով և աստվածային զորությամբ առաջնորդվելով միշտ հաղթանակներ արձանագրենք հանուն Աստծո փառքի և մեր փրկության:

 

Տեր Եսայի քհն. Արթենյան

Դիտվել է 3623
2014.10.04
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.