Ընթերցանություն
Գլխավոր>Լրագրության խմբակ>Յոթ խորհուրդներ> Ապաշխարության խորհուրդ. Ներիր, որ ներվես

Ապաշխարության խորհուրդ. Ներիր, որ ներվես

«Հայր մեղանչեցի Աստծո և Քո դեմ» (Ղուկաս 15.18-19):
Ահա այս մտքի գիտակցումով է, որ սկսվում է ճանապարհը դեպի ապաշխարություն:
Մարդ արարածը մեղանչական է: Չկա մեկը, ով գեթ մեկ անգամ մեղք չի գործել: Մեղքը մարդու ամենամեծ չարիքն է, որը Քրիստոս եկավ ջնջելու: Նա սահմանեց ապաշխարության խորհուրդը, որ մաքրի մեզ մեր մեղքերից: Թեև  մկրտության և դրոշմի խորհուրդներով մարդ սրբվում է իր մեղքերից, սակայն իր երկրային կյանքում նա շատ անգամ է մեղանչում Աստծո դեմ:  Եվ երբ անդրադառնում է իր մեղքերին, նա կանգնում է ապաշխարության ճանապարհին:
Ապաշխարությունը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու յոթ խորհուրդներից երրորդն է:


«Ապաշխարել նշանակում է դեմքով շրջվել դեպի Աստված: Ապաշխարության խորհուրդը ենթադրում է գիտակցել մեղքը, տեսնել մեղքը, զղջալ դրա համար»,-ասում է Տեր Եսայի քահանա Արթենյանը:
Ապաշխարության խորհրդով թողություն է տրվում մկրտությունից հետո գործած բոլոր մեղքերին` թե՛ ներելի, և թե՛ մահացու: Եվ մինչ մկրտության և դրոշմի խորհուրդներն անկրկնելի են, ապաշխարության խորհուրդը կատարվում է պարբերաբար` հավատացյալի ողջ կյանքի ընթացքում, քանի որ մարդն իր բնությամբ տկար է և մշտապես ենթակա մեղանչումի:


«Ապաշխարել միշտ եմ ցանկացել: Մեղքերս շատ են: Դժվարանում եմ այս թեմայի շուրջ խոսել: Երևի նրանից է, որ ամաչում եմ կամ, չգիտեմ, ինձ վատ եմ զգում: Այս ամենը թող մնա իմ և Աստծո միջև»,-ասաց Սուրբ Պատարագին մասնակից հավատացյալներից մեկը:
Հետաքրքիր է, որ շատերը չեն ապաշխարում, քանի որ ամաչում են իրենց գործած մեղքի համար: Ինչո՞ւ է ապաշխարելը ամոթ, իսկ մեղք գործելը՝ ոչ:
Մեղքը այն անդունդն է, որ բաժանում է մարդուն Աստծուց: Այդ անդունդը վերացնելու համար Քրիստոսն Ինքը սահմանեց ապաշխարությունը, որը մեզ հնարավորություն է տալիս խոստովանել մեր մեղքերը և ներվել Աստծու կողմից:
«Մենք պետք է ամաչենք այն ժամանակ, երբ մեղքերի տակ կքված ենք, այլ ոչ ապաշխարելուց: Քանի որ Աստված ներելով մեզ՝ շնորհ է անում, մեր անձն է բարձրացնում»,-բացատրեց Տեր Եսային:


«Ես ինքս կպատմեմ իմ մեղքերը, և Դու թողություն կտաս իմ մեղքերի ամբողջ ամբարշտությանը» (Սաղմոս 31.5):
Ապաշխարության համար Աստված դժվար ոչինչ չսահմանեց: Մեզանից չի պահանջվում սարեր շուռ տալ, օր ու գիշեր տանջվել, տառապել: Մեզանից պահանջվում է կատարած մեղքի հստակ գիտակցումով ու անկեղծ խոստովանությամբ՝ քայլ առ քայլ  մոտենալ Աստծուն:
Ապաշխարության խորհուրդը, խոստովանությունը, զղջումն ու ներելու կարողությունը հստակ երևում է քրիստոնեական հետևյալ առակում՝ «Անառակ որդու վերադարձը»: Այս առակի հիման վրա փորձենք ցույց տալ մեղանչելուց մինչև ապաշխարություն կատարվելիք քայլերը և ներման արժանանալը:
«Մի մեծահարուստ երկու որդի ուներ: Մի օր կրտսերը հորն ասում է. «Հա՛յր, տուր քո ունեցվածքից ինձ ընկնող բաժինը»: Հայրն այդպես էլ վարվում է: Մի քանի օր անց որդին, ամեն ինչ դրամի վերածելով, գնում է հեռավոր մի երկիր:


Այնտեղ նա վատնում է իր հարստությունը, քանի որ անառակ կյանք էր վարում: Ամբողջ ունեցվածքը սպառելով՝ որդին չքավոր է դառնում:
Սովատանջ օրեր անցկացնելուց հետո, մի օր նա ինքն իրեն խորհում է. Վեր կենամ գնամ իմ հոր մոտ:
Կրտսեր որդին մեղք գործեց և եկավ մի պահ, երբ նա մաշկի վրա զգաց իր արարքի արդյունքը: Նա գնաց մի ճանապարհով, որն իրեն հեռացրեց հայրական տնից, հորից (Աստծուց), բայց կա նաև մեկ այլ ճանապարհ՝ վերադարձի ճանապարհ:
Վերադառնալու համար, սակայն, պետք է որոշակի քայլեր անել:
Ապաշխարության խորհուրդը ենթադրում է որոշակի քայլեր, որը կրկին կարելի է ցույց տալ նույն առակի միջոցով:


Քայլ առաջին:  Մեղքի գիտակցում:
Վերադառնալով՝ տղան ասում է հորը. «Հա՛յր, մեղանչեցի երկնքի դեմ ու քո աոաջ, այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու, ինձ վերցրու իբրև քո աշխատավորներից մեկը» (Ղուկաս 15.17-19)»:
Հաճախ պատահում է, երբ մարդ թյուրիմացաբար կարծում է, թե ապաշխարելու հնարավորությունը ավելի շատ է մարդուն մղում դեպի մեղքը: Քանի որ, եթե կա ապաշխարելու հնարավորություն, ապա կարելի է մեղք գործել:
«Այս մտածելակերպով անձը ուղղակի չի հասկանում խորհրդի իմաստը: Այս խորհուրդը ենթադրում է տեսնել մեղքը և անկեղծորեն զղջալ դրա համար, ափսոսանք ապրել: Եթե չկա անկեղծ զղջում, չկա նաև մեղքերի թողություն»,- ասաց Տեր Եսային:


Քայլ երկրորդ: Խոստովանություն:
«Նախ դու խոստովանիր քո անօրենությունները, որ արդարացվես» (Եսայի 43.26):
Քրիստոնեական եկեղեցու առաջին դարերի խոստովանությունը հիմնականում հրապարակային էր, երբեմն՝ առանձնական կամ անհատական: Հետագայում առավելապես գործածվել է անհատական խոստովանությունը:
Դվինի Բ եկեղեցական ժողովի (554) ԺԹ կանոնի համաձայն, կարգալույծ է արվել այն քահանան, որն իրեն ծածուկ խոստովանած մեղքերը հայտնել է ուրիշին: Իսկ նույն ժողովի ԺԸ կանոնը արգելել է քահանաներին վարձ վերցնել խոստովանողից: Հետագայում Հայ եկեղեցում անհատական խոստովանությունը փոխարինվել է հրապարակային կամ հավաքական խոստովանությամբ: Հրապարակային խոստովանության ձև է Հայ եկեղեցում պատարագիչ եկեղեցականի՝ Սուրբ Պատարագից առաջ, նախքան խորան բարձրանալը ներկաներից հրապարակավ թողություն խնդրելը. «Խոստովանիմ առաջի Աստծո և առաջի Տեր, հարք և եղբարք, զամենայն մեղս,զոր գործեալ եմ.....» (Ժամագիրք):


Համաձայն Հայ եկեղեցու վարդապետության, խոստովանությունը կատարվում է եկեղեցում, Աստծո պաշտոնյայի՝ խոստովանահոր առաջ։ Միայն ձեռնադրված եկեղեցականն է, որ իրավունք ունի մեղքերի թողություն տալու։
«Տղաս երկրորդ դասարանում էր սովորում: Մի օր, երևի գրքի մեջ կարդալուց հետո եկավ ու հարցրեց. «Մամ, դու մեղք գործե՞լ ես»: Ճիշտն ասած, չգիտեմ ինչո՞ւ, ասացի՝ չէ: Վախեցա այդ պահին նրա աչքում վատը երևալ: Բայց այդ օրվանից մտածում եմ խոստովանության մասին: Ինձ թվում է քահանայից նույնպես կամաչեմ: Մտածում եմ քահանան կապ չունի իմ մեղքի հետ: Ես ինքս պիտի լուծեմ դա»,- մի փոքր շփոթված պատասխանեց 35-ամյա հաշվապահ Աննան:
Տերը հարությունից հետո հայտնվում է առաքյալներին` ասելով. «Առեք Սուրբ Հոգին: Եթե մեկի մեղքերը ներեք, նրանց ներված կլինի. եթե մեկի մեղքերը չներեք, ներված չի լինի» (Հովհաննես 20 22- 23): Այսինքն Տերն Ինքը քահանային հատկացրեց այդ դերը՝ կապող օղակ լինել հավատացյալի և Իր միջև:


Քայլ երրորդ: Հատուցում:
Սա հարկավոր է հոգեպես վերաշինվելու համար: Քահանան, լսելով մեր անկեղծ խոստովանությունը, իրավունք ունի մեր գործած մեղքերի համեմատ ապաշխարություն սահմանել մեզ համար, այն է` աղոթք, պահք, ողորմություն: Յուրաքանչյուր քրիստոնյա պետք է պատրաստ լինի իր կատարած մեղքի դիմաց որոշակի ապաշխարություն կրելու: Այսինքն` կամավոր հանձն առնել խոստովանահոր կողմից իրեն սահմանած հատուցումը:
«Աստված մեզանից ոչինչ չի պահանջում ներելու համար: Նա մեզ է պահանջում, մեր ազնիվ հավատը»,-պարզաբանեց Տեր Եսային:


Վերադառնալով առակին՝ տեսնում ենք, որ հայրը ևս տղայից ոչինչ չպահանջեց, այլ հրամայեց. «Անմիջապես բերե՛ք լավագույն պատմուճանը և հագցրե՛ք նրան, մատանի՛ անցկացրեք նրա մատին և կոշիկնե՛ր տվեք նրան։ Բերե՛ք պարարտ հորթը, մորթեցե՛ք, ուտենք և ուրախանանք,  որովհետև իմ այս որդին մեռած էր՝ կենդանացավ, կորած էր՝ գտնվեց»։ Եվ սկսեցին խրախճանքը։


«Ուրախություն կլինի երկնքում մի մեղավորի համար, որն ապաշխարում է, քան իննսունինը արդարների համար, որոնց ապաշխարություն պետք չէ» (Ղուկաս 15.7):
Ներելու և ներվելու հարցին մենք ամեն օր անդրադառնում ենք նաև մեր հնչեցրած «Հայր մեր»-ում: «Եվ թող մեզ զպարտիս մեր, որպես և մեք թողումք մերոց պարտապանաց»:
Ներելու խնդիր կա նաև մարդ-մարդ հարաբերության մեջ, քանի որ Աստված ասում է.
«Եթե դուք մարդկանց ներեք իրենց հանցանքները, ձեր երկնավոր Հայրն էլ ձեզ կների: Իսկ եթե դուք մարդկանց չներեք իրենց հանցանքները, ձեր Հայրն էլ ձեզ չի ների ձեր հանցանքները» (Մատթեոս 6.14-15):


«Երբ Աստված մեզ ներում է, նա ոչինչ չի ակնկալում մեզանից, բացի անկեղծ զղջումից: Նույնը և մենք պիտի անենք: Ու ինչպես մենք ներենք մարդկանց, այնպես էլ Աստված կների մեզ»,-վերջում հավելեց Տեր Եսայի քահանան:
Իսկ որտե՞ղ է ներելու սահմանը:
Պետրոսի այն հարցին, թե` «Քանի՞ անգամ, եթե եղբայրս մեղանչի իմ դեմ, պետք է ներեմ նրան. Մինչև յո՞թն անգամ», Տերը պատասխանում է. «Քեզ չեմ ասում, թե` մինչև յոթն անգամ, այլ` մինչև 70 անգամ յոթը» (Մատթեոս 18. 21-22):


Հավատացյալ. –Մեղայ Աստծոյ:
Քահանա. - «Աստված թողություն շնորհեսցէ»:

 

Հասմիկ Թամամյան
ՍԵԵՄ լրագրողական ակումբ

Դիտվել է 3363
2014.10.14
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.